Անահիտ Ավագյան
Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար
Ձեռնարկը նախատեսված է 1-2 դասարանցիների հետազոտական գործունեության համար, ընդգրկում է ֆիզիկական և քիմիական տարբեր տիպի փորձեր: Փորձերը մատչելի և պարզ են երեխաների համար: Դրանց կատարման համար անհրաժեշտ են բավականին պարզ, անվտանգ, հեշտ օգտագործվող նյութեր:
Փորձերը կատարելիս երեխաներն անում են նաև տարբեր դիտարկումներ, դրանք գրանցում հատուկ օրագրում:
Դասարանում կարելի է բացել բնագիտական փորձերի անկյուն, փորձերը նկարագրող, պատմող նկարների փաթեթներ կազմել: Երեխաները, կատարելով բազմաթիվ, հետաքրքրաշարժ, զարմանալի փորձեր, ապրում են բացահայտման, հայտնագործման ուրախ պահեր: Նրանք ծանոթանում են աշխարհին, ճանաչում և հասկանում են իրենց իսկ շրջապապատում կատարվող բնական պրոցեսները։ Երեխան իմանում է, օրինակ, ինչ են սառույցը, գոլորշին, ծիածանը, ինչու են ձմռանը ճանապարհներին միայն աղ լցնում, ինչպես օճառ պատրաստել տան պայմաններում կամ կաթի կամ կարտոֆիլի մեջ տեսնել սպիտակուցը, և այլն:
Քանի որ մեր կրթահամալիրում բացօթյա դասերը համարվում են սովորողների իրավունքների իրականացում, ուստի պարտադիր է և ցանկալի, որ փորձերի մեծ մասը կատարվեն դպրոց-պարտեզի ներքին բակում:
Ձեռնարկում կան մի քանի փորձեր` մրջյունի, որդի, խխունջի, թիթեռի, մորեխի մասին, որոնք երեխան պարտադիր կատարում է բնության գրկում և ստանում տեղեկություններ, թե բնության մեջ ինչպիսի մանրիկ կենդանիներ ու միջատներ են ապրում, հետևում է նրանց ապրելակերպին, ճանաչում է, պարզում, թե դրանք ինչպիսի էակներ են:
Փորձերի միջոցով երեխաները հետագայում կհարստացնեն արդեն ստացած գիտելիքները, դրանք կնպաստեն նրանց աշխարհաճանաչողության ձևավորմանն ու զարգացմանը:
|