«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 26

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Շփման ուժ)

Դավիթ Մինասյան
«Ենթածրագրեր և պրոցեդուրաներ»

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
«Նորից Աբովյանի մասին»

Անահիտ Ավագյան
«Մի նախագծի մասին»

Նաիրա Դալուզյան
«Ուսումնական նյութի ընտրության մասին»

Արմինե Աբրահամյան
«Ի՞նչն է ավելի կարևոր»

Մարգարիտ Հարությունյան
«Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը համագործակցությունն է»

Մարգարիտ Սարգսյան
«ՏՀՏ-ն` պոեզիայի ուսումնասիրման գրավիչ և արդյունավետ միջոց»

Աշոտ Տիգրանյան,
Դավիթ Մինասյան
«Համակցված առաջադրանքներ»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Քննարկում են քոլեջի սովորողները

Սելեստեն Ֆրենե

Մանկավարժական ինվարիանտներ

16-20-րդ ինվարիանտներ

Իվարիանտ 21. Երեխան չի սիրում աշխատանք «հոտում», որտեղ յուրաքանչյուր անհատ պիտի ենթարկվի «հովվին»: Նա սիրում է անհատական աշխատանքը կամ էլ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին:

Սա է բոլոր երեխաներին նույնը անելու պարտադրող սխոլաստիկական գործունեության վերջնական դատավճռի էությունը: Ինչպես էլ երեխաներին բաշխեք դասարանների և խմբերի, նրանք երբեք չեն ունենա ո՛չ հավասար պահանջմունքներ, ո՛չ միանման հակումներ, և խորապես սխալ է ստիպել նրանց շարժվել միևնույն արագությամբ: Ոմանք կդժգոհեն, որ առաջ շարժվելու փոխարեն ստիպված դոփում են տեղում: Մյուսները ետ մնալու պատճառով հուսահատության մեջ են ընկնում: Եվ միայն շատ քիչ աշակերտների է ձեռնտու աշխատանքի նման կազմակերպումը:

Մենք գործուն կոլեկտիվի շրջանակում երեխաների համար անհատապես աշխատելու հնարավորություն փնտրեցինք և գտանք: Ճիշտ է, սրա հետ կապված պետք է վերանայել հենց «կոլեկտիվ աշխատանք» հասկացությունը, որը բոլորովին չի ենթադրում կոլեկտիվի բոլոր անդամների միևնույն աշխատանքի անպայմանորեն կատարումը: Յուրաքանչյուր երեխա, ընդհակառակը, պիտի առավելագույնը դրսևորի և պաշտպանի իր անհատականությունը՝ չշեղվելով, սակայն, ընդհանուր նպատակներից և խնդիրներից: Աշխատանքի այս նոր ձևը թե՛ մանկավարժական և թե՛ զուտ մարդկային տեսանկյունից ունի խոշոր նշանակություն:

Թեստ
Դուք աշխատանքը կազմակերպում եք այնպես, որ յուրաքանչյուր աշակերտ ամբողջ կոլեկտիվի գործունեության շրջանակներում զբաղված է սեփական հետաքրքիր գործով: Կանաչ

Աշխատանքն այդ ձևով կազմակերպելու փորձեր եք անում: Դեղին

Համառորեն կառչում եք աշխատանքի ավանդական կազմակերպումից: Կարմիր

Իվարիանտ 22. Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգապահություն, կարգ ու կանոն:

Հաճախ մտածում են, որ Ֆրենեի մանկավարժությունը հաճույքով համակերպվում է անկազմակերպվածության և անկարգության հետ, իսկ ազատ ինքնարտահայտումը սանձարձակության հոմանիշն է:

Իրականում ճիշտ հակառակն է. մեր դասարանը, որտեղ երեխաները միաժամանակ զբաղված են տարբեր աշխատանքներով, իսկ ուսուցիչը փորձում է դասը վարելու ավտորիտար մեթոդներից ազատվել, կարգի ու կարգապահության կարիք ավելի շատ ունի, քան ավանդական դպրոցը, որտեղ ուսուցման գլխավոր միջոցը դասագիրքն է:

Խոսքը ձևական կարգապահության մասին չէ, երբ ուսուցիչը խստորեն հետևում է, որ դասարանում տիրի կատարյալ լռություն, և աշակերտները նստեն առանց շարժվելու: Մեզ անհրաժեշտ է իսկական, խորքային կարգ ու կանոն և՛ երեխաների վարքում, և՛ աշխատանքում, մանավանդ, որ նրանք իրենք դրա կարիքը շատ են զգում:  

Սրանք պարզապես խոսքեր չեն, այլ մեր բոլոր դասարաններում աշխատանքը կարգավորելու իրական հնարավորություն: Նոր դպրոցում կարգ ու կանոնը, կարգապահությունը աշխատանքը ճիշտ կազմակերպելու մեջ է:

Եթե երեխաների աշխատանքը աշխուժացնող նոր մեթոդներ եք գործածում, նրանք իրենք կդառնան կարգապահ, քանի որ նրանց համար բնական է աշխատելու ցանկությունը և առաջ ընթանալը: Եվ միայն այդ դեպքում ձեր դասարաններում կհաստատվի իսկական կարգ ու կանոն:

Թեստ
Դուք հասել եք իսկական անհրաժեշտ կարգ ու կանոնին՝ գործածելով աշխատանքի կազմակերպման համալիր եղանակներ: Կանաչ

Ձգտում եք (առայժմ ոչ բավարար հաջողությամբ) այնպես կազմակերպել աշխատանքը, որ այն երեխաներին հանգեցնի կարգ ու կանոնի անհրաժեշտությանը: Դեղին

Ձեր դասարանում կարգապահությունը առաջվա պես ներդրվում է (թելադրվում է) վերևից: Կարմիր

Իվարիանտ 23. Պատիժը միշտ սխալ է: Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին: Դա ամենածայրահեղ միջոցն է:

Ասում են՝ պատիժը անհրաժեշտ է՝ որպես կարգ ու կանոնը վերականգնելու միակ հնարավորություն: Դա այդպես է, բայց միաժամանակ նշանակում է, որ սխալը եղել է մինչև երեխայի՝ մեր դպրոց ընդունվելը կամ նրա պատերից դուրս, և հիմա ստիպված ենք տխրալի հետևանքների դեմ նիզակ ճոճել:

Եթե երեխաներին ընտանիքում հաճախ են ծեծում, նրանք կարծում են, թե ողջ կյանքը հիմնված է հարվածների և պատիժների վրա: Որոշ ժամանակ նրանք ի վիճակի չեն ընկալելու կենսական որևէ այլ խթան, և այդպիսի երեխաների վերադաստիարակումը դառնում է տանջալից ու երկար:

Եթե երեխաները անխնամ են և աշխատելու սովորություն չունեն, մեզ անհրաժեշտ է հսկայական ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք ֆունկցիոնալ կարգ ու կանոնի: Այստեղ սխալը կատարվել է առանց մեր մասնակցության, և ճիշտ չէր լինի այն ուղղել նոր սխալների օգնությամբ: Պետք է գործը այնպես կազմակերպել, որ պատիժը ավելորդ դառնա:

Հետևեք պատժված երեխային, վերլուծեք ձեր սեփական արձագանքը ինչ-որ պատժի ենթարկվելուց հետո: Դուք միշտ ձեր հոգում ի հայտ կբերեք վրդովմունքի, դիմադրության, վրեժի, անգամ ատելության զգացում: Պատիժը միշտ էլ ստորացնում է մարդուն, անգամ եթե ստորացման զգացումը թաքցվում է սնապարծության, հպարտության դիմակի տակ:

Քանի որ պատիժը միշտ էլ սխալ է, ուրեմն ամեն անգամ, երբ դուք դիմում եք դրան, սխալ քայլ եք անում՝ նույնիսկ դրանով պատշաճ կարգ հաստատելու դեպքում: Միևնույն ժամանակ ձեզ համար խիստ դժվար կլինի կանխատեսել այդ քայլի բոլոր հետևանքները:

Ներդաշնակությունը դասարանում և պատժի անհրաժեշտության բացակայությունը ուղղակիորեն կախված են նրանից, թե ինչքան է ուսուցիչը կարողանում հետաքրքրել երեխաներին աշխատանքով, և ինչ չափով են բավարարված ստեղծագործելու և ներքին հարստացման նրանց պահանջմունքները:

Իհարկե, շատ դժվար է հրաժարվել պատժից: Դպրոցում կարգ ու կանոնին ու կարգապահությանը հասնում են աշխատանքի լավագույն պայմաններում, իսկ դրանք հաճախ այնքան անկատար են: Սակայն դա չի կարող խանգարել մեզ՝ ազնվորեն խոստովանելու մեր սխալները:

Թեստ
Դուք ամբողջությամբ հրաժարվել եք պատժիչ բոլոր միջոցներից: Կանաչ

Փորձում եք խուսափել պատժից, սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է ձեզ: Դեղին

Կարծում եք, որ պատիժն անհրաժեշտ է, և չեք հրաժարվում նրա կիրառումից: Կարմիր

Իվարիանտ 24. Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում:

Համերաշխության այդ սկզբունքը բխում է նախորդ ինվարիանտներից: Եթե դուք դեռ չեք հավաքել բավականաչափ «կանաչ» գնահատականներ, ուրեմն պատրաստ չեք կազմակերպելու ձեր աշխատանքն այդ սկզբունքներով: Ձեզ կթվա, որ երեխաները բավականաչափ փորձառու չեն, որ չեն կարող գիտակցորեն վերաբերվել իրենց պարտականություններին, որ նրանք դեռ «մարդ» չեն դարձել, ու ձեզ անհրաժեշտ է հանդես բերել գերազանցություն և իշխանությունը ձեր ձեռքում պահել:

Եթե դուք իրապես հրաժարվել եք աշխատանքի ավանդական ոճից, ապա դպրոցական կոոպերատիվին (աշակերտական ինքնավարությանը) դասարանի կյանքի կազմակերպման առավելագույն պատասխանատվության հնարավորություն կտաք:
 
Սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է պահպանել երկու պայման:

1. Պատասխանատվությունը չպիտի տարածվի միայն տնտեսական և տեխնիկական կողմերի վրա: Խոսքը նրա մասին չէ, որ ստեղծվեն ինչ-որ ֆոնդեր, որ հետո տնօրինեն դրանք, և ոչ էլ նույնիսկ այն մասին, որ կոոպերատիվի նյութական աջակցության համար արտադրություն ստեղծվի: Իհարկե, դրանք կարևոր կողմեր են, և ամբողջությամբ դրանք են կազմակերպում կոոպերատիվի առաջին փուլի ձևավորումը: Բայց և այնպես դրանք ընդամենը մակերեսային կողմերն են այն հիմնական գործունեության, որը պիտի ընդգրկի դասարանի ողջ կյանքը, մանավանդ հասարակական և բարոյական ոլորտները: Հատկապես այդ նպատակով են հրատարակվում պատի թերթ և անցկացվում կոոպերատիվի ամենշաբաթյա ժողովներ:

2. Ուսուցիչը չի կարող կոոպերատիվի գործունեության կողմնակի դիտողը լինել և խառնվել միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է շտկել թերությունները կամ պատժել զանցանքի համար: Անհրաժեշտ է, որ նա մշտապես մասնակցի այդ գործունեությանը, լինի առավելագույնս ակտիվ և խելացի, ընդհանուր առմամբ կոոպերատիվի օգտակար անդամը:

Թեստ
Ձեր դասարանում կազմակերպել եք աշակերտների և ուսուցիչների իսկական համագործակցություն:Կանաչ

Կոոպերատիվը կազմակերպել եք որպես ինչ-որ «վերնաշենք», բայց դեռ խստորեն սահմանափակում եք նրա պատասխանատվության չափը: Դեղին

Ուզում եք իշխանությունը ձեզ վերապահել: Կարմիր

Իվարիանտ 25. Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է:

Եթե խնդիրը երեխաների ուսուցումն է, մեծաթիվ դասարանը հաճախ թույլատրելի է: Կարելի է այնպես կազմակերպել աշխատանքը, որ 50 հոգի այն նույն հաջողությամբ յուրացնի մեխանիկական հմտությունները, ինչ որ 10 հոգիանոց խումբը:
 
Հատկապես այս փաստարկներն են բերում որոշ մանկավարժներ՝ փորձելով ապացուցել աուդիովիզուալ մեթոդների հնարավոր արժանիքները:

Սակայն գիտելիքների յուրացումը դպրոցի գլխավոր գործառույթը չէ: Նրա հիմնական խնդիրը ապագայի մարդու, հասարակության լիարժեք, բարոյական անդամ, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող աշխատավորի ձևավորումն է: Դպրոցը պարտավոր է դաստիարակել ընդունակ, ստեղծագործող և ստեղծագործ գործունեության պատրաստ խոհուն մարդ: Սակայն մարդկային այդպիսի որակներ հնարավոր չէ ձեռք բերել դիմազուրկ զանգվածի մեջ: Դրանք չեն մշակվում միայն տեղեկատվության օգնությամբ, ինչքան էլ թանկարժեք լինի այն: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երեխա արդյունավետ աշխատելու հնարավորություն ստանա ինչպես կոլեկտիվում, այնպես էլ անհատապես: Միայն զնդանի ետևում կարող ես դարբին դառնալ. միայն կոլեկտիվում ապրելով և աշխատելով կսովորես հասարակության մեջ ապրել:

Բոլոր այս պայմանները չեն իրագործվի, քանի դեռ երեխաները մնում են դիմազուրկ զանգվածի մեջ, իսկ այդպես ինքնաբերաբար լինում է դասարանում 20-25 աշակերտից ավելի լինելու դեպքում:

Թեստ
Ձեր դասարանում 20-25 աշակերտ է, և ձեր առջև բաց են բոլոր հնարավորությունները: Կանաչ

Ձեզ դասարանում 30-35 աշակերտ է, և դուք մեծ դժվարությունների եք հանդիպում: Դեղին

Ձեր աշակերտներն ավելի շատ են: Կարմիր

26-րդ ինվարիանտ

Ռուսերենից թարգմանեց Կարինե Պետրոսյանը


???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.