«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 19

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Մ. Բախտին
«Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը ու միջնադարի և վերածննդի ժողովրդական մշակույթը»

Թամար Ղահրամանյան
«Աբովյանի կերպարը Ե. Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի և Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի շրջանակներում

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Թամեռլան Թադտաև
«Կոլորադո»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Արդիական՝ գրավիչ և արդյունավետ ուսուցում»

Առցանց տեխնոլոգիաների և բջջային հեռախոսների ապահով օգտագործում

Գևորգ Հակոբյան
«Համակարգիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Սոնա Աբգարյան
«Ինֆորմացիայի բազմազանության անհրաժեշտությունը»

Սարգիս Մարկոսյան, Շանթ Խլղաթյան
«Նոր ծրագրեր սովորում ենք, երբ պետք է լինում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Սելեստեն Ֆրենե

Նոր ֆրանսիական դպրոց

Ժողովրդական դպրոցի նյութական, տեխնիկական և մանկավարժական կազմակերպման գործնական ուղեցույց

(սկիզբը նախորդ համարում)

III. Հետաքրքրությունների համակարգը և ուսումնական ծրագրերը

Եվ ահա պարապմունքները ավարտված են, դպրոցը դատարկվել է: Եկեք այժմ մտածենք և ձեռքներս սրտներիս դրած` պատասխանենք` իսկապե՞ս ճիշտ ճանապարհին ենք, մեզ հաջողվե՞լ է գլխավոր խնդիրները լուծել, մեր համակարգը աշակերտներին, նրանց ընտանիքներին, մանկավարժներին, հասարակությանը բավարարո՞ւմ է:

Այս հարցերին պետք է պատասխանենք` ելնելով մեր գործունեության խնդիրներն ու սկզբունքները սահմանող նոր հայեցակարգից:

Հին դպրոցը մի աներկբայելի առավելություն ուներ. այնտեղ ուսումնական գործընթացը, գոնե պաշտոնական տեսանկյունից, հանգամանորեն կարգավորված է` ժամ առ ժամ, առարկա առ առարկա: Յուրաքանչյուր խումբը այսքան խնդիր է լուծում, աշակերտները դասագրքից այսքան էջ են կարդում, պատմությունից այս դասերը սովորում, քերականությունից` այս կանոնները: Դպրոցը երեխաներին տալիս է տարրական գիտելիքներ և հմտություններ, որոնք նրանց հետագա աշխատանքի հիմքում կլինեն: Ծնողները գոհ են`տեսնելով, թե ինչպես են իրենց երեխաները մեթոդաբար, օր օրի գիտելիքներ ձեռք բերում, տեսչությունը բավարարված է, ծրագիրը` «անցած»... Ուրիշ ի՞նչ եք ուզում:

Մեր մեթոդների դեպքում, չնայած ստուգման նոր ձևերի անկասկած առավելությանը, պատկերն այլ է: Շատ հաճախ անբավարարվածության տարտամ զգացողություն ենք ունենում: Կյանքի այնպիսի խորը շերտեր ենք վեր հանում, որ վախը մշտապես հետապնդում է մեզ. կարո՞ղ ենք արդյոք հետևել նրա անընդհատ, հավերժական և մշտապես փոփոխվող ընթացքին: Երբեմն թվում է, թե կան գոհ մնալու բոլոր հիմքերը: Օրինակ` հրաշալի տեքստ` արվեստի իսկական գործ է տպագրվել, նոր, հետաքրքիր ու արդյունավետ աշխատանք է սկսվել, հաջողված զեկուցում է արվել, ստացվել են թերթեր, նամակներ, ծանրոցներ, որոնք երեխաներին շատ են հետաքրքրել: Այս ամենը շատ արժեքավոր է դաստիարակության և կրթության համար: Այսպիսի օրերին զգում ենք, որ լավ ենք աշխատել: Սակայն հետո նորից կասկածներն են մեզ համակում:

Մենք կյանքին համընթաց պետք է գնանք և ձերբազատվենք ավանդական մանկավարժության բյուրոկրատական ոգուց, որը բավարարվում էր դասագրքերի ընթերցանությամբ (նույնիսկ եթե դա ոչ մեկին օգուտ չի տվել), մեխանիկական արտագրությամբ և սերտումով:

Չէ՞ որ եթե փոքր երեխայի երեկ երեկոյան և այսօր առավոտյան վարքը համեմատենք, կթվա, թե ոչ մի առաջընթաց չի եղել: Մի՞թե կարելի է ասել, որ երեխան այսօր երեք քայլ ավելի է արել, քան երեկ, կամ տասնյակ նոր բառեր է արտասանել: Նա պարզապես օ´ր է ապրել: Իսկ եթե ժամանակ առ ժամանակ մտաբերենք, թե նա ինչի է հասել, օրինակ, մեկ շաբաթվա, մեկ ամսվա ընթացքում, այդ ժամանակ կարելի է ասել, որ դուք կա´մ բավարարված եք նրա հաջողություններով, կա´մ ընդհակառակը, մտահոգված եք նրա հետ մնալով:

Սակայն եկեք վստահենք կյանքին: Եվ եթե մեզ համակում են կասկածները, թերթում ենք դպրոցական թերթերի փաթեթը` սկսած ուսումնական տարվա սկզբից, տողը տողի, էջը էջի հետևից, և այդ ժամանակ դրանց մեջ իրական կյանքի արտացոլումը կտեսնենք և կհամոզվենք, որ մեր մեթոդը բացահայտում է կյանքի հարստությունը, նրա բազմազան հնարավորությունները, նրա արժեքը: Հետո դպրոցական արհեստանոցներում պատրաստված առարկաների ցուցահանդեսով կհիանանք, փորձերի և զեկուցումների թվարկումը կնայենք և ինքներս կհամակվենք այդ կյանքով` իր ողջ բարդությամբ և լիակատարությամբ: Ահա նա, այստեղ է: Մենք զգում ենք նրա ներգործությունը, շունչը ամենուր: Ահա նա, այստեղ է: Նրա շունշն ենք զգում շարվածքի տառարկղի մոտ, տեսնում ենք` ինչպես է  ծիկրակում է քարտարանի բացվող տուփից, մեզ է նայում պատերից, որոնց նկարներ, լուսանկարներ, դիագրամներ են կախած: Մենք տեսնում ենք, թե դպրոցն այժմ ինչ տեղ է զբաղեցնում երեխայի կյանքում և նոր դպրոցի գործունեությունն ու արդյունքներն ակամա համեմատում ենք հին սխոլաստիկ ուսուցման կրավորականության և չորուցամաքության հետ: Եվ ահա այդ ժամանակ վերջնականապես վստահում ենք մեր մեթոդներին:

 * * *

Բայց որպեսզի մեր վճռականությունը փաստերով ամրապնդենք, մի ակնարկ նետենք պաշտոնական ուսումնական ծրագրերի շրջանակում մեր դպրոցում ուսումնասիրվող տարբեր առարկաներին:

Բարոյական
դաստիարակություն: Շաբաթը 1 ժամ է, օրը` 12 րոպե: Իհարկե, երեխաներին խրատ չենք կարդում և չենք պարտադրում բարոյախրատական պատմություններ արտագրել կամ փոխադրել. կոլեկտիվիզմի հիմքի վրա կառուցված և աշխատանքային կողմնորոշում ունեցող մեր ողջ գործունեությունը բարոյականության դասերի շղթա է: Եվ այդ դասերը ամենագործունն են, երեխայի ողջ կյանքի ընթացքում հենց դրանք են անջնջելի հետք թողնում երեխայի վարքի, սովորությունների վրա:

Ֆրանսերեն
: Շաբաթը 10-11 ժամ (ավագ խմբերում ավելի քիչ), այսինքն` օրական մոտավորապես 2 ժամ:

Ավանդական դպրոցում ժամերի այդ քանակը տվյալ առարկաների դասերի շարք է նախատեսում: Սակայն եթե պարզենք, թե խմբային դասերից յուրաքանչյուր աշակերտ ինչ օգուտ է քաղում, հաշվեկշիռը բոլորովին այլ կլինի:

Մենք ընդունված իմաստով դասեր չենք տալիս: Ֆրանսերենի մեր պարապմունքները կազմված են մի շարք բաղադրիչներից: Ազատ տեքստերի կազմում: Շարվածքի համար տեքստի նախապատրաստում, որը յուրաքանչյուր աշակերտ իր համար լուռ կարդում է: Ինչպես արդեն ասել ենք, նախապատրաստական և տարրական խմբերում լուռ կարդալը լրացվում է բարձրաձայն ընթերցանությամբ: Բացի դրանից, տեքստը տառ առ տառ, բառ առ բառ հավաքում ենք, և ուսուցման վերլուծա-համադրական այս մեթոդը դժվար է գերագնահատել: Այնուհետև տպագրված տեքստերի ընթերցում, սկզբում լուռ, հետո կրտսեր խմբում` բարձրաձայն և արտահայտիչ, այլ դպրոցներից ստացված տեքստերի, թերթերի, նամակների ընթերցում, քարտերի ընտրություն և ընթերցում, զեկուցումների նախապատրաստում. այս ամենը վարժությունների համակարգ է կազմում, որի ֆոնին ավանդական բարձրաձայն ընթերցանությունը բավականին խղճուկ տեսք ունի:  Սրան ավելացնենք նաև քերականական վերլուծական-համադրական վարժությունները, որ ամեն օր անում ենք` դրանք լրացնելով ինքնաստուգման քարտերով:

Գրավոր
աշխատանք: Մեր երեխաները ազատ տեքստեր են գրում, շարվածքի համար տեքստերն արտագրում են, գրում են փորձերի հաշվետվություններ, զեկուցումներ, նամակներ...

Այսպիսով, մեր դպրոցում ֆրանսերենի դասավանդումը ամենևին էլ սահմանափակված չէ: Ընդհակառակը, ավելի շուտ կարելի է համարել, թե մեր մեթոդիկան մշակված է կարծես հատուկ մայրենի լեզվի ուսուցման համար, անգամ այլ առարկաների հաշվին:

Պատմություն
, աշխարհագրություն, բնական գիտություններ: Ավելի վաղ նշվել է, որ շարվածքի համար տեքստի և զեկուցման նախապատրաստման ժամանակ այս առարկաներից յուրաքանչյուրի ուսումնասիրությունը խորացնող ամենատարբեր հարցեր են ծագում:

Աշխատանքների պլանները հետաքրքրությունների համակարգերը կապում են ծրագրերի հետ, իսկ անհրաժեշտության դեպքում մեր «սեպերն» օգնում են լրացնելու ակնհայտ բացերը:

Թվաբանություն
: Կյանքի հետ առնչվող աշխատանքի ընթացքում թվաբանության գործնական յուրացումից բացի (իսկ ժամանակակից մանկավարժական ամբողջ գիտությունը առաջին հերթին այդպիսի յուրացման նշանակությունն է հաստատում), մեծ դեր ունի ինքնաստուգման քարտերով աշխատանքը, որը յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն  է տալիս կատարելու առավելագույն վարժություններ: Հավատացե´ք, ավանդական դպրոցի և ոչ մի դասարանում վարժությունների այդպիսի քանակ չեն կատարում:

Նկարչություն
, արհեստանոցներում և մաքուր օդում ֆիզիկական աշխատանք, ֆիզիկական դաստիարակություն, երգեցողություն, հիգիենա: Վերջապես այս բոլոր առարկաները տեսականացնելուց հրաժարվել ենք և ձեռնամուխ եղել դրանց գործնական յուրացմանը: Դա մեզ հնարավորություն է տալիս առավել ամբողջական, քան որևէ ուրիշ մեկը, իրականացնելու ծրագրի բոլոր պահանջները:

* * *

Այսպիսին է հետաքրքրությունների համակարգի մեթոդիկայով մեր դպրոցի աշխատանքը: Մենք մանրամասնորեն կանգ չառանք նոր նյութի մատուցման և այն պլանների մեջ մտցնելու մեթոդական խորհուրդների վրա. մեր հատուկ գրքույկներում ընթերցողն այդ բոլոր ցուցումները կարող է գտնել: Այստեղ ընդամենը մեր մեթոդներով աշխատող դպրոցն է ներկայացված, բացահայտված է նրա գործունեության մեխանիզմը, որոշ ժամանակ դասարանական կյանքին կողքից նայելու հնարավորություն է տրված:

Չենք հավակնում նրան, թե մեր դպրոցը կատարյալ է, մի´ փորձեք կուրորեն պատճենել մեր նմուշը` առանց հաշվի առնելու վայրի, բնական և սոցիալական միջավայրի յուրահատկությունը, ինչպես նաև ձեր հնարավորությունները:

Մենք ձգտեցինք սահմանել մանկավարժական  արժեքների որոշակի հիերարխիա`   շենքեր և սարքավորումներ (դրանք հիմքերի հիմքն են), ջանքեր, որ  դպրոցը ներդաշնակորեն ներգրավվի հասարակության կյանքի մեջ, ուսումնական գործընթացի կապը սոցիալական միջավայրի պահանջմունքների հետ, համագործակցության և վերահսկման` անհատի արդյունավետ զարգացումը երաշխավորող սկզբունքը:

IV. Գործնական խորհուրդներ

Գործնականում ինչպե՞ս կլինի հնացած սխոլաստիկ մանկավարժությունից անցումը աշխատանքային դաստիարակությանը: 

Որպեսզի այդ անցումը հեշտացնենք, ևս մի քանի խորհուրդ տանք:

Գիտենք, որ ինչքան հարցեր և քննադատական դիտողություններ կարող է հարուցել մեր գիրքը: Արդեն իսկ լսում ենք ուսուցիչների վրդովված ձայնարկումները. «Ոչ, այդպիսի բազմազանության մեջ երբեք կատարելության չենք հասնի... Ճկունությունը բավարար չի լինի, ընդունակությունները չեն բավարարի... Դա չափազանց դժվար է… Ոչի´նչ չի ստացվի»:

Ուսուցիչներն ինչ-որ առումով ճիշտ են. չի կարելի գլուխը տնկած, հենց այնպես, առանց որևէ նախապատրաստության ընթանալ դեպի անհայտություն: Չի կարելի մի շարժումով դեն նետել ողջ անցյալը, ինչքան էլ որ նրա թերությունները տեսնում ենք: Միայն բացառիկ անհատների ուժը կպատի միանգամից նորովի աշխատել:

Ուստի չարժե ակնկալել, որ մեր գիրքը կարդալով` բոլոր ուսուցիչները կհայտարարեն. «Մյուս ուսումնական տարվանից սկսում ենք այսպես աշխատել»: Մենք ուսուցիչներին ամենևին չենք կոչում դրան. չէ՞ որ եթե նրանց ամեն ինչ միանգամից չհաջողվի, նրանք դառնորեն կհիասթափվեն և արագ կգլորվեն սովորական ոստայնը: Մենք այլ, ավելի հուսալի` ներկայի մեջ աստիճանաբար նորը ստեղծելու ճանապարհն ենք առաջարկում:

*  *  *

Կար ժամանակ, երբ գյուղատնտեսության մակարդակը բարձրացնելու նպատակով իշխանություններն անհրաժեշտ էին համարում գյուղացիների համար դասախոսություններ կազմակերպել, տնտեսավարման առաջադիմական եղանակները ցուցադրել, թվեր ու դիագրամներ ցույց տալ: Եվ ի՞նչ: Ամեն ինչ զուր էր. գլուխը օրորելով` գյուղացին հին, փորձված մեթոդներին էր դառնում:

Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ գյուղատնտեսական նոր գործիքներ ստեղծվեցին, և գյուղացիները դրանք գործողության մեջ տեսան. տնտեսության նոր պահանջարկներին բոլոր այդ գութանները, տրակտորները, շարքացանները ավելի լավ էին համապատասխանում, քան ավանդական տեխնիկան: Եվ արդեն տեսական դատողություններ պետք չէին. գյուղացին հասկանում էր, որ հին գործիքները չեն բավարարում իր պահանջները: Նոր գործիքն ավելի համապատասխան դուրս եկավ. գյուղացին տեսավ, թե ինչպես է աշխատում, հետո փորձեց նրանով աշխատել, յուրացնել... Հնից նորի անցումը ոչ թե տեսական, այլ գործնական, փորձարարական եղանակով արվեց:

Մանկավարժության զարգացման համար ևս անբովանդակ սխոլաստիկ ճամարտակություններն անօգուտ են: Պարզվեց, որ ավանդական մեթոդները սնանկ են: Դատարկ խոսքերի փոխարեն ուսուցիչներին կներկայացնենք գործիքներ, որոնք, մեր կարծիքով, նոր պահանջներին համապատասխան են: Նրանց ցույց կտանք, թե ինչպես վարվեն այդ միջոցների հետ, կցուցադրենք դրանց գործողությունները, կբացատրենք` ինչպես հասնել առավելագույն արդյունքի... Եվ կարելի է համոզված պնդել, որ նորամուծությունների անհրաժեշտությունն անգամ ամենաանվճռական մանկավարժները կհասկանան:

Ագարակատերն առանց ծանրութեթև անելու երբեք նոր տեխնիկա չի գնի: Նա իր բերքը կհամեմատի հարևանների բերքի հետ: Եթե մյուս ագարակի գործերն ավելի լավ են, քան իրենը, բնականաբար կմտածի, թե ինչպես հասնի նման հաջողությունների. կսկսի տեղեկություններ հավաքել գների մասին, գրքեր կարդալ, համապատասխան մասնագետներից խորհուրդներ և խորհրդատվություններ ստանալ: Հետո  կսկսի գործել` իր պահանջմունքներից և հնարավորություններից ելնելով:

Ագարակատերը գիտի, որ ժամանակակից գութանը, պարարտանյութերը, ընդարձակ փարախներն ու ախոռները, էլեկտրականացումը, տրակտորը էապես կավելացնեն իր եկամուտները: Նաև ծախսերը կփոխհատուցվեն, իսկ վնասները կպակասեն: Սակայն նա կերկմտի նախ և առաջ այն պատճառով, որ փողը չի հերիքում... Հետն էլ այդ բոլոր  նորամուծությունները մի քիչ վախեցնում են. ախր, այնքա~ն սովոր է հին ձևով աշխատելուն ու, է´ն Աստված, երբեք անհաց չի մնացել... Եվ արդյոք կկարողանա՞ գլուխ հանել այն աշխատանքից, որին սովոր չէ:

Մեր ագարակատերը զգույշ, բայց գործնական մարդ է. և ահա ինքն իրեն ասում է. «Փորձեմ այս գործիքներից մեկը: Իսկ եթե լավ լինի, մյուս տարի մեկն էլ կառնեմ... Հետաքրքրիր է, այդ նոր գործիքներից ո՞ր մեկը անմիջապես կավելացնի իմ բերքը, բայց այնպես, որ ստիպված չլինեմ չափից շատ փոխել իմ սովորությունները»:

Խորհրդածելով` նա գնում է ժամանակակից գութան, որը լայն ակոսներ է բացում. հերկը ստացվում է խորը և կոկիկ: Սկզբում մեր ագարակատերը վախենում է  օգտագործելուց, ժամանակ առ ժամանակ վերադառնում հին արորին, որն իր արժանիքներն ուներ... Սակայն ի վերջո սովորում է նոր գործիքին, և արորը մնում է խորդանոցում:

Հաջորդ տարի, իսկ գուցե նաև նույն գարնանը նա կարդիականացնի ախոռը: Դրանից ավելի դեռ ոչինչ չի փոխի, բայց նրա ագարակի կենսակարգում արդեն խորը փոփոխություններ են եղել, ինչպես նաև դրանք եղել են և´ ագարակատիրոջ, և´ նրա ընտանիքի գիտակցության մեջ: Նորացումն արդեն կատարվում է. շուտով ագարակատիրոջ պահանջմունքների աճին համապատասխան ձեռք բերվող մյուս  գործիքների հերթն էլ կգա: Իր հերթին տեխնիկական առաջընթացը ավելի արդյունավետ միջոցների ստեղծման է հանգեցնում:

Այսպիսով, աշխատանքի ռիթմը չխաթարելով, ժամանակակից նոր գյուղատնտեսական տեխնիկան արմատավորվում է ավանդական ագարակի տնտեսության մեջ: Դա կատարվում է առանց տեսականացման, առանց դատարկ խոսակցությունների. նոր գործիքների արժանիքները խոսում են իրենց մասին:

Ահա այսպես էլ մանկավարժության բնագավառում պիտի կատարվի զարգացումը: Մենք այդ գործընթացը հեշտացնելու համար անհրաժեշտ հանձնարարություններ ենք տալիս ընդամենը:
Ձգտեք վարվել ինչպես ագարակատերը. երբեք լիովին մի´ վստահեք գրքերին, ինչքան էլ համոզիչ և հրապուրիչ գրված լինեն: Եղե´ք այն դպրոցում, որտեղ արդեն կատարվել են այն փոփոխությունները, որ որոշել եք ձեզ մոտ անել, մի´ խնայեք ժամանակը, դասախոսություններ լսեք, մասնակցեք մանկավարժական գիտաժողովների, որտեղ մասնագետները կպատմեն ձեզ ուսուցման նոր տեխնիկական միջոցների արժանիքների մասին:

Մտածեք, թե նոր սարքավորումներից ո´րը ձեզ մեծ օգուտ կբերի` առանձնապես չխաթարելով ձեր աշխատանքային ռիթմը: Հաշվեք ձեր միջոցները, ձեր ուժերը, ստուգեք ձեր վճռականությունը: Խորհրդակցե´ք  աշակերտների հետ, թե ինչ գնեք առաջին հերթին: Երեք ամիս, կես տարի, մեկ տարի հետո ձեր սարքավորումներին նորանոր դետալներ ավելացրեք:

Հուսով ենք, որ մեր խորհուրդներին հետևելով` աստիճանաբար, բայց համոզված կկառուցեք նոր դպրոց, որը նոր հասարակության մեջ նոր մարդկանց կդաստիարակի:

Ռուսերենից թարգմանեցին Կարինե Պետրոսյանը,
Թամար Ղահրամանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.