ԴՊԻՐ 19
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»
Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»
Մեթոդական մշակումներ
Մ. Բախտին
«Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը ու միջնադարի և վերածննդի ժողովրդական մշակույթը»
Թամար Ղահրամանյան
«Աբովյանի կերպարը Ե. Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի և Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի շրջանակներում
Ուսումնական նյութեր
Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Թամեռլան Թադտաև
«Կոլորադո»
Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Արդիական՝ գրավիչ և արդյունավետ ուսուցում»
Առցանց տեխնոլոգիաների և բջջային հեռախոսների ապահով օգտագործում
Գևորգ Հակոբյան
«Համակարգիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
Սոնա Աբգարյան
«Ինֆորմացիայի բազմազանության անհրաժեշտությունը»
Սարգիս Մարկոսյան, Շանթ Խլղաթյան
«Նոր ծրագրեր սովորում ենք, երբ պետք է լինում»
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Գուրամ Օդիշարիա
Օտարացման մոլորակը
(հատվածներ)
- Վեհացման համար խղճի բարձրացնող ուժն է անհրաժեշտ:
Վաժա-Փշավելա… Փիրոսմանի… Ինչքա՜ն անարժան մարդիկ են հպարտանում այս անուններով:
Ոչ ոք, բացի ըմբիշ Կուլա Գլդանելիից, նյութական օգնություն չի ցուցաբերել Վաժա-Փշավելային:
Նիկո Փիրոսմանին էլ աղքատության մեջ է մահացել:
Կարդալով այն տարիների քրոնիկոնները՝ զարմանում ես, թե ում ասես չեն օգնել այն ժամանակվա մեկենասները: Ամենից հաճախ «նշանավոր անձանց» ընտանիքներին: Նրանց, ովքեր հենց միայն իրենց մասին էլ լոկ հոգ տանում:
Վաժա-Փշավելա,Փիրոսմանի… Երեխաների անպաշտպան սրտերով, մեզ վեհացնող մեր տառապյալ հանճարները:
- Հիշում է աբխազական պատերազմի մասնակիցը. «Արդեն քանի՜ օր գնդակոծում ենք թշնամական դիրքերը. դիրքային մարտեր են: Սոված ենք: Հանկարծ մեր խրամատի մոտ նկատում ենք արածող կովի: Մարտիկներից մեկը ռիսկի է դիմում: Խրամատից դուրս է գալիս և ինքնաձիգը հանում ու փոկը գցում է կովի եղջյուրներին ու քաշում մեր կողմը: Հանկարծ կովը գլուխն ուժեղ թափահարում է, զինվորն ընկնում է, իսկ կովի վզից կախված է մնում նրա ինքնաձիգը, որով նա աբխազական դիրքերի կողմն է վազում: Դիտողները ծիծաղում են: Ամոթահար մարտիկը վազում է կովի հետևից, հասնում նրան, վզից հանում ինքնաձիգը և վազում յուրայինների մոտ: Աբխազները չեն կրակում: Նրանք էլ էին ծիծաղում: Մեր ընդհանուր ծիծաղը բարձրանում է մինչև երկինք»:
- Քեռուս հուշերից. «Մեր գյուղում մի գինեգործ կար, որ սիրում էր հաճախ կրկնել՝ իմ որդին պետք է իսկական, արժանապատիվ տղամարդ դառնա: Մի ծերունի նրա պատասխանը տվեց. «Բոլորը գիտեն, որ դու գինուն ջուր ես խառնում ծախում: Իսկ ո՞վ է ջրհորից բերում այն ջուրը, որը դու խառնում ես գինուն: Չէ՞ որ որդիդ, ճիշտ չէ՞: Էլ ո՞նց ես ուզում, որ նա իսկական, արժանապատիվ տղամարդ դառնա»»:
- Հիանալի է, երբ հասարակությունը պատմության ողբերգական վերապրումը երբեմն փոխարինում է հեգնականով:
- Գերքաղաքականացված տարածքում մարդը միայնակ է:
- Կեցցե մարդը`այն էակը, որն ընդունակ է կատակի վերածելու ողբերգությունը:
- Պատմում է աբխազական պատերազմի մասնակիցը. «Գումիստա գետի ափին՝ անտառում, կռվում ենք: Պատահեց այնպես, որ մենակ մնացի: Մյուս ափին, ինչպես ես, եզակի թվով մի աբխազ թաքնված է մեծ քարի հետևում: Բոլոր փամփուշտները ծախսելով՝ ես նրա կողմը նետեցի մի բռնցքաչափ քար:
- Հը, վրացի, նռնակներդ վերջացե՞լ են,- գոռաց նա իր թաքստոցից։
Ծիծաղս եկավ, իսկապես չունեի ո՛չ նռնակ, ո՛չ փամփուշտ: Նա էլ չուներ, բայց թաքստոցից դուրս գալուց զգուշանում էինք երկուսս էլ…
Սկսեցինք զրուցել, ընդհանուր ծանոթներ գտանք, վերջում նույնիսկ անեկդոտներ էինք պատմում ու ծիծաղում: Երբ մութն ընկավ, նա գնաց իր ճանապարհով, ես`իմ:
- Ամերիկացի գրող Ջոն Ապդայկը «Վազիր, Ճագար» վեպում պատմում է մի տիկնոջ մասին, որը մի քանի վայրկյանում կարող է հասկանալ, թե իրեն դուր դուր եկած տղամարդն անկողնում ինչպիսին կլինի: Մի անգամ նա տաքսիով մոտենում է Սպիտակ Տանը և իր համար անսպասելի բացահայտում, որ ոչ մի անգամ չի պատկերացրել, թե անկողնում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի բավականին երիտասարդ և հմայիչ նախագահ Ջոն Քենեդին: Կինը «միացնում է» երևակայությունը, ողջ գիշեր չարչարվում, բայց ոչինչ չի ստացվում: Ոչ մի կերպ չի կարողանում պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել նախագահը անկողնում: Նա հուզվում է, բայց լուսադեմին գլխի է ընկնում, թե որն է անհաջողության պատճառը, և ասում է ինքն իրեն. «Չէ՞ որ նա Նախագահ է»:
- Քենեդու կյանքի մասին հսկայական քանակությամբ վավերագրական նյութեր կան, բայց գրող Ջոն Ապդայկը նրան բոլորովին այլ տեսանկյունից է ներկայացնում.«Չէ՞ որ նա Նախագահ է»: Ահա այն ժամանակվա ամերիկացիների համար ով էր Քենեդին:
Թող ընթերցողն ինձ ների անհամեստ խոստովանության համար, բայց ինձ լրջորեն հետաքրքրում է, թե արդյո՞ք մեզ մոտ այդպիսի կանայք նույն մեթոդների կիրառմամբ կարող էին իրենց նախագահներին պատկերացնել այդպիսի նուրբ իրավիճակում:
- Կաշառակերությունը մեծագույն ավազակություն է և ոչ միայն սեփական ժողովրդի նկատմամբ։ Պատերազմի ժամանակ հեռուստացույցները շալակներին թալանչիների եմ տեսել, գիտեմ և այն մասին, պատերազմական ժամանակների օրենքներով նրանց տեղում գնդակահարում են։ Սակայն կաշառակերը բոլորովին այլ մասշտաբների ավազակ է։ Կարճ ժամանակում նա ոմանց վերածում է աղքատների և ընչազուրկների, իսկ մյուսներին` հարստացած անպատկառների։ Ընդամենը մի քանի «հարգելի» մարդիկ հսկայական հրեշի են վերածում այն, ինչը դեռ սաղմ էր: Եվ այդ հրեշը ոչնչացնում է արդարությունն ու բարոյականությունը: Ասեք ինձ, թե այս կամ այն հասարակության մեջ բնակչության մի շնչին ընկնող կաշառակերության ծավալն ինչքան է, և ես կասեմ՝ ինչպիսին է այդ հասարակությունը:
- Մինչև ազգամիջյան բախումները, դրանց ժամանակ և դրանցից հետո միշտ գոյություն են ունեցել և ունեն վրաց-վրացական, միջռուսաստանյան, աբխազա-աբխազական, օս-օսական, հայ-հայկական, չեչենա-չեչենական, ադրբեջանա-ադրբեջանական և այլ նման բախումներ:
- «Ի՜նչ հետաքրքիր է ոստիկանական տեղամաս ընկնելը: Այնտեղ իմ պետության հետ եմ հանդիպում»,- ինչ-որ առումով մոտավորապես այս է գրում Վելիմիր Խլեբնիկովը:
- Քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնությունը նույնքան արագ մոռացվում է, ինչպես մտապահվում էր:
- Մահանում է այն ամենը, ինչ անվերջ կրկնվում է:
-
Մեր հայրենիքն այնպիսին է, ինչպիսին մենք ինքներս ենք: Մեր երեխաների հայրենիքը կլինի այնպիսին, ինչպիսին իրենք կլինեն։
- Հովիվները գայլերից փրկեցին ոչխարներին և որոշեցին նշել իրենց հաղթանակը: Սկսեցին քեֆ անել և մորթեցին գայլերից փրկած բոլոր ոչխարներին: Ու հրաշալի էլ գինի ունեին:
- Մշակույթը զսպում է ագրեսիան և վերածում արվեստի ստեղծագործության:
- Մենք` կովկասցիներս, պարզվում է, նաև թանգարանա-դաշույնային ժողովուրդ ենք:
-
Որոշ բանակցություններ խեղդվում են գռեհիկ կուսակցականության և պարզունակ հայրենասիրության ճահճում:
-
Մեծ պատերազմներից հետո (օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո) և՛պարտվածները, և՛հաղթողները, արագ սկսում են իրենց վերածնունդը: Փոքր պատերազմներից հետո համաժողովրդական ընկճախտը երկար է շարունակվում, ինքնասպանությունների թիվն աճում է, պատերազմը չի ավարտվում… առաջին հերթին այն պատճառով, որ այդպիսի պատերազմները մերձավորների միջև են տեղի ունենում:
-
Եթե Կովկասի բոլոր ժողովուրդներին միավորող «կովկասյան ազգության անձինք» արտահայտությունը վերաբերեր որևէ մի ժողովրդի, ապա լուրջ բողոք կառաջացներ, բայց քանի որ մատնանշում է բոլոր կովկասցիներին, մենք այդ առիթով կատակում ենք, անեկդոտներ պատմում, մեզ դուր է գալիս «կովկասյան ազգության անձինք» լինելը: Ակամա հիշվում է անեկդոտը 100 ռաչինցիների մասին, որոնց հետևից մի մարդ էր ընկել: Անցորդը հարցնում է ռաչինցիներին՝ ինչու եք փախչում, չէ՞ որ դուք հարյուրով եք, իսկ նա՝ մենակ: Ռաչինցիները պատասխանում են՝ դա իհարկե այդպես է, բայց չէ՞ որ չգիտենք, թե հատկապես ում է հետապնդում»։
-
Եթե Ֆրեյդը մեր ժամանակակիցը լիներ, ապա կասեր. «Մարդու հոգեկանը ուղղորդում է երեք բան` սեքսը, երազը և հեռուստատեսությունը:
-
Նեոբոլշևիզմը հոտային բնազդների վերածնունդն է: Հաղթում է մեծամասնությո՜ւնը: «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է»,- հռչակում է երբեմն ժողովրդավարության դիմակով նեոբոլշևիզմը:
-
Չի կարելի սիրել Աստծուն՝ համարելով Նրան միայն իրենը:
- Երբևէ անպայման կփոխվի «պատմություն» հասկացությունը:
-
Տաղտկալի են ամեն ինչում «ճիշտ» մարդիկ, ընտանիքները, խմբավորումները: Փառք Աստծո, չունեմ միշտ ճիշտ բարեկամներ: Դժբախտությունների ակունքներում ամեն ինչում ագրեսիվ ճշտերն են:
-
Բարին էլ կարող է չարիք սերմանել:
-
Մարդկային ողբերգության ըմբռնման համար երբեմն ավելի շատ խիզախություն է պահանջվում, քան կարեկցանք:
-
Ես չեմ վախենում իմ երկրի իշխանությունների սխալների, խայտառակության և հանցագործությունների մասին խոսելուց: Ես վախենում եմ դրանք լռության մատնելուց:
Ինձ թվում է, որ իմ կառավարությունից ազնիվ եմ. ժամանակին վճարում եմ լույսի, գազի, ջրի և այլ կոմունալ ծառայությունների համար: Այդ նա է ինձ պարտք, և երբեմն ես նրան որպես պարտապանի խղճում եմ:
-
Ինչքան հեշտ ծանոթանում ենք օտար ընկերակցությունների հետ, այնքան հեշտ կորցնում ենք մերը:
-
Կան հարթահատակ նավակներ, որոնք ծանծաղուտում հեշտությամբ տեղաշարժվում են: Կան մարդիկ, որ այդ նավակների նման են (հարթահատակ մարդիկ): Եվ մեկերը, և մյուսները հեշտությամբ մանևրում են ճահճում, այնտեղ, որտեղ ուրիշ լողամիջոցներ պետքական չեն: Բայց ծովերով և օվկիանոսներով լողալ չեն կարող:
-
Մինի 30-ական թվականներ այսօր էլ տեսնում ենք՝ հաճախ ժողովրդավարության դրոշների ներքո:
-
Քաղաքական մտածողությունը չի կարող զսպել խրոնիկական բախումների ապականիչ ուժը։
-
Համաշխարհային ներդաշնակությունը կսկսվի մշակույթի ոգեղենությունից:
-
Նախաբեմից դուրս մղված որոշ քաղաքական գործիչներ մնացած ողջ կյանքում շարունակում են առևտուր անել մաշված, արդեն ոչ մեկին պետք չեկող արժեքներով:
-
Արևմուտքցի ազնիվ գործարարը գալիս է Վրաստան և ստիպված է լինում զբաղվել «անազնիվ» գործերով: Անազնիվ գործարարը գնում է որևէ արևմտյան երկիր և հարկադրված է լինում ազնիվ դառնալ: Քանի դեռ երկիրը ոչ թե թղթի վրա, այլ իրական կարգավորված համակարգ չունի, չի կարող պետություն կոչվել:
-
Կա գործ, որը կարելի է անել: Կա գործ, որը կարելի է չանել: Եվ կա գործ, որը չի կարելի չանել:
-
Մարդկանց իրար մոտ տանող ամենակարճ ճանապարհներն ամենաականապատվածն են:
-
Բանակցությունների տարածությունը բաժանվում է երկու մասի`տեսանելի և անտեսանելի: Առաջին մասը կոչվում է «երես առ երես», իսկ երկրորդը` «թիկունքում: Երբեմն պարզվում է «երեսառերես»-ն անտեսանելի է, իսկ տեսանելին «թիկունքում» է։
-
Լինում է և այնպես, որ աշխարհը շատ փոքր և մոտ է թվում, իսկ հայրենիքը` հսկայական, հեռու և օտար:
-
Մեր հեռավոր նախնիները Քրիստոսին տեսել և զգացել են Աստծուն, Մուհամեդին տեսել են և զգացել Աստծուն, Բուդդային ճանաչել և զգացել են Աստծուն: Ո՞ւմ ենք տեսնում և ի՞նչ ենք զգում մենք:
-
Երբ այս կամ այն խմբի աշխատանքը (ինքնին նույնիսկ ազնվաբարո) չի ստացվում և փակուղի է մտնում, սկսում են վախենալ ստեղծված իրավիճակի ազնիվ գնահատականից: Այդպիսի ազնվությունը խմբի անդամների կողմից ընկալվում է որպես դավաճանություն, և դա բարոյալքման առաջին նշանն է: Խումբը կորցնում է պատիվն ու խիղճը:
-
Իրենց սեփական «խորշերը» ստեղծող, իրենց տաշտերին ոչ մեկին մոտ չթողնող որոշ «խաղաղարարների» մրցակցությունը և խելացնոր վերաբերմունքը ճնշող զգացողություն է առաջացնում: Նրանք փակում են «երկխոսությունը», նեղացնում դրա տարածությունը և դրանով, փաստորեն, երկարաձգում բախումը: Երբեմն նրանք պակաս վտանգավոր չեն, քան ագրեսիվ քաղաքական գործիչները:
-
Չարիքը և տգիտությունը ևս, ինչպես և բարին, բումերանգի հատկություններ ունեն։ 18-19-րդ դարերում Լատինական Ամերիկայում ստրուկները հաճախ փախչում էին իրենց պլանտատորներից: Նրանց ահաբեկելու համար պլանտատորները սահմանամերձ անտառներում թունավոր օձեր տարածեցին, որոնք արագ բազմացան և սկսեցին իրենց սեփական տներում կծել իրենց` պլանտատորներին ու նրանց ընտանիքների անդամներին…
-
Մարդկությունը կմիավորվի միայն այն ժամանակ, երբ այլ քաղաքակրթության կողմից վտանգ առաջանա:
- Ինչպե՞ս են բռնում մեծ ձկներին:
- Փոքրիկ ձկնիկներով:
- Իսկ «Մեծ մարդկա՞նց»:
-
«Սիրիր և փրկություն կգտնես». այս բառերց հետո երկար ժամանակ ոչինչ չեմ կարդում և, իհարկե, չեմ գրում:
Այսօր ժողովուրդները հատկապես նմանվում են միմյանց: Եվ մեծերը, և փոքրերը անորոշ ապագա ունեն:
Իհարկե, բարին ուժեղ է չարից, բայց չարը տիրապետում է ավերիչ ուժի, իսկ բարին դանդաղ է կառուցում:
Ինքնախաբեությամբ ենք զբաղվում, երբ «խաղաղ» ենք անվանում այն ժամանակը, որում ապրում ենք:
-
Դժբախտ էր այն արքան, որը սուր էր մերկացնում այնտեղ, որտեղ պետք էր խոսքը գործադրել, և դիմում էր խոսքի օգնությանը, երբ պետք է սուրը մերկացներ:
-
Երկրի կյանքում գալիս է ժամանակ, երբ մարդու անպետքությանը հեշտությամբ հավատում են, իսկ բարությանը ոչ ոք չի հավատում: Երկրի կյանքում գալիս է ժամանակ, երբ եթե քեզ գեթ մի անգամ չեն հայտարարել ժողովրդի թշնամի, ապա քո հայրենիքի արժանի քաղաքացին էլ չես լինի։
-
Ներելու ընդունակը մարդկության փրկիչն է:
-
Պատժի տեսակներից մեկը անորոշությունն է:
-
Քանի դեռ աշխարհում այսքան շատ ատողներ, հիմարներ և անհավատներ կան, բախումները վերջ չեն ունենա:
-
Կան հարցեր, որոնց հիմարն առանց մտածելու է պատասխանում, իսկ իմաստունը երբեք պատասխան չի գտնում:
-
Երբ ատելությունն ուժեղանում է և տարածվում, սկսվում է պատերազմը: Աստված պատժում է մեզ դժբախտությամբ, որը հետո, երբևիցե միավորում է: Ատելությունը ինքնախարազանում է, իսկ սերը`Աստծո շնորհ:
-
Կան մարդիկ, որոնց ողբերգական մահից հետո երկար ժամանակ փորձում ենք գաղտնազերծել նրանց «սև արկղը», սակայն, ապարդյուն:
-
Հեղափոխություններն անվերջորեն շատ են: Նրանց շարքում`թույլատրված հեղափոխություն, հատուկ հեղափոխություն, «գրպանային» հեղափոխություն, «ուրախ» հեղափոխություն, «երգող» հեղափոխություն, «հեղափոխություն մի բաժակ ջրում» և այլն, մինչև անսահմանություն:
-
Նա հազվագյուտ մարդ է` գիտի նախապատերազմական քաղաքի լեզուն:
-
Առաջ արգելվում էր ճշմարտությունն ասել, և ձգվում էինք դեպի այն: Այժմ կարելի է ասել ամեն ինչ, բայց ճշմարտությունը գտնել չենք կարող:
-
Ցինիզմի ընդունարանի ճռռացող դռնով մտնում ենք անհուսության սրահը:
-
Ում լավ ծանոթ է ծովը, նա հեշտությամբ կպատկերացնի դրախտը:
-
Քանի՜ անգամ եմ լսել սոված ծափահարություններ, կուշտ ծափահարություններ, համեստ ծափահարություններ, հայրենասիրական ծափահարություններ, շաղոքորթ ծափահարություններ, հույսի ծափահարություններ, ստրուկի ծափահարություններ, քաղաքավարի ծափահարություններ, տգետ…. և այլն:
-
Հավանաբար Աստված տրամադրություն չուներ, երբ մարդ էր ծեփում:
-
Կան մարդիկ, որ ներողություն խնդրել չեն կարողանում, և կան երկրներ, որոնք ոչ մի գնով ներողություն չեն խնդրի:
-
Հեղափոխությունը ինքնաթիռի առևանգման նման է։
-
Այդ մարդը միշտ և ամեն ինչում այնքան ճշմարիտ էր, որ անարդար դարձավ:
-
Կա և այսպիսի երևույթ` «կետային» դիվանագիտություն:
-
Այս բարձրաստիճան պաշտոնյան ո՛չ երաժշտական լսողություն ունի, ո՛չ քաղաքական:
-
Վրաստանն այն պահպանողական-ավանդական երկրներից է, որոնցում նորամուծությունները դժվարությամբ են արմատավորվում:
-
Բարոյականությունն ու խիղճը երկնային երևույթներ են: Դրանք տիեզերակայաններ են, որտեղ հաճախ պետք է հավաքվեն դեպի միմյանց տանող ուղի-ճանապարհները կորցրած ժողովուրդները: Սակայն ժամանակի հետ մոլորակի վրա նեղանում է այդ տիեզերակայանների տարածությունը:
-
Երկրի բարոյական ամբողջականությունն շատ ավելի կարևոր է նրա տարածքային ամբողջականությունից:
-
Արգելված հարաբերություններն ունեն իրենց «պարտիզանները»:
-
Բարոյականությունը մի հասցե ունի, իսկ անբարոյականությունը`բազմաթիվ:
-
Ինքն իր նկատմամբ դատն ինքնակատարելագործման ուղու սկիզբն է:
-
Կարծես արթնացել է ուղեղիս այն մասը, որը քարանձավային նախնիներից եմ ժառանգություն ստացել:
-
Մենք հաճախ պետք է «շատ մյուսը» լինենք: Ժամանակ առ ժամանակ ես ավելի շատ աբխազ եմ, քան վրացի, ավելի օս, ռուս, թուրք, ամերիկացի….
-
Երբեմն ժողովուրդը կառավարման ղեկն այնքան հեշտ է հանձնում սրիկաներին, որ ակամա սկսում ես կասկածել նրա լիարժեքության վրա:
-
Եթե ինքնասպան երկրների թիվն ավելանա, ապա կվերածվենք ինքնասպան մարդկության:
-
Ատելությունը վերածվել է ինքնահաստատման բավականին արդյունավետ միջոցի:
-
Դժոխքը երկրի վա սկսվում և այստեղ էլ ավարտվում է:
-
Ոգեղենությունը և մշակույթը պետք է բացառեն ցանկացած բախում և ցանկացած առճակատում:
Հետբախումային շրջանում ընտրյալ մարդիկ հարաբերությունների վերականգնման օրինակներ պետք է տան, պետք է անեն այն, ինչ չեն անում կամ չեն կարող անել իրենց կառավարությունները։
-
Կրոնական ուղղությունները բազմաթիվ են, իսկ հոգևորը` մեկը: Այդ իսկ պատճառով դա` հոգևորը, մարդկությանը միավորող ամենաառաջին սկզբունքն է:
-
Անխիղճ մարդու կապն Աստծո հետ ընդհատուն է, բայց շուտով դա էլ է կորչում:
-
Երբեմն հայտնի առածները, արտահայտությունները և աֆորիզմները ևս ստում են:
- Եվ իր հոգևոր հայրենիքի հետ նա մենակ մնաց:
-
Հիմարությունը իմաստունների հատկանիշներից մեկն է:
-
Պատերազմը միաժամանակ սպանում է անմեղներին և վրիժառուներ ծնում:
-
Գերքաղաքականացված տարածքը մարդասպան տարածք է:
-
Վերջին հաշվով պատմությունը քնից առաջ զրույցների շարք է` կարճ ու երկար, անկեղծ ու խաբուսիկ…
-
Լինում է քո երկրի այնպիսի պատերազմ, որը չի դառնում քո պատերազմը, և լինում է քո խաղաղությունը, որը չի դառնում քո երկրի խաղաղությունը:
-
Մարդկությունն առանց կարեկցանքի չի կարող գոյություն ունենալ:
-
Աստված քեզ օգնական, իմ լավագույն թշնամի:
-
Կան պատերազմներ, որոնք ավարտվում են, և կան պատերազմներ, որոնք հավերժ են տևում:
-
Երբեմն ինձ թվում է, թե ողջ մարդկությունը տեղավորվել է հսկայական մարզադաշտի տրիբունաներում և ինձ համար անբացատրելի հանգստությամբ դիտում է, թե ինչպես են իր ցեղակիցներն սպանում միմյանց:
-
Երկիրը խզված հարաբերությունների մոլորակ է:
-
Երբ ազատարարը զավթիչ է դառնում, իսկ գաղութացվածը`գաղութարար, ոչ թե պարզապես հիշում եմ, այլ ակնառու տեսնում եմ Հայտնության տողերը:
-
Երբեմն ապագան ավելի որոշակի է, քան անցյալը:
-
Հիմա փոքրիկ վրացական հանրահավաք կկազմակերպենք և մեծ վրացական սեղան կգցենք:
-
Ահավոր է այն հազիվ նշմարվող սահմագիծը, որը բարին բաժանում է չարից:
-
Նրանք, ում ձեռքերն արնթաթախ են, այդ արյունը չեն տեսնում:
-
Համաշխարհային խիղճ չկա այնպես, ինչպես համաշխարհային հանցագործություն գոյություն չունի: Խիղճն անհատի սեփականությունն է, և ուրիշների խղճի հետ չի միավորվում: Այդպիսի միավորման ցանկությունը պատրանքային է: Հանցագործություններն էլ անհատական են, բայց նրանք այս կամ այն կերպ հանցագործ փոքրամասնությանը միավորում են հանցագործության վկաների`լռող մեծամասնության հետ: Բայց քանի որ խիղճն անհատների սեփականությունն է, ողջ մարդկությանը հասցեագրված հանդիմանություները նրան չեն հասնում, այլ այդ առանձին անհատներին:
-
«Մենք պատմությունը կրկին կգրենք». այս խելացնոր արտահայտությանը միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել:
-
Երբեմն մեզ խելագար է պետք, որպեսզի նրա հետ միասին ինչ-որ ողջամիտ արարք կատարենք:
-
Եթե ապագայի հետ զրուցել ես ցանկանում, ապա անցյալի լեզուն պետք է իմանաս:
-
Խիղճը չի գոռում, չի աղաղակում: Նա լռակյաց է և այդպես լուռ էլ ազդում է մեզ վրա:
- Գոյություն ունեն դրվագազարդված պատմություն, վերականգնված պատմություն, ոսկեզօծված պատմություն, ժանգոտած պատմություն, պատրանքային պատմություն,հուսաբեկպատմություն…
- Նա շատ աղմկալից էր լռում:
- Ազատությունը ձեռք է բերվում միայն ազատության մշակույթով, այլ ոչ թե քաղաքական գեղարարությամբ կամ այդ նույն քաղաքականության անմիտ նորոգմամբ:
- Բարիք բերող հեղափոխությունը միշտ զարգացում է:
-
Ճշմարտությունը վերջակետ չունի:
- Բարոյական հիշողությունը հեշտությամբ է վարակվում խրոնիկական կարծրախտով:
-
Էկո-հոգևոր աղտոտման դարաշրջան:
-
Հասարակությունը, որը միայն դատողություններ է անում, բայց չի կարողանում որոշումներ ընդունել, թոշակառու հասարակություն է:
-
Ինչպես զրահապատ ապակին մի թույլ կետ ունի, որին խփելիս հեշտությամբ կոտրվում է, այնպես էլ յուրաքանչյուր բախում ունի իր պարզ, բայց դժվար գտնվող լուծումը:
-
Սկզբում երկիրն է եղել, իսկ հետո նրա մշակույթը, բայց, վերջին հաշվով, մշակույթն է երկիր ստեղծում, այլ ոչ թե երկիրը` մշակույթ:
-
Առանց միմյանց էլ պետք է միասին լինենք. հենց սա է իրական միասնությունը:
-
Արդարև կսավառնի նա, ով քամուն հանդիպակաց է վազում:
-
Մարդկանց էյֆորիկ միավորումները միայն 20-րդ դարում զանգված անվանեցին, որն ամենուր ծպտյալ եղել է, կա և կլինի:
-
Բազմաթիվ ազատություների թվում հիմարության ազատությունը և ատելության ազատությունը կան: Եվ երբեմն դրանք այնքան են ուժեղանում, որ կործանում են իմաստության ազատությանը և սիրո ազատությանը:
-
Ինձ թվում է` ավելի զարգացած քաղաքակրթությունների գոյության մասին վկայում է այն փաստը, որ նրանք մեր` երկրաբնակներիս նկատմամբ հետաքրքրություն չեն դրսևորում:
- Ոմանք մտածում են հնարավորի մասին, մյուսները`անհնարինի հնարավորության: Եթե առաջինները չլինեին, ապա նաև երկրորդները չէին լինի: Եթե չլինեին երկրորդները, առաջիններն իրենց ավելի լավ կզգային: Անհնարինի հնարավորությունը իմ արթմնի երազն է, իմ հարազատ Էվերեստը:
- Սանկտ-Պետերբուրգում ծանոթանում եմ լիբանանցի լրագրողի հետ: Նա ինձ պատմում է. «Պատերազմից հետո Լիբանանում շատ որբեր հայտնվեցին: Նրանք մինչ այժմ մանկատներում են ապրում: Շատ նորապսակներ, ովքեր հնարավորւթյուն ունեն, հարսանեկան սեղանը մանկատանն են գցում: Այնտեղ նրանք հարսանիքի առաջին օրն են նշում, իսկ երկրորդ օրը`արդեն ռեստորանում կամ իրենց տանը: Որբերին հյուրասիրում են համեղ ճաշերով և մրգահյութով: Այդ օրը երեխաների համար նաև խաղալիքներ են գնում: Ոմանք մանկատներում իրենց ծննդյան օրն են նշում: Այդպես Լիբանանը ներողություն է խնդրում իր երեխաներից պատերազմի համար»:
Ես նախանձ մարդ չեմ, սակայն լիբանանցիների սովորույթին, այնուանենայնիվ, նախանձեցի: Վրաստանում, մի քանի մարդուց բացի, ոչ ոք չի էլ մտածում ներողության մասին: Բայց չէ՞ որ բոլորիս հարկ է միմյանցից ներողություն խնդրել, նույնիսկ պատերազմի հեղինակներից, նրա համար, որ իրենց ամեն ինչ թույլ տվեցինք:
Այո, նրանցից էլ:
Հավատացնում եմ ձեզ, դրանում էլ հատուկ իմաստ կա: Ես օգտվում են առիթից, որպեսզի բոլորից ամեն ինչի համար ներողություն խնդրեմ` և՛ նրանցից, ովքեր կարդում են այս տողերը, և՛ նրանցից, ովքեր երբեք չեն կարդա:
Թբիլիսի, 2007
Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը
|