«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 6

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նիկիտա Պողոսյան «Հեռավորություն տարածության մեջ»
Աշոտ Տիգրանյան
«Հայոց պատմություն համաշխարհային պատմության համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Մարիամ Սիմոնյան
«Կարաոկեն ուսումնական գործունեություն»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ»

Ուսումնական նյութեր
Ռադյարդ Կիպլինգ
«Եթե»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ չեխական դպրոցում»
Ալեքսանդր Սավենկով
«Մանկական հետազոտությունները տնային ուսուցման պայմաններում
»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողների հունիսյան ուսումնահետազոտական ճամբար 2007թ.

«Նոր դպրոցի» ամառային ուսումնահետազոտական ճամբարի
գործունեության հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (հինգերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Սեմյոն Սոլովեյչիկ
«Նվեր մտքեր»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Ա. Տիգրանյանի գնահատման գործակցային համակարգի մասին»


Ալեքսանդր Սավենկով

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Երեխաների հետազոտական փորձը
Երեխայի մտավոր-ստեղծագործական ներուժի զարգացման շատ ձևեր կան, սակայն անվիճելի է, որ ամենաարդյունավետ ձևերից մեկը հետազոտելու սեփական փորձն է։ Հատուկ պարապմունքների ժամանակ մանկակական խաղերով ձևավորված հետազական ունակություններն ու հմտությունները հեշտորեն ներարկվում են և փոխանցվում հետագա գործունեության բոլոր ձևերին։ Կարևոր է հիշել նաև, որ ամենաարժեքավոր և խոր գիտելիքները նրանք են, որ սեփական ստեղծագործական փնտրտուքի ընթացքում ինքնուրույն են ձեռք բերվում, և ոչ թե նրանք, որ սերտելու միջոցով են յուրացվում։

Մտածողության հոգեբանության մասնագետները վաղուց են նշել այն առանձնահատկությունը, որ «դարակազմիկ» գյուտ անող գիտնականի և նոր բան բացահայտող երեխայի մտքի աշխատանքը իրենց ներքին «մեխանիկայով» համարժեք են։ Սակայն ամենակարևորն այն է, որ գիտնականի նման գործելով (սեփական հետազոտություններն անցկացնելով, փորձեր դնելով)՝ նոր գիտություն յուրացնելը երեխայի համար ավելի հեշտ է, քան «պատրաստի տեսքով» ինչ-որ մեկի հայտնագործած գիտելիքները վերցնելը։

Հետազոտությունների նկատմամբ հակումը հատուկ է բացառապես բոլոր երեխաներին, սակայն օժտված երեխաներին ավելի բնորոշ է։ Նոր տպավորությունների անհագ ծարավը, հետաքրքրասիրությունը, փորձ անելու մշտական ձգտումը, ճշմարտությունն ինքնուրույն որոնելը ավանդաբար դիտարկվում են որպես մանկան օժտվածության ցուցիչներ։

Հազիվ թե մեկը վիճարկի այս պնդումը։ Սակայն գործնականում սովորաբար թերագնահատում ենք մանկական հետազոտությունները և, որպես կանոն, երեխաների հետազոտական ակտիվությունը հաճախ ինքներս ենք արմատախիլ անում։ Օրինակ՝ վրդովվում ենք նրանից, որ հետազոտական աշխատանքի արդյունքը «մինչև վերջին պտուտակը» քանդած թանկարժեք խաղալիքն է լինում, տուժում են կենցաղային սարքերը, գրքերը կամ կահույքը, կամ շենքի մոտի ջրափոսի հատակի հետազոտությունից երեխայի ոտքերը թրջվել են, իսկ ինքը հետազոտողը մրսել է։  

Մեզանից շատերը դա երեսառածություն են համարում և իսկապես չեն հասկանում, որ ապագա հետազոտողը ծնվում է ոչ թե երեսուն տարեկանում՝ ասպիրանտուրայում սովորելիս, այլ ավելի վաղ, քան նրանց առաջին անգամ մանկապարտեզ ենք տանում։

Մեզ նաև որոշ «մանկավարժական առասպելներ» են ապակողմնորոշում։ Օրինակ, ընդունված է համարել, որ սեփական հետազոտություններով զբաղվելուց առաջ երկար ու տքնաջան ուսումնասիրել այն ամենը, ինչ քեզնից առաջ ուրիշներն արել են։ Բացահայտումների և հայտնագործությունների պատմությունն ասում է, որ դա բոլորովին էլ այդպես չէ, սակայն առասպելները զարմանալի կենսունակ ու գործուն են։

Ուսուցումը և երեխայի հետազոտական ակտիվությունը
Երբ արտաբերում ենք «ուսուցում» բառը և հիշում ենք ավանդական դպրոցը, շատերի մեջ արթնանում է ստեղծագործությունից հեռու, հիմնականում վաղուց արդեն ինչ-որ մեկի կողմից հայտնաբերված գիտելիքի կրավորական յուրացմանն ուղղված դժվար, միօրինակ աշխատանքի զուգորդություն։ Այդ պատճառով էլ չենք զարմանում, որ երեխայի համար դա սովորաբար պարտավորություն է, դժվար, լարված, բայց, ինչպես ընդունված է համարել, անհրաժեշտ աշխատանք է։

Ավելին, շատ ուսուցիչներ հակված են հաստատելու, որ դա նորմալ է, այդպես էլ պիտի լիներ։ Մեզ այդպես են սովորեցրել, դուք այդպես եք սովորել, նրանց այդպես ենք սովորեցնում... Եվ միայն առանձին երազողներ են խոսում «ոգևորությամբ սովորելու», սկզբունքորեն այլ՝ «հրճվանքի դպրոցի» մասին, այն դպրոցի, որտեղ սովորելիը հետաքրքիր է, որտեղ ուրախ է նախ և առաջ երեխայի գործունեության հիմնական ձևը՝ սովորելը։ Իսկ կարո՞ղ է արդյոք սովորելը հետաքրքիր և ուրախ լինել։  

Մանկան հոգեբանության և մանկավարժության կողմից վաղուց գտնված է այս հարցի դրական պատասխանը։ Լուծումը զարմանալիորեն պարզ է՝ ուսուցումը պիտի «պրոբլեմային» լինի, այսինքն՝ պիտի հետազոտական որոնման տարրեր պարունակի։ Այդ դեպքում ուսուցումն արդեն ոչ թե «ռեպրոդուկտիվ» է, այլ ստեղծական գործունեություն, այդ դեպքում նրա մեջ կա այն ամենը, որ ընդունակ է ոգևորելու, հետաքրքրելու, իմացումի ծարավ արթնացնելու։

Բայց այս որոշումը հասցված չէ հանրակրթական դպրոցում պրակտիկ գործածության մակարդակի։ Եվ դա այդպես է, որովհետև «ուսուցում» ասելով ընդունված է բոլորովին այլ բան հասկանալ։

Տնային ուսուցման դեպքում հանգամանքները կարող են այլ կերպ դասավորվել, և պետք է, որ այլ կերպ լինի։ Մանավանդ որ դպրոցը պատճենելու անհրաժեշտություն բոլորովին չկա։ Մեզ չեն շտապեցնում։ Ոչ ոք չի թելադրում, թե ինչ և ինչպես ուսուցանենք։ Այդ պատճառով էլ մեր ուսումնական ամբողջ աշխատանքը կարող է հիմնվել փոխադարձ պահանջմունքների, հետաքրքրությունների և անձնական ցանկությունների վրա, և պիտի հիմնվի։ Քննենք, թե իրականում դա ինչպես կարելի է անել։

Ընդհանուր
մեթոդական խորհուրդներ
Տնային պայմաններում «հետազոտական գործունեությունը» երեխային կարող է թվալ և՛ հատուկ ինչ-որ գործողություն, և՛ իր հետ ձեր մշտական հարաբերությունների բնական շարունակություն։ 
Ցանկացած երեխա, ինչպես նշեցինք, գործնականում մշտապես հետազոտական փնտրտուքների մեջ է։ Նրա նորմալ, բնական վիճակն է, որ թուղթը պատռի և նայի,  թե ինչ է ստացվել, հետևի ակվարիումի ձկներին, պատուհանից հետևի երաշտահավի վարքին, տարբեր առարկաներով փորձեր անի, քանդի խաղալիքները՝ նրանց կազմությունը պարզելու համար։ Ձեր խնդիրը նրան այդ հետազոտություններն անելիս օգնելն է, դրանք օգտակար և հենց երեխայի ու նրա շրջապատի համար անվտանգ դարձնելը։

Սկզբում այդ օգնությունը պետք կլինի բոլոր փուլերում՝ և՛ հետազոտության առարկան ընտրելիս, և՛ հետազոտության մեթոդներ փնտրելիս, և՛ նյութը հավաքելիս ու համակարգելիս, և՛ ամբողջ գործը տրամաբանական ավարտին հասցնելիս։

Ինչպիսին
կարող է լինել երեխաների հետազոտական փորձառությունը
Երեխայի ինքնուրույնության աստիճանից կախված՝ ժամանակակից մանկավարժության մեջ «հետազոտական ուսուցման» իրագործման երեք մակարդակ է առանձնացվում։

Առաջին և ամենապարզ մակարդակում խնդիրը մեծահասակն է առաջադրում, ինքն էլ դրա լուծման ռազմավարությունն ու մարտավարությունը ուղենշում է։ Այս դեպքում երեխային մնում է լուծումը ինքնուրույն գտնել։

Երկրորդ մակարդակում խնդիրը մեծահասակն է ձևակերպում, սակայն դրա լուծման մեթոդն արդեն երեխան ինքնուրույն է փնտրում։

Երրորդ՝ ամենաբարձր մակարդակում երեխան ինքնուրույն է խնդիր առաջադրում, դրա հետազոտության մեթոդները որոնում և որոշումը մշակում։

Ինչպես հետազոտություններն են ցույց տալիս, նույնիսկ նախադպրոցականներն են ընդունակ այս մակարդակներից յուրաքանչյուրում աշխատելու։   

Եթե դիտարկենք երեխայի գիտական հետազոտության կառուցվածքը, դժվար չէ նկատել, որ այն, ճիշտ այնպես, ինչպես չափահաս գիտնականի անցկացրած հետազոտությունը, անխուսափելիորեն ներառում է հետևյալ հիմնական փուլերը.

  • խնդրի առանձնացում և առաջադրում.
  • վարկածների առաջքաշում.
  • լուծման հնարավոր տարբերակների փնտրում և առաջարկում.
  • նյութի հավաքում.
  • ստացված տվյալների ընդհանրացում.
  • նախագծի նախապատրաստում (հայտարարություն, զեկուցում, մակետ և այլն).
  • նախագծի պաշտպանություն։

Առաջին հայացքից կասկածելի և նույնիսկ վախեցնող է թվում այն միտքը, որ երեխան ունակ է անցնելու այս բոլոր փուլերով։ Բայց, հավատացեք, այդ վախերն ու կասկածները միանգամից ցրվում են, հենց որ իրական հետազոտական աշխատանքն սկսվում է։

Թվում է՝ պարզեցնելու համար այս փուլերից որևէ մեկը կարելի է կրճատել։ Սակայն, ուշադիր դիտարկելով փուլերից յուրաքանչյուրը, կարող ենք հեշտ հասկանալ, որ դա էականորեն կաղքատացնի գործընթացը, հետևաբար՝ նաև աշխատանքի մանկավարժական արդյունքը։ Հերթով քննարկենք փուլերից յուրաքանչյուրը։

Ինչպես հետազոտության թեմա ընտրել։
Երեխաների հետազոտական աշխատանքի համար բոլոր թեմաները պայմանականորեն կարելի է խմբավորել երեք խմբի.

  • երևակայական՝ դեպի գոյություն չունեցող, ֆանտաստիկ առարկաների ու երևույթների մշակմանն ուղղված թեմաներ.
  • էմպիրիկ՝ սեփական դիտարկումներն ու փորձերն անցկացնել ենթադրող թեմաներ.
  • տեսական. այս խումբն ուղղված է տարբեր աղբյուրներում պարունակվող փաստերի, նյութերի ուսումնասիրությանն ու ընդհանրացմանը։ Դա այն է, ինչ կարելի է ուրիշ մարդկանց հարցնել, այն է, որ գրքերում է գրված, և այլն։

Թեմա ընտրելու կանոնները
Հետազոտության թեմա ընտրելու առիթով մի քանի ընդհանուր դիտողություն անենք։ Պայմանականորեն դրանք կոչենք հետազոտության թեմա ընտրելու կանոններ։

  • Թեման երեխայի համար հետաքրքիր պիտի լինի, պիտի խանդավառի նրան։

Հետազոտական գործունեությունը, ինչպես ցանկացած ստեղծագործություն, միայն կամավորության դեպքում կարող է հնարավոր և արդյունավետ լինել։ Ինչ-որ բան հետազոտելու ցանկությունն առաջանում է այն ժամանակ, երբ առարկան ձգում է, զարմացնում է,  հետաքրքրում է։ Երեխայի «վզին փաթաթած» թեման, ինչքան էլ մեզ՝ մեծերիս, կարևոր թվա, անհրաժեշտ արդյունքը չի ունենա։ Բնականաբար, որպեսզի երեխային հետաքրքրող թեմա ընտրենք, նրա հակումները պիտի իմանանք։ Երեխային լսել, հասկանալ, նրա հետաքրքրությունները զգալ կարողանալը բարդ, սակայն լրիվ իրագործելի մանկավարժական խնդիր է։

  • Խնդիրը պիտի կատարելի լինի, նրա լուծումը հետազոտության մասնակիցներին պիտի իրական օգուտ բերի։

Բարդ խնդիր է երեխային այն գաղափարին հանգեցնելը, որին հետևելով՝ նա առավելագույնս կդրսևորվի որպես հետազոտող, կբացահայտի իր մտածողության լավագույն կողմերը, նոր, օգտակար գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք կբերի, սակայն աշխատանքն իմաստազրկվում է առանց այդ խնդրի լուծման։ 

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս կանոնը հակասում է առաջինին։ Իրականում ամեն մի երեխայի հենց տվյալ պահի զարգացման համար «իդեալական» թեման առաջին և երկրորդ կանոնների միջև սահմանագծի արդյունքն  է։ Տվյալ աշխատանքն անելիս մեծահասակի վարպետությունը հենց այն է, որ երեխային օգնի այնպիսի ընտրություն կատարել, որը նա «իր ընտրությունը» կհամարեր։

  • Թեման պիտի ինքնատիպ լինի, նրանում անհրաժեշտ է անսպասելիության, անսովորության տարրը։

Իմացումը զարմանքից է սկսվում, իսկ մարդը ինչ-որ անսովոր բանից է զարմանում։ Այս դեպքում ինքնատիպությունը պիտի ընկալել ոչ միայն որպես ինչն-որ անսովոր բան գտնելու, այլ նաև ավանդական (սովորական) իրերին ու երևույթներին ոչ ստանդարտ նայելու ընդունակություն։

Այս կանոնը ստեղծագործ մարդու կարևորագույն բնութագրումը՝ խնդրի նկատմամբ գերզգայնությունը, զարգացնելուն է ուղղված։ Ճշմարիտ ստեղծագործողին միջակ, ստեղծագործական առումով չզարգացած մարդուց առանձնացնում է տարբեր, այդ թվում՝ լավ իմացած առարկաներին անսովոր, ինքնատիպ տեսակետներ գտնելու ունակությունը։

  • Թեման պիտի այնպիսին լինի, որ աշխատանքը հնարավոր լինի համեմատաբար արագ կատարել։

Մի խնդրի վրա սեփական ուշադրությունը երկար ժամանակ կենտրոնացնելու, այսինքն՝  նպատակաուղղված, երկար նույն ուղղությամբ աշխատելու ունակությունը ավագ նախադպրոցականի մեջ շատ չէ, կրտսեր դպրոցականի մեջ էլ սահմանափակ է։

Հաճախ է պատահում, որ ոգևորությամբ սկսած և միանգամից ավարտին չհասցված աշխատանքը (նկար, կառույց և այլն) այդպես էլ անավարտ է մնում։ Հետազոտությունը «մի շնչով անելը» գործնականում շատ դժվար է։ Մանկան բնույթի այս առանձնահատկությունը նկատի ունենալով՝ պետք է ձգտել, որ հետազոտական առաջին փորձերը երկար ժամանակ չպահանջեն։

Բացի դրանից, թեմա ընտրելիս պետք է հաշվի առնել հետևյալը.

  • Լուծման հնարավոր մակարդակը։ Հասկանալի է, որ խնդիրը պիտի համապատասխանի երեխաների տարիքային առանձնահատկություններին։ Այս դիրքորոշումը սովորաբար ոչ այնքան խնդրի ընտրությանն է վերաբերում, որքան նրա ներկայացման մակարդակին. նկատի ունենք նրա ձևակերպումը և լուծման համար նյութի ընտրությանը։ Նույն խնդիրը տարբեր տարիքի երեխաների կողմից և ուսումնառության տարբեր փուլերում տարբեր կերպ կարող է  լուծվել, խորության տարբեր աստիճաններով։
  • Ցանկությունը և հնարավորությունները։ Խնդիր ընտրելիս պետք է հաշվի առնել, կա՞ն դրա լուծման համար անհրաժեշտ միջոցներն ու նյութերը։  Գրականության, անհրաժեշտ «հետազոտական հիմքի» բացակայությունը, անհրաժեշտ տվյալներ հավաքելու անհնարինությունը սովորաբար մակերեսային լուծման են հանգեցնում։ Մակերեսային լուծումը «դատարկախոսություն» է ծնում։ Իսկ դա ապացուցումներով հետազոտության և հուսալի գիտելիքների վրա հիմնված ստեղծագործական մտածողության զարգացմանը ոչ միայն չի նպաստում, այլև էականորեն վնասում է։

Սովորում ենք վարկած առաջադրել

 «Վարկած» բառը (հունարեն՝ hypothesis) նշանակում է հիմք, ենթադրություն, երևույթների օրինաչափ կապերի մասին դատողություն։  Վարկածների, ենթադրությունների և անսովոր գաղափարների առաջադրումը մտածական կարևոր հմտություններ են, որոնք, վերջին հաշվով, ցանկացած ոլորտում առաջընթաց են ապահովում։ Կարճ դիտարկենք՝ ինչպես են ծնվում վարկածները, ինչպիսին են լինում, ինչպես դրանք կառուցել, վարկածներ առաջադրելու կարողությունը զարգացնելու համար ինչպիսի վարժություններ կան։

Ինչպե՞ս են ծնվում վարկածները։ Առաջին բանը, որ ստիպում է՝ վարկած ծնվի, խնդիրն է։ Իսկ որտեղի՞ց է խնդիրը։ Հետազոտական մասնագիտական աշխատանքում կա համեմատաբար ոչ բարդ հետևողականություն։ Սկզբում առանձին փաստեր են հավաքվում և վերլուծվում, դրանց աղբյուրները լինում են դիտարկումները, նախորդող փորձերը (դրանք սովորաբար կոչվում են «պիլոտային»), դատողությունները և շատ այլ բաներ։ Հետո այդ փաստերն ու դատողություններն ինչ-որ անսովոր, անսպասելի բան տեսնելու հնարավորություն են տալիս՝ ոչ պարզություն, անհամապատասխանություն, նախորդ ապացույցների շղթայի  ընդհատում և այլն։

Որպես արդյունք՝ խնդիրների բազմություն է ի հայտ գալիս, և յուրաքանչյուր խնդրի լուծման համար մշակվում են մի շարք վարկածներ։ Խնդիրները կարող են բարդ և ոչ այնքան բարդ լինել, օրինակ՝ երեխաների հետազոտության համար խնդիր կարող են լինել «Ինչո՞ւ է արևը լուսավորում», «Ինչո՞ւ են փիսիկները խաղում», «Ինչո՞ւ թութակները կարող են խոսել»։

Վարկածը կամ վարկածները հայտնվում են որպես խնդրի լուծման հնարավոր տարբերակներ։ Հետո հետազոտությունների միջոցով այդ վարկածները  ստուգման են ենթարկվում։ Վարկածի կառուցումը ստեղծագործական մտածողության գործընթացի հիմքն է։ Վարկածները թույլ են տալիս նոր հնարավորություններ բացահայտել, խնդրի լուծման նոր տարբերակներ գտնել և հետո մտքում կամ իրական արված փորձերի միջոցով դրանց արժանահավատությունը գնահատել։ Այսպիսով, վարկածները խնդիրն այլ լույսի տակ տեսնելու, իրավիճակին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն են ընձեռում։ Առաջարկների (թեկուզ՝ անհեթեթ, պրովակացիոն) արժեքն այն է, որ ստիպում են մեզ սովորական պատկերացումների շրջանակից դուրս գալ։ Կարևորը մտքի խաղի տարերքի, խիզախման, այն ամենի մեջ նետվելն է, առանց որոնց անհնար է դեպի նորը շարժվել։

Վարկածներ մշակելու կարողության համար կարելի է հատուկ վարժվել։ Ահա մի պարզ վարժություն՝ «եկեք միասին մտածենք՝ թռչուններն ինչու են երգում» (ինչու են ծառերի վրա բողբոջներ հայտնվում, ջուրն ինչու է հոսում, քամին ինչու է փչում)։

Ի՞նչ վարկածներ կարող են լինել. թռչուններն իրենց ձայներն են փորձում, գիշատիչներին են վախեցնում, հարևանների հետ են զրուցում, իրենց ձագուկներին բան են սովորեցնում, մարդկանց և կենդանիներին ինչ-որ բան են զգուշացնում։ Իսկ գուցե նրանց երգելու ցանկությունը կենսական ուժերի ավելցուկի՞ց է ծնվում։

Ոչ ճշմարտանման վարկածներ լինում են. սովորաբար դրանք կոչում են «սադրիչ գաղափարներ»։ Այս դեպքում, օրինակ, կարող է լինել. «Թռչունները երգում են, որովհետև այդպես են այլ քաղաքակրթություններին ազդանշաններ ուղարկում»։

Վարկածները, առաջարկությունները, ինչպես նաև տարբեր սադրիչ գաղափարները իրական և մտացի փորձերի հնարավորություն են տալիս։ Որպեսզի դրանք մշակել սովորեն, պետք է սովորեն մտածելիվ (խորհրդածելով) հարցեր տալ։ Դա ինչպիսի՞ պայմաններում է կիրառելի։
Բերենք վարկածներ և սադրիչ գաղափարներ մշակելու կարողությունը վարժող մի քանի վարժություն։

  • Այս առարկաներից յուրաքանչյուրը ո՞ր դեպքում է շատ օգտակար։ Կարո՞ղ եք գտնել հանգամանքներ, երբ այս առարկաներից՝ փայտե չորսու, հեծանվի անվադող, մուրճ, բլիթ, խաղալիք մեքենա, երկուսը կամ ավելին կարող են օգտակար լինել։

Ենթադրություն անելիս սովորաբար գործածում ենք հետևյալ բառերը՝ «գուցե», «ենթադրենք», «դիցուք», «հնարավոր է», «իսկ եթե...»։

Բերենք էլի մի քանի վարժություն։

  • Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են շնիկներն ու փիսիկները սիրում խաղալ։ Այս առիթով մի քանի վարկած առաջադրեք։
  • Գտե՛ք դեպքի հնարավոր պատճառը.
  • Երեխաներն սկսել են բակում ավելի շատ խաղալ։
  • Միշան շատ է լրջացել։
  • Անտառի վրա ամբողջ օրը հրշեջ ուղղաթիռ պտտվեց։
  • Ավտոմեքենան  մենակ կանգնած էր ճանապարհին։
  • Ձմռանը արջը չքնեց, թափառում էր անտառում։
  • Ընկերներն իրարից նեղացան։
  • Ի՞նչ կլիներ, եթե կախարդը յուրաքանչյուր մարդու երեք ամենակարևոր ցանկությունները կատարեր։ Պետք է ինչքան հնարավոր է շատ վարկածներ և սադրիչ գաղափարներ մտածել, որոնք կբացատրեն, թե արդյունքում ինչ կլիներ։
  • Ձուկը լճակում թպրտում է։ Երկու ամենատրամաբանական բացատրությունները տվեք և երկու ամենատրամաբանական առաջարկներն արեք։ Երկու ամենաանհավանական բացատրությունները և երկու ամենաանհավանական առաջարկները հորինեք։
  • Պատկերացրեք, որ ճնճղուկները դարձել են արծվի չափ։ Ի՞նչ կպատահեր։ Մտածեք մի քանի վարկած և սադրիչ գաղափար։

Լուծման հնարավոր տարբերակների որոնում և առաջարկում։ Հետազոտական աշխատաքը հիմնավոր գործ է և շտապողականություն և իրարանցում չի սիրում։ Որոնման ծրագիր մշակելիս պետք է երեխաներին խնդրի մեջ խորանալ սովորեցնել, նրանց մեջ հետաքրքիր, անսովոր գաղափարներ առաջադրելու, դրանք մշակել սովորելու կարողություն դաստիարակել։

Բնական է, որ հետազոտություն սկսողների կողմից խնդիրը լուծելու եղանակները մեծապես կախված են ընտրված թեմայից։ Նախ՝ պետք է օգնել երեխաներին գտնելու նպատակին հասնելու բոլոր ճանապարհները։ Հետո պետք է առանձնացնել բոլորի կողմից ընդունելի, հանրաճանաչ և ոչ ստանդարտ, այլընտրանքային եղանակները, հստակ որակավորել բոլորը։ Այնուհետև, ինչպես հետազոտողին է վայել, «առանց զգացմունքների» գնահատելով յուրաքանչյուր եղանակի արդյունավետությունը, պետք է ընտրություն կատարել։

Սակայն հարկ է մշտապես նկատի ունենալ, որ կարևոր են ոչ թե այդ եղանակներն ինքնին, այլ դրանց օգտագործման մանկավարժական բաղադրիչը։ Ուստի արժե խրախուսել ոչ ստանդարտ, այլընտրանքային միջոցների գործածությունը, եթե նույնիսկ դա սպառնում է, որ, ասենք, «զգայական» բաժնի իսկական թեման «երևակայականի» գծեր ձեռք բերի։

Նյութի
հավաքում։ Աշխատանքի այս մասի կարևորագույն հարցերից մեկն է՝ որտեղ գտնել անհրաժեշտ տեղեկատվություն։ Դրա համար որ աղբյուրները կարող են օգտագործվել։

Բնական է, որ տեղեկատվության աղբյուրները մեծապես կախված են նրանից, թե ինչ թեմա է ընտրված։ Որպեսզի օգնենք երեխային անհրաժեշտ տեղեկատվական աղբյուրը գտնելու, տեղեկատվական այլևայլ աղբյուրների տարբերակներով քարտեր նախապատրաստենք։ 

Օրինակ, երեխան «կրիան» ընտրել է հետազոտության թեմա։ Կրիաների մասին որտեղից կարելի է տեղեկություններ գտնել։ Վերցնենք քարտերը և սեղանի կամ գորգի վրա հաջորդաբար շարենք. 

  • Հիշենք, թե ընդհանրապես երկկենցաղների և մասնավորապես կրիաների մասին մեզ ինչ է հայտնի։
  • Մեծահասակներին հարցնենք։ Մեր դեպքում նրանք փորձագետ կլինեն (ցանկացած մեծահասակ այս դերում կարող է հանդես գալ)։
  • Տեղեկատուներում և կենսաբանության գրքերում նայենք։
  • Հատուկ հեռուստահաղորդումներ դիտենք։
  • Համակարգչին կարելի է դիմել։
  • Կարելի է դիտարկել։
  • Կարելի է փորձ դնել (օրինակ՝ կրիայի վարքի, մարդու նկատմամբ նրա վերաբերմունքի առումով՝ մարդու ձայնին ինչպես է արձագանքում, կտրուկ շարժումներին ուշադրություն արդյոք դարձնում է, լուսավորությունը նրա վարքի վրա ազդում է, և այլն)։

Սեփական հետազոտությունն անցկացնելու պահանջմունքն առաջացնում է նոր տեղեկատվության աղբյուրների որոնում։ Դա հիանալի հիմք է ստեղծում, որ երեխային նրա սեփական հետազոտական, ճանաչողական պահանջմունքների հիման վրա ոգևորենք ամենատարբեր աղբյուրների հետ աշխատանքով։

Ներկայումս կյանքի տարբեր ոլորտներին, մարդու գործունեությանը, կենդանիներին, տեխնիկայի զանազան ճյուղերին, բնության երևույթներին, գիտական բացահայտումներին  վերաբերող հրաշալի ձևավորումով հանրագիտարանների, տեղեկատուների, մանկական գրքերի մեծ քանակություն է հրատարակվում։ Այդ տեղեկատուներն ու հանրագիտարանները, որպես կանոն, ամբողջությամբ համապատասխանում են այդպիսի ձեռնարկների դերին։ Տանը կարելի է դրանց համար անկյուն առանձնացնել, որը կարող է ինչ-որ չափով գրադարան և միաժամանակ լաբորատորիա լինել, որտեղ հետազոտական աշխատանքին պետք եկող ամենատարբեր նյութեր կարող են կուտակվել։ Այնտեղ, բացի գրքերից և մանկական տեղեկատվական գրականությունից, կարող են պահվել նաև կենդանիների, բույսերի կյանքին վերաբերող տեսաժապավեններ, չափման գործիքներ, քարեր, փայտի կտորներ, լաթեր և այլ, սկսնակի համար արժեքավոր իրեր ու սարքավորումներ, ինչպես նաև ավարտուն նախագծեր, «գիտական հաշվետվություններ», ձեռավիր գրքեր։

Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ գրքում, տեսաֆիլմում, տեղեկատվության տեսության մեջ հանդիպում ենք ինչ-որ մեկի ձեռք բերած տեղեկությանը։ Իսկական հետազոտության գլխավոր իմաստը գիտելիքը ինքնուրույն ձեռք բերելն է։

Այդ պատճառով այս դեպքում տեղեկատվության առավել արժեքավոր աղբյուր պետք է համարել հենց բնությունը՝ իր զանազան դրսևորումներով։ Դա կարող է լինել թռչունների չու, տերևաթափ, ձյան տեղում, եղանակային երևույթներ, մարդկանց, կենդանիների վարք և այլ։ Այս դեպքում սկսնակ հետազոտողներին պետք է օգնել, որ դիտարկումներ անցկացնեն, փորձեր կազմակերպեն, տեղեկությունները մշակեն։

Տեղեկատվության
արձանագրման գործընթացը սովորաբար ամենաբարդն է, բայց և դա կարելի է հետաքրքիր դարձնել։
Թղթի թերթեր նախապատրաստենք։ Դրանց վրա գրիչով, մատիտով կամ ֆլոմաստերով կարելի է գրառումներ, նկարներ, հենակետային գծագրեր անել։ Եվ կարևոր չէ, որ այդ «հիերոգլիֆ-նշանները» միայն հեղինակներին կարող են հասկանալի լինել։ Բոլոր այդ նշումները գոնե մինչև աշխատանքի ավարտը պետք է խնամքով պահպանվեն։

Ստացված
տվյալների ընդհանրացում։ Գործի ճիշտ կազմակերպման դեպքում թեմա ընտրելն ու նյութ հավաքելը ուրախ և հաճելի զբաղմունք է։ Այդպես էլ պիտի լիներ։ Իսկ, այ, ստացված տվյալներն ընդհանրացնելու խնդիրը հաճախ դժվարությունների է հանդիպում։ Դա իսկապես նկատելիորեն բարդ է։

Ստացվածն ինչպես վերլուծենք։ Հետո ինչպես նյութն ընդհանրացնենք։ Գլխավորն առանձնացնենք և երկրորդականները բացառենք։ Այստեղ առանց մեծահասակի նրբանկատ օգնության ոչ մի կերպ առաջ չես գնա։ Այս խնդիրը բավականին պարզեցնում է նախնական որոշումն այն մասին, թե հետազոտության արդյունքներն ինչպես են ներկայացելու, հետազոտական նախագիծն ինչ տեսքով է իրականացվելու։

Այս մասին անպայման պետք է մտածել։ Հետազոտությունը քիչ օգուտ կունենա, եթե նրա արդյունքը «զեկուցման», «հաշվետվության», «նախագծի», ձեռագիր կամ մուտքագրված գրքույկի տեսքով չնյութականանա։ Եվ կարևոր չէ, թե քանի հոգի կուզենա լսել այդ «զեկուցումը» կամ կարդալ «ձեռագիր գրքույկը». կարևոր է, որ լինի, թեկուզ և մեկը։ Թող այդ միակ ունկնդիրը լինեք ինքներդ, երեխայի ավագ եղբայրը կամ տատիկը։

Նախագծի
նախապատրաստում։ Հետազոտության արդյունքներն ի՞նչ տեսքով կարող են ներկայացվել։ Այս հարցը ևս առանձին քնարկման կարիք ունի։

Ըստ մեր հետազոտությունների հետազոտական աշխատանքի արդյունքը հաճախ լինում է հաղորդում՝ զեկուցման նախատիպը։ Բայց դա կարող է լինել նաև ամենատարբեր նյութերով ստեղծված մակետ՝ իրենց կողմից ներկայացվող առարկայի գործողությունների խոսքային նկարագրությամբ, կարող է լինել ինքնուրույն գրված և ձևավորված գրքույկ։ Եվ բոլորովին կարևոր չէ, որ դա նույնիսկ ոչ թե մի քանի էջից, այլ մի քանի բառից է բաղկացած։

Մինչև արդյունքների ներկայացման ձևը (մակետ, գիտական հաշվետվություն, գիրք և այլն) հարկավոր է որոշել, թե պատրաստվելու համար որքան ժամանակ է անհրաժեշտ։ Հաշվի առնելով նախադպրոցականի և կրտսեր դպրոցականի հնարավորությունների սահմանները՝ բարդ, ժամանակատար աշխատանքներ (մակետներ, գծագրեր և այլն) պլանավորելու կարիք չկա։  

Նախագծի պաշտպանություն։ Դարերի խորքից է գալիս «Ուրիշին սովորեցրո՛ւ, որ  սովորես» ճշգրիտ միտքը։ Ենթագիտակցորեն հասկանալով այս օրինաչափությունը՝ ինչ-որ բան սովորելով, երեխան հաճախ ձգտում է սովորածն ուրիշներին պատմել։ Այս դեպքում յուրացրածի մասին տեղեկացնելը ոչ այնքան նրան է պետք, ում ուղղված է տեղեկությունը, որքան նրան, ով պատմում է։

Այդ պատճառով էլ նախագծի պաշտպանության փուլը շրջանցել չի կարելի։ Առանց դրա հետազոտությունն ավարտված չի կարող համարվել։ Պաշտպանությունը հետազոտական աշխատանքի պսակն է և փոքրիկ հետազոտողի ուսումնառության կարևորագույն փուլերից մեկը։

Ոչ թե պետք է կատարված աշխատանքի մասին ուղղակի պատմել, այլ, ինչպես ցանկացած իսկական հետազոտություն, պետք է պաշտպանել։ Հասկանալի է, որ նախագծի հասարակական լինի պաշտպանություն պիտի։ Հասարակությունը, ինչպես նշեցինք, նմանօրինակ նախագծեր ներկայացնող ընկեր-հասակակիցներն են, և՛ պապերը, և՛ տատերը, և՛ իհարկե դուք ինքներդ։ 

Պաշտպանության ժամանակ երեխան սովորում է պատմել յուրացրած տեղեկատվությունը, խնդրի վերաբերյալ այլ հայացքների է հանդիպում, սովորում է ապացուցել իր տեսակետը, հարցերին պատասխանել։

Արդյունքի մասին

Աշխատանքի բոլոր փուլերում պետք է նկատի ունենանք, որ մեր ակնկալած արդյունքներից գլխավորը ստեղծագործական կարողությունների զարգացումն է, երեխայի կողմից նոր գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերումը։

Այլ կերպ ասած, պիտի նկատի ունենանք, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե մեկ, այլ նվազագույնը երկու արդյունքի հետ։ Առաջինը պետք է համարել այն, ինչ երեխան ստեղծում է «սեփական գլխով» ու ձեռքով՝ մակետը, նախագիծը, հաշվետվությունը և այլն։ Երկրորդը ավելի կարևոր է. դա անվանենք մանկավարժական։

Մեզ համար այս աշխատանքի գլխավոր արդյունքը ուղղակի գեղեցիկ, մանրամասն մշակված սխեման, երեխայի նախապատրաստած հաղորդումը, «տեխնիկական նկարը» չէ, ոչ էլ անգամ թղթից սոսնձված տիեզերական ապարատը։ Մանկավարժական արդյունքը նախ և առաջ ինքնուրույն, ստեղծագործական,, հետազոտական աշխատանքի դաստիարակչական առումով անգնահատելի փորձն է, նոր գիտելիքներն ու կարողությունները, իսկական ստեղծողին սովորական կատարողից տարբերող մի ամբողջ սպեկտր հոգեբանական նորագոյացությունները։


Հուշաթերթիկ
մեծահասակին
Մեծահասակից այս աշխատանքը մանկավարժական վարպետություն, իրադրության մեջ արագ կողմնորոշվելու կարողություն է պահանջում։ Օգտակար կլինի, որ պահպանեք հետևյալ ընդհանուր, պարզ կանոնները.

  • այս աշխատանքի կատարմանը ստեղծագործաբա՛ր մոտեցեք,
  • երեխաների նախաձեռնությունները մի՛ սահմանափակեք,
  • ինքնուրույնությունը խրախուսե՛ք, ուղղակի հրահանգներից խուսափե՛ք, երեխաներին սովորեցրեք անկախ գործել,
  • հիշեցե,ք գլխավոր «մանկավարժական» արդյունքը, և երեխաների փոխարեն մի, արեք այն, ինչ նա ինքնուրույն կարող է անել (կամ կարող է սովորել անելը),
  • գնահատող դատողություններ անելիս մի՛ շտապեք,
  • գնահատելիս հիշե՛ք՝ ավելի լավ է չեղած բանի համար տասն անգամ գովել, քան չեղած բանի համար մի անգամ քննադատել,
  • ուշադրությո՛ւն դարձրեք գիտելիքների յուրացման գործընթացի հիմնական բաղադրիչներին։

Տնային հետազոտական ուսուցման ծրագիր

Ընդհանուր
որակավորում։ Ինչպես ուսուցման տեսությունն է համոզում, տեղեկությունը գիտելիք է դառնում այն ժամանակ, երբ երեխայի նախկին փորձի հետ է կապվում, պատկերավոր ասած՝ երբ ուղեղով անցնելիս գտնում է, թե ինչից կարող է բռնվել։ Հակառակ դեպքում լինում է ինչպես հեքիաթում՝ «մի ականջից մտնում է, մյուսից դուրս է գալիս»։

Հենց այդ պատճառով էլ մանկավարժները պնդում են համակարգի գոյության անհրաժեշտության մասին։ Քաոսային ուսուցումը մեծ արդյունք չի ունենում։

Որպեսզի տնային ուսումնական հետազոտությունների գործընթացը համակարգենք, օգտվենք հետևյալ դասակարգումից։ Դա իհարկե դոգմա չէ և կարող է լրացվել կամ կրճատվել։ Սակայն կարևոր է, որ հետազոտական փորձերը համակարգով լինեն։ Դա ձեռքբերումներն ավելի պարզ տեսնելու և նոր կողմնորոշիչներ նշելու հնարավորություն է տալիս։

Դասակարգման
առաջին մակարդակ
       – «հետազոտության ընդհանուր ուղղություններ». 
1) կենդանի բնություն, 2) մարդ 3) հասարակություն, 4) մշակույթ, 5) Երկրագունդ, 6) տիեզերք,  7) գիտություն, 8) տեխնիկա, 9) տնտեսություն։


Դասակարգման
երկրորդ մակարդակ
       – «հիմնական գիտություններ և գործունեության ձևեր».

1. կենդանի բնություն՝           
       ա) կենդանաբանություն, բ) բուսաբանություն, գ) գենետիկա, դ) բնության օգտագործում (էկոլոգիա).

2. մարդ՝  
       ա) մարդու ծագումը, բ) մարդկային օրգանիզմի զարգացումը, գ) բժշկություն, դ) հոգեբանություն, ե) գործունեությունը, զ) ականավոր մտածողները.

3. հասարակություն՝
       ա) քաղաքակրթություններ, բ) պետություններ և երկրներ, գ) պատմություն, դ) ժողովրդագրություն, ե) պետական գործիչներ.

4. մշակույթ՝  
       ա) լեզու, բ) կրոն, գ) արվեստ, դ) կրթություն.

5. Երկրագունդ՝  
       ա) աշխարհագրություն, բ) կլիմա, գ) Երկրագնդի կառուցվածք.

6. տիեզերք՝  
       а) համակարգեր, բ) Արեգակ, գ) աստղեր, դ) մոլորակներ.

7. գիտություն՝  
       ա) մաթեմատիկա, բ) ֆիզիկա, գ) քիմիա, դ) աստղագիտություն, ե) գիտության պատմություն.

8. տեխնիկա՝  
       ա) տրանսպորտ, բ) արդյունաբերություն, գ) տեխնիկական նախագծում և դիզայն, դ) շինարարություն.

9. տնտեսություն՝  
       ա) ֆինանսներ և արտադրություն, բ) փող և առևտուր, գ) բանկեր։

Հնարավոր և անկասկած օգտակար է նաև ավելի մանրամասն բաժանումը։ Օրինակ՝ 1-ին մակարդակ՝ «ընդհանուր ուղղություն» - «գիտություն», 2-րդ մակարդակ՝ «մաթեմատիկա», 3-րդ մակարդակ՝ «թիվ», «չափում», «հիմնական օրենքներ» և այլն։

Այս ցուցակը մանկական հետազոտությունների դասակարգման ընդհանուր, նույնիսկ, կարելի է ասել, գլոբալ հայացքն է բնորոշում։

Թարգմանեց Արևիկ Ներսիսյանը

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.