«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ջոն Դյուի

ԴՊՐՈՑԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ութերորդ գլուխ
Պատմության դերը տարրական կրթության մեջ
(Նախորդ գլուխը)

Եթե պատմությունը դիտարկենք որպես վաղուց անցած ժամանակների մասին հաշվետվություն, ապա դժվար կլինի գտնել որևէ հիմնավորում, որ պատմությունը ինչ-որ կարևոր դեր ունենա տարրական դպրոցի ծրագրերում: Անցյալն անցյալ է, և պետք է իրենց մեռյալներին թաղելու գործը թողնել մեռածներին: Չափազանց շատ հրատապ խնդիրներ կան ներկա կյանքում և շատ-շատ կանչեր ապագայի շեմից, որպեսզի երեխային թույլատրվի խորասուզվել հավերժ անցածի մեջ: Բայց այլ բան է ստացվում, երբ պատմությունը դիտարկում ենք որպես սոցիալական կյանքի ուժերի և ձևերի մասին հաշվետվություն: Սոցիալական կյանքը միշտ մեզ հետ է. անցյալի ու ներկայի միջև տարբերությունն էական չէ մեզ համար: Ինչ-որ բան կատարվել է այն ժամանակ, թե հիմա է ընթանում՝ միայն ժամանակի հարց է: Դա նույն կյանքն է. պատմությունը բացահայտում է շարժառիթները, որոնք մարդկանց ստիպել են միավորվել, և որոնք անջատել են նրանց, ու նկարագրում է, թե ինչն է ցանկալի, և ինչն է տառապանք պատճառում: Ինչ էլ լինի պատմությունը գիտնական պատմաբանի կամ մանկավարժի համար, այն անուղղակի ձևով պետք է սոցիոլոգիայի դեր կատարի՝ ուսումնասիրի հասարակությունը, այսինքն՝ նրա գիտակցության և կազմակերպման ձևերի պրոցեսները բացահայտի: Ժամանակակից հասարակությունը չափազանց բարդ է և երեխային չափազանց մոտ, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել: Նրա դետալների լաբիրինթոսում երեխան չի գտնի ուղեցույց թելը և ի վիճակի չի լինի գագաթը բարձրանալու, որտեղից նրա առջև կբացվեր դրա կառուցվածքի ամբողջ պլանը:

Եթե պատմության ուսուցման խնդիրն այն է, որ երեխայի համար սոցիալական կյանքի նշանակությունը գնահատելու հնարավորություն ստեղծի, որ երեխան իր երևակայության մեջ կարողանա պատկերացնել այն ուժերը, որոնք նպաստել ու մղել են մարդկանց միմյանց հետ բարերար համագործակցության, որպեսզի նա կարողանա հասկանալ այն բնորոշ առանձնահատկությունները, որոնք օգնել են առաջընթացին, և որոնք քարշ են տվել հետ, այդ դեպքում էական պահանջը, որ պետք է ներկայացվի պատմության շարադրմանը, այն է, որ պատմությունը շարժվող, դինամիկ լինի: Պատմությունը պետք է շարադրվի ոչ թե որպես եզրահանգումների ու գործողությունների հսկայական կուտակում, ոչ թե որպես կատարվածի մասին հաշվետվություն, այլ որպես ուժով ու գործողություններով լի պրոցես: Նրա շարժառիթները, այսինքն՝ շարժիչ ուժերը, պետք է բացահայտ երևան: Պատմության ուսումնասիրությունը փաստերի կույտեր հավաքելը չէ, այլ կենդանի պատկերը ներկայացնելու համար այդ փաստերն օգտագործելը. ինչու և ինչպես մարդիկ դա՛ արեցին և ոչ թե այլ բան, ինչպես նրանք հաջողության հասան կամ ինչու ձախողեցին:

Քանի որ պատմությունը հասկացվում է որպես պրոցես, առաջ են քաշվում նրա տնտեսական և արդյունաբերական կողմերը: Հենց միայն տեխնիկան մի խնդիր է, որի վրա մարդկությունն անդադար աշխատում է. ինչպե՞ս ապրել, ինչպե՞ս տիրապետել բնության ուժերին ու օգտագործել դրանք, որպեսզի դառնան մարդկանց կյանքը հարստացնելու համար պիտանի: Քաղաքակրթության մեծագույն պրոցեսը բխում է ինտելետի այդ դրսևորումներից, որ մարդուն ազատում են բնությունից անհույս կախված լինելուց ու նրա առջև ճանապարհ են բացում, թե ինչպես կարող է ստիպել բնության ուժերին աշխատել իր սեփական նպատակներին համաձայն: Սոցիալական աշխարհը, որում հիմա երեխան ապրում է, չափազանց բարդ ու հարուստ է, այնպես որ երեխայի համար հեշտ չէ հասկանալ, թե ինքան շատ աշխատանք է թափվել այն կառուցելու համար, ինչքան աշխատանք ու միտք է ընկած դրա ետևում: Հիմա մարդը իր տրամադրության տակ հրեշավոր սարքավորումներ ունի: Երեխային կարելի է հասցնել այն բանի ընկալմանը, թե ինչպես են այդ պատրաստի միջոցները ստեղծվել: Նա պետք է մարդուն տեսնի բնության հետ դեմ հանդիպակաց, առանց որևէ ժառանգական կապիտալի, առանց աշխատանքային գործիքների, առանց մշակված նյութերի: Հետո քայլ առ քայլ պետք է հետևի այն պրոցեսին, թե ինչպես է մարդը սկսել հասկանալ իր կարիքները և հորինել գործիքներ ու միջոցներ, որոնք նրան հնարավորություն են տվել դրանք բավարարելու, ինչպես է մարդը սովորել այդ նոր միջոցների օգնությամբ հայտնաբերել զարգացման նոր հորիզոններ և նոր պրոբլեմներ առաջ քաշել: Մարդկության արդյունաբերական պատմությունը բացառապես նյութական կուլտուրայի, օգտապաշտության պատմություն չէ, այն մարդկության մտքի պատմությունն է: Դա հաշվետվություն է այն մասին, թե ինչպես է մարդը մտածել սովորել, մտածել, որ ստեղծի, փոխի կյանքի պայմանները, որպեսզի ինքը կյանքը բոլորովին ուրիշ դառնա: Դա նույն չափով նաև հաշվետվություն է մեր բարոյական հասկացությունների զարգացման մասին, հաշվետվություն կյանքի պայմանների համբերատար ձևափոխման մասին, որպեսզի դրանք համապատասխանեն մարդկության նպատակներին:

Գլխավոր հետաքրքությունը, որով երեխան մոտենում է պատմական նյութին, այն է, թե ինչպես են մարդիկ ապրում: Սա է այն տեսակետը, որը կապում է այն էակներին, որոնց երեխան հանդիպում է ամեն օր, անցյալում ապրածների հետ, և որը երեխայի մեջ նրանց նկատմամբ համակրանք և նրանց կյանքն ավելի խորը թափանցելու ցանկություն է առաջացնում:

Երեխան, որ կհետաքրքրվի, թե ինչպես են անցյալում մարդիկ ապրել, ինչպես են աշխատել իրենց գործիքներով, ինչպես են նոր հայտնագործություններ արել, և կյանքի ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել դրանց հզորությունից և դրանց պատճառով առաջացած ազատ ժամանակի հետևանքով, կցանկանա ինքն անձամբ այդ ամենը վերամշակել, կցանկանա վերարտադրել այդ պրոցեսները և կցանկանա նորից գործ ունենալ այդ նույն նյութերի հետ: Հենց որ երեխան հասկանա, թե մարդկանց առջև ինչ խնդիրներ են կանգնած եղել, և չնայած բնության դրած արգելքներին, ինչ հաջողությունների են մարդիկ հասել բնությունից ստացած միջոցների պայմաններում, նա անմիջապես կձգտի դեպի դաշտերն ու անտառները, օվկիանոսներն ու լեռները, դեպի բուսական ու կենդանական աշխարհը: Իր մեջ ստեղծելով պատկերացում բնական պայմանների մասին, որտեղ մարդիկ ապրում են, այնուհանդերձ նա ուսումնասիրում է նրանց կյանքը, սկսում դրանով համակվել: Այդ վերարտադրությունը նա չի կարող անել այլ կերպ, քան ծանոթանալով բնության այն ուժերի ու ձևերի հետ, որոնցով ինքը շրջապատված է: Պատմության նկատմամբ հետաքրքրությունը բնության ուսումնասիրությանն ավելի մարդկային երանգ ու ավելի խորը կարևորություն է հաղորդում: Բնության հետ ծանոթացումն էլ իր հերթին մեծ ճշտություն ու նրբերանգներ է հաղորդում պատմության պարապմունքներին: Սա է ճիշտ «հարաբերակցությունը» պատմության ու բնագիտության միջև:

Նույն նպատակն էլ՝ սոցիալական կյանքի խորացված գնահատումը, որոշում է կենսագրական տարրի տեղը պատմության ծրագրում: Պատմական նյութն ավելի կենդանի ու ավելի խորն է ընկալվում երեխայի կողմից, երբ այն ներկայացվում է առանձին անհատների մասին պատմությունների տեսքով, երբ խտանում է ինչ-որ հերոսի կյանքի ու գործունեության մասին զրույցում: Այս հարցում կասկած լինել չի կարող: Բայց հնարավոր է կենսագրականներն այնպես օգտագործել, որ դրանք դառնան գուցե և հետաքրքիր այնպիսի պատմությունների ժողովածու, որոնք ազդում են միայն երեխայի զգացումների վրա և սոցիալական կյանքի ընկալմանը բոլորովին չեն մոտեցնում: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ անձը, որն ընտրվում է որպես հերոս, դիտարկվում է շրջապատող միջավայրից անջատ, և երբ երեխային չեն թույլատրում զգալ այն սոցիալական պայմանները, որոնք առաջացնում են հերոսի արարքները, և այն սոցիալական պրոցեսները, որոնք հերոսը ղեկավարում է իր գործունեությամբ: Կենսագրությունը դառնում է սոցիալական ուսումնասիրության գործիք այն դեպքում, երբ վառ գծերով ներկայացնում է սոցիալական կարիքների ու հերոսությունների գումարը, երբ երեխայի երևակայությանը ներկայացվում է հերոսին օգնության կանչող սոցիալական չարիքների և պրոբլեմների պատկերը, և ցույց են տրվում այն ճանապարհները, որոնցով հերոսը իրավիճակից դուրս գալու ելք է գտել:

Պատմության վրա դրված սոցիալական խնդրի գիտակցումը նրան պահպանում է առասպելի, լեգենդի մեջ թաղվելուց կամ ուղղակի գեղարվեստական ակնարկ դառնալուց: Չեմ կարող ափսոսանք չհայտնել այն առթիվ, որ ինչքանով Հերբերտյան դպրոցը, պատմություն ներմուծելով, հարստացրեց տարրական դպրոցի ծրագիրը, հենց այդքանով էլ այլասերեց պատմության և գրականության միջև եղած ճշմարիտ հարաբերությունը: Որոշ իմաստով ամերիկյան գաղութատիրական պատմության և Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպի հիմքում դրդապատճառները նույնն են: Երկու դեպքում էլ նկարագրվում է մարդ, որն արդեն հաղորդակցվել էր քաղաքակրթությանը, հասել մտքի հասունության որոշակի աստիճանի, իր համար որոշել իդեալներ և գործունեության նպատակներ, բայց անսպասելիորեն ետ էր շպրտվել և թողնվել իր սեփական ուժերի հույսին, որը պետք է պայքարի մեջ մտներ կուսական և հաճախ թշնամական բնության հետ, և հաղթահարեց բոլոր արգելքներն իր սուր մտքի, էներգիայի և համառ բնավորության շնորհիվ: Բայց երբ Ռոբինզոն Կրուզոն տեղ է գտնում տարրական դպրոցի երրորդ կամ չորրորդ դասարանում, արդյոք դա համարժե՞ք չէ նրան, որ սայլը ձիու հետևից կապելու փոխարեն ամրացրած լինեին առջևից: Ինչո՞ւ երեխային իրական նյութը չմատուցվի ավելի լայն թափով, ավելի ուժգին, կյանքի համար ավելի կենդանի և նշանակալից՝ օգտվելով Ռոբինզոն Կրուզոյից՝ որպես այդ կարգի պրոբլեմների և գործունեության իդեալականացված պատկեր: Ինչքան էլ որ կարևոր լինի ընդհանրապես վայրենիների և մասնավորապես հյուսիսամերիկյան հնդկացիների կյանքի ուսումնասիրությունը, ինչո՞ւ անմիջապես ծանոթանալու փոխարեն պետք է դրան մոտենալ կողմնակի ճանապարհով՝ Հայավատի միջոցով: Իսկապես, ի՞նչ կարիք կա դիմելու պոեմին՝ բնությանը մոտ գտնվող մարդկանց կյանքի պայմանների և պայքարի մասին իդեալականցված, բարձարագույն շփման կետեր ստանալու համար, երբ երեխան դրանք արդեն յուրացրել է ավելի հարմար ձևով: Կա՛մ հնդկացիների կյանքը ներկայացնում է որոշակի հարցեր և սոցիալական կյանքի ազդակներ, կա՛մ այն տեղ չունի կրթության ընդհանուր ծրագրում: Եթե այն այդքան մեծ արժեք ունի, զուտ գեղարվեստական վերարտադրության նրբին գեղեցկությունների մեջ աննկատ թողնելու փոխարեն պետք է առաջ մղել և ուսումնասիրել առանձին, ինքնին: 

 Նույն նպատակը՝ սոցիալական հարաբերությունների բնական կախվածության ընկալումը, հնարավորություն է տալիս դատելու այն մասին, թե ինչ նշանակություն ունի երեխաներին պատմություն սովորեցնելիս ժամանակագրական կարգին հետևելու մեր ձգտումը: Վերջերս շատ ջանք է թափվել այն բանի անհրաժեշտությունը հաստատելու համար, որ պետք է քաղաքակրթության զարգացմանը հետևել տեղերի հստակ հաջորդականությամբ, որտեղ այն երևացել է, սկսել Եփրատի և Նեղոսի հովիտներից, հետո անցնել Հունաստան, Հռոմ և այլն: Որպես գլխավոր հիմնավորում՝ առաջ էր քաշվում այն միտքը, որ ներկան կախված է անցյալից, իսկ անցյալի յուրաքանչյուր փուլը՝ իրեն նախորդող անցյալից:                         

Այս դեպքում հակասության մեջ ենք մտնում պատմության տրամաբանական և հոգեբանական մեկնաբանությունների միջև: Եթե խնդիրը գնահատելն է, թե ինչ է իրենից ներկայացնում սոցիալական կյանքը և ինչպես է շարժվում, այդ դեպքում, իհարկե, երեխան պետք է գործ ունենա այն բանի հետ, ինչն իրեն հոգեպես մոտ է և ոչ թե հեռու: Բաբելացիների և եգիպտացիների կյանքն ուսումնասիրելու դժվարությունը ոչ թե այն է, որ այդ կյանքը ժամանակի մեջ է հեռու, այլ այն, որ ժամանակակից կյանքի խնդիրներից ու հետաքրքություններից է կտրված: Պատմությունը դա բավականաչափ չի հեշտացնում և բավականաչափ չի ընդհանրացնում կամ համենայն դեպս դա չի անում համապատասխան ձևով: Նա դրան հասնում է ավելի շուտ հենց ներկա ժամանակներին բնորոշ ազդակները գործի դնելով, քան թե դրանք ներկայացնելով իրենց զարգացման սաղմնային փուլում: Այս կյանքի ակնառու գծերն ընդգրկելը և հասկանալը դժվար է նույնիսկ մասնագետի համար: Պատմությունը, անկասկած, նկարագրում է ազդակներ, որոնք ազդել են հետագա կյանքի վրա և ձևափոխել են դեպքերի ընթացքը ժամանակի մեջ: Բայց երեխան դեռ չի հասել զարգացման այնպիսի աստիճանի, որ կարողանա գնահատել պատմության ընթացքի վերացարկված պատճառները և առանձնահատուկ ներդրումները: Գործունեության խորհրդավոր հարաբերությունների, պայմանների և բնույթի նկարագրությունն է այն, ինչի կարիքը նա ունի: Այս առումով նախնադարյան կյանքն ավելի մոտ է նրան, քան Բաբելոնի կամ Եգիպտոսի շինծու կյանքը: Երբ երեխան ի վիճակի է դառնում գնահատելու պետական կառուցվածքը, նա կարող է իր համար պարզել, թե պետականության ինչ գաղափար է կանգնած եղել յուրաքանչյուր ազգի առաջ և ինչ ազդեցություն է ունեցել ժամանակակից պետական կառուցվածքի վրա: Բայց այդ շրջանը գալիս է, երբ երեխան նույնքան լավ սկսում է հասկանալ այն վերացական պատճառները, որոնք գործում են մյուս պետություններում, այսինքն՝ երբ նա մոտենում է դպրոցի երկրորդ աստիճանը տեղափոխվելուն:

Ընդհանրապես մեր սխեման նշում է երեք փուլ. առաջինը ընդհանրացված և պարզեցված պատմությունն է, որը բուն կամ ժամանակագրական իմաստով դժվար է պատմություն համարել. նրա խնդիրը երեխայի համար տարբեր սոցիալական գործունեությունների վրա հայացք գցելու և դրանց նկատմամբ համակրանք ձևավորելու հնարավորության ստեղծումն է: Այս փուլն ընդգրկում է ներկա ժամանակներում քաղաքում և գյուղում մարդկանց զբաղմունքների ուսումնասիրությունը (վեց տարեկան երեխաների աշխատանքը), հայտնագործությունների զարգացման և կյանքի վրա դրանց ազդեցությունների ուսումնասիրությունը (յոթ տարեկան երեխաների համար) և ծանոթացումը մեծ տեղափոխությունների, հետազոտությունների և հայտնագործությունների հետ, որոնք ամբողջ երկրագունդը ներքաշեցին մարդու տեսադաշտ (ութ տարեկանների համար): Առաջին երկու տարիների աշխատանքը, ակնհայտ է, կապված չէ որևէ որոշակի ժողովրդի կամ անձի հետ, չի պարունակում ոչ մի պատմական տարեթիվ: Միևնույն ժամանակ այստեղ լայն հնարավորություն է բացվում պատումը դրամատիկ դարձնելու միջոցով անհատական ազդակներ ներմուծելու համար: Մեծագույն հետազոտությունների և հայտնագործողների մասին տեղեկությունները հնարավորություն են տալիս անցնելու տեղականի և հատուկի տարրին, որը կապված է որոշակի մարդկանց հետ, ովքեր ապրել են որոշակի տեղում և որոշակի ժամակաշրջանում:

Սա մեզ բերում է երկրորդ փուլ, որտեղ տեղական պայմանները և առանձին ժողովուրդների գործունեությունները դառնում են գերակայող՝ համապատասխանեցվելով երեխայի՝ դրական գործոններ ուսումնասիրելու կարողության զարգացմանը: Քանի որ Չիկագոն, Միացյալ Նահանգները այն տեղերն են, որտեղ երեխան, հենց գործի բնույթից ելնելով, կարող է աշխատել ամենամեծ արդյունքով, ուստի այդ երեք տարիների համար նյութը ուղղակի թե անուղղակի վերցվել է այդ աղբյուրից: Այստեղ նույնպես երրորդ տարին անցումային է, երբ կապ է հաստատվում ամերիկյան ու եվրոպական կյանքերի միջև: Այդ ընթացքում երեխան պետք է պատրաստված լինի գործողություններ կատարելու ոչ թե ընդհանրապես սոցիալական կյանքի կամ իր համար սովորական սոցիալական կյանքի հետ, այլ մի քանի ամբողջովին տարբերակված կյանքերի, այսպես ասած՝ սոցիալական կյանքի հատուկ տեսակների, դրանցից յուրաքանչյուրի հատուկ նշանակության և այն հատուկ ներդրումների հետ, որ դրանք ունեցել են համաշխարհային պատմության մեջ: Սրան համապատասխան՝ հաջորդ փուլում ներմուծվում է ժամանակագրական հաջորդականությունը՝ սկսած Միջերկրական ծովի ափերին հին աշխարհի պատմությունից, հետո Եվրոպայի պատմության միջոցով անցում է կատարվում ամերիկյան պատմության տարբերակված գործոններին:

Այս ծրագիրն առաջարկվում է ոչ թե որպես միակ թույլատրելին, այլ որպես ներդրում ընդհանուր գործում, որպես արդյունքը ոչ թե վերացական մտքի, այլ այս խնդրում տարեցտարի վարպետացող մարդկանց՝ երեխաներին այնպիսի նյութ տալու զգալի փորձի և աշխատանքի, որը նրանց կգրավի և միևնույն ժամանակ քայլ առ քայլ նրանց կբերի ինչպես սկզբունքների ճշգրիտ ու խորը իմացությանը, այնպես էլ սոցիալական փաստերի, և որը նրանց կնախապատրաստի պատմության՝ որպես ինքնուրույն առարկայի հետագա ուսումնասիրությանը:

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.