«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 26

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Շփման ուժ)

Դավիթ Մինասյան
«Ենթածրագրեր և պրոցեդուրաներ»

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
«Նորից Աբովյանի մասին»

Անահիտ Ավագյան
«Մի նախագծի մասին»

Նաիրա Դալուզյան
«Ուսումնական նյութի ընտրության մասին»

Արմինե Աբրահամյան
«Ի՞նչն է ավելի կարևոր»

Մարգարիտ Հարությունյան
«Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը համագործակցությունն է»

Մարգարիտ Սարգսյան
«ՏՀՏ-ն` պոեզիայի ուսումնասիրման գրավիչ և արդյունավետ միջոց»

Աշոտ Տիգրանյան,
Դավիթ Մինասյան
«Համակցված առաջադրանքներ»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Քննարկում են քոլեջի սովորողները

Հեգել

Գիմնազիայի տնօրենի ճառերը
(հատվածներ)

Սկիզբը

2 սեպտեմբերի,1813թ.

….Անցած տարին ուսումնական հաստատության համար միայն որոշակի ժամանակ է, ուսուցիչների համար` իրենց գործունեության նոր շրջան, աշակերտների համար` շարժում առաջ, որն իրենց բարձրացնում է նոր աստիճանի:…..

Ուսումնական հաստատության մեծ երջանկությունն է, որ պատմություն չունի, այլ միայն շարունակվող գոյություն: «Լավագույնը սպանում է լավին» ավետում է իմաստուն առածը. այն ասում է, որ ձգտումը լավագույնի, երբ այն դառնում է կիրք, զարգացում չի տալիս և բացառում է լավի հասունության հնարավորությունը: Եթե օրենքները և կանոնադրությունները, որոնք պետք է կազմեն փոփոխվողի կայուն հիմքը, իրենք են փոխվում, ապա ինչի՞ն է կառանելու ինքը` փոփոխվողը: Իհարկե, ընդհանուր կանոնակարգերը գտնվում են առաջ շարժման իրավիճակում, բայց այդ շարժումը դանդաղ է: ….Նրանց փոփոխությունները բնութագրվում են ոչ մեծ, փոքրաթիվ անցումափուլերով:…. Մեր հաստատությունն անցած տարվա ընթացքում պատմություն չունի. նրա արդեն հայտնի կառուցվածքը, բացառությամբ որոշ ձևական հարցերի ձևակերպումների ճշգրտման, մնացել է նույնը:….

Պատանեկան տարիները հիմնականում առաջընթացի տարիներ են, հետևաբար և գլխավորապես նրանց համար անցած տարին ևս մեկ նոր կարևոր աստիճան էր: Նրանք, ովքեր արժանի են դրան, անցնում են հաջորդ դասարան` ավելի բարդ պարապմունքների, այլ ուսուցիչների: Դա ընդհանուր պարգև է, որին պետք արժանանալ ուշադրութայմբ և ջանասիրությամբ. այս պահի վրա մի փոքր կանգ կառնեմ: Բանն այն է, որ ոչ միշտ են աշակերտները որոշակի ժամանակի լրումից հետո անխուսափելիորեն փոխադրվում հաջորդ դասարան, ինչպիսին էլ պատկերացնեն իրենք իրենց վարքն ու հաջողությունները: Ուսուցիչները, եթե մտածեին միայն իրենց մասին, հաճույքով կազատվեին այդպիսի աշակերտներից, որոնց անուշադրության, ծուլության և այլ թերությունների հետ նրանք պետք է պայքարեին արդեն տարվա ընթացքում: Բայց ավելի բարձր նկատառումները պարտավորեցնում են փոխադրել հաջորդ դասարան միայն ըստ արժանիքների` հակառակ նրան, ինչ հաճելի կլիներ իրենց, հակառակ սովորողների և գուցե նաև ծնողների սպասումների: Նրանք, ովքեր սովորում են այստեղ, նվիրում են իրենց գլխավորապես պետական ծառայության: Բաց ուսումնական հաստատությունները գլխավորապես պետական ծառայողների բուծարան են. այդ հաստատությունները պատասխանատու են կառավարության առջև այն բանի համար, որ ավարտեցնում են նրա համար անպետք շրջանավարտների, հավասարապես նաև ծնողների առջև այն բանի համար, որ տալիս են չհիմնավորված հույսեր, որոնք հետագայում միևնույն է չեն իրականանում և կարող են միայն հանգեցնել ապարդյուն ծախսերի ու ավելի նպատակահարմար կրթության բաց թողնված հնարավորությունների:

Այնուհետև,ծնողները կհայտնվեին մեծագույն հակասության մեջ, եթե նրանք մի կողմից ցանկանային, իսկ ցանկանում են անկասկած, որ արժանի քահանաները լինեն իրենց խոստովանահայրերը և քարոզիչները, որ դատավճիռ կայացնեին ողջմիտ և արդար դատավորները, որ առողջական վիճակի մասին խորհրդի համար գտնվեին հմուտ բժիշկներ և որ ընդհանրապես իրենց հասարակական բարօրությունը գտնվեր շրջահայաց և արդար մարդկանց ձեռքերում, և եթե մյուս կողմից նրանք պահանջեին, որ իրենց անունակ զավակները հասնեին այդպիսի պաշտոնների և գործերի ու հետագայում թույլ տրվեին գործունեության:
 
Այդ ավելի բարձր նպատակը պետք է միշտ աչքի առաջ ունենալ արդեն պետական ուսումնական հաստատություններում, որոնք այդպիսի նշանակման համար նախապատրաստական աստիճաններից մեկն են: Ոսումնական խորհուրդների և ուսուցիչների, ինչպես նաև հավասարապես ծնողների, կամայականությունը հակընդդեմ է այդ ավելի բարձր խնդրին:

Բայց պարտադիր տեղափոխումը հաջորդ դասարան առանց համապատասխան պատրաստվածության ավելի շուտ վնասակար կլիներ նաև անմիջականորեն հենց իրենց` աշակերտների համար: Դժվար չէ հասկանալ, որ հենց նրանց սեփական օգտի համար լավ կլիներ, նրանց պատրաստվածությանը համապատասխան, ավելի երկար, քան հնարավոր կլիներ, մնային նույն դասարանում: Քանզի հաջորդ դասարանի պարապմունքներին պատրաստ չլինելով, սկսելով դրանք առանց համապատասխան բազայի` նրանք չէին յուրացնի նյութի մեծ մասը, և ավելին, հետագայում ավելի շատ ետ կմնային առաջ շարժվելու փոխարեն: Հակառակ դեպքում նրանք կկարողանային իրական մասնակցություն ունենալ նախկին աստիճանի պարապմունքներին և դրա շնորհիվ ընթանալ առաջ: Նոր համադասարանցիների շրջանում նրանց ավելի բարձր տեղեր գրավելու հնարավորություն տրամադրելը նշանակում է ավելի հոգատար և հաջողությունները խթանող վերաբերմունք, քան թողնել նրանց նախկին,իրենց գերազանցող աշակերտների շրջապատում, որոնց շրջանում միշտ ետնապահ կմնան, որը, հավանաբար, կլիներ ավելի ճնշող իրենց համար: Թող նախկին դասարանում այդ թողնելը նրանց համար խթան լինի ուսման նկատմամբ ավելի մեծ հոգացողության, որպեսզի արդարացնեն իրենց ծնողների հույսերը և վարձահատույց լինեն իրենց ուսուցիչների ջանքերին:

Երկամյա կենումը շատ դասարաններում առանց դրա էլ օրինական է: Մեկ տարվա ուսումնառությամբ փոխադրված լինելը  հատուկ պարգև է, իսկ դասարանում մեկ տարի մնալը չի նշանակում մնացականություն:
 
Կարևորագույն աստիճանի հասել են նրանք
, ում համար անցած ուսումնական տարին գիմնազիայում ուսանելու վերջին տարին էր, և ովքեր այժմ գնում են համալսարան իրենց մերձակա նախասահմանումն իրացնելու համար: Նոր ոլորտում, ուր Դուք, պարոնայք, մտնում եք, կհամոզվեք, թե ինչ արդյունքների են հանգեցրել գիմնազիայում օգտակարությամբ անցկացրած պարապմունքները: Ես համարձակվում են հրապարակայնորեն վկայել, որ Դուք ջանասեր էիք ողջ ժամանակի ընթացքում և սեփական մղմամբ եք հանձն առել ուսումնական առարկաների ուսումնասիրությունն ու յուրացումը, և այդ իսկ պատճառով են Ձեր ուսուցիչներն իրենց աշխատանքը կատարել ոչ միայն պաշտոնի բերումով, այլ նաև Ձեր ջանասիրության շնորհիվ` հաճույքով: Գիմնազիայում Ձեր ձեռք բերած հմտությունները և գիտելիքները, այն առարկաների շրջանակը, որոնցով Դուք զբաղվել եք, միջոց են Ձեր ապագա մասնագիտության համար, բայց ես համարձակվում եմ մտածել, որ այդ առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, որին նրանք արժանի են,կայունացել է Ձեզնում որպես այդպիսին: Հարաբերությունը գիմնազիայում ուսումնառության և գիտական մասնագիտության միջև ես ցանկանում եմ բնութագրել մի քանի բառով: Հների ուսումնասիրությունում` գիմնազիական ուսուցման այդ հիանալի առարկայում, են գտնվում գիտությունների հիմունքները և հիմնական պատկերացումները կամ ընդհանրապես իմացության արժանի գիտելիքները, այդ իսկ պատճառով նրանք այդքան լավ են համապատասխանում գիտելիքների մասնագիտական ոլորտին նախապատրաստվելու համար, իսկ եթե նկատի ունենանք գեղեցիկ արվեստները, ապա հները դրանց կատարելությունն են: Ընդհանրապես նրանց յուրօրինակությունը կայանում է նրանում, որ իրենց վերացական խոհածությունները դեռ մոտ են կոնկրետին, որ հասկացությունը ձևավորվում է օրինակից, մարդկային երևույթների պատկերացումներն ըստ իրենց իրողությունների կազմում են հիմքը, որը հանդես է գալիս միաժամանակ հանընդհանուր արդյունքի հետ: Վերացական միտքն այդ պատճառով ունի կենսական թարմություն, մենք ստանում ենք այն իր նաիվությամբ, որը կապված է անձնական զգացմունքների և հանգամանքների անհատականության հետ, հանգամանքներ, որոնցից այն ծագում է. այդ իսկ պատճառով նա ունի յուրաձև պարզություն և հասկանալի է մեզ:

Կոնկրետի լրիվությունը հատուկ է ինչպես ձևին, այնպես էլ բովանդակությանը, այսինքն` բովանդակությունը վերաբերում է մարդկային կյանքին ընդհանրապես և հասարակական կյանքին առավելապես: Այն, ինչ նոր ժամանակների ոգուն համապատասխան սպրդում է մեր մտահայեցությունից և ուշադրությունից. ժողովուրդների կրքերը, գործերը և ջանքերը, վեհ հարաբերությունները, որոնք բաղկացուցիչներն են քաղաքացիական և բարոյական կարգի սերտակցության, որին հենվում է պետության կյանքը, անհատի ինքնազգացումը և գործունեությունը. այդ ամենը կենդանանում է մեր հայացքի առջև: Դասական ժամանակը մնում է ոսկե միջինում ազգի անգիտակից մանկության կոպիտ լավորակության և կրթության նրբին բանականության (որն ամեն ինչ վերլուծել է և ամեն ինչ բովանդակում է առանձնացումում) միջև: Այդ վերջին վիճակում ամբողջի ներքին կյանքը վերացական ոգու տեսքով բացակայում է մեր ժամանակների անհատի ուղեղից. ցանկացած անհատ ստանում է միայն մասնակի տարակա ներկայություն նրանում, սահմանափակ ոլորտ, որից բարձր հոգին է, որը հաշվառքի է ենթարկել բոլոր անվակները և յուրահատուկ շարժումներն ու իրականացնում է միասնություն, վերջինները չունեն զգացմունքներ և ամբողջի գործունեության մասին պատկերացումներ:
 
Նվիրելով մեզ ընդհանրապես որոշակի մասնագիտության` մենք հեռանում ենք ամբողջի մասին պատկերացումներից, կապում ենք մեզ սահմանափակ մասի: Պատանեկության իդեալը անսահմանությունն է, իրականությանն անվանարկում են վշտալի անվանելով, քանի որ այն չի համապատասխանում անեզրության իրենց երազանքներին: Բայց գործունյա կյանքը, իրականությունը, բնավորությունն ունեն այն էական պայմանը, որ նրանք հաստատագրվում են որոշակի կետում. «Նա, ով ձգտում է վեհին (առավելագույնին),- ասում է բանաստեղծը,- պետք է ունակ լինի սահմանափակելու իրեն»: Սակայն մակարդակը, որին մենք մեզ նվիրում ենք մեր ժամանակներում, հների համեմատ քիչ համընդհանուր է: ….Եվ քանզի մենք մարդիկ ենք, բանական էակներ, մեզնում զետեղված անսահմանության հիմքերով և իդեալներով, այդ իսկ պատճառով մեզ համար ավելի կարևոր է ստեղծել և պահպանել մեր էականում լիաբուռն կյանքի հասկացությունն ու գաղափարը: Այդ գաղափարի մեջ մեզ ներառում է առավելապես դասական հնության ուսումնասիրումը (studia humaniora). այն տալիս է մերձակա պատկերացում ողջ մարդկայինի մասին իր ամբողջականությամբ: Ազատությունը, որն հատուկ էր հին աշխարհի պետություններին, ներքին կապը հասարակական և մասնավոր կյանքերի, հասարակական հայացքների և անհատականության մտածելաձևի միջև իրենց ետևից բերում են այն, որ անհատական հումանիզմի վեհ շահերը....

 Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.