«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դասարաններում գնահատանիշ չի կիրառվում. գրանցվում է երեխայի առաջընթացը՝ որոշակի ժամանակահատվածում (մեկ շաբաթ, ամիս) համեմատելով նրան իր հետ: Երեխայի կատարած աշխատանքը գնահատվում-խրախուսվում է խոսքով (խրախուսական բառեր, արտահայտություններ, օրհնանքներ), նկարներով, խաղային միավորներով, դպրոցական թերթում, ցուցահանդեսում, դասարանային-դպրոցական փաթեթներում ներառելով:
Կրթահամալիրի «Երեխայի զարգացման կենտրոնը» մշակել է 9-10 տարեկան երեխայի բնական զարգացումը բնութագրող տեղեկատվական թերթիկի նախագիծ։ Աշխատանքին մասնակցել է բազմամասնագիտական թիմ (հատուկ մանկավարժ, հոգեբան, լոգոպեդ, սոցաշխատող, արտթերապևտ և դասավանդող):
Յուրաքանչյուր երրորդ դասարանցու համար դասավանդող ուսուցիչը լրացնում է մի փաստաթուղթ, որտեղ երեխայի զարգացման վերաբերյալ ընդգրկված են համապատասխան հարցադրումներ: Նպատակն է, որ չորրորդ դասարանը ստանձնող դասավանդողները տեղեկատվություն ունենան յուրաքանչյուր աշակերտի մասին:
Ուշադրություն (կարողանում է կենտրոնացած աշխատել 15 ր, մինչև 30ր, ողջ դասի ընթացքում, ընկալել և կատարել առաջադրանքները մինչև վերջ, ցրվածություն է նկատվում)
Ընկալում (կարողանում է ամբողջական, իմաստավորված, ընդհանրացված, կառուցվածքային ներկայացնել որևէ թեմա, արդյոք ստերեոտիպերը, ուրիշների կարիծիքները ազդում են երեխայի ընկալման վրա)
Հիշողություն (լսում և վերապատմում է պատմվածքը դուրս չգալով բուն թեմայից, մտապահում է բանաստեղծությունը երկու և ավելի քառատող և որոշ ժամանակ անց վերապատմում է այն, շուտ է մոռանում անցած նյութը)
Խոսք (կազմել բարդ նախադասություններ, խոսքի մեջ օգտագործել հոմանիշներ, հականիշներ, կարող է ընդհանրացնել, փոխել բառերը ըստ եզակի, հոգնակի թվերի, ժամանակների, բառերը գրել անջատ-անջատ, պահպանել կետադրական նշանները)
Հաղորդակցում և շփում (շփվում է հիմնականում իրենից մեծերի, փոքրերի, հասակակիցների հետ, հաղորդակցման մեջ պահպանում է բարոյական դաստիարակության հիմնական նորմերը)
Մտածողություն (կարողանում է տրամաբանական խնդիրներ լուծել, գտնել պատճառահետևանքային կապերը, կատարել ինքնուրույն դատողություններ, մտահանգումներ, հակադրում, համադրում)
Երևակայություն (կարող է հորինել պատմվածք, կարճ շարադրություն գրել, նկարել ազատ թեմայով)
Ընդունակություններ (երեխան ունի որոշակի ընդունակություններ և հետարքրքրություններ այս կամ այն առարկայի, գործունեության, արհեստի կամ սպորտի ուղղվածությամբ. օժտվածություն ունի, թե ոչ)
Ինքնագնահատական (ունի բարձր, ցածր, ադեկվատ ինքնագնահատական, նրա վերաբերմունքը իր և իր ընտանիքի նկատմամբ)
Տեղեկություն իր անձի վերաբերյալ և ինքնասպասարկում (գիտե իր հասցեն, տեղեկություններ իր ընտանիքի անդամների մասին, գիտե իրեն պահելու, անծանոթ մարդկանց հետ շփվելու ձևերը, հագնվում է իր ընտրությամբ, օգտագործում է թաշկինակ)
Անձնային որակներ (բնավորության գծեր, խառնվածքի առանձնահատկությունները, բարդույթների առկայություն)