«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 26

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Շփման ուժ)

Դավիթ Մինասյան
«Ենթածրագրեր և պրոցեդուրաներ»

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
«Նորից Աբովյանի մասին»

Անահիտ Ավագյան
«Մի նախագծի մասին»

Նաիրա Դալուզյան
«Ուսումնական նյութի ընտրության մասին»

Արմինե Աբրահամյան
«Ի՞նչն է ավելի կարևոր»

Մարգարիտ Հարությունյան
«Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը համագործակցությունն է»

Մարգարիտ Սարգսյան
«ՏՀՏ-ն` պոեզիայի ուսումնասիրման գրավիչ և արդյունավետ միջոց»

Աշոտ Տիգրանյան,
Դավիթ Մինասյան
«Համակցված առաջադրանքներ»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Քննարկում են քոլեջի սովորողները

Նաիրա Դալուզյան

Ուսումնական նյութի ընտրության մասին

Ասում են իրական կրթությունը ինքնակրթությունն է: Ես կարծում եմ, որ շատերը կհամաձայնեն այս մտքի հետ: Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում սովորում է: Մեր կյանքում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Եվ որպեսզի ՏՀՏ-ների այս զարգացած դարում կարողանաս քայլել ժամանակին համընթաց, պետք է անընդհատ փնտրել, պրպտել, զարգացնել մասնագիտական կարողությունները: Այս ամենը վերաբերում է հատկապես դասվարներին, որովհետև մենք` դասվարներս, գործ ունենք երեխաների հետ, որոնց համար ամեն ինչ պետք է լինի հետաքրքիր, իր առօրյայի հետ կապված: Այսօր միայն տեղեկություն փոխանցող ուսուցիչը, ներեցեք արտահայտության համար, դատապարտված է: 21-րդ դարի երեխան տեղեկատվության պակաս չունի. դա կարող է ստանալ հեռուստացույցից, ծնողներից, ընկերներից, համացանցից: Ուսուցչի գործն է ուղղորդելը, մտածել, աշխատել սովորեցնելը: Եթե դասվարը ինքը զբաղվում է հետազոտական-ստեղծագործական աշխատանքով, ծանոթանում է հայտնի մանկավարժների մոտեցումներին, նա ամեն օր մի նոր բան է հայտնաբերում, և դա անմիջականորեն ազդում է նրա դասի կազմակերպման և ուսուցման արդյունավետության վրա: Եվ եթե ուզում ենք ունենալ հետազոտող-ստեղծագործող աշակերտներ, ինքներս պետք է այդպիսին լինենք և երեխաներին ուղղորդենք դեպի հետազոտական-ստեղծագործական աշխատանքը:

Ես երեխաներին պատրաստի պատասխաններ և լուծումներ չեմ տալիս: Երբեք կանոնից դեպի առաջադրանք չեմ տանում, այլ առաջադրանքների, խաղերի, գործնական աշխատանքի միջոցով երեխաներն իրենք են գալիս հասնում ընդհանրացման: Պետք է թույլ տալ, որ երեխան հայտնագործի, մտածի, որ ինքն առաջին մարդն էր, որ այդ օրինաչափությունը, միտքը, գաղափարը գտավ:

Քանի որ այս տարի նշում ենք Հովհաննես Թումանյանի 140-ամյակը, ես որոշեցի դասի նյութ դարձնել հենց Թումանյանի հեքիաթները: Երեխաները կարդացին «Տերն ու ծառան», «Սուտլիկ Որսկանը», «Անբան Հուռին», «Բարեկենդանը», «Անխելք մարդը», «Քաջ Նազարը» և «Հազարան բլբուլը»: Հեքիաթների ընթերցումից հետո դասարանում քննարկում էինք կազմակերպում, յուրաքանչյուրը հայտնում էր իր կարծիքը և հիմնավորում, կատարում էինք տարբեր բառային և տեքստային աշխատանքներ, աշխատում ռոդարիական հնարներով` հեքիաթների աղավաղում, հեքիաթների շիլափլավ և այլն։

Թե ինչպես Անբան Հուռին հայտնվեց կոկոսի մեջ:
«Մի օր Անբան Հուռին ծամոն ծամելով անտառում քայլում էր։ Հանկարծ տեսավ մի մեծ կարաս և մտածեց, որ դրա մեջ պետք է ոսկի լինի։ Նա առանց երկար-բարակ մտածելու նետվեց կարասի վրա։ Դու մի ասա՝ դա ոչ թե ոսկու կարաս էր, այլ կոկոս։ Անբան Հուռին հայտնվեց կոկոսի մեջ և քանի որ շատ ծույլ էր, այդպես էլ մնաց կոկոսի մեջ»։  Գեղամ Բարիկյան

Անբան Հուռին օճառե մարդկանց քաղաքում:
«Կար-չկար մի անբան աղջիկ, անունը` Հուռի։ Մի անգամ Հուռին մաստակ ծամելով ման էր գալիս տան մեջ և հանկարծ տեսավ մի դուռ, որը տանում էր դեպի օճառե մարդկանց քաղաք։ Անբան Հուռին այդ քաղաքը չհավանեց, որովհետև այնտեղ բոլորը իրար մաքրում և լվանում էին, իսկ նա լվացվել չէր սիրում։ Իսկ օճառները հենց տեսան նրան, լողացրին, լողացրին, լողացրին, ու վերջը Անբան Հուռին այդ քաղաքի օճառներին շնորհակալություն հայտնեց ու հեռացավ։ Ասում են՝ դրանից հետո Անբան Հուռին դարձել է Չանբան Հուռի»։ Ռեբեկա Խաչիկյան

Քաջ Նազարը վախկոտների գյուղում
«Լինում է մի սար,
Էն սարում՝ մի գյուղ,
Էն գյուղում՝ տասը մարդ,
Ու տասն էլ վախկոտ։

Մի օր մի մարդ վագր հեծած գալիս է էս գյուղ ու բարևում հավաքված մարդկանց։
- Բարև, ժողովուրդ։
Վախից ոչ ոք նրան չպատասխանեց։ Սա էլ կարծեց, թե հասել է Հնդստան, և իր լեզուն չեն հասկանում։
- Ուռռա~, Հնդստան եմ հասել։ Հազիվ էդ կնգանից պրծա, ջան եմ ասել։
Եվ ուրախությունից սկսում է պարել։ Մի մարդ վախենալով ասում է.
- Մմեր գգյուղ մմարդ է եկել` անունն էլ Քքաջ Ննազար։ Փա-փա-փախանք ժողովուրդ։
Եվ բոլորն այդ գյուղից փախան, մնաց միայն Նազարը։ Քաջ Նազարն էլ ինքն իրեն այդ գյուղի թագավոր հայտարարեց ու մնաց էնտեղ։ Ասում են, միչև օրս էլ այդ գյուղում է»։  Ռադիկ Սարգսյան

Հեքիաթների շիլափլավ

Կազմակերպեցի խմբային աշխատանք: Խմբերի բաժանվեցինք ըստ մեր կարդացած հեքիաթների հատվածների: Ստացվեցին չորս հոգիանոց խմբեր: Երեխաները պետք է երեք-չորս հեքիաթ խառնեին իրար`բնագիրը շատ չփոխելով, և ստանային սցենար: Աշխատանքի ավարտից հետո նրանք ներկայացրին իրենց աշխատանքները, և մենք ընտրեցինք խմբերից երկուսի աշխատանքները, որոնք մշակելուց հետո սկսեցինք պատրաստվել ներկայացման: Այս աշխատանքը շատ կարևոր է և´ սոցիալական, և´ ուսումնական տեսանկյունից, քանի որ երեխաների մոտ զարգանում են խմբով աշխատելու, իրար լսելու, զիջելու, համաձայնության գալու կարողություններ: Աշխատանքը ստեղծագործական-հետազոտական է, որովհետև չնայած նրան, որ երեխաները աշխատում են կոնկրետ հեքիաթների հետ, նրանք ստեղծում են նոր հեքիաթ և պետք է բավականին տարբերակներ առաջադրեն, որ ընտրեն մեկը: Նրանց աշխատանքը արտադրողական է նաև այն առումով, որ դառնում է թատերական ներկայացում և ցուցադրվում է: Երեխաները մեծ ոգևորությամբ են կատարում նմանատիպ աշխատանքներ, որովհետև արդյունքը տեսանելի և ցուցադրելի է և նրանց խաղալու հնարավորություն է տալիս:

Երբ մենք աշխատում էինք «Բարեկանդան» և «Անբան Հուռին» հեքիաթների շուրջ, երեխաներին հետաքրքրեցին փութ և լիդր (զանգվածի չափման միավորներ) հասկացությունները։ Մինչ այդ ես պլանավորել էի անպայման անդրադառնալ դրանց և պահը որսալով՝ երեխաներին տվեցի նախօրոք կազմած խնդիրները։ Խնդիրները լուծելուց հետո երեխաներն իրենք կազմեցին նմանատիպ խնդիրներ և տվեցին, որ իրենց ընկերները լուծեն։
 
Խնդիր

Անբան Հուռին 3 օրում գզեց 2 փութ բամբակ, իսկ նրա մայրը մեկ օրում գզեց 1 փութ 3 լիդրով ավելի։ Քանի՞ կգ բամբակ գզեցին մայր ու աղջիկ։

Սուտլիկ որսկանը սպանեց մի բադ, որը կշռում է 5 փութ։ Մինչև բադը տեղ հասցրին, նրա քաշը 5 անգամ պակասեց։ Քանի՞ կիլոգրամ դարձավ բադը։

Երեխաները, հետևելով Հուռու մորը, գրեցին իրենց դպրոցի մասին «գովք», քանի որ այդ ժամանակ նշում էինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, այդ թվում՝ մեր դպրոցի 20-ամյակը։

Այս նախագծի շրջանակում կատարեցինք ևս մեկ աշխատանք, որը երեխաներին շատ դուր եկավ և ոգևորեց: «Տերն ու ծառան» հեքիաթի քննարկման ժամանակ երեխաների մոտ հարց առաջացավ «տեր» բառի նշանակության վերաբերյալ: Հնչեցին տարբեր կարծիքներ: Մի քանիսն ասում էին, որ տեր նշանակում է սեփականատեր, կալվածատեր, մյուսները, թե` բռնակալ, չար, մի մասն էլ պնդում էր, որ տեր նշանակում է Աստված, հոգատար մեկը: Քանի որ ընդհանուր հայտարարի չկարողացանք գալ, ես երեխաներին առաջարկեցի սոցիոլոգիական հարցում կատարել։ Որոշեցինք, որ յուրաքանչյուրը պետք է (զանգով կամ այլ կերպ) հարցնի հինգ հոգու և պատասխանները գրի առնի: Հաջորդ օրը երեխաները բերեցին հարցման արդյունքները։ Ես նրանց ծանոթացրի դիագրամների հետ, թե ինչի համար են դրանք օգտագործում, դիագրամների ինչ ձևեր կան։ Մենք ընտրեցինք պարզ դիագրամներից մեկը, մեր հարցման արդյունքներից ընտրեցինք հինգ հիմնական պատասխաններ և դիագրամ կազմեցինք. ստացվեց մոտավորապես այսպիսի պատկեր։

Ի՞նչ է նշանակում «տեր»։

Եղան նաև այլ պատասխաններ.
Տեր նշանակում է ամուսին։
Եթե բառը գրվում է մեծատառով` նշանակում է Աստված, իսկ եթե գրվում է փոքրատառով, նշանակում է կալվածքի, կամ ինչ-որ բանի տեր։

 Այդ ամենից հետո մենք բառարանում գտանք տեր բառը գտանք բառի գործածման շատ տարբերակներ:
Այս աշխատանքը մենք կատարեցինք տետրերում, հետո ես երեխաներին առաջարկեցի նույն աշխատանքը կատարել համակարգչով։

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.