«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։
Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք

Դեբորա Մայեր, Նյու Յորքի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի պրոֆեսոր,
Բոստոնի  Mission Hill դպրոցի տնօրեն

Դեբորա Մայերն առաջին անգամ է եկել Ռուսաստան: Ներկայումս Նյու Յորքի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի պրոֆեսոր է, տնօրենների միության անդամ և Բոստոնի Mission Hill դպրոցին կից ստեղծված «Նոր մոտեցումներ»  ընկերության տնօրեն, «Հանուն ժողովրդավարության և կրթության» ֆորումի տնօրեն և խորհրդատու: Չորս տասնամյակից ավելի նա աշխատել է պետական կրթական համակարգում՝ որպես դաստիարակ, դասավանդող, գրող և հասարակական պաշտպան: Մայերի մասնակցությամբ ստեղծված կամ բարեփոխված դպրոցները հիմնականում աղքատ բնակչությամբ պրոբլեմային շրջաններում են: Չնայած ակնհայտ դժվարություններին՝ բոլոր դպրոցները հաջողության են հասնում և ամբողջ երկրի շատ դպրոցների համար բարեփոխման օրինակ դառնում: Պրակտիկ և տեսաբան Մայերը կրթության մեջ նոր մոտեցումներ է փորձարկում, որոնք նպաստում են պետական կրթական համակարգում ժողովրդավարության և արդարության ամրապնդմանը: Նա կրթական ամսագրերի և  ալմանախների խմբագրակազմերում է, երկրի մանկավարժների խորհրդի անդամ, ժողովրդավարական դպրոցների միության ասոցիացիայի անդամ, «Մանկավարժները հանուն սոցիալական պատասխանատվության»  շարժման անդամ:

- Ուզում եմ սկսել մի պատմությամբ, որը կատարվել է 40 տարի առաջ, երբ մանկապարտեզում աշխատանքի անցա: Այն ժամանակ դեռ նորելուկ էի և վատ էի պատկերացնում, թե երեխային ինչ և ինչպես պետք է սովորեցնել: Դրա համար էլ հիմնականում հույսս դրել էի սեփական առողջ դատողությանս վրա: Սակայն միևնույն ժամանակ հանրության կողմից ընդունված նորմերին և օրենքներին էի ջանում հետևել:

Ինձ տրված դասագրքում մի պարագրաֆ կար, որի վերնագիրն էր «Կենդանի և անկենդան առարկաներ»: Դա արդեն ինքնին շատ հետաքրքիր էր հնչում: Եվ ես երեխաներին ասացի. «Տուն գնացեք և վաղը ձեզ հետ կա՛մ կենդանի էակ, կա՛մ անկենդան առարկա բերեք: Ինչ ուզեք: Հետո կորոշենք՝ կենդանի՞ է, թե՞ ոչ»: Մինչև բաժանվելն այդ մասին մի փոքր էլ խոսեցինք, և բոլորս համաձայնեցինք, որ կենդանի առարկաները հատուկ նշաններ ունեն՝ կենդանի առարկաները միշտ շարժվում են, աճում, երեխաներ ունեն:

Հաջորդ օրը 2 տուփ էի պատրաստել: Մի տուփի վրա գրել էի «Կենդանի», մյուսի վրա` «Անկենդան»: Բոլորս շրջան կազմեցինք: Կանչեցի առաջին երեխային (նրա ձեռքին քարի կտոր էր). «Դերել, քարը դիր այն տուփի մեջ, որի մեջ ճիշտ ես համարում»: Նա իր առարկան սկսեց տեղավորել այն տուփի մեջ, որի վրա գրված էր «Կենդանի»: Ասացի. «Դերել, մի՞թե չես տեսնում, որ այստեղ գրված է «Կենդանի»: Դերելը պատասխանեց. «Այո, հասկանում եմ, որ սա «Կենդանի է»: «Այդ դեպքում, Դերել, քարն ինչո՞ւ ես ուզում այնտեղ դնել»: Եվ նա սկսեց բոլոր երեխաներին և ինձ բացատրել. «Հիշո՞ւմ եք՝ անցած շաբաթ, երբ գնացինք Կենտրոնական զբոսայգի, դուք մեզ բացատրում էիք, թե ինչպես են սառցաբեկորները Հյուսիսային բևեռից իջել ցած, ավելի ու ավելի՝ դեպի Կենտրոնական զբոսայգի: Հետո մեծ քարերի մոտ հայտնվեցին փոքր քարերը` երեխաները: Եվ այսպես, սա մեծ քարի փոքր երեխան է»: Եվ Դերելի վարկածն ամբողջ դասարանը սկսեց պաշտպանել:

Մյուս երեխան տերև էր բերել, որը պոկել էր ծառից: «Տեսնես «Կենդանի՞ է տերևը, թե՞ անկենդան» հարցին ի՞նչ կպատասխանի,- մտածեցի։- Ինձ երևի մի քիչ ժամանակ է պետք, որ այդ իրադարձությանը պատրաստվեմ, իսկ այսօր ավարտելու ժամանակն է»:

Ի վերջո, ամբողջ ուսումնական տարին կենդանու և անկենդանի տարբերությունը որոշելուն հատկացրինք, թեպետ դպրոցական ծրագրով դրան 2 ժամ էր հատկացված: Դա հավանաբար լավագույն գիտական կուրսն էր, որ ես երբևիցե անցել եմ: Այդ ընթացքում գիտության ամենահետաքրքիր, տեխնոլոգիապես առավել առաջադեմ հատվածին ծանոթացա: Ես դա 5 տարեկանների հետ ուսումնասիրեցի:

Դա իմ 40-ամյա կրթության սկիզբն էր միայն: Ափսոս, որ ինձ վրա հավանաբար նշանակալիորեն ավելի մեծ ազդեցություն ունեցավ, քան իմ աշակերտների:

Եվ ահա հիմա՝ 40 տարի անց, դեռ շատ բան չեմ կարողանում հասկանալ: Շարունակում եմ վիճել և մտածել այն մասին, թե երեխաներին ինչ կարելի է սովորեցնել, և մանկավարժներն ինչ պետք է սովորեն: Օրինակ՝ ի՞նչ պետք է սովորեմ, որ իմ ու Դերելի ընդհարման էությունը հասկանամ…
Ինձ թվում է, քանի դեռ մենք նման բաները չենք սկսել լուրջ ընդունել, կրթության գործընթացում անընդհատ առաջ ենք վազելու` բաց թողնելով ինչ-որ կարևոր բան, որին հետո ստիպված ենք լինելու անդրադառնալ:

Այսինքն՝ պետք է սովորենք լուրջ ընդունել ոչ միայն մեր սեփական մտքերը, որոնք ոմանց հնացած կամ ոչ ժամանակակից կարող են թվալ, այլ նաև փոքր երեխաների մտքերը: Եթե այդպես չանենք, չենք կարող լրջորեն վերաբերվել մեր նախկին աշակերտների գաղափարներին, երբ նրանք մեծ լինեն, և այդ մեծ մարդիկ էլ մեզ լուրջ չեն ընդունի:

Մանկապարտեզում ստացա դասեր, որոնք հիմնականում որոշակիացրին երեխաների հետ աշխատելու իմ սկզբունքները։ Իմ աշխատանքը հենց այդ սկզբունքներով էլ կառուցում էի հետո, երբ բարձր դասարաններում էի դասավանդում։ Այդ սկզբունքներն էլ դրվեցին այն դպրոցների հիմքում, որոնք Նյու Յորքում և Բոստոնում իմ կոլեգաների հետ ստեղծեցի:

Գլխավոր սկզբունքներից մեկը երեխաների ակտիվ մասնակցությունն է այն ամենին, ինչ դպրոցում կատարվում է: Ինչո՞ւ է դա այդքան կարևոր:

Պարզաբանման համար պատմության մեջ մի փոքր էքսկուրս պետք է կատարեմ: Դպրոցը մարդկության ոչ վաղուց կատարած հայտնագործությունն է, սակայն կրթության պատմությունը շատ վաղուց է սկսվել: Երեխաները միշտ են մեծերի հասարակության մեջ ապրել:

Նրանք պատրաստվել են այդ հասարակության մասը դառնալուն, խաղացել են, մեծերի վարքագիծը նմանակել: Հետզհետե, մեծանալուն զուգընթաց, մեծերի կյանքի մեջ ավելի ու ավելի են ընդգրկվել: Այսպիսով, մարդկության պատմության մեջ կրթությունը միշտ կապված է եղել այն բանի հետ, թե ինչպես են երիտասարդ մարդիկ սովորում մեծահասակ դառնալ:

Իսկ մեր ժամանակակից դպրոցը գիտակցաբար է այնպես կազմակերպված, որ մենք երեխաներին մեծերի կյանքի մասը դառնալ չենք սովորեցնում: Այսօրվա դպրոցում երեխաները գրեթե միշտ փոքրերի, անտեղյակ աշակերտների դերում են և իրադարձությունների հավասար մասնակցի վիճակում չափազանց հազվադեպ են լինում: Եկեք մեզ հարց տանք՝ մանկավարժը երեխայի հետ ե՞րբ է սկսում լուրջ խոսել: Վախենամ, որ մեր դպրոցներում ավելի հաճախ դա այն ժամանակ է լինում, երբ երեխային որևէ վատ արարքի կամ հանցանքի վրա են «բռնացնում»:

Մենք ձգտել ենք ուրիշ դպրոց կառուցել: Մենք կրթական տարածք ենք ստեղծել, որտեղ մեծերը երեխաներին միացած կլինեն, կրթական նախագծերը միասին կմտածեն և կիրագործեն, հնարավոր բոլոր քննարկումներին, բանավեճերին միասին կմասնակցեն: Եվ կարծում եմ, որ այդ ճանապարհին մեզ հաջողվել է որոշակի հաջողությունների հասնել:  Սովորական դպրոցներում երեխաներն անտարբեր են իրենց ուսուցիչների կյանքի հանդեպ: Իսկ մեր երեխաներին միշտ հետաքրքրում է, թե մեծերն ինչ են անում, երբ են միասին հանդիպում: Իսկ մենք աշակերտներին միշտ առաջարկում ենք` միացե՛ք մեզ: Եվ դա անում ենք միշտ, օր օրի:

Մեզ համար գլխավորը մտավոր բացահայտման գործընթացում երեխաների և մեծերի միասնական մասնակցության գաղափարն է: Ահա մի օրինակ, որը կարող է այս միտքը տեսանելի դարձնել: Մի անգամ տեսա, որ իմ աշակերտուհին միջանցքում կանգնած է և մտածկոտ մեծ քարտեզին է նայում: Հարցրի, թե քարտեզի վրա ինչն է նրան այդպես հետաքրքրել: «Չեմ կարողանում հասկանալ` ոնց կլինի, որ Արևմտյան Հնդկաստանը Արևելքում է, իսկ Արևելյան Հնդկաստանը` Արևմուտքում»: Պատասխանը ես էլ չգիտեի և այս դեպքի մասին պատմեցի մանկավարժների դպրոցական խորհրդում: Այնտեղ որոշվեց այդ խնդիրը հետազոտել: Աշխարհագրական դիրքի և անվան չհամընկնելու պատճառների մեր միասնական եռամսյա հետազոտումը դրանից այսպես սկսվեց: Պարզվեց, որ թե՛ աշակերտների, թե մանկավարժների համար կարևոր էր հասկանալը՝ այդ հակասությունն ինչպե՞ս էր առաջացել:

Մյուս գաղափարը, որի վրա մեր դպրոցի կրթական գործընթացը հիմնված է, «մտքի  սովորությունների»  դաստիարակումն է: Եթե կարճ ասենք, «մտքի սովորությունները» այն հարցերն են, որոնք մենք պարտավոր ենք պարբերաբար տալ մեզ` որտեղի՞ց գիտեմ, ինչքա՞ն եմ վստահ, որ դա ճիշտ է, գուցե սխալվո՞ւմ եմ, գուցե ինչ-որ տրամաբանություն կա՞, որ մեկը կապված է մյուսին, կամ չկա՞, իսկ ի՞նչ կա, դա ինչպե՞ս եմ գնահատում, իսկ գուցե մեկը դա այլ կե՞րպ է դիտարկում, ինչպե՞ս է դա պատահել:

Այդ սովորությունները լավ են և՛ 5, և՛ 15, և՛ 50 տարեկանների համար: Դրանք և՛ մանկապարտեզի բակում են հարմար, և՛ գրականության դասերին, և՛ քիմիայի ֆակուլտատիվ պարապմունքին: Մեր ուսուցիչներին խնդրում ենք, որ այս հարցերը մշտապես տան։ Որ դրանք սովորություն դառնան, որից երբեք չբաժանվեն: Այդ ժամանակ նրանք երեխաներին կարող են օգնել, որ նրանց միտքը զարգանա, և կարողանան մտածողության նոր եղանակներ մշակել:

Մեր դպրոցում աշակերտների վերջնական ատեստավորումը յուրահատուկ ձևով է արվում: Դա անցկացնում է մի հանձնաժողով, որի կազմում ուսուցիչներ, աշակերտներ և աշակերտների ընտանիքի անդամներ, նաև արտաքին փորձագետներ են մտնում: Յուրաքանչյուր աշակերտ  7 տարբեր բնագավառի աշխատանքների ինչ-որ փաթեթ է պատրաստում: Այնուհետև նա իր աշխատանքը ներկայացնում է, դրա մասին  պատմում և պաշտպանում: Իսկ հանձնաժողովի ներկայացուցիչներն աշակերտին հարցեր են տալիս: Դրանից հետո հանձնաժողովն աշխատանքի արդյունքները քննարկում է և գնահատում:

Նյու Յորքի նահանգում 40 դպրոց կար, որ մերի նման համակարգ էր գործածում: Բայց դրանք քչացան այն բանից հետո, երբ 1983 թվին Միացյալ նահանգներում հրապարակվեց «Ազգը վտանգի մեջ է» հայտնի զեկույցը:

Այդ ժամանակվանից ԱՄՆ-ում դպրոցի բարեփոխումների գործընթաց սկսվեց: Դրա էությունն այն է, որ կրթության և երեխաների հանդեպ մեր մոտեցումը ձգտում ենք համակարգել, միասնականացնել, միօրինականացնել: Եվ ուսուցիչների ու աշակերտների միջև մարդկային բարեկամական հարաբերություններն այդ փորձով խարխլում ենք:

Բարեփոխիչ կոչեցյալները համոզմունք ունեն, որ ծնողներն ու ուսուցիչները երեխաների նկատմամբ անբարյացակամ օտար տերությունից են: Բարեփոխիչների գործողությունները հիմնավորվում են այն ենթադրությամբ, որ ուսուցիչներն ու ծնողները երեխաներին չեն հասկանում և ընդհանրապես ոչինչ չեն կարող անել, որ դպրոցում իրավիճակը շտկեն: Այլ կերպ ասած՝ ով երեխայից ավելի հեռու է, նա երեխաների դաստիարակության հարցում ավելի կարևոր փորձագետ է:

Հուսով եմ, որ Ռուսաստանում դուք այդ ճանապարհով չեք գնա: Քանզի այդ ճանապարհով գնալով՝ դեմոկրատական մշակույթը կառուցել և պահպանել հնարավոր չէ: Նման բարեփոխումներին դիմադրել պետք է սովորենք:

Մեր դպրոցների փորձը վկայում է, որ այդ դիմադրությունը կարող է հաջող լինել: Երբ պետական չինովնիկներն ասացին, որ այժմ բոլոր դպրոցները պարտադիր կերպով  5 թեստերով քննություն պետք է հանձնեն, որոշ կրթական հաստատություններ «հանձնվեցին»: Ուրիշները քննության իրենց ձևից չուզեցին հրաժարվել: Այդ ժամանակ թեստավորման փորձագետներից հատուկ հանձնաժողով ստեղծվեց: Փորձագետները դպրոց եկան, որպեսզի մեր աշխատանքը գնահատեն: Կարծում էինք, որ այդ հանձնաժողովը կաշառված է և ամեն գնով կփորձի պաշտոնական մակարդակի թեստային քննություն անցկացնել: Բայց մեզ հաջողվեց հանձնաժողովի անդամներին համոզել, որ մեր մոտեցումը բավարար արդյունք է տալիս: Ուրիշ կրթական հաստատությունների հետ համեմատած՝ մեր ավելի շատ երեխաներ են դպրոցը բարեհաջող ավարտում, բարձրագույն կրթություն ստանում և փայլուն կարիերա  անում: «Ինչո՞ւ փակենք այն, ինչն այդքան լավ է աշխատում: Թող քննություններն իրենց ձևով անցկացնեն, որ կարողանանք նրանցից սովորել».- սա էր հանձնաժողովի եզրակացությունը:

Որպեսզի պատկերացնեն ժողովրդավարության էությունը, երեխաները պետք է ապրեն ուժեղ, կրթված մեծերի շրջանում, որոնք իրենց ինտելեկտը ճիշտ են օգտագործում և իրենց գաղափարները կարողանում են պաշտպանել: Կարևոր է, որ մեծերը, որոնք շրջապատում են երեխաներին, բաց, ուրիշին լսելու և ուրիշի ազդեցության տակ ընկնելու ընդունակ, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ կասկածի ենթարկելու պատրաստ լինեն: Չպետք է անվերապահ հավատանք ամեն ինչին և կատարենք այն ամենը, ինչ մեր առաջնորդներն ու ղեկավարներն ասում են:

Թարգմանեց Մարինե Ամիրջանյանը

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.