«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 19

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Մ. Բախտին
«Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը ու միջնադարի և վերածննդի ժողովրդական մշակույթը»

Թամար Ղահրամանյան
«Աբովյանի կերպարը Ե. Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի և Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի շրջանակներում

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Թամեռլան Թադտաև
«Կոլորադո»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Արդիական՝ գրավիչ և արդյունավետ ուսուցում»

Առցանց տեխնոլոգիաների և բջջային հեռախոսների ապահով օգտագործում

Գևորգ Հակոբյան
«Համակարգիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Սոնա Աբգարյան
«Ինֆորմացիայի բազմազանության անհրաժեշտությունը»

Սարգիս Մարկոսյան, Շանթ Խլղաթյան
«Նոր ծրագրեր սովորում ենք, երբ պետք է լինում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Թամար Ղահրամանյան

Աբովյանի կերպարը Ե. Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի
և Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի շրջանակներում

Ամեն մի կայացած անհատականություն իր ծննդյան օրից փակ ծրարի պես իր մեջ կրում է իր ժողովրդի ողջ մշակութային ժառանգությունը, պատմությունը, մեծ ու նշանակալից իրադարձությունները, երևույթները, անհատներին, նույնիսկ ստեղծագործություններն ու դրանց կերպարները: Եվ ամեն մի անհատականություն իր ողջ կյանքի ընթացքում բացում, բացահայտում է դրանք:

Սա քիչ թե շատ կայացած անհատների, շարքային մահկանացուների համար է ասված: Առավել մեծ ու զորեղ անհատները` հանճարները կամ Աստծո ընտրյալները, իրենք են ներկայացնում ոչ միայն իրենց ժողովրդի, այլև համայն մարդկության ստեղծած ողջ մշակութային ժառանգությունը, երևույթները, իրադարձությունները և իրենց հանճարի ուժով, եղածի ավանդներով արարում են նորն ու առաջադիմականը: Մեկ խոսքով` այդ հանճարները իրենց մեջ կրում են ողջ տիեզերքը` ժամանակն ու տարածությունը` ապրելով այդ ժամանակի ու տարածության մի հատվածում միայն:

Ինձ համար այդպիսի մի հանճարեղ անհատականություն է Խ. Աբովյանը: Ես, որ փակ ծրարի պես իմ ծննդյան օրից իմ մեջ կրում եմ Աբովյանին, երբվանի՞ց գիտեմ նրան, կամ, ավելի ճիշտ, ե՞րբ եմ սկսել բացել, բացահայտել ինձ համար նրա կերպարը:

Ինձ և իմ սերնդակիցների համար հավանաբար այդ բացահայտման կամ ճանաչողության գործընթացը նույն կերպ է սկսվում`1-ին դասարանի «Մայրենի լեզու» դասագրքով: Հիշո՞ւմ եք դասագիրքը: Կազմը, կազմի վրա Խ. Աբովյանն է` իր աշակերտի հետ, ձեռքն աշակերտի ուսով գցած, երկուսն էլ պայծառ հայացքներով: Նրանց ետևում Մասիսն է`Արարատը: Եվ առաջին գիտելիքը, որ տվել են նրա մասին. «Նա այն մարդն է,որ առաջին անգամ բարձրացել է Արարատի գագաթը»: Երկրորդ գիտելիքը, որ իմացել ենք նրա մասին, այն է, որ նա մի օր դուրս է եկել տանից ու անհետացել: Եվ այս մարդու կերպարը մեր` դեռ նոր ձևավորվող գիտակցության մեջ շղարշվում է մի անբացատրելի խորհրդավորությամբ, անմատույց, անհասանելի կախարդանքով: Իսկ իր աշակերտի`Պ. Պռոշյանի` նրա մասին գրած հուշերը կարդալուց հետո մենք` խորհրդային դպրոցի աշակերտներս,Աբովյանի նկատմամբ լցվում ենք մի անսահման հարազատությամբ, ջերմությամբ, որովհետև նա է դպրոցում վերացրել ծեծը, սիրել ու գուրգուրել երեխաներին, թափանցել մանկան հոգին:

Հետո իմ կյանքի ավելի հասուն տարիք. աշակերտական, ուսանողական տարիներ, ապա նաև աշխատանքային տարիներ, և այս ողջ ժամանակահատվածում այս մարդու կերպարը, գործը ընդմիշտ ինձ հետ են` ամեն անգամ տարբեր շարժառիթներով ու մոտեցման տաբեր չափերով ու չափանիշներով:

Այսօր իմ հայացքը կրկին ուղղված է Աբովյանի կերպարին և նրա գործին Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի և Բակունցի «Խ. Աբովյան» վեպի շրջանակներում: Մինչ այս երկու հրաշալի ստեղծագործություններին անցնելը ուզում եմ մի փոքրիկ էքսկուրս կատարել մեր նոր գրականության անդաստանում: Մեր նոր գրականությունը, որի սկզբնավորողն ու հիմնադիրը Խ. Աբովյանն է, իր զարգացման ընթացքում երկու միտում է ունեցել: 1-ին ուղղությանը դավանողները իրենց հայացքն ուղղել են դեպի մեծ աշխարհ` Եվրոպա: Այս ուղղությանը դավանող մեր գրողներն ու բանաստեղծները, էությամբ լինելով հախուռն, եռանդուն, տարերային, հաճախ անհավասարակշիռ խառնվածքի տեր հզոր անհատականություններ, եղել են ամեն նորի ու առաջադիմականիմեծագույն ընկալողներ, յուրացնողներ և իրենց լայնախոհությամբ, նոր գաղափարների իրենց իմացությամբ մեծ օվկիաններում նավարկության ելած իրենց ժողովրդի համար ասես փարոսի դեր են կատարել: Նրանք ուսուցանել են իրենց ժողովրդին, որ մեծ նավարկության ելած իրենց ժողովուրդը ոչ միայն իր հայացքի առջև պահի փարոսի լույսը, այլև կարողանա ըմբոշխնել անծայր օվկիանոսի անսահմանությունը, զգա խենթ ալիքների ուժն ու զորությունը, սովորի դիմակայել ծովի կատաղի տարերքին, վայելի ծովից վեր սփռվող երկնքի անսահմանությունն և այլն, և այլն:

Առաջին ուղղությունը դավանողների շարքում ես առանց վարանելու պիտի տամ Վ. Տերյանի, Ե. Չարենցի, Հ. Օշականի, Դ. Վարուժանի ու Պ. Սևակի անունները: «Հայ գրականության գալիք օրը» հոդվածում Տերյանը պնդում էր, որ կուլտուրական ազգ լինելու համար ամբողջապես պիտի յուրացնենք եվրոպական ժամանակակից կուլտուրան և միայն այդ ժամանակ կարող ենք ազգային կուլտուրա ստեղծել: Չարենցի համար աշխարհը դառնում է մի փոքրիկ, փոքրիկ փողոց , որովհետև այնքան մեծ ու ընդգրկուն են նրա ընկալումները: Պ. Սևակը հավատացած է, որ մենք մյուս ազգերից ետ մնալու իրավունքը չունենք: «Չուշանալ, ետ չմնալ»` այս պիտի լինի ամեն հայի նշանաբանը:Մենք պարտավոր ենք միշտ լինել համաշխարհայինի մակարդակի վրա:

Մեր գրականության զարգացման 2-րդ ուղղության ջատագովները գիտակցում էին, որ իրենց ստեղծագործությամբ իրենք իրենց ու ժողովրդի հայացքը պիտի ուղղեն դեպի սեփական հայրենիքի խորքը և նույն այդ ժողովրդի համար պիտի կարողանան բացել հայրենի եզերքի անսահման հմայքն ու գեղեցկությունը, հասկանան ժողովրդի տառապանքը, սովորությունները, մի խոսքով` մեծ նավարկության ելած ժողովուրդը, վերը թվարկածը ըմբոշխնելուց զատ, փարոսի լույսը իր հայացքի առջև պահելուց զատ, պիտի կարողանա թափանցել նաև անհուն օվկիանի խորին խորխորատները: Նախորդից ոչ պակաս ու խրթին միսիայի իրականացնողներն էին Տերյանի հետ Թումանյանը, Օշականի հետ Կ. Զարյանը, Հ. Մնձուրին, Չարենցի հետ Ա. Բակունցը. Վարուժանի հետ Մ. Մեծարենցը, Պ. Սևակի հետ Հ. Սահյանն ու Հ. Մաթևոսյանը: 2-րդ ուղղության ներկայացուցիչներն իրենց ստեղծագործությամբ փորձում էին բացել հայրենի եզերքի մի փոքրիկ անկյունը:

Գրական այս 2 տենդենցներն էլ անպայման կարևորվում են ժամանակի մեջ: Այժմ փորձենք գնալ դեպի ետ` պարզելու, թե ով է կանգնած այս 2 տենդենցների գլխավերևում: Անշուշտ, Խ. Աբովյանը: Ահա այն հզոր անհատականությունը, որ միավորել է ի սկզբանե այդ ուղղությունները, ավելի ճիշտ` ինքն իր մեջ կրել է այդ 2 ուղղությունները և միայն նրանից հետո է սկսվել այդ բաժանումը, զարգացմաներկճեղքումը: Այստեղ տեղին է հիշել Իսահակյանի այն ձևակերպումը, ըստ որի «Աբովյանն է հիմնադիրը ջրաբաշխական այն բարձունքի, որից սկիզբ են առնում բազմաթիվ գետեր»: Գետերն այդ վերաբերում են ոչ միայն գրականության զարգացման ուղղություններին, այլև գրական ժանրերին` դյուցազներգություն, քնարերգություն, սատիրա, հումոր, գրական ուղղություններին, քանզի Աբովյանի ստեղծագործությունը ռոմանտիզմի, ռեալիզմի, նատուրալիզմի մի հանճարեղ հանգույց է, լեզվի զարգացմանը, որովհետև նա է աշխարհաբար լեզվի հիմնադիրը: Եվ այդ գետերից մեկն էլ, որ սկիզբ է առնում նրա ակունքից, սկզբնավորում է, անշուշտ, ազգային-ազատագրական պայքարը, ազգային ինքնագիտակցության զարթոնքը: Բայց դառնանք կրկին գրականության զարգացման երկու ուղղություններին: 2 ուղղության ներկայացուցիչներն էլ անվերապահորեն ըստ արժանվույն արժեքավորել են մեծ լուսավորչի կյանքն ու գործը: Բնավ չնսեմացնելով մեր մյուս մեծերի`Աբովյանին տրված գնահատականը` ուզում եմ կանգ առնել մեր մեծ ժամանակակիցների` Բակունցի և Չարենցի` Աբովյանին նվիրված ստեղծագործությունների վրա: Այս ստեղծագործությունները գրական գործեր են, իսկ ինչ ասել է գրական ստեղծագործություն պատմական իրական անձի մասին: Այստեղ նախ հարկ է խոսել Չարենցի և Բակունցի անսահման մեծ հետաքրքրության մասին Աբովյանի գործի, կյանքի, անձի նկատմամբ, նրա կատարած գործի վիթխարի նշանակությամբ հանդերձ: Հետաքրքրությունն այդ սկսվում է Բակունցի հոդվածով` գրված 1932թ. «Խ. Աբովյանի անհայտ բացակայումը», որը մի դիպուկ փորձ էր նոր ժամանակների լույսի տակ ներկայացնելու հայոց զարթոնքի մեծ պատգամախոսի և լուսավորչի իրական, կենդանի կերպարը:

Պարզ է, որ Բակունցը Աբովյանի հետ կապված իր հայտնագործությունների մասին անպայման պատմած պիտի լինի իր մեծ բարեկամին, մտերիմ ընկերոջը` Չարենցին: Այստեղից էլ բնավ պատահական չէ Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմին նախորդող նվիրումը` «Ակսել Բակունցին` պայծառ բարեկամիս»: Սխալված չեմ լինի, եթե ասեմ,որ այս պոեմը Չարենցի ամենախորունկ, բանաստեղծական բացառիկ շնչով գրված ստեղծագործություն է: Իր բնույթով այն դրամատիկական պոեմ է, ինչպես ասենք «Խմբապետ Շավարշը»: Այս կարգի պոեմը տարբերվում է սյուժետային-պատմողական պոեմից, որովհետև այստեղ շրջանցվում են միջանկյալ սյուժետային գծերն ու մանրամասները: Պոեմը սկսվում է գործողությամբ` հերոսի դրամատիկական շիկացման հասած կետով: Պոեմի հերոսի` Աբովյանի համար այսպիսի մի շիկացած կետ է 1848թ ապրիլի 2-ը, այսինքն` նրա անհետացման օրը: Հենց այդ օրվա նկարագրությամբ էլ սկսվում է պոեմը.
            Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին,
            Իր ետևից կամաց դուռը փակեց,
            Վերջին անգամ նայեց իր տնակին
            Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը:

Պոեմի կառուցվածքը սյուժետային ճյուղավորումներ չունի, պոեմի սյուժեն միագիծ է: Բայց այդ միագիծ սյուժեն իր բովանդակությամբ շատ հարուստ է ու խորունկ: Չարենցը միագիծ այդ սյուժեի մեջ մեծ վարպետությամբ շարում է Աբովյանի կյանքի ողջ քաղվածքը` մանկություն, երիտասարդություն, ուսումնառություն Դորպատում, ապա լայն ու ընդգրկուն գործունեություն հայրենիքում: Պոեմի միագիծ սյուժեն միատոն և ճապաղ կլիներ առանց այն բարձրակետերի, որով շնչավորվում է պոեմը: Որո՞նք են այդ բարձրակետերը: Առաջինի մասին արդեն խոսեցինք, դա հենց պոեմի առաջին տողերն են: Սակայն սա դեռ «արտաքին» գործողություն է, սրան պիտի հաջորդի «ներքին» գործողությունը`
                        Գիշերը չէր քնել: -Քրքրել էր թղթերը,
                        Երկար թերթել էր թերթերը բազմաթիվ,
                        Օրագրեր, գրքեր, ձեռագրեր,
                        Գրություններ` մնացած դեռ Դորպատից:
                        Կյանքի նման իր բարդ, խառնիխուռը, լիքը,
                        Իր խոհերի նման բազմապիսի,
                        Խոհեր` ուղղած դեպի սերունդները գալիք,
                        Ծրագիրներ` կիսատ կամ սկսած հազիվ,
                        Ո՞ւմ էր թողնում բոլորը, ո՞ր սիրեցյալ սանին,
                        Որպեսզի վաղը նա այդ թերթերից
                        Գուրգուրանքով հաներ իր խոսքը կենդանի
                        Եվ խնամքով հանձներ տպագրյալ գրին…

Աբովյանի կյանքի այս վերջին գիշերը սովորական գիշեր չէ, ճակատագրական մի գիշեր է` լի բազում ողբերգական շերտերով: Եվ միագիծ սյուժեի այս բարձրակետում Չարենցը բացառիկ վարպետությամբ, ձեռքի կախարդական մի շարժումով մի քանի տողի մեջ վրձնում է մեծ հայրենասերի, ժամանակի խավարամիտ մտածողության դեմ ընդվզող մեծ մաքառողի ու ըմբոստի կերպարը, կերպար, որ իր ժողովրդի համար երազում էր լուսավոր հորիզոններ, գիտեր փարոսի լույսին հասնելու ուղին և իր ժողովրդին առաջնորդում էր այդ ճանապարհով:

Եթե դրամատիկ պոեմի այս բարձրակետը բացահայտում է մեծ անհատի հոգեկան-քաղաքական դրաման, ապա պոեմի հաջորդ բարձրակետը շատ է անձնական: Այս բարձրակետը պայմանականորեն կարելի է կոչել ներանձնական դրամայի բարձրակետ: Եվ Չարենցը իրեն հատուկ նրբությամբ ու գեղեցկությամբ վերհուշի տեսքով բացում է մեծ քաղաքացու անձնական կյանքի մի գողտրիկ դրվագ:

Եվ հանկարծ - այնքան պայծառ,
                        Կարծես այսօր լիներ, հենց հիմա -
                        Պատկերացավ նրան այդ անցյալը
                        Մի տեսիլքի նման:
                        Կանգնեց իր դեմ աղջիկը` ոսկե գիսակներով,
                        Աչքերով, որպես երկնակամար,
                        Աստվածածնի նման պսակավոր,
                        Ինչ մեղսական ու հույլ տենչանքների համար
                        Բուսած, ինչպես ծաղիկ, անուշ ու անգրկելի…

Ինչպես նախորդ, այնպես էլ այս բարձրակետին անպայման պիտի հաջորդի հուզախռով այդ հոգեվիճակի ժամանակավոր խաղաղեցումը, ինքնահաշտեցում, որ մեծ մարդու հոգում պիտի հարուցի կյանքի անիմաստության զգացումներ:
                        Եվ ի՞նչ մնաց: - Այս թերթը ոսկերիզ,
                        Այս թերթիկը կապույտ, ինչպես անուրջը…

Ունայնություն ունայնությանց: Դորպատյան հուշերի իր ճանապարհի այս հատվածին տրված գնահատությանը պիտի հետևի անշուշտ հաջորդ բարձրակետը: Գզրոցից պիտի հանի մի հին տետրակ ու ինքնամոռացությամբ տարվի այդ տետրակի ընթերցանությամբ: Հին տետրակն այդ «Վերքի» ձեռագիրն է, որտեղ ըստ էության խտացված են Աբովյանի ծրագրերը,երազները, կռահումները և մտահոգությունները:

«Վերքի» ձեռագիրը Աբովյանի քաղաքական կտակն է իր ժողովրդին: Ձեռագրին վերաբերող ապրումների հատվածը պոեմի հաջորդ, իմ կարծիքով ամենազորեղ, ամենախորունկ բարձրակետն է.
                        Ի՞նչ է ասում այս գիրքը և ի՞նչ է բարբառում,
                        Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.
                        Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն
                        Մի թիարան վատթար,- և այդ գիրքը`
                        Իր արյունով, սրտի յուրաքանչյուր նյարդով,
                        Իր վերջին ճիգով հորինած—
                        Չէ՞ արդյոք խեղճության ու սխալի արդյունք`
                        Սերունդների երթին ի վնաս…

Ինչո՞ւ է պոեմի այս հատվածը դառնում ամենախորունկ բարձրակետը: Աբովյանին մտահոգող հարցերի այս շարանը մտահոգում էր ոչ միայն Աբովյանին, այլև պոեմի հեղինակին` Չարենցին իր «Գիրք ճանապարհի» ժողովածուի հրատարակության առիթով: Բնավ չցանկանալով այս պահին խոսել Չարենցի այս ժողովածուի ստեղծագործական մտահաղացման, իրականացրած ծրագրի մասին` ավելացնեմ միայն, որ Չարենցի վերջին ժողովածուն իրավամբ Աբովյանի «Վերքի» նման բանաստեղծի կռահումների, եզրահանգումների, իր ժողովրդի պատմության վերլուծության, իր ապրած ժամանակի չարենցյան գնահատականի համապարփակ ամփոփումն է, հանրագումարը ու նաև, ավաղ, նրա թե´ քաղաքական և թե´ անձնական կտակը: Ուստի այն հարցադրումները, անհանգստությունները, ընդվզումը, իր արածի հանդեպ մտահոգող հարցերի ողջ շարանը, որ Չարենցը դրել է Աբովյանի շուրթերին, հենց իրեն մտահոգող հարցերի շարանն է: Եթե ողջ պոեմում Աբովյանի կերպարում շատ է չարենցյան շունչը, ապա այս բարձրակետում մի պահ հեղինակն ու կերպարը ասես նույնանում են, և ընթերցողի գիտակցության մեջ արդեն էական չէ Աբովյան, թե Չարենց: Ընթերցողի գիտակցության մեջ արդեն մեծ անհատն է և մեծ անհատին բաժին ընկած ողբերգական ճակատագիրը: Թումանյանն ասում է. «Դրամաների մեջ ավելի զարհուրելին չկա, քան մեծ հոգիների դրաման»:

Այս խորունկ, խորախորհուրդ բարձունքից ինչպե՞ս պիտի իջնի հեղինակը, ի՞նչ ճանապարհով պիտի գնա, որ ոչ մի կերպ չխաթարվի պոեմի արդեն կանխորոշված կառուցվածքը: Եվ կառուցվածքի խաթարումից զատ ի՞նչ լուծում պիտի տա պոեմի ավարտին: Չարենցը պիտի դիմի իր սիրած գեղարվեստական հնարանքին` տեսիլքին: Աբովյանին հոգին ու սիրտը հոշոտող խառնիխուռն մտքերից պիտի կտրի ու հոգեկան անդորրի բերի միայն իր իսկ ուսուցչի` Ֆ. Պարրոտի կերպարը ու տեսիլքի պես պիտի մրմնջա հանգիստ`Թող, Խաչատուր..:           

Հիմա պոեմի ավարտի մասին: Եթե նախորդ բարձրակետում ընթերցողի գիտակցության մեջ մի պահ միաձուլվում են Աբովյանի և Չարենցի կերպարները, ապա պոեմը ավարտվում է Աբովյանի և Արարատի միաձուլման խորհրդանշական պատկերով: Ի՞նչ լուծում է սա, ինչո՞ւ այսպիսի ավարտ: Իսկ ուրիշ լուծում հնարավո՞ր էր: Որ Աբովյանը մահվան էր գնում, գիտակցված մահվան, սա անշուշտ փաստ էր: Ապրիլի 2-ը Աբովյանի կյանքի վերջին օրն էր: Որ Աբովյանի անունը արդեն կապված էր Արարատի հետ, սա էլ գիտենք: Նա էր հայ իրականության մեջ 1-ին անգամ Ֆ. Պարրոտի հետ բարձրացել Արարատի գագաթը: Բայց կարծել, թե Չարենցը իներցիայով կրկին Աբովյանի անունը կապում է լեռան հետ, միամտություն կլիներ: Մյուս կողմից նման լուծումը միստիկական հնարանք համարելը ևս անհեթեթություն է: Աբովյանի հեռացումը Չարենցի մեկնաբանությամբ հրաժեշտ է դեպի անմահություն, դեպի հավերժություն, իսկ հայ մարդու համար անմահության, հավերժության խորհրդանիշ եղել է, կա ու պիտի լինի Արարատը: Չարենցն այլաբանական իր այս պատկերով ևս մի անգամ հաստատում է մեր ժողովրդական առասպելներից եկող այն միտքը, որ մեռնող ու կրկին հարություն առնող հերոսներն իրենց մահով դառնում են սկիզբ մի նոր կյանքի: Եվ բնական է, որ «Սասունցի Դավիթ» էպոսին ձեռք զարկած հայ բանաստեղծը Աբովյանի կերպարը պիտի բարձրացներ մինչև էպոսային հնչեղության աստիճանի` Արա Գեղեցիկ, Մհեր, Արտավազդ: Ահա Աբովյանի կերպարի չարենցյան լուծումն ու խորհուրդը: Եթե Չարենցը այլաբանորեն է Աբովյանի կերպարը մոտեցնում էպոսի Մհերին, ապա Իսահակյանն իր հայտնի հոդվածում Աբովյանի կերպարն ու գործը ուղիղ գծով կապում է Մհերի հետ: «Խ. Աբովյանը մեր նոր միֆն է, մեր նոր Մհերն է նա` ազատագրված, շղթայազերծ»:

Անցնենք Ա. Բակունցի` Աբովյանին նվիրված վեպին: Արդեն ասացինք, որ Աբովյանի գործի նկատմամբ մեծ է եղել Բակունցի հետաքրքրությունը` հոդվածը «Աբովյանի անհայտ բացակայությունը» վերնագրով: Այնուհետև Ալազանի վկայությամբ Բակունցը Ա. Խանջյանի խորհրդով և հանձնարարությամբ ձեռնարկում է վեպ գրել նրա մասին: Աբովյանին նվիրված վեպն այսօր Բակունցի ակադեմիական հրատարակության մեջ պայմանականորեն անվանված է «Խաչատուր Աբովյան», սակայն սա հեղինակի ընտրած վերնագիրը չէ: Վեպից մեզ հասած հատվածները երեքն են` վերնագրված արդեն հեղինակի կողմից` «Լիբեր Արմենիեր», «Դեպի լյառն Մասիս» և «Գործ Մարյանա դստեր Մկրտումի»: Կան հիմնավոր փաստեր, որ Բակունցը վեպն ավարտած է եղել: Այդ վստահելի փաստերից մեկը Բակուցի կնոջ` Վ. Չիլինգարյանի այն վկայությունն է, որ 1936թ. վեպը լիովին ավարտված է եղել, և ինքը բազմիցս տեսել է վեպի ամբողջական ձեռագիրը: Մեկ ուրիշ փաստի համաձայն 1935թ. Բակուցը նամակ է գրել «Гослитиздат»-ին` Մոսկվա` իր վեպի ռուսերեն հրատարակությունը 1935-ի հրատարակության պլանից 1936-ի պլան տեղափոխելու: Մի բան պարզ է, որ այն, ինչ կատարվեց Բակուցի հետ, ողբերգական պիտի լիներ նաև նրա բազում ձեռագրերի համար:

Եվ վեպից պահպանված 3 հատվածները պարզապես հրաշքով պահպանված այն հատվածներն են, որոնք հեղինակը մինչ վեպի ավարտը հրատարակել էր ժամանակի պարբերական մամուլում` «Գրական թերթ», «Խորհրդային գրականություն»: Վեպից պահպանված 3 հատվածներն արդեն շատ բան են ասում այն ահռելի նյութի մասին, որի ուսումնասիրությամբ մի երկար ժամանակ զբաղվել է հեղինակը: 1930-32թթ Բակունցն ամենայն մանրակրկտությամբ ուսումնասիրել է Աբովյանի և նրա մասին տպագրված բոլոր նյութերը, նյութեր ժամանակաշրջանի վերաբերյալ, բազմաթիվ վավերագրեր, Աբովյանի դորպատյան օրագրերը, ուղեգրություններ դեպի Արարատ և այլն: Հիրավի, տքնաջան աշխատանք, բայց մի բան է այդքան նյութը հավաքել, ամբարել, մի այլ բան է այդ նյութից ստեղծել այն, ինչ այսօր էլ զարմացնում, հմայում է յուրաքանչյուր ընթերցողի: Հեղինակն իր մեծ տաղանդի շնորհիվ կերտում է հայ գեղարվեստական արձակի մի անկրկնելի էջ, հիրավի արվեստի մի գործ: Վեպից պահպանված հատվածները վկայում են Բակունց գեղանկարչի անսահման տաղանդն ու ձիրքը: Եվ այստեղ արդեն բոլորովին կապ չունի գրողն իր հայրենի եզերքի` զանգեզուրյան գյուղի, հայ գյուղացու կյանքի, կերպարի կերտմամբ է զբաղված, թե իրենից շուրջ մեկ դար առաջ ապրած մեծ լուսավորչի կյանքի կամ միջավայրի գեղարվեստական արտացոլմամբ: Մի օրինակ միայն. եթե իր նշանավոր «Կյորես» վիպակում Կյորեսի շուկայի անկրկնելի նկարագրությունը իր մանկության տարիների կենդանի, վառ հիշողությունների գեղարվեստական արտացոլումն է, ապա ի՞նչ կարելի է ասել վեպի Չարսու բազարի նկարագրության մասին: Որքան էլ այս ամենի հիմքում ընկած լինեն կոնկրետ վավերագրեր, միջավայրը, ժամանակաշրջանը ներկայացնող կոնկրետ նյութեր, միևնույն է, անվիճելի է Բակունց գեղանկարչի տաղանդն ու երևակայությունը: Նա գեղանկարչին հատուկ հյութեղ վրձնահարվածներով այնքան կենդանի ու գունեղ է դարձնում մեզանից 100 տարի առաջ կատարվածը, որ սկսում ես կասկածել Բակունցի ականատես չլինելու փաստի վրա: Այնինչ ականատեսի` Չելինսկու նկարագրությունները, ճիշտ է, ճշտգրիտ են, բայց բակունցյան նկարագրությունների համեմատությամբ այնքան անփայլ ու անգույն: Վեպի 1-ին մասի` «Լիբեր Արմենիեր» հատվածում տեղ գտած դորպատյան ուսանողության բարքերի մասին պատմող դրվագները, ֆրաու Ֆոգեզանգի պանդոկի նկարագրությունը, չերքեզ զինվորի և Աբովյանի ծանոթության պատմությունը, հիշատակված բազում կերպարներ` Էլոիզ, Գերման Աուսլենդեր, Ֆրիդրիխ Պարրոտն ու նրա կինը, ֆրաու Ֆոգելզանգը, Դորպատի կայազորի պետ մայոր Տրոխինը և այլն, վերցված են Աբովյանի դորպատյան օրագրերից:
 
Վեպի 2-րդ մասի` «Դեպի լյառն Մասիս» հատվածի համար էլ կոնկրետ նյութ են Աբովյանի ուղեգրությունները դեպի Արարատ: Վեպի այս հատվածում տեղ գտած նկարագրությունները, զգացմունքային հատվածները, Աբովյանի ապրումները Արարատի գագաթին, ստեղծած կերպարները` 2 հայ գյուղացիներ Ակոռի գյուղից, Պարրոտի խմբի ուղեկիցներ, երդմնազանցության փաստը, ողջը իրողություն է` վերցված Աբովյանի ուղեգրություններից, որ Բակունցի գրչի տակ գույն ու փայլ է ստացել, դարձել իրապատում պատմություն:

Վեպի 3-րդ մասը` «Գործ Մարյանա դստեր Մկրտումի» գլուխը, նույնպես փաստական կոնկրետ նյութերի հիման վրա է ստեղծվել: Իրական անձնավորություններ են այս հատվածում եղած կերպարները` Մարիամը, Միրզամը, Աբովյանի մայրը, կինը, Բարսեղ եպիսկոպոսը և այլն: Վեպի այս հատվածում ներկայացվող Աբովյանի տրամադրությունները, ընտանեկան կյանքի, կնոջ հետ ունեցած տարաձայնությունները, ցարական իշխանությունների կողմից անընդհատ իրականացվող հետապնդումները, հալածանքն ու ճնշումը շատ իրական գույներով են ներկայացվում, տրամադրություններ, իրավիճակներ, որ գտնում ենք Աբովյանի կյանքի վերջին տարիների ու օրերի մասին պատմող նրա իսկ օրագրություններում:

Ամփոփելով վեպի մասին մեր ասելիքը` փորձենք պատասխանել մեր կարծիքով մի շատ կարևոր հարցի: Ո՞րն է Բակունցի վեպի և պահպանված հատվածների արժեքը:

Բակունցն իր երկն անվանել է պատմական վեպ, ինչպես արդեն ասացինք, գրվել է Ա. Խանջյանի խորհրդով: Այն մեր գրականության մեջ 1-ին փորձն է, որ ներկայացնում է կոնկրետ պատմական անձնավորության կյանքն ու գործը: Մինչ այդ եղած պատմավեպերը վեպեր են պատմական որևէ ժամանակաշրջանի իրադարձությունների մասին: Բակունցից հետո այսպիսի փորձեր արվեցին` «Ոսկան Երևանցի» և այլն: Լինելով առաջինը` Բակունցը լիովին գիտակցում էր իր գործի ողջ դժվարությունն ու պատասխանատվությունը: Սրանով է գուցե բացատրվում այն մանրակրկիտ ու տքնաջան աշխատանքը, որ իրականացրել է մեծատաղանդ գրողը: Եթե պատմական նշանավոր անձի կյանքն ու կատարած գործը սովորաբար լինում է ուսումնասիրողների մի փոքր խմբի «սեփականությունը», ապա նշանավոր անձի մասին պատմող գեղարվեստական վեպն արդեն հասարակության մեծագույն մասի «սեփականությունն» է: Դրան անպայման նպաստում է գեղարվեստական վեպի ընթերցման մատչելիությունը և իհարկե նաև հեղինակի տաղանդն ու խոսքի վարպետությունը; Այս մտահոգություններն է ունեցել հավանաբար հեղինակը, որ ջանացել է հարազատ մնալ բոլոր փաստերին ու նյութերին, նույնիսկ օրագրություններում պահպանված տրամադրություններին, զգացումներին ու հոգեվիճակներին: Ահա այն արժեքը, որ մեր կարծիքով ունեցել է Բակունցի վեպն ու մասնավորապես այսօր ունեն պահպանված հատվածները:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.