«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 6

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նիկիտա Պողոսյան «Հեռավորություն տարածության մեջ»
Աշոտ Տիգրանյան
«Հայոց պատմություն համաշխարհային պատմության համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Մարիամ Սիմոնյան
«Կարաոկեն ուսումնական գործունեություն»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ»

Ուսումնական նյութեր
Ռադյարդ Կիպլինգ
«Եթե»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ չեխական դպրոցում»
Ալեքսանդր Սավենկով
«Մանկական հետազոտությունները տնային ուսուցման պայմաններում
»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողների հունիսյան ուսումնահետազոտական ճամբար 2007թ.

«Նոր դպրոցի» ամառային ուսումնահետազոտական ճամբարի
գործունեության հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (հինգերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Սեմյոն Սոլովեյչիկ
«Նվեր մտքեր»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Ա. Տիգրանյանի գնահատման գործակցային համակարգի մասին»


ՍեմյոնՍոլովեյչիկ

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ՉԵԽԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Սովորում եմ չեխական դպրոցում` գերազանց ուսուցչի մոտ: Ամբողջ աշխարհում նա գուցե միակն է, որ հասկանում է, թե ինչի համար է երեխաների ուսումը՝ մարդուն սեփական ինքնությանը հասցնելու համար (նա է այդպես ասում): Նրա ստեղծած դպրոցում դասավանդում են՝ խստորեն պահպանելով նրա կողմից սահմանված երեք կանոն` հստակ, արագ և հետաքրքիր:

Այնտեղ տեսնում են մտքի հնարավոր արատները` ցրվածություն, քարացածություն, մեթոդի բացակայություն, և գիտեն այդ արատները բուժելու դեղերը: Այնտեղ հասու են ներշնչանքի արվեստին: Այնտեղ համառորեն սովորեցնում են փնտրել ճշմարտությունը և միաժամանակ հիշել, որ զգացմունքները կարող են խաբել, որ գիտակցությունը ոչ միշտ է հուսալի, որ հեղինակությունը ճշմարտությամբ պետք է  ստուգվի, իսկ ուրիշ մարդկանց փաստարկները պետք է մանրամասն վերլուծվեն: Այնտեղ պատմությունը սովորեցնում են` նկատի ունենալով, որ նպատակը մարդկային գործողությունների ինքնահաշվետվությունն է, և օգուտը` հաճույքը, գիտակցության աճը, վեհ գործերի ցանկությունը: Այնտեղ սովորեցնում են կարդալու արվեստը, սովորեցնում են մարդկանց խելամիտ վերաբերվելու և հարաբերվելու արվեստը: Այնտեղ պրագմատիկ խրատներ են տալիս` գործ չստանձնես, եթե փորձ չունես, գործը չվստահես մեկին, որը դրան անսիրտ է վերաբերվում:

Այնտեղ ինձ և ուրիշ աշակերտների սովորեցնում են զրկանքին դիմանալու արվեստը` սովին, ցրտին, տապին անցավ դիմանալու: Էլ ինչե՛ր, ինչե՛ր... Այնտեղ  «տատոտեխնիա» են դասավանդում: Չե՞ք լսել: Դա ցանկացած բան կարգի բերելու արվեստն է: Այնտեղ սովորեցնում են հասուն տարիքում, ծեր ժամանակ ապրելու և անգամ մեռնելու արվեստը:

Չեխական դպրոցում ինձ նաև սովորեցնում են, որ աշխարհի լավագույն դրվածքը մարդկությանը վերից չի տրվի. դա միայն ոչ մեկի կողմից և ոչնչով չսահմանափակվող մարդկային կամքի գործը կարող է լինել: Այո, իհարկե, աշխարհի համընդհանուր վերափոխումը նման է երազանքի և երազի (ինձ այդպես են սովորեցնում), բայց դա անպայման կլինի, որովհետև վերափոխման համար աշխարհում  ամեն ինչ արդեն պատրաստ է. ընդամենը պետք է հաղթահարել գլխավոր խոչընդոտները` հոգու հետամնացությունը, անհոգությունը, ուղեղի ծուլությունից ծնված նախապաշարմունքները, համառությունը և կույր ձգտումը:

Այնտեղ ի՞նչ են խոսում աշխարհի հնարավոր վերջի մասին: Ոչ, իմ ուսուցիչն ինձ սովորեցնում է, որ աշխարհը և մարդկության պատմությունը ոչ մի դեպքում չեն կարող ավելի վաղ ավարտվել, քան աշխարհի վերափոխումը և այնտեղից չարի արտաքսումը կլինեն։ Այո, 300 տարի առաջ դա կարող էին սովորել Յան Ամոս Կոմենսկուց` բոլոր ժամանակների և ժողովուրդների մանկավարժներից հզորագույնց (1592-1670)։

Չեմ կրկնի մտքի սովորական ընթացքը և ընթերցողին ցույց չեմ տա վաղուց գրված բառերի հրատապությունը, չեմ գրի «Դեռ Կոմենսկին…». նման արտահայտությունների մեջ ի՞նչ է նշանակում «դեռ»: Դեռ Կոմենսկին, դեռ Պլատոնը, դեռ Ուշինսկին... Մենք բոլորս ապրում ենք մեկ աշխարհում և մեկ ժամանակի մեջ. և ես այսօր, այս տարի, իրապես սովորում եմ Կոմենսկու դպրոցում. նա հենց այնպիսին է ստեղծել դպրոցը, ինչպիսին դա այսօր է: Գուցե միայն նրանում այդ առանձին առարկան չկա՝ «տատոտեխնիան», և դրա համար էլ դեռ հեռու է կարգավորված լինելուց:
...Նորից 6 տարեկան եմ, անունս Յան է: Ունեմ իմ տեղը, ինձ համար նստարանիս դրված են անվճար մատիտներ, ալբոմներ, տետրեր, քանոն, «կենդանի այբուբեն», իսկ ուսուցչուհին շատ ցածր ու բարի ձայնով խոսում է` թեթևակի թեքվելով դեպի երեխաները:

Ուսուցչական ձայնը, դրա տեմբրը. ահա ամբողջը: Խորհրդային հայտնի նորարար-մանկավարժ Դմիտրի Օգորոդնովը, մարդ, ում բոլոր երեխաները երգում էին հրեշտակային ձայնով, ցույց տվեց, որ եթե առաջին ուսուցչուհին սուր ու տափակ ձայն ունի, ապա ամբողջ դասարանի երաժշտական լսողությունը փչանում է, և ընկնում են բարոյական արժեքները. երեխաներն ավելի հաճախ և ավելի վայրենի են կռվում: Մանկավարժական ինստիտուտ, հատկապես ուսումնարան, որտեղ փոքրերի հետ աշխատելու են պատրաստում, ընդունելիս անհրաժեշտ է ստուգել ընդունվողի ձայնը և անդուր տեմբրով մարդկանց չընդունել, ինչպես կարճաոտքերին բալետի դասարան չեն ընդունում:

Չեխական դայլայլուն լեզուն կարծես հատուկ դպրոցական ուսուցչուհիների համար է ստեղծված, և գուցե այդ պատճառով Եվա Սեմելովան, որի մոտ սկսեցի սովորել, ինձ իդեալական մանկավարժ թվաց: Նրա ձայնը կարծես դաստիարակչական թանկարժեք գործիք լիներ, և նա դրան հանճարեղորեն էր տիրապետում: Նախկինում միայն Թիֆլիսում` Շալվա Ամոնաշվիլու դպրոցում էի հանդիպել նման ուսուցիչների:

Դպրոցի տնօրեն Միլադա Ելինկովան, ի տարբերություն այլ երկրների իր գործընկերների, իր խնամակալության տակ չառավ հյուրերին՝ խնդրեմ, գնացեք, ուր ուզում եք: Այսպես, իմ ուղեկցորդի՝ փիլիսոփայության պրոֆեսոր Ալեքսեյ Բեխտինի հետ հայտնվեցինք 8-րդ դասարանում, որտեղ դասը վարում էր երիտասարդ մի ուսուցչուհի, որն այլ դպրոցից էր եկել այստեղ: Դա նրա առաջին դասն էր նոր տեղում, և խոստովանում եմ՝ դպրոցի այդքա՜ն բաց լինելը զարմացրեց ինձ: Մեր երկրում ոչ մի դեպքում չէին թողնի նոր ուսուցչուհու մոտ. բա որ հանկարծ խայտառակի դպրոցը: Մանկավարժական սնապարծությունը՝ միշտ և ամեն ինչում բոլորից լավը երևալու ձգտումը, կկործանի մեր դպրոցը, եթե դրան վերջակետ չդրվի: Եթե խոսքով է աշխարհում ամենալավը, գործնականում կարող է և վատագույնը լինել: Եվ ի՞նչ փաստարկ է` «Բայց տունը մաքրում եք հյուր ընդունելուց առաջ, չէ՞»:

Այո, մաքրում  եմ, բայց հարևանի կահույքը քարշ չեմ տալիս մեր տուն: Իսկ մի անգամ անզգուշորեն խնդրեցի քաղաքային ղեկավարությանը, որ որևէ դպրոցում բնագիտության լավ դաս լսեմ, շրջանի բոլոր դպրոցներից բնագիտության կաբինետ էին բերել թռչունների խրտվիլակները, որ յուրաքանչյուր նստարանին լինի: Դիտողականություն են ապահովել։ Ըստ Կոմենսկու, ի դեպ։ Դիտողականությունը նա է ներդրել։ Բայց դժվար թե նրա մտքով այսպիսի բաներ անցնեին:

Ինչպե՞ս են վարվում երեխաների հետ, ի՞նչ ենք անում մեր երեխաներին:

Սակայն վերադառնամ դասին: Ութերորդցիները՝ տղա ու աղջիկ, ճիշտ և ճիշտ մեր ութերորդցիների նման էին, և նույնպես դասարան էին եկել, կարծես մեծ պատիվ էին արել դպրոցին, և մերոնց նման պայուսակների փոխարեն մոմլաթե տոպրակներով էին և խաղաղարար  թագավորների մասին ուսուցչի պատմությունն էլ կեսականջ էին լսում։ Իսկ առաջին նստարանի անընդհատ շուռ ու մուռ եկող տղան այնքան բարկացրեց ուսուցչուհուն, որ նա սկզբում ասաց. «Մի՛ պտտվիր, թե չէ կուղարկեմ տնտեսվարի մոտ, որ քեզ համար ինչ-որ գործ գտնի», իսկ հետո, երբ սպառնալիքը չօգնեց, սիմվոլիկ հասցրեց ծոծրակին. «Դե, հանգստացի՛ր վերջապես»: Դեռ շատ  կտանջվի այդ տղայի հետ: Իսկ գուցե ընկերներ դառնան. առաջին դասին ինչե՛ր ասես  լինում են: Լավ ուսուցչուհի էր, նրանցից, ում ուժեղ են համարում, և իր պատմությունը նա վարպետորեն կառուցեց, հասցրեց մինչև մեր օրերը ու վերջացրեց այսպես.
- Գորբաչովն այն մարդն էր, որին աշխարհը սպասում էր։

Երեխաները ձգվեցին, լրջացան: Ուսուցչուհին վերջ ի վերջո կարողացավ «ներխուժել» նրանց ուղեղիկները, որ չգիտես ինչով էին զբաղված: Դասարանում ինչ-որ բան կատարվեց: Բա դասից ի՞նչ է պահանջվում: Պետք է, որ ինչ-որ բան պատահի, թեկուզ մի ակնթարթ: Ահա թե ինչու են ուսուցիչների համար վտանգավոր հիմար ստուգողները: Ցանկացած տեսուչ կգրեր, որ երեխաները պասիվ էին, ինչքան էլ ուսուցչուհին չարչարվեց, չկարողացավ նրանցից պատասխան կորզել, որ նրա պատմությունը լիովին տրամաբանական չէր, որ դասարանում դիդակտիկ նյուցեր չկային: Կգրեին, և ցտեսություն, ուսուցչի հեղինակություն, դե՛, հիմա գնա՛ ու արդարացիր....
Իսկ իրականում դասն ստացված էր:

Այսօր չեխական դպրոցում եմ սովորում, և այդ պատճառով էլ բոլոր աշակերտների հետ միասին դասի ժամանակ հենց դասարանում ռադիոյով լսում եմ կրթության, երիտասարդության և ֆիզիկական դաստիարակության նախարար, ակադեմիկոս Կարել Յուլիշի սեպտեմբերմեկյան ճառը:

Տարիների փորձն ինձ սովորեցրել է սեփական նախաձեռնությամբ լուսավորության ղեկավարներին չմոտենալ, առանց հրավերի չգնալ: Թվում է՝ հոդվածիս համար հարցազրույց է անհրաժեշտ, բայց, չէ, չեմ գնա։ Այդ մարդկանց չեմ հասկանում: Երբ մանկապարտեզում խոսում եմ երեխաների հետ, ջանում եմ հասուն մարդու տոնը պահել, այլապես ինձ չեն հասկանա: Ժողկրթբաժվարի կամ ավելի բարձր պաշտոնյայի սենյակում սարսափով զգում եմ, որ սկսում եմ խոսել սվսվացնելով, համարյա թե շշուկով, այլապես նրանք ինձ չեն հասկանա: Նրանք սովորաբար բավականին լավ կազմակերպիչներ են և որպես օրենք՝ փորձառու քաղաքագետներ: Բայց երբ գործը հասնում է մանկավարժությանը, հազվադեպ բացառությամբ մանկապարտեզի ոչ լավ դաստիարակչուհու մակարդակ են ցուցաբերում, եթե ոչ սանի: Ինչու է այսպես՝ չգիտեմ: Քանի տարի է` դպրոցական գործի եմ, հավանաբար 40 տարի, խելացի ուսուցիչների եմ տեսել, շատ խելոք տնօրենների, իսկ լուսավորության մի քիչ ավելի բարձր պաշտոնյաները դժբախտություն են:
Դե, երկու-երեք իրոք խելացի մարդու ամբողջ կյանքիս ընթացքում հանդիպել եմ, բայց նրանց էլ վաղուց են կերել: Համակարգ է:

Ների՛ր, ընթերցո՛ղ: Ծառայության բերումով այսօր չեխական դպրոցում եմ սովորում, բայց մտքով տանն եմ. ես էլ եմ կառուցված, ինչպես բոլորը: Նախանձ մարդ չեմ, բայց երբ այստեղ` արտասահմանում, ինչ-որ լավ բան եմ տեսնում, մտածում եմ` ինչու մեզ մոտ այսպես չէ: Մի՞թե այդքան դժվար է, որ ուսումնական տարվա սկզբին լուսավորության աշխատողները երեխաներին և ուսուցիչներին դիմեն մարդկային բառերով։
Ահա, թե ինչ էի մտածում` ռադիոյով չեխ նախարարին լսելիս:

Իսկ նա ամենասովորական բաներից էր խոսում. ասում էր, թե շտապելն ինչ վտանգավոր է դպրոցի համար, որ եթե երեխան ամբողջ օրը լարված է (արդյոք ամեն ինչ հասցրե՞լ է), չի կարող նորմալ զարգանալ, որ դպրոցում բացասական երևույթների մեծ մասը շտապողականությունն է  ծնում: Ավելի ուշ ես եղա չեխական գյուղական դպրոցում, և տնօրինուհին մի այլ առիթով ասաց. «Վաղուց այսպիսի նախարար չէինք ունեցել»:
Ես հոգոց հանեցի: Մեր լուսավորության ներկա ղեկավարներին անկեղծորեն ցանկանում եմ, որ մեր  գյուղական ու քաղաքային դպրոցներում նրանց մասին էլ այսպես ասեն:

Այսպիսով, նախարարությունում չեմ եղել և պաշտոնական հարցազրույց չեմ վարել, բայց գրեմ, թե դպրոցում ինչն էր լավը: Բոլորը դպրոցում են սովորել, կարելի է ամեն մեկից էլ  հարցազրույց վերցնել, և մտածելու տեղիք է տալիս, որ Սևերամորովսկի մարզի Կրշիշտյանովիցե գյուղի վարժարանն ավարտած թարգմանչուհին պատմում է, որ ընդունելության քննություններին ինստիտուտի դասախոսները, իմանալով, որ ինքը ծայրամասային վարժարանից է, հարցեր չեն տվել և ընդունել են: Չեխական ծայրամասային վարժարանում ավելի լավ են սովորեցնում, քան մայրաքաղաքինում: Իսկ Պրահայում ուսուցիչներին ավելի բարձր են վարձատրում (ինչպես մեզ մոտ՝ հյուսիսում աշխատողներին): Մայրաքաղաքում է կյանքը դժվար, բնակարանները` թանկ:

Հարյուր տարուց ավելի է, որ Չեխիայում կրթությունը պարտադիր է, Չեխիայում դպրոցի պաշտամունք կա. դպրոցում չեխական լեզուն վերածնվել է,  դպրոցում է, կարելի է ասել, կազմավորվել ազգը և նրա մշակույթը: Հասարակությանը դպրոցական դաստիարակությամբ վերադաստիարակելու Կոմենսկու գաղափարը միշտ եղել է չեխակական հասարակական գիտակցության մեջ: Երկար ժամանակ կրթական սխեման այսպիսին էր՝ 3+3+ վարժարանային 8 տարի: 45-ին սովորում էին այսպես` ոմանք՝ 5+4 տարի, մյուսները՝ 5+ վարժարանում 8 տարի:

Հետևաբար, միջնակարգ կրթությունը ոչ թե 10, այլ 13 տարի է եղել: Բայց դա այնպիսի կրթություն է եղել, որի մասին շատերն են հիշում ամենաբարի խոսքերով, և այդ ժամանակներից «մատուրիտան», այսինքն՝ միջնակարգ կրթության վկայականը, շատ բարձր է գնահատվում մարդկանց կողմից, իսկ մատուրիտայի ցանկացած թերագնահատումը մարդկանց համար համարյա վիրավորանք է:

Սակայն սոցիալական տարբեր խավերի տարբեր կրթության համակարգը, իհարկե, ոչ դեմոկրատական համարվեց, և 48-ից հետո առաջին օրենքն ընդունվեց ընդհանուր դպրոցի մասին՝ 5+4 բոլորի համար և 4 տարի վարժարան։ Ընդամենը 13 տարի: 1976 թ., ոչ առանց խորհրդային մոդելի ազդեցության, պարտադիր տասնամյա դպրոց հաճախման մասին օրենք ընդունվեց:

Մի կարևոր նրբություն կա: Պարտադիր է ոչ թե միջնակարգ կրթությունը, ինչպես մեզ մոտ, այլ միայն 10 տարի դպրոց հաճախելը: Այստեղ առաջընթացն այն էր, որ աշխատանքի էին ուղարկում միայն տասը տարի դպրոցում սովորելուց հետո:

Խոսում էի չեխ նշանավոր գիտնականի՝ նոր համակարգը կազմակերպողներից մեկի հետ: Նա բացատրում էր, որ խոսքը ոչ թե ուսումնառության  մեխանիկական կրճատման կամ երկարացման, այլ կուրսերի բոլորովին նոր համակարգի մասին է: Բայց ի՜նչ անես, որ մարդիկ ամեն ինչ յուրովի են հասկանում, որ տեսնում են՝ ուսման որակն ընկել է, և «մատուրիտան» սկսել է ավելի էժան համարվել: Մանկավարժներն անընդհատ դժգոհում են, որ աշակերտները սովորել չեն ուզում, նույնիսկ նրանք, որ ուղեղ ունեն, որ մի ժամանակ շաբաթվա բոլոր օրերին լեփ-լեցուն համալսարանական գրադարանն այժմ կիրակի օրերին փակ է, որ ուսուցիչների հեղինակությունը շատ ընկել է (ավելի ցածր հնարավոր չէ), որ … բայց նման բողոքների համար ինչո՞ւ արտասահման հասնես:

Խնդիրներ, խնդիրներ… Աշխարհում կա՞ արդյոք առանց խնդիրների դպրոց: Չեխական դպրոցում սովորելով՝ ես հետևյալ դասը քաղեցի՝ այսպիսի խոշոր  սոցիալական վերափոխումների ժամանակաշրջանում բնական է, որ ավելի շատ պետք է մտածենք հավասարության, ընդհանուր դպրոցի մասին: Բայց ժամանակի հետ, նոր դարաշրջանի սկզբում, երբ խելացի գլուխներն ու տաղանդավոր ուղեղներն ավելի թանկ են գնահատվում և ավելի են անհրաժեշտ  երկրին և ազգին, երբ առանց Շատ Խելացի Գլուխների ամենուր աղքատություն և հետամնացություն է, գուցե ընդհանուր դպրոցի մտքից պետք է վերջապես հրաժարվել և հզոր ջանքեր ներդնել 2 կարևոր ուղղություններով՝ բոլորի համար դպրոցի զարգացում, դպրոց, որից ժողովրդի մշակույթն է կախված, այն չի կարող 9-10 տարուց պակաս լինել, և ինստիտուտ գնացողների համար դպրոց, որը չի կարող 3-4  տարուց պակաս լինել, այլապես կտուժի բարձրագույն դպրոցը, որի վրա հենվում է առաջընթացը:

Բայց և այսպիսի որոշումը շատ  ու շատ նոր խնդիրներ կառաջացնի: Միայն Յան Ամոս Կոմենսկին կարող էր իրեն թույլ տալ իր աշխատանքի վերնագիրը գրել՝ «Մարդկային գործերը կարգավորելու համընդհանուր խորհուրդ»:

«Նովոյե վրեմյա», 1998թ. , № 50
Թարգմանեց Մարինե Ամիրջանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.