«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 16

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Թևան Դավթյան
«Մեթոդական ցուցումներ «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Հերոնի բանաձևը»

Յուրի Լազարև և այլք
«Ժամանակի զգացում»
(օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ)

Վեներա Խառատյան
«Ռեֆերատային ուսուցում քիմիայից»

Ուսումնական նյութեր

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Լիանա Հակոբյան
«Խնդիր 5-րդ դասարանցիների և ավելի մեծերի համար»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Քարտեր և թվեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Սովորող դպրոց 2008» Կլոր սեղանի նյութերից

Սովորողի աշխատանքի կազմակերպումը

Նաիրա Նիկողոսյան
«Երկարացված օրվա ծրագիր»

Գևորգ Հակոբյան
Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

Աշոտ Տիգրանյան
Հեռավար ուսուցում

Դասավանդողի աշխատանքի կազմակերպումը

Նելլի Թովմասյան
Դասավանդողի անհատական շաբաթական պլան

Մարգարիտ Սարգսյան
Դասավանդողի հաշվետվություն

Անահիտ Ավագյան
Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան
«Եթե համարձակվել ես սովորեցնել»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացներից

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
«Մաթեմատիկա սովորենք Նիկիտա Պողոսյանի օգնությամբ»

Գուրամ Օդիշարիա

Օտարացման մոլորակը
 (հատվածներ)

Վերջին տարիներին հաճախ եմ ճանապարհորդում Վրաստանով, Կովկասով և հեռավոր երկրներով: Գրառումներ եմ անում, ծանոթանում հետաքրքիր մարդկանց հետ, մասնակցում տարբեր բանավեճերի: Գրառումներիցս մի քանիսը օգտագործել եմ գեղարվեստական ստեղծագործություններում. մնացածը նույնպես հավանաբար ապագայում կօգտագործեմ: Այս գրքում 1997-2007թվականների օրագրային գրառումներն են հավաքված:

Հնարավոր է, որ իմ որոշ մտքեր ընթերցողին վիճելի կթվան. բայց ի՞նչը կարող է անկեղծ զրուցակիցների միջև մտքերի փոխանակումից ավելի լավ լինել: Հույս ունեմ, որ այս գրառումների ընթերցանության վրա ծախսված ժամանակը Ձեզ կորսված չի թվա:

Ի՛նչ վեհ զգացում է՝ թեկուզ մի ակնթարթ խղճի տիեզերական տապանում կորչել:

Արժանավոր մարդկանց սակավությունն ուժեղացնում է անարժանների բերած ունայնության զգացողությունը:

Սեփական սխալի ընդունումը հավասարազոր է երկրորդ ծննդին:

Աստվածամերժը ևս յԱստուծոյ է (Աստծուց է):

Ես գնում են քաղաքական կոնֆերանսի, իսկ ձեզ մաղթում եմ հաճելի ժամանց:

Իմ զրուցակիցը ողբերգականորեն ուրախ է:

Ա˜հ, այդ փիարը… երբեմն ինչքա˜ն պատյոմկինություն կա դրա մեջ:

Ժպտացող բուլտերյերներ (շան տեսակ). երբեմն այդպիսի մարդկանց էլ է պատկանում մեր մոլորակը:

Մենք, հանց գինի ըմբոշխնելով, մինչև վերջ խմեցինք այն երեկոն հակամենության մեջ:

Ես գիտեի նաև այնպիսի ընկերների, որոնցից մեկը մարդասպան էր ծնվել, իսկ մյուսը` մարդկային հոգիների փրկիչ:

Օրենքների ավելցուկը համամոլորակային ճգնաժամի նշան է:

Զգացմունքի և կարեկցանքի միջև դարաշրջաններ են ձգվում:

Պետք է հանդիպեինք Ես և Դու, բայց շատ տարիներ անց հանդիպեցին Ես և ես:

Իսկական ազատության արժանի է (կամ իրապես ազատ է) միայն նա, ով գնահատում և պաշտպանում է ուրիշի ազատությունը:

Կարդում եմ հին գրքերը և… վայելում եմ, վայելում եմ հին հունական առասպելների հովվերգությունը:

Եկավ պատերազմը և իր հետ միայնություն բերեց:

Գոյություն ունի նաև «գրպանային ժողովրդական դիվանագիտություն»:

Ե´վ թունոտ բառերը, և´ փամփուշտները միատեսակ հեշտ շատ տարիներ անց էլ գտնում են մեզ:

Հիշում եմ երկխոսություն մի խնջույքի ժամանակ.
- Գիտեք արդյո՞ք, թե ինչով են տարբերվում Կովկասյան լեռները մյուսներից:
- ՞՞՞:
- Բացատրեմ: Եթե դուք սովորական լեռների միջև կանգնեք և նրանց ողջունեք՝ բարև´ ձեզ, ապա արձագանքը կկրկնի` «Բա-րև, բա-րև»… Իսկ եթե Կովկասյան լեռներին դիմեք նույն ողջույնով, ապա լեռները կպատասխանեն. «Բա-րև…բա-րև…բա´-րև…Ոնց ես, ըն-տա-նիքդ ոնց է, եր-կար արև լի-նես, սի-րե-լիս…>>

Փակում եմ աչքերս և տեսնում «անցումային շրջանում» այրված անապատները:

Ուրիշ ի՞նչի պակաս ունենք: Աղետների ժամանակաշրջանում մարկայնության պահպանման հերոսականությա´ն:

Յուրաքանչյուր քաղաք ունի իրեն հատուկ բնավորություն: Եթե ցանկանում ես նրա հետ ընդհանուր լեզու գտնել, ապա սկզբում ճանաչի´ր նրա բնավորությունը:

Մի քանի տարի առաջ թուրքական քաղաքներից մեկի բնակիչները մեծ շքանշանով պարգևատրեցին մերձակայքի միայնակ ծառին: Արարողությանը մասնակցեցին բազմաթիվ մարդիկ, այդ իրադարձությունը լուսաբանեցին ԶԼՄ-ները:

Բանը այն է, որ մի քանի տարի առաջ այն վայրում, որտեղ կանգնած էր ծառը, անտառ էր աղմկում: Շքանշանին գրված էր. «Ծառին` սառնամանիքին, երաշտին, կացիններին և մարդկային տգիտությանը դիմացած միակին»:

Երկիրը, որի կանոններով մասամբ շարունակում ենք ապրել, արդեն գոյություն չունի, սակայն ժամանակ առ ժամանակ «անցյալի մարդիկ» և «ապագայի մարդիկ» ներկայում հանդիպում են ու դառնում միմյանց նման:

Աստված ձեզ օգնական, «թույլատրելի քննադատության» հեղինակներ:
Քանի դեռ քաղաքականությունը և սահմանադրությունները չեն ոգեղենանում, չեն մարդկայնանում և «մշակութանում», հիմնախնդիրներն անխուսափելի են:

Աշխարհում որոշ կոնֆլիկտոլոգների միջև գաղտնի, բացահայտ, թունավոր դիմակայություններն ավելի շատ են, քան տարբեր բնույթի և մասշտաբի կոնֆլիկտները…

Չարն ուժեղանում է արժանավոր մարդկանց անգործությունից:

Հանրահայտ է վրացիների հեգնական վերաբերմունքը «խաղաղություն որոնողների» նկատմամբ: Հաճախ, օրինակ, կարող են ասել. «Ահա, եկավ խաղաղություն որոնողը». այդպես անվանում են դատարկապորտներին կամ տարօրինակություն ունեցող մարդկանց: Միաժամանակ վրացական ավանդական խնջույքի սեղանի շուրջ առաջին կենացը խաղաղության համար է: Վրացին կարող է մարդու մասին կատակով ասել. «Խաղաղության աղավնի է գլխիս», և միանգամայն լուրջ խաղաղության կենաց ասել: Ակնհայտ է, որ մենք բարեհոգի ժպիտի և խաղաղության մասին դառն մտորումների միջև ինչ-որ տեղ ենք:

Պատերազմն ինձ ստիպեց ավելի շատ սիրել և … ատել մարդուն:

Շախմատում հայտնի է «սպառնալիքը հարձակումից ուժեղ է» իրավիճակը: Այդպես լինում է նաև կյանքում:

1998թ. ապրիլ: Սոչի: «Ժեմչուժինա» հյուրանոց: Վրաց-աբխազական առաջին հանդիպումներից մեկը:

Քանի որ հանդիպումն առաջիններից մեկն է, լիցքավորված է հույզերով, մասնակիցների հարաբերություններում ծանրություն և լարվածություն է զգացվում:

Գիշերը հյուրանոցի պուրակում զբոսնում եմ աբխազական պառվիրակության ներկայացուցչի հետ: Նա Սուխումից է: Պատերազմի ժամանակ կորցրել է քրոջը, որին պաշարված Տկվարչելիից 70 այլ բնակչի հետ ուղղաթիռով տեղափոխում էին Գուդաուտի: «Աբխազական Սվանեթիայում» Լատա գյուղի մոտ ուղղաթիռը հրթիռակոծվել էր: Նրա մեջ հիմնականում կանայք և երեխաներ էին: Բոլորը զոհվել էին: Նրա քույրը հղի էր: Ահա նրա պատմությունը.

 «Ես ու քույրս մանկության մեծ մասն անցկացրել ենք Տկվարչելիի մոտ գտնվող մի գյուղում: Երբ Սուխումից գնում էինք գյուղ, հեռվից ճանաչում էինք պապիկի տունը հսկայական լորենիով, որ բակի կենտրոնում էր աճում: Մենք հատկապես նրանով ուրախանում էինք: Երբ պատերազմից հետո գյուղ գնացի և ավտոբուսից տեսա մեր ծառը, անմիջապես հիշեցի քրոջս և այնպիսի թախիծ պարուրեց հոգիս, որ ինձ վատ զգացի: Ես չկարողացա հաղթահարել ու համոզել ինձ, խնդրեցի կանգնեցնել մեքենան և քաղաք վերադարձա: Հիմա մտածում եմ, ի՞նչ անեմ այդ ծառը, գուցե կտրե՞մ: Կտրե՞մ…Կտրե՞մ այդ ծառը»:

Ես լսում եմ և աստիճանաբար զգում, որ այդ ծառն սկսում եմ տեսնել սրտով:

Ինչու այդպես հաճախ սկսեցին միտս գալ մի դպրոցականի բառերը. «Հոգնել եմ իմ երկրի հերոսականությունից և ողբերգականությունից»:

Քարոզչությունը և ճշմարտությունը տարբերվում են միմյանցից: Մենք մեր լավատեսությունն իրատեսությանը մոտեցնել չենք սովորել և ամենաքիչը մեր ժամանակակիցների մասինենք մտածում:

Ալեն Դելոնը հարցազրույց է տալիս ռուսական հեռուստաալիքներից մեկին. պատմում է այն մասին, թե ինչպես է երրորդ կնոջից բաժանվելուց հետո տառապել խորը ընկճախտից, որից ազատվելուն օգնել են Վաժա-Փշավելայի պոեմները: Այդ հարցազրույցի հաջորդ օրը մի ընկեր զանգում է և հարցնում, թե կարող եմ արդյոք իրեն ժամանակավոր տրամադրել Վաժա-Փշավելայի հատորյակը: Ես կատակով պատասխանում եմ. «Եթե հանկարծ վաղը Շվարցենեգերը Ռուսթավելի կարդա, դու ինձնից «Վագրենավո՞րը» կխնդրես: Ուրեմն միանգամից երկու գիրքն էլ վերցրու»:

Վաժա-Փշավելան հիրավի կովկասյան բանաստեղծ է: Ցավոք սրտի, Կովկասի ժողովուրդները քիչ են ծանոթ և´ նրա պոեմներին, և´ նրա ստեղծագործություններին ընդհանրապես:

Մարդն անսփոփ կլինի, եթե զրկվի որոշակիության ձգողության ուժից: Նրա հետ կլինի այն, ինչ ծաղկի փորձարարական հատիկին եղավ, որը տիեզերագնացներն իրենց հետ թռիչքի էին տարել: Սերմը ծլեց, սակայն անկշռության պայմաններում, առանց երկրի ձգողականության չկարողացավ ծաղկել. խճճվեց իր իսկ արմատներում:

Պարզվում է, այնուամենայնիվ, քարոզչությունն է գլխավորը. չէ՞ որ 1789թ. Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Բաստիլից ազատեցին ընդամենը երկու բանտարկյալի: Այդ օրը` հուլիսի 14-ին, Լյուդովիկոս 16-րդը գրի առավ իր օրագրում. «Այսօր ոչինչ չստացվեց»: Նա որսի էր գնացել և դատարկաձեռն վերադարձել…

19-րդ դարի ճանապարհորդներից մեկը գրել է այն մասին, թե ինչպես բեռնակիր հնդկացիները հրաժարվել են առաջ գնալուց, ցած են դրել բեռները բացատում և ասել. «Այնքան արագ ենք գնում, որ մեր հոգիները մեր ետևից չեն հասնում: Անհրաժեշտ է սպասել նրանց»: Երկու օր շարունակ սպասում էին: Երրորդ օրը հնդկացիներն ասել են, որ իրենց հոգիներն արդեն իրենց հետ են, և շարունակել են ճանապարհը:

Այդպես և մենք, վերջին տարիների խառնաշփոթում առաջ ենք անցել մեր հոգիներից, ինչ-որ տեղ կորցրել նրանց, բայց ի տարբերություն բեռնակիր հնդկացիների, չենք պատրաստվում սպասել, սլանում ու սլանում ենք, ինքներս էլ չգիտենք ուր:

Ահա և մենք հավաքվել ենք՝ բախումատյացները և բախումամոլները:

Պատերազմի մասին գրականությունը ռազմական վիրաբուժություն է հիշեցնում. ոչ մեկը, ոչ մյուսը հնարավոր չէ պլանավորել:

Կա մարդասպանի «ստուգիչ կրակոց», և կա բանաստեղծի «ստուգիչ կրակոց»: Հաճախ բանաստեղծի «ստուգիչ կրակոց» դառնում են նրա ստեղծագործության վերջին տողերը, որոնցով նա ձգտում է վերջնականապես նվաճել ընթերցողի հոգին:

Կոնոբեևոն մերձմոսկվյան գյուղ է: 1999թ. օգոստոս: Երեկո: Պանսիոնատի բակում զրուցում ենք աբխազ գործընկերների հետ: Հիշում եմ մի գիտնականի (անունը չեմ հիշում), որը դատողություններ էր անում խնձորի արտադրության երեք եղանակների մասին:

Առաջին եղանակ: Կարող եք հավաքել բոլոր վիտամինները և հանքային աղերը, որոնցից բաղկացած է խնձորը: Այդ «խնձորի» բաղադրությունն ուսումնասիրող ոչ մի հետազոտող չի կարող ասել, որ դա խնձոր չէ: Ի դեպ, այդպիսի եղանակով ստացված խնձորը կարելի է գդալով էլ ուտել:

Երկրորդ եղանակ: Կարող եք մոմից կամ ծեփամածուկից խնձոր ծեփել՝ վարպետորեն ներկելով մակերեսը: Ոչ ոք չի կասկածի, որ դա նույնպես խնձոր է: Հիշում եմ, մեր դպրոցի բուսաբանության կաբինետում մի քանի այդպիսի «խնձոր» կար, ընդ որում տարբեր տեսակների:

Երրորդ եղանակ: Կարող եք ճարել կամ գնել խնձորի տնկիներ, տնկել ձեր բակում, խնամել ու ջրել: Ժամանակի ընթացքում տնկիները կաճեն, կսկսեն ծաղկել, պտուղ կտան, և դրանք կլինեն իսկական խնձորներ:

Երրորդ եղանակը բնական է: Բարեբախտաբար, ես գիտեմ այնպիսի բախումնագետների, ովքեր այդ երրորդ եղանակի կողմնակիցն են: Բայց ես ծանոթ եմ քաղաքագետների, փորձագետների, հասարակագետների, բախումնագետների, ովքեր խաբում են՝ խոստանալով հակամարտությունը լուծել առաջին և երկրորդ եղանակներով: Նրանք ավելի շատ են, քան երրորդ եղանակի հետևորդները:

Դուք, հավանաբար, տեսել եք կծած մոմե խնձորներ. դրանց վրա խաբված մարդկանց ատամների հետքեր են, տեսել եք նաև նրանց, ովքեր խաբել են առաջին և երկրորդ եղանակներով հակամարտության կարգավորման խոստումներով: Նրանք անհամեմատ շատ են, քան երրորդ եղանակի կողմնակիցները:

Երբ շատ, շատ ու շատ սպասում ես մեկին, ապա անպայման, անպայման ու անպայման հայտնվում է ուրիշը:

Քանի որ իրենց առաջարկած և հաստատած օրենքի համաձայն պատգամավորներն անձեռնմխելի են, իրենք էլ ստիպված են ուղղել իրերի նման դրվածքը և ժամանակ առ ժամանակ քոթակել միմյանց:

Դու փոքր երկիր ես, իմ Հայրենիք, որով համաշխարհային օվկիանոսը խաղում է, ինչպես խարխուլ նավակի հետ: Դու փոքր երկիր ես, որը խճճվել է մեծ տերությունների ոտքերի արանքում և երբեմն այնպես է նրանց հոգուն հասցնում, որ ստանում է վզակոթին, և դեռ դրա համար պատվիրում են շնորհակալ էլ լինել: Ներշնչում են, որ դու ազատություն ստացած բանտարկյալի նման, հսկիչի կարիք ունես: Եվ, իբր ի միջի այլոց, հիշեցնում են, որ կա այդպիսի փոքրիկ թռչնակ, որը մաքրում է գետաձիերի և, կարծես թե, կոկորդիլոսների ատամները:

Երբեմն ստիպված եմ լինում ուրիշների փոխարեն ներողություն խնդրել, բայց դա ամենևին չի նշանակում, թե ներում եմ այդ ուրիշների հանցագործությունները. ճիշտ այնպես, ինչպես իրավունք չունեմ ինչ-որ մեկին ներելու իր մեղքերը: Ներումը զոհի արտոնությունն է:

Մեղքերից մեկը բարությունը տեսնելու անկարողությունն է: Անհրաժեշտ է առաջին հերթին հակառակորդի բարությունը գնահատել:

Բանակցություններին անհրաժեշտ է լույս, որն ազնվաբարո մարդկանցից է բխում: Այդ լույսը, ինչպես չճարվող էլեկտրաէներգիան, պետք է բաշխվի բոլորին:

Բաքվում ադրբեջանցի կինոբեմադրիչը պատմում է ինձ և իմ աբխազ ընկերոջը. «Երբ Ղարաբաղում սկսվեց պատերազմը, երկու գյուղերում առաջացան կյանքի համար հատուկ վտանգներ: Գյուղերից մեկում բնակիչների մեծ մասը հայ էր, մյուսում` ադրբեջանցի: Ելնելով գյուղերի աշխարհագրական դիրքից և իրենց կյանքի համար երկյուղելով՝ ադրբեջանցիները և հայերը, նախապես համաձայնելով, որոշեցին տների փոխանակում կատարել, և մեկ օրում մարդատար ու բեռնատար մեքենաներով, տրակտորներով ու սայլակներով իրենց կահ-կարասին տեղափոխելով՝ փոխանակեցին, փաստորեն, ոչ թե տները, այլ գյուղերը: Քաղաքական գործիչները և զինվորականները նրանց համար ժամանակ չունեին, դե նրանք էլ վերցրին ու փոխանակեցին: Սակայն տեղի ունեցավ չնախատեսված մի բան. շներն ու կատուները կորցրին կողմնորոշումը` նրանց հարազատ տները մի գյուղում էին, իսկ տերերը` մյուս: Կես տարի նրանք գյուղից գյուղ թափառում էին: Գիշերները շները պահպանում էին իրենց նախկին կացարանները, իսկ ցերեկներն իրենց տերերի հետ էին: Այդպես էին վարվում նաև կատուները»:

Լսում եմ կինոբեմադրիչին և մտածում՝ գոնե մեկը ֆիլմ նկարեր կամ ուղղակի տեսագրեր, թե ինչ արեց նրանց պատերազմը, ինչպես էին բլուրներով և հարթավայրերով գնում մի գյուղից մյուսը, ինչպես էին հանդիպում ճանապարհին, ինչպես ձեռք չէին տալիս միմյանց:

Այդ ֆիլմը պատերազմի ավելի արժանահավատ նկարագրություն կլիներ:

Պատմում է Ղարաբաղյան պատերազմի մասնակիցը. «Հերթական մարտի ժամանակ մենք դիրքավորվեցինք մի տան մեջ: Հատակին թափթփված տետրերի և գրքերի մեջ իմ ուշադրությունը գրավեց մի տետրակ, ես թերթեցի այն: Ութերորդ դասարանի աշակերտը շարադրություն էր գրել. «ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամությունը»: Նա հինգ էր ստացել, իսկ ես կարդում էի շարադրությունը և արտասվում»:

Լինում է ճշմարտություն, որը հեշտությամբ կարող է երկիր կործանել: Հաճախ այդպիսի «ճշմարտություններով» են սկսվում և չեն ավարտվում պատերազմները:

Տունն առաջինն է, որ նկարում են երեխաները: «Տունն» առաջին բառերից մեկն է, որից երեխաներն սկսում են օտար լեզվի ուսումնասիրությունը: «Անտունը» անօգնական, անպետք մարդու հոմանիշն է:

Պատմությունը միշտ քաղաքականացված է եղել:

Խաղաղությունը քայլում է երեխայի տոտիկներով, իսկ պատերազմը սլանում է հրեշի թռիչքներով:

Կոմերցիոն քաղաքակրթության սառուցյալ օվկիանոսում խորտակվեց հին աշխարհի «Տիտանիկը»:
Իշխանությունների անբարոյականությունը երկար ժամանակ հանդուրժող հասարակությունն ինքն է դառնում անբարոյական:

Հասարակությունն ավելի շատ վստահում է հերոս խաղացող արտիստին, քան իրական հերոսին:

Ինչքան էլ ծանր լինի երկխոսությունը, նրանից պետք չէ հրաժարվել: Դա հավասարազոր է ծանր հիվանդ մարդուն ճակատագրի քմահաճույքին թողնելուն:

Սովորական քաղաքագետները երբեք չեն կարող լուծել լուրջ հիմնախնդիրները: Դրանք կարող են լուծել միայն ստեղծագործաբար մտածող և գործող քաղաքագետները, այսինքն նրանք, ում այլ եզրույթի բացակայության պատճառով եմ ես, այնուամենայնիվ, անվանում «քաղաքագետ»:

Ռուսատանը Կովկասի հետ ոչ միայն աշխարհաքաղաքականությամբ է կապված, այլ նաև գրական գլուխգործոցներով և ընդհանրապես մշակույթով:

«Մերո´նք են հաղթել»: Կարևոր չէ՝ ում, որտեղ, երբ: Գլխավորն այդ մոլեհամակ և կիսախելացնոր բացականչությունն է. «Մերոնք հաղթե´լ են»:

Երբեմն փոքրաթիվ ժողովուրդների հերոսականությունը մնում է աննշան, իսկ մեծաթիվ ժողովուրդների անհեթեթ արարքները հրամցվում են որպես համաշխարհային նշանակության հերոսություն:

Կան երկրներ, որոնցում հանուն շահի ֆիզիկապես այլանդակում են երեխաներին (օրինակ, կամպրիչիկոսները Վ. Հյուգոյի «Մարդ, որ ծիծաղում է» վեպում): Կան երկրներ, որոնցում նույն նպատակով հոգեպես այլանդակում են ժողովուրդների:

 Շարունակելի

 Ռուսերենց թարգմանեց Աշոտ Տիգրանյանը

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.