«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան

Վարողներ՝ Բրետ Շլեզինգեր, Մարկ Կուկուշկին («Ինքնորոշման դպրոց» գիտա-մանկավարժական միավորման խորհրդատու)

Դեռահասի համար դպրոցն ինչպիսի՞ն պետք է լինի։ Այս հարցին պատասխանելն անհնար է, եթե նույն այդ դեռահասին, նրա վախերն ու ցանկությունները, թուլություններն ու հակումները վատ ես պատկերացնում։ Ըստ երևույթին դա է պատճառը, որ Մարկ Կուկուշկինն ավագ դպրոցի մասին խոսակցությունն առաջարկեց բարձրդասարանցի աշակերտի կերպարի քննարկմամբ սկսել։

Նախապես պատրաստված թղթե մարդուկների վեց ուրվանկարները ստեղծագործելու դաշտ դարձան։ Ավագ դեռահասի մասին իրենց պատկերացումներն արտահայտել ցանկացողները խմբեր կազմեցին, և թղթե սպիտակ պատկերներն արագ նկարներով, բառերով ու խորհրդանիշներով լցվեցին։ Այսպիսի սկիզբը բոլոր ներկաների ակտիվ մասնակցությունը հնարավոր դարձրեց՝ միաժամանակ գործողության մեջ ցուցադրելով դպրոցում հաճախ կիրառվող խմբային քննարկման մի օրինակ։ Ինչպես շուտով պարզվեց, Տուբելսկու դպրոցում վերջերս նման մի աշխատանք արվել էր։ Այսպիսով, հյուրերն իրենց ուժերը միավորեցին դպրոցի աշակերտների ու մանկավարժների հետ։

Ինչպես նման աշխատանքների ժամանակ սովորաբար լինում է, հիմա էլ սահմանված ժամանակը չհերիքեց. ամենաարժեքավոր մտքերն ու ներշնչանքը փայլատակում են վերջին պահին, երբ հարկավոր է խմբային աշխատանքի պտուղն արդեն քաղել ու մյուս խմբերի աշխատանքների հետ տեսանելի տեղում փակցնել։

Քանի որ ժամանակը սահմանափակ էր, իսկ դեռահասների մասին սեփական մտքերը հրապարակելու ցանկությունն անհամեմատ գերազանցում էր մասնակիցների գեղարվեստական հնարավորությունները, գրաֆիկական արդյունքները հարկ էր մեկնաբանել։ Խմբերը հերթով դուրս էին գալիս և, ժամանակացույցը նորից խախտելով, բացատրում էին, թե տեքստը կամ նկարը ինչ են նշանակում. անգամ սիմվոլի գույնն ու տեղադրությունն էին իմաստավորվել։ Մի խոսքով՝ սրտանց էին աշխատել ։

Աշխատանքի այս ձևը նաև նրանով է լավ, որ մի քանի խմբերի կարծիքները արագ և տեսանելի համեմատելու, իսկ փաստորեն բոլոր նկարներում կրկնվող հատկանիշները ամենաէականները համարելու հնարավորություն է տալիս։ Դեռահասների՝ թվարկված տարիքային բոլոր առանձնահատկություններից, արժեքներից, հակումներից ու արտաքին նշաններից ամենահաճախը կրկնվում էին անկախության ձգտումը, սեքսի նկատմամբ սուր հետաքրքրությունը, երաժշտության և համակարգչային տեխնոլոգիաների նկատմամբ հակումը, անհատականության ձեռբերման ցանկությունը։

Ահա վարպետ դասարանի մասնակիցների կազմած՝ դեռահասի «դիմակարներից» մի քանիսը։

- Այդ տարիքի երեխայի համար գլխավոր հարցերն են՝ ի՞նչ եմ ուզում լինել, ո՞վ եմ և ինչպիսի՞ն եմ։ Մաքսիմալիզմն ու ամեն ինչ ինքնուրույն անելու ցանկությունն են նրան բնորոշ։ Ժամանակակից բարձր դասարանցին շատ խնդիրներ ու բարդույթներ ունի, իր ու հարազատների ուժերին չի հավատում։ Երբեմն հակված է կուրորեն նմանակելու իր իդեալին՝ հրաժարվելով սեփական անհատականությունից։ Եվ այնուամենայնիվ, իրեն համարում է բոլորից լավը՝ պահանջելով, որ ուրիշներն էլ իրեն նույն կերպ ընկալեն։

- Ինքնվստահ է, ազատագրված, գուցե և անփույթ, բայց նպատակասլաց։ Նա նորաձև է, ստեղծագործունակ, բազմակողմանի հետաքրքրություններով, շփվող, եսակենտրոն, ուզում է նյութապես ապահովված լինել։ Էությամբ փորձարար է, բայց դեռ չի որոշել՝ ինչ է ուզում լինել։

- Նույնիսկ ամենահանգիստ ու ինքնամփոփ դեռահասին հատուկ է ազատության բոլոր դրսևորումների նկատմամբ անսանձ ձգտումը։

- Նա կրքոտ, բայց հաճախ ապարդյուն փնտրում է իսկական ընկեր։ Նրան հուզում է փող աշխատելու և հեռանկարում նշմարվող բանակի խնդիրը։ Հարցման ժամանակ աղջիկները գրում են, որ տղաները պետք է ծառայեն, իսկ վերջիններս պատասխանում են՝ ինքներդ ծառայեք։ Հերթապահ դարձվածք ունեն. «Ինձ հանգիստ թողեք։ Ես լավ գիտեմ, թե ինչ անեմ»։

- Դեռահասը ձգտում է արտահայտվել և լսելի լինել։ Բայց դա հազվադեպ է լինում, դրա համար էլ ամփոփվում է իր մեջ՝ ականջակալներով ու մոնիտորով աշխարհից իրեն պատսպարելով։
Հետաքրքիր է, որ դեռահասի հավաքական կերպարը, որ Ջերի Մինցի հետ Նյու-Յորքից եկած տասնվեցամյա Դենիելն էր ներկայացնում, համարյա չէր տարբերվում ռուս մանկավարժների կազմած դիմանկարից։

Մեծերին ու բարձրդասարանցիներին միավորող մի խմբի մասնակիցներ նշեցին աշխատանքի ժամանակ ծագած վեճի մասին։ Տասնմեկերորդ դասարանի մի աշակերտուհի պատմեց.

- Երբ քննարկում էինք ավագ դպրոցականներին բնութագրող հատկանիշները, մեր և ուսուցիչների կարծիքները հաճախ չէին համընկնում, իսկ երբեմն ուղղակի հակադրվում էին՝ անպատասխանատո՞ւ, թե՞ պարտականություններով գերբեռնված, կապկտրա՞ծ, թե՞ բարդույթավորված։

Ի դեպ, արդյունքների հաջորդ ընդհանուր քննարկման ժամանակ Տուբելսկու դպրոցի մանկավարժ Մարիա Ստարոստենկովան հաղորդեց, որ դպրոցում այս աշխատանքն առաջացրել է նույն հակասությունները։ Օրինակ՝ ծնողները հաստատ համոզված էին, որ դեռահասի կեցության գլխավոր հատկանիշը ազատությունն է։ Իսկ երեխաները նրանց հախուռն հակառակվում էին՝ ի՞նչ ազատության մասին է խոսքը։ Դեռահասի կյանքը համատարած հոգս է, խնդիրներ ու պարտականություններ։ Մեծական ու թինեյջերական (դեռահասի) կարծիքները համեմատելու ժամանակ պարզվեց նաև, որ ծնողներն ավելի հակված են բացասական գնահատականների, այնինչ իրենք՝ դեռահասները, իրենց բնութագրում են որպես միանգամայն դրական։

Քննարկման այս հատվածը հնարավոր դարձրեց անցումը աշխատանքի հաջորդ փուլին՝ ներկայացված բոլոր, այդ թվում և Տուբելսկու դպրոցում կատարված տարբերակներից կազմված՝ դեռահասի ամբողջական դիմանկարի վերլուծությանը։

Հետաքրքիր էր Բրետ Շլեզինգերի մեկնաբանությունը.
- Չգիտես ինչու, ոչ մի խումբ դեռահասի հարաբերությունները դպրոցի հետ նույնիսկ չի հիշատակել։ Սա շատ հատկանշական է։

Եվ իրոք, պարզվեց, որ իրենց ստեղծողներին խեթ նայող թղթե «դեռահասները» ինչի մասին ասես որ չեն մտածում, բացի սովորելուց։

Դե, իսկ եթե  նույնիսկ ոչ այլոց, այլ հենց ուսուցիչների կողմից ստեղծված երևակայական դեռահասը չի ուզում մտածել դպրոցի մասին, սա լուրջ մտածելու բան է։ Հանդիպման մասնակիցներն սկսեցին երեխային հարմար ավագ դպրոցի մասին իրենց պատկերացումները ներկայացնել.

- Լավ ավագ դպրոցն ինքնարտահայտման հնարավորություն է տալիս, հասարակական հարմարվողականության հմտություններ է մշակում, թույլ է տալիս լսելի լինել։

- Այդպիսի դպրոցի ուսուցիչներն ընդունում են երեխային այնպիսին, ինչպիսին նա կա, նրան դրականորեն են վերաբերվում, օգնում են, որ իրեն որպես անհատականություն ընկալի, գործունեության տարբեր ձևերով անվտանգ փորձարկումների պայմաններ են ստեղծում։

Արտահայտված սկզբունքներն ուղղակի հրաշալի էին։ Բայց ամեն մի լավ մանկավարժ հասկանում է, որ դպրոցական կյանքում ամեն ինչ ամենևին էլ այդքան հարթ ու հասարակ չէ, ինչպես գծագրերում։ Ուստի մի քանի րոպե գեղեցիկ ու ճիշտ ցանկություններից հետո ելույթ ունեցողներն իրենք իրենց, վարողներին և միմյանց սկսեցին հարցեր տալ.

- Պե՞տք է, որ դպրոցը խնամակալի երեխային, թե՞, ընդհակառակը, փոքր հասակից հարկ է սովորեցնել սոցիումի կանոնները։ Չէ՞ որ գիտենք, որ շրջանավարտին դպրոցի պատերից դուրս դժվարություններով ու խնդիրներով լեցուն կյանք է սպասում։ Ուրեմն չարժե՞ երեխաներին դեռ դպրոցում նախապատրաստել դաժան օրենքներով ապագա կյանքին։ Դպրոցի առաքելության մե՞ջ է արդյոք սոցիալական նորմերի անզիջում կիրառումը։

- Հաճախ լավ ուսուցչուհուն երկրորդ մայր են կոչում։ Բայց երեխայի օգտի՞ն է արդյոք այդ չափազանց հոգատարությունը։

Այդ հարցին Բրետ Շլեզինգերը շատ կտրուկ պատասխան տվեց.
- Դեռահասը ծնողներ արդեն ունի։ Տանը։ Եվ նրանց հոգատարությունից է ամեն կերպ ուզում փախչել։ Այդ պատճառով չարժե այդ իրավիճակը նաև դպրոցում կրկնել։

Հասկանալի է, որ ամեն մանկավարժ այս ոչ հեշտ հարցերի իր պատասխաններն ունի, դեռահասի հետ աշխատելու իր պատկերացումները։ Տուբելսկու դպրոցի ցուցադրման ժամանակ, որը ներկայացնում էին Եկատերինա Օռլովան և Յուրի Պոդկոպաևը, այդպիսի պատասխանների մի մասը հնչեց.

- Կարծում ենք, որ ավագ դպրոցի անկյունաքարը երեխաների՝ սեփական «ես»-ը որոնելու պայմանների ստեղծումն է, որ արտաքին աշխարհում կենսական հեռանկարներ և ինքնիրացման հնարավորություն ունենան, որ ընտրություն կատարել կարողանան՝ գիտակցելով ընտրածի թույլ և ուժեղ կողմերը, որ պատրաստ լինեն հետո վերլուծելու իրենց ընտրության հետևանքները և հետևություններ անեն։ Ավագ դպրոցի այսպիսի պատկերացումից էլ ծնվում է համատեղ աշխատանքի ձևերը։

Ուսումնական գործընթացի հիմքում են.

  • սեփական կրթական անհատական ծրագրի ստեղծումը (դրանք մասնագիտական դասարաններ չեն), առարկաների, ուսումնական արհեստանոցների, մանկավարժների, աշխատանքի ձևերի ընտրությունը (այս ընտրության հիմքերն  9-րդ դասարանից հետո «Ամառային դպրոցում» ենք քննարկում և արտագնա քննություններին՝ 10-րդ դասարանից հետո).
  • տարբեր հումանիտար, այդ թվում՝ մշակութափիլիսոփայական, մասնագիտական կողմնորոշման և այլ միջառարկայական թեմաներով խորասուզված աշխատանքը.
  • այս կամ այն կերպ իրենց ընտրությունն արած տարբեր հետաքրքիր մարդկանց  (այդ թվում՝ դպրոցի շրջանավարտներ) հետ հանդիպումները.
  • թատրոն, ցուցահանդես, դասախոսությունների շարքի (այն ամենը, ինչ քաղաքն ու հասարակությունն են տրամադրում) հաճախելը.
  • նախագծային, հետազոտական, այդ թվում՝ հասարակական աշխատանք կատարելը.
  • ապագա ուսումնառության (ինստիտուտ, քոլեջ և այլն) և ենթադրվող ապագա աշխատանքի վայրերում մասնագիտական փորձառություն անցնելը.
  • երեխայի անհատական ուսումնական աշխատանքի ուղեկցորդ դասավանդող-խորհրդատուների (թյուտորների) հետ աշխատանքը։

Նման մոտեցումն ակնհայտ է դարձնում, որ առարկաների ուսումնասիրումը գլխավոր և միակ նպատակը չէ, այլ դառնում է մեր հրապարակած նպատակին հասնելու միջոցներից մեկը։

Կազմակերպական գործընթացի հիմքում են.

  • դպրոցական կենսաձևի իրականացման, տարբեր տիպի փորձաքննությունների անցկացման գործում մեծերի (ուսուցիչների և ծնողների) և երեխաների համագործակցություն.
  • միասնական դաշտի ստեղծում, որտեղ ավագ դպրոցականները պատասխանատվություն են ստանձնում դպրոցի խորհրդի, պատվո դատարանի, ամառային և ձմեռային ճամբարների, դպրոցի տարբեր աշխատանքներում, նաև օրինաստեղծ աշխատանք.
  • 10-11-րդ դասարանցիների համատեղ թատերական, սոցիալական, զբոսաշրջության և այլ ծրագրեր։

Կրթության մեջ ամենադժվարը արդյունքների հարցն է, եթե, իհարկե, խոսքը պետական միասնական քննությունների հանձնումը գրանցող աղյուսակների մասին չէ։ Հնարավոր է, որ իրոք արդյունքը որոշ ժամանակ անց միայն կարող է երևալ, դրա համար էլ աշխատում ենք ուշադիր լինել, թե այդ մասին ինչ ասում են մեր շրջանավարտները՝ թե՛ այսօրվա, թե՛ երեկվա, թե՛ նրանք, որ «Ինքնորոշման դպրոցը» վաղուց են ավարտել։

Եվ կարծես ի հաստատումն սրաինչ-որ ժամանակ Տուբելսկու դպրոցն ավարտած երիտասարդ ուսուցիչները նրա արժեքների, ավանդույթների մասին էին պատմում, տարբեր տարիների բարձրդասարանցիների վերլուծական աշխատանքներից հատվածներ կարդում։

Ներկայացնելուց հետո վարպետ-դասարանի ղեկավար Մարկ Կուկուշկինն ներկաներին առաջարկեց ավագ դպրոցի ուրիշ մոդելների մասին պատմել։

Չելյաբինսկից Անդրեյ Շչերբակովը պատմեց տարատարիք խմբերի փորձի մասին, երբ խմբում հինգից տասնմեկերորդ դասարանցիներ են հավաքվում։

Բրետ Շլեզինգերը արդյունավետ կրթության մոդելը հիշեցրեց, որի մասին նախորդ օրը խոսում էր, և զարգացրեց կրթության տարբերակվածության թեման.
- Դասասենյակը ուսուցում կազմակերպելու ամենաանհարմար ձևն է։ Եթե դասի ժամանակ երկու երեխա մի տետրի վրա թեքվեն, ուսուցիչն անպայման կհասկանա, որ արտագրում են և նրանց կմերկացնի։ Բայց չէ՞ որ կարելի է այլ կերպ վերաբերվել. ընդունել, որ նրանք արդյունավետ կոոպերացիա են հիմնել։ Այսինքն՝ մեղադրելով, որ արտագրում են, ուսուցիչը նրանց բացասական արժեքներ է մատուցում։

Աշխարհագրության մոսկվացի ուսուցիչ Լեոնիդ Պերլովը շարունակեց դպրոցի կազմակերպման ընդհանուր դրույթների թեման, խոսեց այն մասին, թե ինչ չպիտի լինի ճիշտ կազմակերպված ավագ դպրոցում։

- Վախը, դաժան սահմանափակումներն ու չափորոշիչները պետք է բացառվեն. անձի արժանապատվության զգացումը չի կարելի տրորել։

Ուլյանովսկի համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Պոլյակովը հիշեցրեց.
- Ընտրության հնարավորություն տալը բավական չէ։ Հարկավոր է դեռահասին նաև հոգեբանական միջոցներով զինել, որպեսզի նա այդ ընտրությունը գիտակցված կատարի։

Բայց դահլիճում նստածների մեծ մասը իսկական պրակտիկի մանրախնդրությամբ դպրոցի ներկայացուցիչներին համառորեն շարունակում էր հարցեր տալ, ընդ որում հիմա՝ ցուցադրությունից հետո, արդեն ոչ թե ընդհանուր մանկավարժական, այլ կոնկրետ.

- Ի՞նչ է արտագնա քննությունը։

- Ինչպե՞ս է անցկացվում մասնագիտական փորձառությունը և ինչո՞վ է տարբերվում սոցիալական պրակտիկայից։

- Դպրոցի համար ո՞ր խնդիրներն են դժվար լուծելի մնում։

Եվ ուսուցիչները պատմում էին ավագ դպրոցում աշխատանքի բազմաթիվ ձևերի մասին, որոնք վերջին 20 տարում են գտնվել ու փորձարկվել։ Դրանցից շատերը բավականին փոփոխվել են։ Մասնագիտացումն, օրինակ, սոցիալական պրակտիկայից է առաջացել։ Իսկ արտագնա քննությունները ոչ թե ծրագրով սահմանված գիտելիքների ստուգման համար են հորինվել, այլ բազմակողմանի ունակությունների չափման համար։

Ավելի մանրամասն հարցեր էլ եղան.

- Դասավանդող-խորհրդատուներին (թյուտորներին) կարելի՞ է արդյոք հաստիքային ցուցակում ընդգրկել։

- Առարկաների և ծրագրերի ընտրությունը չափորոշիչներին համապատասխանո՞ւմ է։

- Ինչպե՞ս են կազմվում բարձրդասարանցիների անհատական պլանները։

Այսինքն՝ Տուբելսկու դպրոցի ավագ օղակի կառուցվածքը մոդել է դարձել, որը մանրամասն տնտղեցին, շուռումուռ տվեցին, ամրությունը ստուգեցին, դիտարկեցին, «մեջն ինչ կա, և ինչպես է տկտկում»։ Այս մոդելը մի ինքնատիպ դասագիրք և մասնագիտական բովանդակալից շփման հրաշալի առիթ է դարձել։

Կայացած խոսակցության տպավորությունն ավարտական գործողությամբ՝ տոտեմածառի ստեղծմամբ ամրակայվեց։ Սա նույնպես «Ինքորոշման դպրոց» ԳՄՄ-ի ավանդույթներից մեկն է, որտեղ բարձրդասարանցիներն ավարտելուց առաջ կամ ավագ դպրոց ընդունվելիս, մի խոսքով՝ իրենց համար կարևոր մի փուլ ավարտելիս, խորհրդանշական առարկաներով, ցանկություններով, միասին անցած ուղու մասին նշաններով զարդարում են մի ինքնաշեն ծառ։

Մի այդպիսի ծառ էլ ընթերցումների մասնակիցների համար էր պատրաստվել։ Հանդիպման ողջ ընթացքում դա բեմին դրված էր ու ներկաների հետաքրքրությունն էր բորբոքում։ Եվ ահա, վերջապես քննարկման մասնակիցները կարողացան մոտենալ ու ճյուղերին բանաստեղծություններ, անուշեղեն, ինքնաշեն կախազարդ, թելից մարդուկ կախել։ Նաև՝ բազմաթիվ գունավոր թղթեր՝ ցանկություններով ու այնպիսի ավագ դպրոցի մասին գաղափարներով, որտեղ դեռահասները սիրով կսովորեն։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.