«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 19

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Մ. Բախտին
«Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը ու միջնադարի և վերածննդի ժողովրդական մշակույթը»

Թամար Ղահրամանյան
«Աբովյանի կերպարը Ե. Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի և Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի շրջանակներում

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Թամեռլան Թադտաև
«Կոլորադո»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Արդիական՝ գրավիչ և արդյունավետ ուսուցում»

Առցանց տեխնոլոգիաների և բջջային հեռախոսների ապահով օգտագործում

Գևորգ Հակոբյան
«Համակարգիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Սոնա Աբգարյան
«Ինֆորմացիայի բազմազանության անհրաժեշտությունը»

Սարգիս Մարկոսյան, Շանթ Խլղաթյան
«Նոր ծրագրեր սովորում ենք, երբ պետք է լինում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

26-27-րդ նամակներ

Քսանութերորդ նամակ
Միասին լինել

Ինձ  հաճախ են հարցնում, թե առօրյայից ռուսական խաղերը` «լապտա», «գորելկի», «գորոդկի» կամ «րյուխի»(1), ինչու են անհետանում:

Բարդ հարց է: Ոչ միայն ռուսական խաղերն են անհետանում, անհետանում են խաղերն ընդհանրապես:  Դրանք փոխարինվում են պարերով, կամ պար կոչվածներով: Ընդ որում դաստիարակչական նկատառումներով խաղերը շատ կարևոր են: Խաղը, դա կլինի լապտա, վոլեյբոլ, գորելկի թե ուրիշ մի խաղ, համայնություն, միասին լինելու, միասին խաղալու, ընկերոջը և հակառակորդին զգալու կարողություն են դաստիարակում: Դա` խաղը, շատ կարևոր դաստիաչակչական բան է: Մեր կյանքում խաղերը պետք է վերածնվեն: Քանի որ չեմ հանդիպում արդեն, որ, օրինակ, կրոկետ խաղան: Իսկ կրոկետը կարևոր խաղ է, քանի որ և´ մեծերը, և´ փոքրերն են խաղում, դա մեծերի ու փոքրերի շփումն է: Դա կարևոր է: Տանը զբաղվում են հեռուստացույց նայելով:  Այ, այստեղ հեռուստացույցը, պարզվում է, լուրջ հակառակորդ է: Իսկ առաջ թվային լոտո էին խաղում, խաղում էին փոքրերը, խաղում էին մեծերը, և դա մեծերի ու փոքրերի շփմանն էր ծառայում, դաստիարակչական առումով շատ կարևոր պահերից էր: Բայց միայն լոտոն չէր, շատ խաղեր կային, որ մեծերն ու փոքրերը միասին էին խաղում: Ճիշտ այնպես, ասենք, ինչպես հյուսիսում ինչ-որ տեղ ամբողջ ընտանիքը ժողովրդական երգչախմբերի փառատոնի էր մասնացում: Սա կարևոր է, քանի որ երգչախումբը ոչ միայն գեղագիտական հաճույք է պատճառում, այն ընտանիքը բարոյապես կազմակերպում է, բարոյապես կազմակերպում է ինչ-որ գյուղում ձմռանը, ձնաբքին հավաքված համայնքը: Երգում և այս ձևով մարդիկ հաղորդակցվում են իրար հետ, շփվում են: Իսկ որքան քիչ են մարդկային շփումները մեզ մոտ: Դրանք շատ կարևոր են, անմիջական շփումները, ինչ-որ ենթագիտակցական շփումները, որոնք խաղում, երգչախմբային երգեցողության, երաժշտության մեջ են ձևավորվում: Այս պատճառով էլ մանկավարժական հաստատությունները պետք է ուշադրություն դարձնեն մեր կենցաղի այս կողմին, նրան, որ մեզանում անհետանում են խաղերը: Իսկ մեր ֆիզկուլտուրայի դասերը չդարձնե՞նք խաղային: Սա միանգամից և´ ֆիզիկական, և´ բարոյական զարագացում կապահովի, և´ դասարանը կմիավորի:

Քսանիններորդ նամակ
Ճանապարհորդե´ք

Կյանքի ամենամեծ արժեքներից մեկը սեփական երկրով և ուրիշ երկրներով ճանապարհորդելն է: Ընդ որում զգուշացեք ուղևորությունները` հետաքրքիրի և անհետաքրքիրի, իսկ վայրերը, ուր այցելել եք, կարևորի և ոչ կարևորի բաժանելուց: Նույնիսկ ձեր այցելած վայրերի կարևորության աստիճանը աշխատեք չորոշել: Ճանապարհորդություները բաժանեք այսպես` դրանց պատրաստվել էիք, և չէիք պատրաստվել կամ վատ էիք պատրաստվել: Ցանկացած քաղաք, ցանկացած երկիր, ցանկացած վայր, որտեղ ուղևորվելուն չէիք պատրաստվել, անհետաքրքիր ու ձանձրալի են: Եվ հակառակը, եթե գիտեք այդ վայրի պատմությունը, այն տասն անգամ ավելի հետաքրքիր է դառնում:

Ի՞նչ է նշանակում պատրաստվել ուղևորվելու անծանոթ քաղաք, որտեղ դեռևս չեք եղել: Նշանակում է ուսումնասիրել նրա պատմությունը, հատակագիծը, թեկուզ տուրիստական քարտեզներով, նախօրոք քարտեզի վրա նշել այն վայրերը, ուր պետք է այցելեք և մոտավոր երթուղիները, որպեսզի իզուր ժամանակ չվատնեք: Առիթը բաց մի´ թողեք հետաքրքիր բան գտնելու նույնիսկ այնտեղ, որտեղ լինելը անհետաքրքիր է թվում: Երկրի վրա անհետաքրքիր տեղեր չկան. կան միայն չհետաքրքրվող մարդիկ, հետաքրքիրը գտնել չկարողացող, ներքուստ ձանձրալի մարդիկ:
 
Ինձ համար միշտ տհաճ են այն մարդիկ, որ իրենց համար նոր վայրեր այցելելով` ձաձրացողի տեսքով ասում են ուղեկիցներին. «Ա´յ, որ Փարիզում էի... այնտեղ....»: Պետք է կարողանաք խորասուզվել այն վայրի մթնոլորտում, ուր ճակատագիրը գցել է ձեզ, և ամեն տեղ կարողանալ գտնել սեփականը, բնորոշը: Այդ կարողությունը, իհարկե, միայն վերացական ցանկությամբ չի տրվում, այլ նաև գիտելիքներով: Եվ հատկապես կարևոր են մինչև ճամփորդությունը ձեռք բերած գիտելիքները:

Նկարիչների տպավորությունները միշտ են հետաքրքիր: Իրենց կատարած ճանապարհորդությունների մասին նկարիչների գրառումները և հիշողությունները կարդացեք: Չգիտեմ` ինչից է, բայց բոլոր նկարիչները զարմանալիորեն լավ են գրում: Հիանալի գրողներ են Կորովինը, Բենուան, Դաբուժինսկին,Գրաբարը...  
 
Ինչպե~ս են կարողանում նայել ու տեսնել, իսկ հետո տեսածը պատկերել ոչ միայն բնանկարում, այլ նաև իրենց գրառումներում:

Մ. Վ. Դոբուժինսկին իր հիշողություններում գրում է, թե երիտասարդ ժամանակ իր վրա առաջին անգամ այցելելիս ի´նչ մեծ տպավորություն են թողել Մյունխենը, Վենետիկը և Փարիզը: Ռուսաստան նա ստիպված է եղել վերադառնալ հանկարծակի (արտասահմանում անսպասելիորեն վախճանվել է Դոբուժինսկիների կրտսեր որդին, որին ծնողները որոշել են հայրենի Վիլնյուսում թաղել): Եվ ահա, Մյունխենից, Փարիզից, Վենետիկից հետո նա հայտնվում է լիտվական փոքրիկ գերեզմանոցում: Եվ ահա, թե ինչ է գրում. «Նեմանի ուղղությամբ կամ դաշտերի երկայնքով կնոջս հետ հաճախ էինք մոտոցիկլետով գնում խճուղով կամ անտառով, և նորից տեսնում էի լիտվական տխուր ու հարազատ բնապատկերը` ավազոտ դաշտեր, և նրանց մեջ, որպես կանաչ օազիսներ` ռոմանտիկական գերեզմանոցները` բարձր խաչերով ու կեչիներով, և աշնանային գորշ երկինքը` դանդաղ թռչող միայնակ ագռավով:

Այդ գերեզմանոցները, լիտվական փորագրված խաչերը, հորիզոնի անտառը և Օլիտու աղքատիկ վայրը, որտեղ փոքրիկ կարմիր փայտե մատուռ կար, ես գիտեի ու սիրում էի մինչև Մյունխեն գնալս, բայց հիմա` այն ամենից հետո, ինչ տեսել եմ արտասահմանում, այս անկյունն ինձ չափազանց ինքնատիպ թվաց:

Մենք եղանք Վիլնոյում, և իմ սիրելի քաղաքը նորից ինձ հմայեց: Հետագայում էլ, երբ արտասահման կատարած իմ յուրաքանչյուր ճանապարհորդությունից հետո Պետերբուրգ գնալիս Վիլնո էի մտնում, իր հիասքանչ, ճոխ բարոկոյով նա համեմատական քննությանը միշտ գերազանց էր դիմանում»:  

Ահա իսկապես մտավորական մարդու` ուղևորությունների և ճանապարհորդությունների իսկական արդյունքը. ներքուստ հարուստ մարդու համար ամբողջ շրջակա աշխարհը անսահման հարուստ է:

Եվ երկրորդ` ուղևորությունները նստակեցություն են դաստիարակում, բարոյական նստակեցություն, սեր հարազատի նկատմամբ:

Երբ հաջողվի նոր քաղաքում լինել, մշակութային հայտնի ստեղծագործություններ կամ հայտնի տեսարաններ դիտել, մի´ տրվեք այն ամենին, ինչ դրանց մասին լսել, կարդացել եք, ինչի մասին ձեր «ականջը տարել» են: Ձեր կարդացածից շատ բան կօգնի, որ հասկանաք ու գնահատեք տեսածը, բայց մասամբ էլ կարող է խանգարել ձեր սեփական, անհատական տպավորությունը կազմելուն: Սեփականը գնահատեք, բայց գնահատեք անկեղծորեն և մի´ ջանացեք ընդհանուր կարծիքին ամեն գնով հակառակվել (հաճախ այդպիսի բան էլ է հանդիպում սրված ինքնասիրությամբ մարդկանց մոտ):

Օրինակ բերեմ իմ սեփական տպավորություններից (այդ տպավորությունների հետ կարող եք համաձայնել, կարող եք` ոչ): Ես հին պետերբուրգցի-լենինգրադցի եմ: Ծնվել եմ Պետերբուգում, և այնտեղ են ծնվել իմ ծնողները, նրանց ծնողները: XVIII դարից իմ նախնիներն ապրել են Պետերբուրգում:

Ինձ մանկուց մշտապես ներշնչել են, թե որքան գեղեցիկ է Նևան: Ի~նչ հանդիսավոր է Նևայի միջնամասը, Նևայի վրայով լադոգյան սառույցների ընթացքն ինչքան հանդիսավոր է, քաղաքին ի~նչ շքեղություն է տալիս Պետրոպավլովյան ամրոցի սայրը, ավանդական կեսօրյա, ուղիղ ժամը 12-ի թնդանոթային զարկը Պետրոպավլովյան ամրոցից որքա´ն գեղեցիկ է:

Ոչ ոք չի վիճում, որ Նևայի միջնամասն իր ամենալայն հատվածում գեղեցիկ է: Բայց այդ միջնամասը չգիտես ինչու ինձ թախիծ է ներշնչում: Դա ամենատխուր և թախծալի տեղերից մեկն է, որ տեսել եմ իմ քաղաքում, հատկապես երբ Ձմեռային ջրանցքից նայում ես Պետրոպավլովյան ամրոցին: Մարդու սիրտը ճմլվում է թախիծից... Հնարավոր է, դեռ մանկուց եմ լսել ամրոցի կալանավորների մասին, և ինձ վրա առանձնահատուկ տպավորություն է թողել իշխանուհի Տարականովայի մասին լեգենդը, որ իր խցում խեղդվել է ներս հորդած ջրհեղեղից: Չգիտեմ: Եվ իմ մեջ աշխարհում ամենագեղեցիկ սառցաընթացքը գոյություն ունեցող ամեն ինչի անցավորության թեմայի հետ է զուգակցվում:

Իսկ որքա´ն գեղեցիկ են Լենինգրադում ավելի գողտրիկ անկյունները` հատկապես ջրանցքները:

Ինչը կարող է ավելի գեղեցիկ լինել, քան այն զարմանալի անկյունները, որ բացվում են, երբ քայլում ես Մոյկայով (օրինակ` Պուշկինի վերջին բնակարանի մոտ), Գրիբոյեդովի ջրանցքով (հատկապես արծվառյուծի քանդակներով կամրջակի մոտ), Կրյուկովի ջրանցքով (հիշեք «Ծովի Նիկոլայի» մոտ Չևակինսկու կառուցած զանգակատունը), Ֆանտանկայով: Լենինգրադում ամենագեղեցիկ տեղերից մեկը Նոր Հոլանդիան է և հատկապես նրա Դելմոտի դարպասները, որը ներս է թողնում այն ջրանցքը, որով բեռներ են տանում պահեստները: Հատկապես Գրիբոյեդովի ջրանցքն եմ սիրում, որտեղ փողոցների խիստ գծագրության մեջ լատինական «S» տառի նման գալար է անում. առաջ ես նայում` ջրանցքն է երկնքով անցնող հիանալի կամրջակով: Հետ ես նայում` նորից նույն ջրանցքն է: Ջրանցքը կենդանություն և անկարգություն է հաղորդում փողոցների միօրինակ կարգին, և պատահական չէ, որ Դոստոյևսկին իր «Ոճիր և պատիժ» վեպի համար գործողությունների վայր ընտրել է հենց այս փողոցները: Ռասկոլնիկովի դատողություննեը թվացյալ կարգավորում են կյանքը, իսկ իրականում այն իր օրենքներով է ընթանում: Ջրանցքում ջուրը հոսում է, ինչպես կյանքն է հոսում: Ջրանցքը, կամ առուն, ինչպես Դոստոևսկին էր անվանում, «քշել քանդել է» փողոցների խիստ և կոպիտ միօրինակ գծագրությունը: Ծայրից ծայր անցեք Գրիբոյեդովի ջրանցքի երկայնքով, Մոյկայով, Պրուշտեյնի ջրանցքով...  Իսկ Մոսկվայում քայլեք ամբողջ հին Արբատով, Սիվցև Վրաժեկով, Կրոպոտկինի փողոցով:

Քաղաքը մտորումների է մղում: Մտորումների է մղում Օրյոլը, հատկապես այն մասում, որտեղ տեղի են ունեցել Տուրգենևի «Արքունական բնի» գործողությունները, կամ Օրլիկ գետը, որի վրա ապրել է Ն. Ս. Լեսկովի հիասքանչ ստեղծագործության` «Անմահ Գոլովանի» հերոսը: Իսկ Վոլգայի քաղաքների` Ուլյանովսկի, Յարոսլավլի, Կոտրոմայի, Գորկիի հայտնի բուլվարները... Արդյո՞ք դրանք չեն ստիպում մեզ մտածել Օստրովսկու, Գորկու, Գոնչարովի հետ:

Ճանապարհորդությունները շատ բան են մեր առջև բացում, շատ բանի մասին են ստիպում մտածել, երազել:

1) Ռուսական ազգային խաղեր:   ru.wikipedia.org/wiki/ հասցեում դրանց մասին տեղեկություններ կարող եք գտնել:

30-31-րդ նամակներ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.