«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Որքան տարբեր դպրոցները շատ են, այնքան մոտ ենք երեխաներին
Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից
2007թ. սեպտեմբերի 29-30

...Եվ ահա Ուսուցչի տան՝ տոնով լեցուն տարածությունն իր դռները բացեց, և կրկին գրկախառնվեցինք, փայլեցինք, զրուցեցինք։ Հարյուր անգամ ողջագուրվեցինք, նոր մարդկանց հետ ծանոթացանք, էլի շուրջներս նայեցինք, բեմի ետնամասում Սեմյոն Սոլովեյչիկի ծանոթ դիմանկարը տեսանք, նախաբեմում՝ կիսով չափ դեպի նա շրջված՝ Ալեքսանդր Տուբելսկու մեծ լուսանկարը։ Նա այս տարի կյանքից հեռացավ։ Ընթերցումները նրա հիշատակին են նվիրված։

Ինչպիսի՞ դպրոց ենք ուզում կառուցել

Բեմում լարային «Դոլչե-կվարտետը» Վիվալդի, Բախ, Մոցարտ, Բոկերինի է նվագում։ Վեհ երաժշտություն է, հավերժական կյանքի տիրույթը։ Երաժշտության ներդաշնակությամբ և բարոյական զգացումներով ապացուցվում է ճշմարտությունների և Մեծ Ճշմարտության գոյությունը։ Իսկ նրանք, ում համար դա դատարկ վերացարկում է, հրամաններին անսալով են ապրում։                                                           

Հիմա դպրոցին սովորեցնում են նորովի հասկանալ, թե ինչ է հաջողությունը. արդյունքների հաշվետվություն է։ Իսկ ուսուցիչները տեսնում են՝ «հաջողության դպրոցի» երեխաներն ավելի առողջ են։ Հասկանում են՝ պետք է ինչքան հնարավոր է երկար ձգել երեխաների մեջ կենդանությունը պահպանելը։ Իհարկե, դա դժվար է, հատկապես առանց արտաքին աջակցության, կոլեկտիվ քննարկումների, որոնցում քեզ համար գլխավորի մասին հարցադրումը հաստատվում է, և խորհելու, քո և այլոց փորձը վերապրելու ցանկություն է առաջանում։

Այս տարի Սոլովեյչիկյան ընթերցումներին Մոսկվա գալը շատ ուսուցիչների համար մեծ հերոսություն անելու նման մի բան էր. ղեկավարության նոր դիրքերից «Դպրոցը երեխայի կողմից է» ընթերցումներին մասնակցելը գործուղման կամ իր հաշվին արձակուրդի այնքան էլ ծանրակշիռ պատճառ չէ։

Դա է պատճառը, որ լրագրի 2-րդ և 3-րդ տետրերը այդ օրերի իրադարձությունների լրատվությանն ենք նվիրում՝ փորձելով հնարավորինս մանրամասն ներկայացնել։

Երկու դիմանկար

Ընթերցումները բացելով՝ մեր Հրատարակչական տան գլխավոր խմբագիր Արտեմ Սոլովեյչիկն ասաց.
- Շատ մանկավարժներ են վստահ, որ երեխաների համար են աշխատում, հանուն նրանց և նրանց ապագայի։ Միայն թե պարզ չէ, թե ինչու են այնքան շատ այն երեխաները, որոնք դպրոցում դեռ դժբախտ են զգում։ Ի՞նչ է ստացվում. Ձգտում ենք երեխաներին երջանիկ դարձնել, բայց հակառա՞կն է դուրս գալիս։ Ի՞նչ է կատարվում։ Մեր բոլոր նախորդ ընթերցումներն այս հարցին էին նվիրվում։ Սակայն այս տարի կյանքից հեռացել է Ալեքսանդր Նաումովիչ Տուբելսկին, մի մանկավարժ, որն իր դպրոցն այնպես էր սարքել, որ երեխայի կողմից լինի։ Նա, ինչպես և Սեմյոն Սոլովեյչիկը, պատկանում էր այն սերնդին, որը մանկավարժության մեջ քաոս սերմանեց. մեր համահարթված դպրոցները տարբեր դարձան։ Իսկ տարբեր դպրոցներով ապրելը դժվար է։ Պահ եղավ, որ շատերը ցանկանում էին, որ դպրոցները նորից միանման դառնան, սուր զգացողություն առաջացավ, թե հակառակ կողմն ենք անցել։ Սակայն վերընթերցենք Ալեքսանդր Նաումովիչի խոսքը, որ նրա դիմանկարի տակ ենք զետեղել.

 «Պատկերացրեք, որ դպրոց եք գալիս։ Շեմին ձեզ դիմավորում է պահապանը, դուք անցաթուղթ եք ներկայացնում. ով չի ներկայացնում, տուն է գնում։ Մուտքի մոտ դպրոցի տնօրենն է կանգնել և նայում է, թե արդյոք տղաները սանրված են, գլխներին բան հո չկա, աղջիկների ականջներին բան չի կախած, ինչպիսի փեշ են հագել, հո պորտը բաց չէ։ Եվ բնական է, որ խոտանում էլ կլինի՝ դու հե՛տ գնա, դու առա՛ջ անցիր։ Հետո միջանցքով ուսմասվարն է անցնում, ու բոլոը կանչում են. «Թաքնվի՛ր, թաքնվի՛ր, ուսմասվարը գալիս է»։ Ի՜նչ լավ կլիներ։

Ուզում եմ ձեզ ասել, սիրելինե՛րս՝ և՛ ես, և՛ իմ ընկերները, և՛ իմ ուսուցիչ գործընկերներն այդպիսի դպրոց չենք ուզում, այլապես վաղուց ստեղծած կլինեինք։ Դա դժվար չէ, կարգ ու կարգապահություն հաստատելը բարդ բան չէ, մանկավանդ որ այդ մասին մանկավարժական շատ գրքեր են գրվել։ Սակայն մենք ուրիշ գրքեր ենք կարդում։ Եվ ահա, թե ինչ եմ մտածում. եթե այդպիսի դպրոց չեք ուզում և անկեղծորեն եք «ոչ» ասում, յուրաքանչյուրը մտքում պետք է ասի՝ իմ ներդրմանը, իմ երևակայությանը, իմ գործին կցված դպրոցը թող բարի, խելամիտ լինի ։ Ճի՞շտ եմ ասում»։

– Դպրոցի տնօրեն լինել և երեխայի պաշտպանը մնալ,- շարունակեց Արտեմ Սոլովեյչիկը,- դժվար գործ է։ Դրսից ճնշումը մեծ է. և թվում է՝ անեմ, ինչ խնդրում են, ու լավ կլինի։ Դպրոցի ներսում էլ ճնշում կա։ Դու ժողովրդավարություն ես կառուցում, իսկ երեխաները կարգուկանոն են պահանջում։ Նրանք խոսք ու զրույցից շուտ են հոգնում։ Կամ բոլորը մի բան են ուզում, իսկ ինչ-որ մեկը՝ ուրիշ։ Ալեքսանդր Նաումովիչը հենց այդ երեխայի մոտ էր գնում, նրան էր խոսք տալիս։ Քանզի ինքնորոշումը թիմային չի լինում. դա մեզանից յուրաքանչյուրի մեջ երկար գործընթաց է։ Հնարավոր է, որ տասնհինգ տարեկանում լինի, հնարավոր է՝ քառասուն, ինչ-որ մեկն էլ այստեղ՝ այս ընթերցումների ժամանակ դրան կհասնի։

Հասկանալի է, որ միայն բարի ցանկությունները չեն օգնի այնպիսի դպրոց ստեղծելուն, որը երեխայի կողմից է։ Սակայն հիմա կրթա-քաղաքական որոշումների մասին չեմ խոսում։ Խոսքն այն մասին է, որ շատ բան, որ մեզ ճիշտ է թվում, ոչ ճիշտ ուղղվածություն է պարունակում։ Դա համակողմանիության ձգտումն է։ Երբ մտածում ենք. «Ինչպե՞ս ավելի լավ անենք», սկսում ենք ելքեր փնտրել, որոնք ցանկացած երեխայի հետ արդյունքի հասնելու հնարավորություն կտան։ Չենք մտածում. «Այս երեխային իր զարգացման համար ի՞նչ է պետք»։ Եվ տխուր արդյունքի ենք հասնում։ Եկեք տարբերենք. կրթական խնդիրների լուծման վարչական եղանակ կա, սակայն նաև մանկավարժականը կա։ Առաջինը սովորական է, կարճ, պարզ, ընդհանուր, սակայն անտարբեր է առանձին երեխայի նկատմամբ։ Երկրորդը երկար է, ոլոր-մոլոր, ոչ միշտ հասկանալի, դժվար։ Սակայն մանկավարժորեն միշտ հաջող է։ Ես դրան եմ հավատում»։

Եվ յուրաքանչյուրն ինքն իրեն էր հարցնում

Ընթերցումների առաջին օրվա ծրագրում կարևորվեցին ամերիկացի մակավարժների ելույթները։ Յուրաքանչյուրը ներկայացվեց՝ Դեբորա Մայեր, որը ոչ միայն գիտե երեխաներին պաշտպանող դպրոց ստեղծելու ձևը, այլև կառուցել է, աշխատում է այդ դպրոցում, Ջերի Մինց՝ այլընտրանքային կրթական կենտրոնների ընկերացություն ստեղծողը, Բրետ Շլեզինգեր՝ «Քաղաքը՝ որպես դպրոց» շարժման  հիմնադիր։ Նրանք այն նույն խնդիրն են լուծում, որը նաև մեզ է հուզում՝ ի՞նչ անենք, երբ երեխաները դպրոցից են հրաժարվում, իսկ դպրոցը հրաժարվում է երեխաներից։  Այս հարցին ուղղակի պատասխան չկա։ Իսկ պատասխան գործողությունը՝ այդպիսի երեխաների կարիքներին համապատասխանող  «ուրիշ» դպրոցների ստեղծումը, մեր հյուրերի գործունեության մեջ կա։ Սակայն որպեսզի դպրոցական աշխարհ ստեղծվի, որում սովորել չցանկացող երեխաները դեպի կրթությունը ձգվեն, պետք է սրբորեն հավատալ, որ ի սկզբանե բոլոր երեխաներն են սովորել ցանկանում։ Եվ եթե սովորելու նկատմամբ երեխաների ձգտումն անհետանում կամ ատելության է վերածվում, դա մենք ինչ-որ բան այնպես չենք անում։ «Եթե իրար նման դպրոցներն են շատ, մոլորվել ենք,- ասում էր Բրետ Շլեզինգերը,- տարբեր դպրոցներն են շատ՝ ուրեմն ավելի մոտ ենք երեխաներին»։

Զեկուցումներն սկսելուց առաջ «ափին» ելակետային դիրքորոշումների մասին պայմանավորվելը կարևոր էր։ Մանկական խնդիրների թնջուկը քրտնաջանորեն, զգույշ քանդո՞ւմ ենք, թե՞ ուժով ավելի ու ավելի ենք ձգում։ Երեխաներին ու ինքներս մեզ վստահո՞ւմ ենք, երբ նրանց ուսուցանում ենք, թե՞ ծրագիրն է մեր աստվածը։ Պայմանավորվելու, զիջման գնալու պատրա՞ստ ենք, թե՞ միայն պահանջել կարող ենք։ Զեկուցումների ներկայացման ժամանակ յուրաքանչյուր ունկնդրի առաջ անխուսափելիորեն այս հարցերն էին ծառանում, և կար մարդ, որ իր մեջ պատասխան էր գտնում ու մնում էր, գնում էր ավելի մոտ տեղ գտնելու, մյուսն էլ շտապում էր հեռանալ։

Շալվա Ամոնաշվիլին խոսք վերցրեց. «Այսօր այստեղ կրթության մեջ հրաշք գործելու ձգտող մարդիկ են հավաքվել։ Սիմոն Սոլովեյչիկը, Վլադիմիր Մատվեևը, Ալեքսանդր Տուբելսկին այդպիսիք էին։ Դահլիճում Սոֆյա Լիսենկովային եմ տեսնում, հայացքով փնտրում եմ Շատալովի, Շետինինի հետևորդներին, Տուբելսկու դպրոցից շատ մարդ կա, իսկ ինչքա՜ն նոր, երիտասարդ դեմքեր կան։ Բոլորիդ ուզում եմ ասել՝ կրթության մեջ հրամաններով ու կարգադրություններով ոչինչ չես անի։ Ոչ թե ղեկավարությունն է նորացնում կրթությունը, այլ մեր սիրտը»։

Ժողովրդավարական մանկավարժության կերպարները

Հետո զեկուցումներ սկսվեցին։ Ինչպե՞ս դպրոցում երեխաներին պաշտպանենք։ Ինչպե՞ս դպրոցը երեխայակենտրոն դարձնենք։ Այս մասին էր խոսում Նյու-Յորքի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի պրոֆեսոր, Բոստոնի Mission Hill դպրոցի տնօրեն, «Չափորոշիչները կրթությունը կփրկե՞ն», «Դպրոց, որին վստահում ենք։ Թեսթերի և չափորոշիչների դարաշրջանի կրթություն», «Լքված երեխաներ» գրքերի հեղինակ Դեբորա Մեյերը։ Նրա գրքերը դեռևս ռուսերեն թարգմանված չեն, սակայն հեղինակի դիրքորոշումը նրա կրքոտ խոսքից հասկացվում էր. ցանկացած պայմաններում դպրոցում երեխայի համար շատ բան կարելի է անել, եթե մանկավարժը երեխայի պահանջմունքները տեսնում է, նրա կոչը լսում է, նրա համար պայքարում է։ Նրա հնչերանգը լսելով, ժեստերը հասկանալով, հումորի համար ծափահարելով՝ չես կասկածում՝ Դեբորան մանկանց աշխարհի մարդ է։ Նա պատրաստակամորեն է մասնակցում մանկական ցանկացած խաղի, ամենատարբեր զբաղմունքներ է ներմուծում դպրոց, շատ արհեստների է տիրապետում։ Եվ երբ ընդմիջման ժամանակ ունկնդիրները տպավորություններն էին հաղորդում, պարզվեց, որ մարդկանց հոգին ամենից խոր թափանցել է նրա այն դատողությունը, թե փորձագետի կամ մեթոդիստի դիրք զբաղեցնող ուսուցիչն այլևս ուսուցիչ չէ, նա այլևս երեխաների աշխարհի մեջ չէ։ Դա մասամբ բացատրում է այն պարադոքսալ փաստը, որ ընդունվող քաղաքական-կրթական որոշումները, որպես կանոն, երեխայի հարցում սխալ են լինում։

Թե ինչպես օգնեն այն երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է, պատմում էր դպրոցի տնօրեն Ջերի Մինցը՝ Ժողովրդավարական կրթության միջազգային կոնֆերանսի հիմնադիրներից մեկը։

Զրույցի այն պարզությունն ու թեթևությունը, որ նա առաջին իսկ րոպեներից ցուցաբերեց, ունկնդիրներից շատերի համար անսովոր էր։ Կես ժամ անց մանկավարժական քոլեջի՝ կողքիս նստած ուսանողը հարցրեց. «Արժե՞ր, որ օվկիանոսը կտրեր գար, որ իր և երեխաների մասին այս սովորական պատմությունները պատմեր։ Ի՞նչ պիտի տանենք այստեղից»։

Այո, չենք սովորել լսել մարդուն, երբ նա պատմում է այն մասին, ինչն իրեն այդ պահին հուզում է։ Մեզ հետևություններ, դատողություններ, հեղինակություններին հղումներ են պետք։ Իսկ ինչո՞ւ բանական վարքի այլ ձևը չընդունենք։ Ինչո՞ւ սեփական «դատողական ուժը» չլարենք։ Օրինակ՝ Ջերի Մինցին ուղղված իմ ներքին հարցը վերաբերում էր այն բանի գիտակցմանը, որ Ռուսաստանում այլընտրանքային, մանավանդ ընտանեկան դպրոցները չափազանց դանդաղ են զարգանում, սակայն պետական դպրոցներում աշխատող շատ մանկավարժներ ժողովրդավարական կրթության արժեքներն ընդունում են։ Ուսուցիչը մենակ շա՞տ բան կարող է անել։ Ընդմիջմանը իմ հարցը տվեցի և պատասխան ստացա. «Ուսուցիչ. սա արդեն ահագին բան է։ Կարևորը աշակերտի նկատմամբ անտարբեր չլինելն է, չէ՞ որ միայն նրա նկատմամբ սերն ու ուշադրությունն են ուսուցչին օգնում, որ համակարգին դիմակայի։ Երկրորդը նրան որպես անհատականություն ընդունելն է։ Գիտեք՝ հենց որ դա ստացվում է, մանկավարժի՝ ինքն իրեն թերագնահատելու միտումն սկսում է պակասել։ Դա ամենուր այդպես է։ Մի բան էլ. շատ-շատ մեծ գործ է, եթե իր դասարանի շրջանակում ուսուցիչն այնպիսի իրավիճակներ է ստեղծում, որ երեխան զգում է, որ ինքն է որոշում ընդունողը։ Այդպիսի իրավիճակներն ամբողջ կյանքն են երանգավորում, քանի որ մարդուն օգնում են, որ սեփական անհատականությունը հասկանա։ Մի բան է պետք՝ անհատականությունն ընդունե՛ք և իրավունքները մի՛ խլեք»։

«Քաղաքը որպես դպրոց» շարժման հիմնադիր Բրետ Շլեզինգերը ողջ աշխարհի մանկավարժներին է հայտնի։ «Քաղաքը որպես դպրոց» շարժման փորձից է առաջացել «Արդյունավետ կրթություն» հզոր շարժումը. այսօր կրթության մեջ դա ամենադինամիկ և ակտիվ զարգացող նորարարությունն է։ Նա դատողություններ էր անում այն մասին, թե ինչպիսին պիտի լինի կրթությունն այն դեռահասների համար, որոնք ոչ մի տեղ չեն ուզում սովորել։ Լսելով նրա պատմություններն այն մասին, թե երիտասարդ մարդը փորձի, մասնագիտական փորձառության միջոցով ինչպես է կրթության անհրաժեշտության գիտակցմանը հասնում, ընդ որում ընտրում է հենց այն, ինչի համար ինքը կարծես ի վերուստ ստեղծված է, հիշում ես մասնագիտական կողմնորոշման աշխատանքի մեր լավագույն օրինակները։ Երբ քաղաքը դեռահասներից չի վախենում, ձեռնարկությունները նրանց համար աշխատատեղեր են բացում, իսկ դպրոցը, կրթության բաժինը այդ բարդ գործընթացները համակարգելու համար ջանք չեն խնայում։ Սակայն այդպիսի օրինակները քիչ են։ Դրա պատճառն այն չէ՞, որ գլխավոր գծով գործելուն, ընդհանուր հրամաններից ելնելուն ենք վարժվել՝ հույսներս միայն «լավ ղեկավարների» վրա դնելով, որոնք «հանկարծ հայտնվելու» և ամեն ինչ կարգավորելու են։


Ընկալման նրբություններ

Եվ դա՞ չէր պատճառը, որ զեկուցման կեսից մարդիկ հանկարծ վեր էին կենում և հեռանում, դուրսուներս էին անում։
- Մնալ չեք ուզո՞ւմ։
- Քանի գնում, ավելի տխուր է դառնում։ Չեմ դիմանում. տասնհինգ րոպե համաձայնում եմ զեկուցողի հետ, տասնհինգ րոպե նրա վրա չարանում եմ։ Նրանք ո՜ւր, մենք ուր։ Ապա՛ մեր քաղաքում (Սամարայի մարզից եմ) դրա նման մի բան փորձիր։ Կուլ կտան։ Ու չգիտեմ՝ ի՜նչ պիտի լինի, որ մեր հասարակությունն այս անաբիոզից դուրս գա։ Ներքուստ համաձայն եմ այն ամենի հետ, ինչ այստեղ ասվում է, իսկ գործնականում սա ի՞նչ է նշանակում։ Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այլ կերպ սովորել ու ապրել, եթե ոչ ըստ «Գործն արել ես, հանգիստ քեֆ արա» ռուսական ասացվածքի։

Շատ գործող մանկավարժներ էին այս դրամատիկական բախումից տառապում։ Թեև ոչ բոլորն էին ավելորդ զգացմունքայնություից դահլիճը լքում։

- Սոլովեյչիկյան բոլոր ընթերցումներին ենք եղել, և այսօր այստեղ առանձնապես լավ ենք զգում,- ասում էին Իվանովոյից եկած ուսուցիչները,- որովհետև ութսունականներից և՛ Սոլովեյչիկին, և՛ Գազմանովին ենք լսել, նրանց հետ յուրացրել համագործակցության մանկավարժությունը, ուսուցիչ-նորարարների շարժմանը մասնակցել,  և՛ Ջերի Մինցին, և՛ Բրետ Շլեզինգերին գիտենք, այնպես որ ինչ այսօր այստեղ խոսվում է, մեզ հասկանալի և հարազատ է։ Բայց նա, ում համար երեխայի հետ աշխատանքը դեռ ֆանտաստիկա է, փախչում է։

Իսկապես, դեռ մեր ոչ մի միջոցառումը մտքերի և տպավորությունների այսպիսի խայտաբղետություն չէր առաջացրել։ Ոչ մեկն անտարբեր չէր՝ տեսաբաններն ու գործող մանկավարժները, կրթության ղեկավարներն ու ուսանողները, պարզապես ծնողներն ու ինչ-որ ձևով այստեղ հայտնված տուրիստական ֆիրմաների մենեջերները։

Սեփական ինչ-որ բանի մասին

Իսկ հետո բոլորին միավորողը եղավ՝ և՛ դպրոցական ժողովրդավարության մասին Ջերի Մինցի, Բրետ Շլեզինգերի ու Դեբորա Մայերի մասնակցությամբ «կլոր սեղանը», որը քիչ էր մնում «Ռևիզորի» նման համր տեսարանով վերջանար, երբ մի պահ թվաց, թե իսկապես «ուրիշի զգեստով» ենք, ուրիշի դերում, և՛ Թոֆիկ Շահվերդիևի «Ալեքսանդր Նաումովիչը և իր երեխաները» վավերագրական ֆիլմը։ Դրա մեջ նույնպես յուրաքանչյուրը տեսնում էր սեփական ինչ-որ բան, սակայն ցանկացած առանձին «ինչ-որ բանը», անշուշտ, բոլոր մյուսների հետ հարազատական կապ ուներ։

Նրա՛  դպրոցը

Ընթերցումների երկրորդ օրը «Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարանները բացեցին։ Դպրոցի մանկավարժները «երեխայի կողմից դպրոցի» երեք նախագծի կազմակերպում ներկայացրին՝ ստորին աստիճանի, միջինի և ավագի համար։

Եթե ամերիկացի գործընկերները նախօրոք էին տեղավորված խմբերում, ապա մեր մանկավարժների համար ընտրությունը հեշտ չէր. ամեն ինչն էր կարևոր։ Այս անգամ այստեղից-այնտեղից մտքերի պատառիկներ փախցնելն անհնար էր. ամենուրեք ըմբռնման գործընթացն էր եռում՝ ոչ նույն, սակայն կայուն կառուցված, գրագետ կազմակերպված։ Տարբեր կարգի ներկայացումներում ներգրավված ուսուցիչներն ագահորեն որսում էին տեղի ունեցածը։ Ծավալները։ Ենթատեքստերը։ Ընկալման հստակությունը։ Փոխադարձությունը։ Այն ամենը, ինչ մեզ ազատ և ուժեղ է դարձնում, սակայն մեր դպրոցում չունենք։

Ընդմիջման զրույցներից դատելով՝ միայն Տուբելսկու դպրոցի մանկավարժներին նախանձելը չէր. «Ինչ-որ բան ես էլ եմ հենց այսպես անում, ուղղակի ոչ ոք չի ասում, թե ճիշտ եմ անում, ընդհակառակը, նախատում են։ Դե, հիմա արդեն գիտեմ՝ ինչ պատասխանեմ»... «Հենց դպրոց հասնեմ, ավագ դպրոցում ինքնորոշվելու մասին զեկուցում կանեմ, համենայնդեպս հիմա պատրաստ եմ ուսուցիչների հետ այս թեման քնարկելու»... «Իսկապես, երբեք միջին տարիքի դեռահասների մասին չենք մտածում, ամբողջ ուշադրությունը փոքրերի և շրջանավարտների վրա ենք կենտրոնացնում։ Իսկ այստեղ մեր առջև իսկական վիհեր են բացվել»։

Հասկանալի է, որ այսօր մանկավարժների էնտուզիազմն ավելացել է, հատկապես վարպետ-դասարանների արդյունքներն ամփոփող ոգևորիչ «կլոր սեղանից» հետո։ Եվ, այնուամենայնիվ, միայն ոգևորությունը քիչ է։ Նաև մանկավարժական կոկիկություն է պետք։ Շրջահայացություն։ Հարցի արժեքի ըմբռնում։

Ալեքսանդր Նաումովիչի սիրելի մուլտֆիլմը՝ Գարի Բարդինի «Ադաջիոն», ցուցադրեցին։ Այլաբանություն է այն մասին, թե ինչ անհարմար, դժվար ու պատասխանատու է գորշ երամում սպիտակ թռչուն լինելը։ Եվ առողջ դատողության տեսանկյունից ի՜նչ անհաղթելի է։ Եվ անհուն, անչափելի։

Սոլովեյչիկյան XI ընթերցումների եզրափակիչ մասը Ալեքսանդր Նաումովիչ Տուբելսկու հիշատակին էր նվիրված։ Բարեկամները, գործընկերները, լրագրողները հիշում էին հիանալի մանկավարժին։ Եվ տարբեր ելույթների մեջ նույն լեյտմոտիվն էր հնչում՝ Տուբելսկու առեղծվածն այդպես էլ չի բացահայտվել։ Նրա կողքին են եղել, դիտել, տեսել, զրուցել։ Ամառային դպրոցներում, սեմինարներին, հրատարակչություններում, գործուղումների, փորձաքննությունների, խորհրդակցությունների ժամանակ։ Եվ որոշ բաներ հասկացել են, որոշ բաներ՝ չէ։

Էկրանին Տուբելսկու մասնակցությամբ ֆիլմ է, կրկին տեսնում, լսում ենք նրան. «Նյութն զգալն ավելի կարևոր է, քան իմանալը… Դպրոցը երեխաներին ավելին կարող է տալ, քան հեռուստատեսությունն ու համացանցը… Կարևորն այն է, որ դպրոցից հեռանալով՝ աշակերտը կարողանա ասել. «Այս դպրոցում եմ եղել, այս դպրոցում եմ ապրել, այստեղ ինձ մարդ են համարել»… Դպրոցի մեծագույն արժեքը մարդուն օգնող պայմաններն են, որ իրեն զգա և իրեն զարգացնի». այո, այո, այդպես է, չէ՞ որ պարզ է։ Բայց գնա փորձի՛ր։ Իրականացրո՛ւ։

Ջերի Մինցի խոսքից. «Երեխայամետությունը նրա մեջ արմատական էր, երեխայի իրավունքը պաշտպանելիս մինչև վերջ էր գնում։ Երբ տասը տարի առաջ Պրինստոնում էր՝ ԱՄՆ կրթական թեստավորման կենտրոնում, այնտեղ տեսավ ռուսական կրթության ապագան, և դա վախեցրեց նրան։ Երևում է, այն ժամանակ է որոշել թեստավորման դեմ կռիվ տալ և մտել է այդ մեծագույն պայքարի մեջ»։

Արտեմ Սոլովեյչիկ. «Փետրվարին Ալեքսանդր Նաումովիչը մեր խմբագրությունում կրթական նոր չափորոշիչներին նվիրված «կլոր սեղանի» էր մասնակցում։ Նա առանձին էր նստած, նրա դիրքորոշումը գիտեին՝ «Չափորոշիչներն իզուր են»։ Եվ բոլորը ժպտում էին այդ տարօրինակին։ Իսկ նա միշտ ասում էր. «Կրթության մեջ չափորոշիչը պիտի առավելագույնը լինի։ Իսկ առավելագույնն օրինական լինել չի կարող»։ Միտքը պարզ է. դպրոցը պարտավոր չէ չափորոշչի համար թափ վերցնել, չի կարելի նրան ներշնչել դրա կարևորության գաղափարը, այլապես մարդու կրթությունը կիրականացվի «ժամկետ լրացնելու» տրամաբանությամբ։ Սակայն այն ժամանակ նրան չլսեցին։

Չլսեցին… Չհասկացան… Հեռացած մտերիմ մարդու մասին այսպես ենք մտածում։ Մտերիմ չափազանց շատ մարդկանց, այդ թվում՝ նրանց, ում չէր ճանաչում, ուղղակի կողքով անցնելիս ջերմացնում էր մտքով, կատակով, խոսքով, հայացքով։ Անըմբռնելի՛ հանելուկ։ Գիտեք, մի ութ տարի առաջ փորձագետների խմբի հետ մեզ մոտ էր եկել, իմ դասին նստեց, իսկ հետո… ձեռքս համբուրեց։ Բոլորի ներկայությամբ։ Քիչ էր մնում՝ ուշքս անցներ, ախր, այդպես չի լինում»։

Բեմում երեխաները երգում են՝ «Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ին կից գործող «Իզմայլովյան արվարձան» գիտա-մանկավարժական միավորման սաները։ Անսովոր է. յուրաքանչյուր պատանի կատարող բառերն ու երաժշտությունը յուրովի է զգում, ինքն իր հետ է։ Եվ հնարավոր է երգչախո՞ւմբ պահել՝ ապավինելով միայն ներքին միաձուլմանը, առանց որևէ մեխանիկականության։
Սակայն ժամանակը չէ՞, որ դադարենք զարմանալուց։ Չէ՞ որ սա էլ Նրա դպրոցն է…

Թարգմանեց Սուսան Մարկոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.