«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 16

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Թևան Դավթյան
«Մեթոդական ցուցումներ «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Հերոնի բանաձևը»

Յուրի Լազարև և այլք
«Ժամանակի զգացում»
(օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ)

Վեներա Խառատյան
«Ռեֆերատային ուսուցում քիմիայից»

Ուսումնական նյութեր

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Լիանա Հակոբյան
«Խնդիր 5-րդ դասարանցիների և ավելի մեծերի համար»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Քարտեր և թվեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Սովորող դպրոց 2008» Կլոր սեղանի նյութերից

Սովորողի աշխատանքի կազմակերպումը

Նաիրա Նիկողոսյան
«Երկարացված օրվա ծրագիր»

Գևորգ Հակոբյան
Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

Աշոտ Տիգրանյան
Հեռավար ուսուցում

Դասավանդողի աշխատանքի կազմակերպումը

Նելլի Թովմասյան
Դասավանդողի անհատական շաբաթական պլան

Մարգարիտ Սարգսյան
Դասավանդողի հաշվետվություն

Անահիտ Ավագյան
Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան
«Եթե համարձակվել ես սովորեցնել»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացներից

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
«Մաթեմատիկա սովորենք Նիկիտա Պողոսյանի օգնությամբ»

Թևան Դավթյանի «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկի 4 հատորյակները «Շաղիկ» հրատարակչությունը լույս է ընծայել 1995թ.:

Թևան Դավթյան

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
«Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին

Սույն մեթոդական ցուցումների նպատակն է օգնել ուսուցիչներին, շախմատին ծանոթ ծնողներին` ըմբռնելու «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկի կառուցվածքը, թեմաների հաջորդականության տրամաբանությունը, ինչպես նաև` յուրաքանչյուր թեմայի մատուցման, ամրագրման վերաբերյալ ներկայացնել մի քանի առաջարկներ, որոնք հեղինակի երկարատև մանկավարժական գործունեության արդյունք են: Իհարկե, սովորեցնողին ստեղծագործական իրավունքից զրկելու հավակնություն բոլորովին չունենք:
Ձեռնարկը կազմված է չորս գրքից, որոնք ամփոփոիմ են ինը պայմանական բաժիններ: Գրքերի վերնագրերն են` «Շախմատի այբբենարան», «Միջնախաղ. ռազմավարություն և մարտավարություն», «Վերջնախաղ», «Սկզբնախաղ»:
Առաջին գիրքը («Շախմատի այբբենարան») ընդգրկում է ծանոթությունը խաղատախտակին, խաղաքարերին և խաղի հիմնական կանոններին, վերջնախաղի խաղարկման պարզագույն օրինակները, սկզբնախաղը վարելու հիմնական սկզբունքները:
Երկրորդ գիրքը («Միջնախաղ. ռազմավարություն և մարտավարություն») ընդգրկում է մարտավարության տիպային հնարքները, դիրքային պայքարի ռազմավարական տարրերը:
Երրորդ գիրքը («Վերջնախաղ») ընդգրկում է պարզագույն վերջնախաղերի ուսումնասիրությունը, շախմատային հորինվածքները (կոմպոզիցիան):
Չորրորդ գիրքը («Սկզբնախաղ») ներառում է տարբեր սկզբնախաղային համակարգերի վերլուծությունը և հավելվածը: Վերջինս ծանոթացնում է հայ շախմատիստների ստեղծագործությանը և համառոտ տեղեկություններ հայտնում շախմատի պատմությունից:
Թեմաների ընտրության նման հաջորդականության հիմնաքարը հայտնի` պարզիցբարդ, ստորինիցբարձր տրամաբանական պահանջն է, քանզի հենց սա է ապահովում երեխաների ներդաշնակ զարգացումը:
Շախմատը նախ և առաջ խաղ է` դրան բնորոշ բոլոր հատկություններով, ուստի դասերը պետք է անցնեն աշխույժ, ստեղծագործ, հետաքրքիր մթնոլորտում: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ խաղի հիմնական կանոններին ծանոթացնելուց հետո շատ ժամանակ հատկացվի գործնական խաղին, թեմատիկ մրցույթներին: Ուսուցման այս փուլում մրցույթները կարող են ներառել մեկ քայլանոց խնդիրների լուծումը, պատային դիրքերի հարկադրումը և այլ պարզագույն գաղափարներ: Ուսուցչին կխնդրեինք նաև հիշել, որ սա երեխայի առաջին ծանոթությունն է շախմատին, ուստի սովորածը ամրագրվելու կարիք ունի, այսինքն` վարժվելու, սովորածն իր սեփականը դարձնելու հնարավորություն ու ժամանակ պետք է տրվի երեխային: Ահա թե ինչու նպատակահարմար չէ «լավ», «վատ» գնահատական տալ աշակերտի կատարած ամեն մի քայլին, և ճնշում չգործադրելով՝ պետք է միայն հետևել, որ խաղատախտակի վրա քայլերը կատարվեն յուրացված կանոններին համապատասխան, և խաղացվող պարտիաներն ավարտին հասցվեն:
Ուսուցիչը պետք է նրբանկատ լինի ու զննող աչք ունենա, որ նախապես զգա, թե յուրաքանչյուր երեխա ինչպե՛ս է ընկալում իր հաղթանակը կամ պարտությունը, և առաջին իսկ պարապմունքներից զգացմունքների արտահայտման չափվածություն, դիմացինի վիճակը հարգելու, պարտությունից տեսական օգուտ քաղելու ունակություն պետք է դաստիարակի:
Տեղին է ավելացնել, որ սերը շախմատի հանդեպ չպետք է խանգարի երեխայի ներդաշնակ զարգացմանը, ինչպես նաև չափից ավելի նստակյացությունը չպետք է նրա առոջությունը խաթարի:
Որպեսզի երեխան կարողանա խաղի իմաստն ավելի լավ ըմբռնել, ուսուցման այս փուլում պետք է այնպիսի դիրքեր խաղարկել, որոնք ընդամենը երեք-չորս խաղաքար են ընդգրկում: Փորձը ցույց է տվել, որ նպատակահարմար է այնպիսի պարզագույն վերջնախաղերի անդրադառնալ, ինչպիսիք են, օրինակ, «Մատ միայնակ արքային ծանր ֆիգուրներով», «Մատ միայնակ արքային երկու փղով», «Արքան և զինվորը` արքայի դեմ» և այլն: Տեղում կամայական ստեղծված նման դիրքերի խաղարկումներ կազմակերպելուց և տնային աշխատանք-առաջադրանքներով աշակերտի հմտությունն ամրապնդելուց հետո կարելի է անցկացնել սկզբնական փուլում խաղը զարգացնելու հիմնասկզբունքներին, այսինքն` ռազմավարությանը` ինքնուրույն խաղին անցնելու երեխայի անհամբեր ձգտմանն ընդառաջելով: Գրքում տեղ գտած, ինչպես նաև երեխաների գործնական խաղերից քաղած դիպուկ օրինակներն ուսուցիչը պետք է վերլուծի աշակերտների հետ` մատնանշելով սխալներն ու վրիպումները: Միայն դրանցից հետո է նպատակահարմար խմբում մրցույթներ անցկացնել, ապա` հաղթողներին պարգևատրել, իսկ պարտվողներին` քաջալերել:
Երկրորդ («Միջնախաղ. ռազմավարություն և մարտավարություն») գրքում հիմնական շեշտը դրվում է մարտավարության վրա, քանզի կրթական այս փուլում երեխային հատուկ է միջնախաղում արքայի դեմ անմիջական գրոհ կազմակերպելը: Գրքում քննարկված տիպային կոմբիանացիաների ուսումնասիրությունն ուղղություն կտա միջնախաղում աշակերտի գործողությունների ընթացքին: Տիպային ամեն մի կոմբինացիոն թեմայի վերջում «Դու ինչպե՞ս կշարունակեիր» վերնագրով վարժություններ են առաջարկվում: Դրանց մի մասը աշակերտներին կարելի է հանձնարարել որպես տնային աշխատանք, մյուս մասը` որպես մրցութային առաջադրանք: Որոշ մասն էլ, ուսուցչի հայեցողությամբ, թեման պարզաբանելիս կօգտագործվի:


«Գրոհ փոխատեղման դիրքի վրա» բովանդակությամբ կոմբինացիաները, որոնք բացահայտում են տարբեր ֆիգուրների համագործակցությունն արքայի դեմ կազմակերպվող գրոհի ժամանակ, մյուս տիպային կոմբինացիաներից հիմնականում տարբերվում են այնքանով, որ այստեղ կոմբինացիայի թեման անհայտ է, և երեխան ինքը պետք է գտնի: Նպատակը գործնական խաղում կոմբինացիան հայտնաբերելն է: Այստեղ ևս ուսուցիչը կարող է մրցութային ձևերի դիմել, կարող է նաև` աշակերտներից պահանջել, որ նրանք, իրենց իսկ պարտիաներից քաղած ցայտուն օրինակներ ընտրելով, բացատրեն կոմբինացիայի դրդապատճառը, նպատակն ու թեման: Գրքում անդրադարձել ենք և դիրքային խաղին` դրա տարրերին` այն պարզ պատճառով, որ երեխայի մինչ այս սովորածը նրան արդեն նախապատրաստել է այդ քայլին: Ուսուցիչը գրքում զետեղված նմուշների, ապա և սովորողների խաղերից վերցված օրինակների հիման վրա կարող է ցուցադրել դիրքային թուլությունները (թույլ դաշտեր, ֆիգուրների անբարենպաստ դիրք և այլն), բաց գծերի առկայությունը, դրանք տիրելու հնարավորությունները, 7-րդ (2-րդ) հորիզոնականին իշխելու կարևորությունը, նյութական առավելության իրացման տարբեր եղանակները և այլն: Պարապմունքները պետք է ուղեկցվեն միաժամանակյա խաղի սեանսներով, խորհրդակցական (կոնսուլտատիվ) պարտիաներով, ընկերական խաղերով:
Երրորդ գիրքը նվիրված է պարզագույն վերջնախաղերին, որոնց ուսումնասիրությունը ցանկալի է շաղկապել աշակերտների խաղացած վերջնախաղերին` նախապես բացատրելով այս կամ այն կոնկրետ վերջնախաղին բնորոշ ռազմավարությունը: Անցած նյութը հիշելու առումով նման մոտեցումն արդյունավետ է: Այս գրքում անդրադարձել ենք նաև շախմատային հորինվածքներին (կոմպոզիցիա) ու ծանոթացրել դրա երկու հիմնական բաժիններին` խնդիրներին և էտյուդներին, պարզաբանել դրանց ներկայացվող ժամանակակից պահանջները: Երեխաների հետ աշխատելիս նպատակահարմար է այնպիսի խնդիրներ և էտյուդներ ընտրել, որոնցում խաղաքարերի ընդհանուր քանակը չի անցնում յոթից (շախմատային մանրաքանդակներ): Նախընտրելի են այն էտյուդները, որոնք առավելագույնս մոտենում են գործնական խաղին։ Հորինվածքները պետք է մատուցել այնպես, որ դրանք երեխային դուր գան, և նա ձգտի ոչ միայն որքան հնարավոր է շատ լուծել, այլև փորձի ինքնուրույն հորինվածք կազմել: Այս հարցում ուսուցիչը պետք է նրան հնարավորին չափ աջակցի, ուղղի սխալներն ու թուլությունները և փորձի հղկել ստեղծագործությունը: Իհարկե, այստեղ ևս կարելի է մրցույթներ կազմակերպել:
Երկրորդ և երրորդ գրքերը նպատակահարմար է աշակերտին մատուցել զուգակցված. նախ` որ ուսուցվող նյութը չձանձրացնի, և երկրորդ` որ հաշվի առնվի տվյալ պահի իրավիճակը (այս կամ այն նյութի քննարկման անհրաժեշտությունը տվյալ պահին):
Շախմատիստի ձևավորման այս փուլում անհատականացված կամ փոքր խմբերով պարապմունքներ կազմակերպելու անհարժեշտություն կառաջանա` նկատի ունենալով յուրաքանչյուր սանի հոգեբանական (բնավորություն, խառնվածք, ունակություններ), մտավոր և շախմատի հանդեպ մոտեցման առանձնահատկությունները:

Սկզբնախաղային տեսությանը նվիրված չորրորդ գրքի նյութն ուսումնասիրելիս հենց այդպիսի մոտեցումն է արդյունավետ: Պետք է ուշադիր հետևել ամեն մի սանի և յուրաքանչյուրի համար ընտրել գրքի ի՛ր հատվածը, ի՛ր սկզբնախաղը: Իհարկե, լավ կլիներ, որ երեխաները հիմնականում գամբիտներ խաղարկեին, քանզի դրան է մղում ողջ դասընթացը, սակայն կարող են և բացառություններ լինել: Իր խաղարկած սկզբնախաղը սովորողը պետք է համեմատի դասագրքային վերլուծության հետ, գտնի երկուստեք թույլ տրված սխալները, այնուհետև ինքնուրույն վերլուծի խաղն ամբողջությամբ, ապա ևս մեկ անգամ վերստուգի (արդեն ուսուցչի հետ միասին) վերլուծությունը` վերջնականապես ճշգրտելու նպատակով:
Հավելվածում շախմատի պատմությանը վերաբերող նյութ է, որ ծանոթացնում է անվանի շախմատիստների ստեղծագործությանը և կարող է մատուցվել այս կամ այն թեման ուսումնասիրելիս, ասենք` երբ տվյալ շախմատիստի պարտիան է քննարկվում: Նյութը հետաքրքրաշարժ դարձնելու նպատակով կարելի է դրվագներ ներկայացնել նրանց կյանքից, պատմել հետաքրքիր և զվարճալի դիպվածների մասին:
Այժմ արդեն խմբային մրցումներում աչքի ընկած աշակերտները կարող են մասնակցել միջխմբային մրցումներին (մարզական III կարգ նվաճելու համար): Այսպիսի մրցումներում խիստ պարտադիր է պարտիաների գրանցումը և մրցաշարի ավարտից հետո դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունն ու վերլուծումը` արդեն նշված եղանակով: Ճիշտ կլինի, որ սովորողը հատուկ տետր պահի, որտեղ գրանցի իր լավագույն պարտիաները:
Այսպիսով` «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկը նախատեսվում է մարզական III կարգի շախմատիստներ պատրաստելու համար: Սակայն, մեր կարծիքով, այն ուսումնասիրելն օգտակար կլինի նաև II, անգամ` I կարգայիններին:
Այժմ մի քանի խորհուրդ այն երեխային, ով ձեռնարկն ինքնուրույն է ուսումնասիրում։

  1. Գիրքը կարդա՛ հանգիստ, առանց շտապելու և, որ կարևոր է, բոլոր օրինակները խաղատախտակի վրա խաղարկելով։
  2. Հարկավոր չէ երկու ժամից ավելի կարդալ. դա կհոգնեցնի, և սպասված արդյունքին չես հասնի: Ամենօրյա համակարգված պարապմունքներն ավելի օտակար են։
  3. Որևէ բան չըմբռնելու դեպքում մեկ անգամ էլ կարդա՛ և ավելի ուշադիր։
  4. Առաջին իսկ պարապմունքներից սկսած` աշխատի՛ր խաղատախտակը լավ պատկերացնել. դա ոչ միայն կնպաստի հետագա նյութի յուրացմանը, այլև գործնական խաղի ժամանակ հաշվարկը կհեշտացնի։
  5. Շախմատի ասպարեզում հաջողության հասնելու գաղտնիքն ինքնուրույն, քրտնաջան աշխատանքն է: Գրքում տեղ գտած առաջադրանքների ու վարժությունների լուծումը կհարստացնի հաշվողական ունակությունները ու կօգնի ամրապնդելու յուրացվող նյութը։
  6. Առաջադրանքները կատարելիս նախ փորձի՛ր դրանք լուծել մտովի, առանց խաղաքարերը տեղաշարժելու: Եթե չհաջողվի, նոր միայն տեղաշարժե՛ր կատարիր: Համոզվելով, որ լուծումը սխալ չէ, կարող ես արդյունքը գրքի վերջում զետեղված պատասխանների հետ համեմատել: Եթե այնուամենայնիվ չես կարողանում լուծումը հասկանալ, փորձի՛ր պատճառը պարզել։ Անհաջողության դեպքում կարող ես ուսուցչիդ կամ մեկ այլ փորձառու շախմատիստի դիմել: Նման մոտեցումը շատ արդյունավետ է։
  7. Ժամանակ առ ժամանակ վերադարձի՛ր անցածիդ` նյութն ամրապնդելու նպատակով։
  8. Գրքում զետեղված առավել դժվար առաջադրանքներն աստղանիշով (*) են: Սկզբնական շրջանում դրանք կարող ես բաց թողնել և գիրքն ամբողջությամբ յուրացնելուց հետո կրկին անդրադառնալ այդ առաջադրանքներին։
  9. Որքան հնարավոր է, շախմատ շա՛տ խաղա և սովորածդ փորձի՛ր գործնականում կիրառել: Տեսական պարապմունքների և գործնական խաղի միահյուսումը շախմատային վարպետության ձևավորման առավել արդյունավեը ուղին է:

Իմ հաճելի պարտքն է` խորին երախտագիտությունս հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, կրթահամալիրի տրամաբանական խաղերի և մայրենի լեզվի մասնախմբերի անդամներին` աջակցության, օգտակար քննարկումների համար, կրթհամալիրի «Շաղիկ» հրատարակչության և օֆսեթ տպագրության Երևանի տպարանի աշխատակիցներին` միշտ բարեհամբույր վերաբերմունքի և բարեխիղճ աշխատանքի համար և, իհարկե, Հայաստանի շախմատային ֆեդերացիային ու «Օլիմպիական-92» հավաքական թիմի անդամներին` ձեռնարկի նկատմամբ մշտական ուշադրության համար:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.