«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 19

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Մ. Բախտին
«Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը ու միջնադարի և վերածննդի ժողովրդական մշակույթը»

Թամար Ղահրամանյան
«Աբովյանի կերպարը Ե. Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի և Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի շրջանակներում

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Թամեռլան Թադտաև
«Կոլորադո»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Արդիական՝ գրավիչ և արդյունավետ ուսուցում»

Առցանց տեխնոլոգիաների և բջջային հեռախոսների ապահով օգտագործում

Գևորգ Հակոբյան
«Համակարգիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Սոնա Աբգարյան
«Ինֆորմացիայի բազմազանության անհրաժեշտությունը»

Սարգիս Մարկոսյան, Շանթ Խլղաթյան
«Նոր ծրագրեր սովորում ենք, երբ պետք է լինում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Թամեռլան Թադտաև

Կոլորադո

Այն ձմռան երեկո կանգնած էի Իոսիֆ Ստալինի փողոցի խաչմերուկի անկյունում և նայում էի, թե բարիկադի հրակնատներին կպած` հրացաններով և Կոշտա Բեգի ժամանակի կարաբիններով մերոնք ինչպես են ջարդում վրացիներին: Զավթիչներն իրենց հերթին ավտոմատներով ու թնդանոթներով հնձում էին մերոնց և այդ գործի համար փամփուշտ չէին խնայում: Կրակոցներից ահավոր աղմուկ էր, նույնիսկ ականջներս զնգում էին, բայց մեջը իմաստ չկար: Այդպես էի մտածում, որովհետև մերոնցից ոչ ոք չէր ընկնում, հետևաբար վրացիների կորուստներն էլ մերոնցից շատ չէին: Հրատեխնիկայի տարրերով այդ անարյուն շոուն բավականին երկար ձգվեց, բայց Կոլորադոյի հայտնվելով հանկարծ ավարտվեց: Նա ինձ բավականին կոպիտ հրեց, քանի որ իր ճանապարհին էի կանգնած, ու քայլեց դեպի բարիկադները, շոումեններից մեկի մոտ: Վերջինս այնպիսի կատաղած տեսք ուներ, որ սարսափը պատում էր նրան,  ում վրա հայացքը կանգներ: Բայց այստեղ անհավատալի, խոստովանեմ` ոչ այնքան ուշիմ իմ գլխում չտեղավորվող մի բան կատարվեց: Կոլորադոյին տեսնելով` այդ վայրենաբարո տեսքի տերը մի տեսակ ընկճվեց ու այնպես խեղճացավ, որ ցանկացա նրան քաջալերել առնական խոսքերով, բայց այդ մտքիս համար փոշմանեցի, քանի որ ատրճանակը մի կողմ գցելով` նա ցանկանում էր հանձնվել վրացիներին, բայց արդեն ուշ էր: Կոլորադոն վայրկենապես հայտնվեց նրա կողքին և իր ավտոմատի կոթով խփեց դրա դեմքին: Վայրենաբարո շոումենը միանգամից ընկավ սայթաքուն մերկասառույցին և Կոլորադոն ոտքերով սկսեց խմոր հունցել այդ չհաջողված դավաճանից: Մեր կողմից հրաձգությունը դադարեց. բոլորը վազեցին այդ ոգեշունչ դրաման նայելու, որտեղ ամեն ինչ կար` գլխավոր հերոս, որը վրա հասավ գողության մեջ բռնված վիժվածքին ու արժանի դաս տվեց: Ինչ-որ կին իր կեղտոտ գլխաշորը նետեց Կոլորադոյի ոտքերի մոտ, ու նա, հնազանդվելով նախնիների հնադարյան սովորույթին, զոհից ետ ցատկեց: Սրականջ գլխի վրա բեյսբոլիստի կեպին ուղղելով` Կոլորադոն ուղիղ իմ վրա քշեց, ու ես կարգին վախեցա, չնայած որ մեղքի ոչ մի զգացում չունեի: Փոթորիկը կողքովս անցավ, ու ես հանգիստ շունչ քաշեցի, բայց պարզվեց` ժամանակից շուտ:  Կոլորադոն վերադարձավ և կարճ, բայց ահեղ ասաց ինձ` գնացինք: Ես ահավոր տարակուսանքի մեջ էի, քանի որ նրան անձամբ չէի ճանաչում, բայց և այնպես գնացի այն մարդու ետևից, որի մասին այնպիսի բաներ էին պատմում, որ արյունը երակներում սառում էր: Հանկարծ նա կանգ առավ և իմ կողմը շրջվելով` խռպոտ ձայնով հարցրեց` զենք ունե՞ս: Ես պատասխանեցի, որ կա, և հանելով բամբակաբաճկոնի տակ թաքցրած կարճ երկփողանիս` ցույց տվի հրաշք-մարտիկին: Կոլորադոն, տեսնելով իմ թրխկանը, քմծիծաղ տվեց և առաջարկեց` եթե ուզում ես իսկական վրացի տեսնել, ուրեմն գնացինք: Չնայած չէի ուզում, բայց ժպտալով համաձայնեցի: Նա ցանկապատը մագլցեց անցավ լքված տան այգին: Ես հետևեցի նրա օրինակին և մինչև ծնկներս խրվելով երեսը կեղտոտ ձյան մեջ` շարժվեցի իմ նոր ընկերոջ ետևից: Ես իհարկե ուրախ էի, որ Կոլորադոն հատկապես ինձ է գործի տանում և նույնիսկ հպարտ էի ինձ արված պատվի համար: Բայց վախից սիրտս խառնում էր այն մտքից, թե ինչ է մեզ սպասվում այնտեղ, ուր այդպես նպատակասլաց գնում էինք: Ինչքան հասկացա` սողոսկում էինք վրացիների թիկունք և որպեսզի չբռնվեինք, բոստաններով էինք գնում: Անընդհատ հանդիպում էին լքված, դատարկ տներ, որոնց դիակապուտի ձեռք դեռ չէր դիպել: Ինձ այդ տներն ակամա ձգում էին ավարի, և միայն Կոլորադոյի ներկայությունն էր ինձ կանգնեցնում այդ ուրախ և զվարճալի ձեռնարկումից: Բայց իմ աչքի առջև հանկարծ հառնեց հրաշալի առանձնատունը ընդհատակյա միլիոնատեր Բոլեի, որի աղջիկը մերժել էր իմ ընկերոջը` Խրյակին, և ամուսնացել մի հիմար վրացու հետ: Հաշվենկատ ամուսնություն էր, երկուսն էլ` հարուստ ընտանիքներից: Էդ քածը օգնության ձեռք կարող էր մեկնել Խրյակին, որի հայրն իրեն հարբեցողության էր տվել և վերջերս խումհարը «Տրոյնոյ» օդեկալոնով էր անում, որը մեր քաղաքում ալկոհոլիզմի ամենացածր աստիճանն է: Դե սպասե´ք, վեհանձն վրդովմունքով մտածում էի ես, կտանեմ` ինչ թանկանոց բան գտնեմ, ու կվառեմ ձեր տունը, ա´յ թե Խրյակը կուրախանա: Աշխարհում ամեն ինչ մոռանալով` նետվեցի դեպի գանձերով լի տունը: Կրակոցն ու գլխավերևումս սուլող գնդակը ստիպեցին ինձ տեղում քարանալ: Բերանս ինքն իրեն բացվեց, և ես երկու ձեռքով փակեցի, որ բռնեմ այնտեղից դուրս թռչելու պատրաստ կատաղորեն բաբախող սիրտս: Քո մերը,- էդ ի՞նչ ես անում, լսեցի Կոլորադոյի խռպոտ ձայնը,- հիմա այդպիսի բաներով զբաղվելու ժամանակը չէ, չի կարելի հենց այնպես մարդկանց թալանել: Չէ՞ որ նա առաջին սրիկան ու զավթիչների մանկլավիկն է,- վրդովված բացականչեցի ես` բարձրագոչ բառերով քողարկելով ագահությունս ու վրեժխնդրությունս: Բայց Կոլորադոն այդպիսի գործերում փորձված էր: Սխալվում ես, հանգիստ ասաց նա, այ էս ավտոմատը, նա հրացանով ձեռքը բարձրացրեց և թափահարեց, նա է առել, և էլի շատ բաներ, պետք է կթել նրանց, ովքեր չեն ուզում մեզ օգնել և չեն կռվում, հասկացա՞ր: Խոսակցությունն ավարտված էր, և մենք առաջ գնացինք: Ես նայում էի Կոլորադոյի` ամբողջովին սև հագած սպառնալից կերպարանքին: Ավտոմատով և ռազմամթերքով ծանրաբեռնված` նա անողոք ու դաժան քայլում էր առաջ` խորը հետքեր թողնելով ձյան վրա, որոնցով վախվխելով ու զգուշորեն գնում էի ես: Ուզում էի գոռալ` հէ~յ, կանգնիր: Ո՞ւր ես գնում և հանուն ո՞ւմ ես ռիսկի դիմում: Քո մասին առանց այն էլ դիակապուտի ու մարդասպանի տխուր համբավն է շրջում: Մարդիկ քեզ ատում են քո անվախության ու քո արդարամտության համար, որը նրանց անարդար է թվում: Նրանք պատրաստ են քեզ և քո եղբայրներին մահվան դատապարտել միայն նրա համար, որ դուք կարող եք ու անում եք այն, ինչի ընդունակ չեն նրանք, այդ վախկոտ անասունները: Բայց ես լուռ մնացի. ավելի շուտ նա ինձ չէր հասկանա կամ էլ, որ ավելի վատ է, կմտածեր, թե վախկոտի է ուղեկից վերցրել: Եվ չնայած իրականում ահավոր վախենում էի, բայց չէի ուզենա, որ Կոլորադոն դրա մասին իմանա: Բազմաթիվ խարույկների լույսը, շների հաչոցը, ավտոմատային հազվադեպ կրակահերթերը և վրացիների բանակից եկող գվվոցը մեր անսպասելի և իմ կարծիքով թեթևամիտ երթի պարգևն էին: Ես վախից ու հոգնածությունից արդեն ոչ կենդանի էի, ոչ մեռած, երբ կանգ առանք սեփական մի մեծ տան դիմաց, որի դռներն ու պատուհանները այգուն էին նայում: Կոլորադոն զգույշ մոտեցավ օլիֆի հոտով փայտե դռանը և փորձեց բացել, բայց դուռը չենթարկվեց: Նա ետ վերադարձավ և ասաց` տան ետևում վրացիներ են, ես տունը կշրջանցեմ էսպես (նա ցույց տվեց` ինչպես), իսկ դու կգնաս այն ցանկապատի մոտ (նա ցույց տվեց` որ) և այս բանը ցանկապատի մյուս կողմը կշպրտես: Նա իմ թմրած ձեռքը նռնակ  խցկեց. նրանք մոտ են, չես վրիպի: Հա, էդ կանես` հենց կրակոց սկսվի, ոչ շուտ: Հետո կարող ես ոտքերդ տանել,- նա քմծիծաղ տվեց ու շարունակեց,- կամ կսպասես իմ վերադառնալուն: Ամեն դեպքում, ընտրությունը քոնն է:
Այդ խոսքից հետո Կոլորադոն գնաց, իսկ ես նոր ուժով ինձ վրա հարձակված իմ վախի հետ մեն-մենակ մնացի: Բայց վախս չխանգարեց, որ տնից հեռու գնամ, ձմեռային անտառի խորքը, հաստ բնով ծառ գտնեմ և թաքնվեմ դրա ետևում: Ես նայում էի երկնքի մուգ կապույտ, փայլուն աստղերով սփռված թավշին և մտածում. Ասում են, որ այս փայլուն սառցեբեկորները նույնպիսի մոլորակներ են, ինչպիսին մեր երկիրը: Եվ նրանցից մի քանիսի վրա կյանք կա: Մի՞թե այնտեղ էլ են հումանոիդներն իրար վերացնում մի կտոր մոլորակի համար, որի վրա միանգամայն համերաշխ բոլորը կարող են ապրել: Բայց կարելի է պատկերացնել, թե ինչպես կպաշտպանվեին մարսեցիները, եթե նրանց նրանց վրա հարձակվեին մի այլ մոլորակից, օրինակ… Փիլիսոփայական մտորումներս ընդհատվեցին տան ետևի կրակոցներից ու աղմուկից: Երկար չմտածելով` վազեցի տախտակե ցանկապատի մոտ, որն ինձ թաքցնում էր վրացական ոստիկանների բանակից, և ատամներով քաշելով նռնակի պահանակը` շպրտեցի փտած ցանկապատի մյուս կողմը: Որոտացող պայթյունն ինձ քաջություն տվեց: Ի´մ մերը, հետն էլ բոլոր ազգականներս վրադիր, ինձ ինչ-որ տարօրինակ ուրախություն պատեց, չորացած լեզուս մեջիցս ոչ այնքան խելամիտ բառեր էր հանում: Հուսահատ խիզախության ալիքն իմ մեջ փոխվում էր նողկալի վախի ալիքով: Ամբողջ կատարվողը խելագարություն էր, որի մեջ զարմանալի արագությամբ և ճշգրտությամբ ներգրավվել էի: Իմ մեջ այնպիսի արնախմություն և սպանելու ծարավ զգացի, որ ինքս ինձանից վախեցա:
Հիմա կտեսնենք, ճչում էի ես` ինչ-որ տեղից` կողքից զարմանքով լսելով սեփական ձայնս:
Բայց զգուշությունը խիզախությանը չէր խանգարի, և ես նորից թաքնվեցի ծառի ետևում: Իսկ հետո ահա թե ինչ պատահեց: Տանը աղմուկ լսվեց, ինչ-որ մեկը սարսափելի գոռում էր, և պատուհանները ներսից լուսավորվեցին կրակից: Երևի Կոլորադոյին վիրավորեցին, մտածեցի ես, բայց դա նա չէր: Փայտե դուռը, չդիմանալով դուրս պրծնող բարբարոսի սարսափելի հարվածներին, կոտրվեց, ու կրակով բռնկված հսկայահասակ ոստիկանը դուրս թռավ այգի: Նա մեջքով ընկավ ձյան վրա ու վառվող սալամանդրի նման սկսեց գալարվել: Նրա ետևից տնից դուրս վազեցին անհեթեթ շինելներով երկու հոգի էլ: Մեկի ձեռքին դույլ էր: Մյուսը ձեռքին ծածկոցներ էր պահում: Նրանց հաջողվեց իրենց ընկերոջը պատած կրակը հանգցնել: Իսկ ես, իմ կարճափողից նշան բռնելով նրանց վրա, սրտնեղած նկատեցի, որ անգամ այսքան մոտ տարածությունից ոչ մի կերպ չեմ կարող սպանել փրկարարներին, հրացանի փողերը շատ կարճ են, իմ գնդակներն ուղղակի չէին էլ հասնի նրանց: Մնում էր սպասել դիպվածի, որ անկոչ հյուրերին կոտորակ հյուրասիրեի: Ես իմ թաքստոցում նստած էի մկան նման լուռ, ականջ դնելով ու երբեմն էլ ծառի բնի ետևից դուրս նայելով` թշնամիներն արդյոք չե՞ն մոտենում: Ոստիկաններից մեկը ստուգեց պառկած հսկայի պարանոցի զարկերակը: Սիրտը աշխատում է, ասաց նա: Բայց ո՞նց եղավ, հարցրեց մյուսը: Զարկերակ ստուգողը դողացող ձայնով սկսեց պատմել. տաքանում էինք խարույկի մոտ, հանկարծ տեսնեմ` գլխարկով մի տղա ավտոմատից նշան է բռնում մեզ վրա: Իսկ հետո սկսեց կրակել: Վա´յ քո, ես Աֆղանստանում եմ եղել, բայց էնտեղ էլ էդպիսի բան չէի տեսել: Հերթով բոլորը ընկան, մեկի կողքն էր վիրավորվ, մյուսի գլուխն էր ծակ: Գիվին էլ վիրավորվեց, և նա ընկավ ուղիղ խարույկի մեջ, իսկ հետո պայթյուն ու շփոթ: Գոռում էին, թե օսերը մտել են մեր թիկունքը և բոլորին մորթում են իրենց սարսափելի խանչալներով: Ես ընկա և կարծես անջատվեցի, իսկ երբ ուշքի եկա, տեսա, որ Գիվին խարույկից դուրս է եկել ու ջահի պես վառվելով իրեն այս տունն է գցել: Մնացածը ինքդ ես տեսել: Հա, տեսա, լսեցի մյուս ոստիկանի ձայնը, Աստված չանի մեկ էլ տեսնեմ էդպիսի բան:
Գուցե տանե՞նք նրան էստեղից,- հարցրեց մի ոստիկանը մյուսին:
Նրանք թևերի տակից բռնեցին վառվող խղճուկին և նրա ծխացող մարմինը մոտեցրին չարաբաստիկ տանը: Կոտրած դռան արանքից կրակոցի կարճ բոց երևաց: Քարշ տվողներից մեկը մարմնով առաջ ընկավ և միանգամից անշարժացավ, իսկ մյուսը նստեց ձյան վրա և աշխատում էր անպայման վեր կենալ: Տանից դուրս եկավ Կոլորադոն և իր ավտոմատի փողը մեծահոգաբար մեկնեց խղճուկին: Նա էլ բռնվեց դրանից, ինչպես խեղդվողը ծղոտից և իր այլանդակ երախը բացելով ու անեծքներ շաղ տալով` կանգնեց իր թուլացող ոտքերին: Դիմահար կրակոցով Կոլորադոն այն աշխարհ ուղարկեց այդ կոպիտ մարդուն: Լուսնի լույսի տակ Կոլորադոն ինձ թվաց ֆանտաստիկ էակ` մեզ մոտ եկած այն հեռավոր աստղերից մեկից, որտեղ ոչ վախ, ոչ էլ խիղճ ունեն: Նա երևի ինձ մոռացել է ու եթե տեսնի, անպայման կսպանի, մտածեցի ես` վախեցած կպչելով ծառի ծուռումուռ բնին և այնտեղից հետևելով ալյմոլորակայինի գործողություններին: Կոլորադոն էր, թե ով, մտածկոտ նայում էր իր տապալված թշնամիներին, երբ հանկարծ հսկան շարժվեց և սողաց դեպի տուն, որտեղից մետեորի նման դուրս էր ընկել: Կոլորադոն կարծես զարմացած էր այդպիսի կենսունակությունից և սողացողին ոտքով շրջեց: Ինձ մի´ սպանիր, աղերսեց հսկա ոստիկանը, ես էլ քո պես օս եմ:
Կոտրտված օսերեն այդ խղճուկ բառերը ոչ երկրային կատաղություն առաջացրին այլմոլորակայինի մեջ: Լավ կլիներ` ձայն չհանեիր, գոռաց Կոլորադոն: Ինչո՞ւ ես եկել: Որ քո եղբայրներին սպանե՞ս, դե ստացի՛ր:
Կոլորադոն ավտոմատի կոթով սկսեց հարվածել ընկածին, և շուտով կիսամեռ հսկայի գլուխը վերածվեց ոչ այնքան կլոր արյունախառն զանգվածի: Ավտոմատով զինված մի հոգի էլ դուրս եկավ անիծված տնից: Դատաստանով տարված Կոլորադոն չնկատեց սպանդը կարծես շրջանցած, իր վրա նշան բռնած թշնամուն: Ոստիկանը շատ տարօրինակ վարք ուներ. նա չկրակեց, չնայած փորձում էր: Լռվել է, ուրախացա ես: Ինձ չնկատելով` նա մոտեցավ ծառին, որի ետևում թաքնված էի, և մեջքով հենվելով ծառին, դողացող ձեռքերով սկսեց քանդել իր փչացած զենքը` ջանալով վերացնել անսարքությունը: Առաջ ես չէի կարողանա կենդանի մարդուն կրակել: Բայց վերջին երկու (գուցե և ավելի քիչ) ժամում տեսածս ու ապրածս ինձ լրիվ ուրիշ մարդ էին դարձրել: Ես կարճափողս կպցրի վրացու գլխին, անսպասելիությունից նա չենթարկվող ձեռքից գցեց հրացանը, ինչ-որ բան փնթփնթաց, ես չլսեցի ու կրակեցի: Գլխի կեսը կարծես չէր էլ եղել, ուղեղն էլ հետը, իհարկե: Անխելք նվաճողը մեջքով պառկել էր դեպի աստղալից երկնքին և թափահարում էր վերջույթները` փորձելով իրենից հեռացող կյանքի մի քանի վայրկյան նվաճել մահից: Իմ վախի մնացորդը թքեցի ձյան վրա ու մտածեցի. «Մինչ ի հաճույս գժանոցից նոր բաց թողած դավանափոխի ուրիշ ժողովրդի հողերը գրավելու գնալը նախ մտածիր` դա արժե, որ գլուխդ կորցնես քեզ անծանոթ ժողովրդի օտար այգում: Քեզ անարդար պատերազմի զորակոչած մարդիկ քո գլխատած դիակը անտեր սատկած շան պես կթաղեն տունդարձի ճամփին, և միանգամից կմոռանան քո անանուն գերեզմանը: Եվ հարազատներդ դեռ շատ կսպասեն վերադարձիդ:
Ես խիզախ դուրս եկա իմ թաքստոցից և անցա դիակի վրայով: Ինձ ազատ ու ամեն ինչի ընդունակ զգալով` մոտեցա Կոլորադոյին: Ձյան գնդիկներով նա մաքրում էր իր ավտոմատի կոթի վրայի չորացած արյունը: Ինձ տեսնելով` նա քմծիծաղ տվեց և ասաց. Փամփուշտներս վերջացել էին, բայց ես գիտեի, որ դու մոտ ես: Այդ ժամանակ ես հարցրի նրան, թե բարիկադներում ինչու էր ուզում սպանել այն գորիլային: Հարցս, թվում է, Կոլորադոյի անսովոր ականջների կողքով անցավ: Այգում սուլոց լսվեց, բայց սոխակները չէին: Ծառերից թափվեցին փամփուշտներից հնձված ճյուղեր:
Երկու օր առաջ, հանգիստ սկսեց Կոլորադոն, այդ ոչխարին գործի էի տարել: Նրա տեսքն էր ինձ խաբել: Կարծում էի, թե այդ հզոր մարդու մեջ վախի տեղ չի կարող լինել,- նա քմծիծաղ տվեց: Վրացիները մեզ շատ շուտ նկատեցին: Ստիպված էինք կրակելով պաշտպանվել: Ես շուռ եկա, որ համոզվեմ, որ նա լավ է, բայց նրա հետքն էլ չկար: Ինձ հաջողվեց այնտեղից դուրս պրծնել: Այդ գիշեր ես նրան չգտա... Գնդակներն անդադար սուլում էին: Բայց ես արդեն չէի վախենում և անգամ ուզում էի, որ դրանցից մեկը ինձ դիպչեր, մի թեթև, իհարկե, որ կարողանայի իսկական մարտում ստացածս վերքով գլուխ գովել այն աղջկա մոտ, ում սիրում էի...Մարմնովս քաղցր դող անցավ: Բայց Կոլորադոյի չոր ձայնը ինձ վերադարձրեց իրականությունը: Վերցրու քո ավարը, էյստեղ էլ գործ չունենք:
Սեպտեմբեր  2007

Ռուսերենից թարգմանեց Գայանե Փարվանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.