«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ

«Ինքնորոշման դպրոց» գիտա-մանկավարժական միավորման
համագործակցային վարպետ-դասարան
Վարողներ՝ Ջերրի Մինց, Տատյանա Կովալյովա (թյուտորների միավորման նախագահ, մանկավաժական գիտությունների դոկտոր, ՄՊՄՀ պրոֆեսոր)

Երկնագույն հյուրասենյակում շատ մարդիկ են հավաքվել, որպեսզի խոսեն հանրակրթական դպրոցի միջին օղակի` դեռահասների դպրոցի առանձնահատկությունների մասին: Աթոռները կիսաշրջանաձև դասավորեցին, որպեսզի բոլորը կարողանան և՛ պատի մեծ էկրանը, և՛ մեկը մյուսին տեսնել: Զրույցը «Ինքնորոշման դպրոցի» ուսուցիչներից ԶոյաԿասատկինան սկսեց։

- Երբ մեզ մոտ դպրոց հյուրեր էին գալիս, Տուբելսկին միշտ զգուշացնում էր. «Սա ոչ թե օրինակելի դպրոց է, այլ դպրոց, որը փնտրում է: Ճիշտ է, հաջողություններ ունենք, սակայն նաև խնդիրներ ունենք: Այդ պատճառով չենք պատմում այն մասին, թե ինչպես է պետք, այլ խորհրդակցում ենք, կարծիքներ փոխանակում, ընդհանուր քննարկում կազմակերպում»: Այսօր մենք քննարկում ենք դեռահասների դպրոցի` 5-9-րդ դասարանների, խնդիրները: Պետք է ասեմ, որ Ալեքսանդր Նաումովիչի սիրելի տարիքն է։ Եվ, որպես «մերան»՝ ելակետ ունենալու համար եկեք նախ լսենք, թե աշակերտներն ինչ են ասում: Միջին դպրոցի շեմին նրանց հարցրինք, թե իրենք իրենց ինչպես են հասկանում, ուսուցիչներն ինչպես շփվեն նրանց հետ, որպեսզի արդյունավետ համագործակցություն ստացվի:

Էկրանին տղաների և աղջիկների լուսանկարներ էին փոխարինում իրար, և հնչում էին նրանց խոսքերը.

- Ես երևի բարի եմ: Ես ամենից շատ վախենում եմ հարազատներիս կորցնելուց, չէ՞ որ կյանքում ամենակարևորը նրանք են:

- Ես դասավորված սեղան եմ սիրում եմ և թափթփվածություն չեմ սիրում։ Բայց հավաք պահել չեմ կարողանում: Հենց հավաքում վերջացնում եմ, սկսում եմ ինչ-որ թուղթ փնտրել, ու նորից նույն քաոսն է առաջանում: Դպրոցում շատ եմ երազում ամառանոցի մասին, իսկ ամառանոցում` դպրոցի: Ինձ չափահաս աղջիկ եմ համարում, սակայն միշտ չէ, որ կարողանում եմ դա ցույց տալ:

– Հաճախ եմ մտածում այն մասին, թե կյանքն ով է հորինել, որ ինչ-որ բան գոյություն ունենա: Վախենում եմ միջատներից, քանի որ ինձ թվում է, թե նրանք կկծեն կամ ինձ ինչ-որ բան կանեն: Վախենում եմ նույնիսկ այն ժամանակ, երբ վստահ եմ, որ չեն կծի:

– Կարդալ սիրում եմ։ Ինձ կարդալու շա՛տ նյութ հանձնարարեք: Միայն ուրախ կլինեմ: Չեմ սիրում ջրաներկով նկարել. մատիտով ավելի լավ է։ Ջրաներկը հավաքելն ու մաքրելը շատ ժամանակ է պահանջում: Ընդհանրապես երբեմն նկարել սիրում եմ, երբեմն` ոչ: Եթե ինձնից գեղեցիկ տառեր պահանջեք, չեմ կարողանա գրել։ Ուրեմն՝ մի՛ ասեք:

– Ես ուրախ մարդ եմ, թեև ոչխարի պես համառ եմ: Ինքս ինձ հետ էլ դժվար եմ լեզու գտնում: Եվ հաճախ եմ տարբեր խնդիրներ են ունենում: Մարդկանց համար ինձ հետ հեշտ չէ:

– Երբ ասում են «Դպրոցը երեխայի կողմից է»,- շարունակեց Զոյա Նիկոլաևնան,- պետք է ավելացնենք՝ յուրաքանչյուր երեխայի: Որովհետև մեր առաջ ինչ-որ վերացական երեխա չէ։ Երեխաները միշտ տարբեր են։ Եվ մեր նպատակը նրանց անհատականության զարգացումն է:

Տատյանա Կովալյովա.- Անհատական մոտեցման գաղափարը նոր չէ։ Դեռևս Կոմենսկին է արծարծել՝ յուրաքանչյուրին ամեն ինչ սովորեցնենք։ Բայց ինչպե՞ս։ Դժվար է: Այդ պատճառով ուսուցիչներն արագ անհատական մոտեցումը տարբերակման մեթոդով փոխարինեցին: Հիշենք՝ ավանդական դպրոցում ուսուցիչը միշտ թույլ (նրանց մեկ անգամ էլ պիտի բացատրի), ուժեղ (օլիմպիադաների խնդիրներ թող լուծեն) և միջակ (թող իրար սովորեցնեն) աշակերտների խմբեր է առանձնացնում:

Զոյա Կասատկինա.- Մենք ուրիշ բան ենք ասում: Ավանդական ընկալմամբ անհատական մոտեցումը միևնույն բանը յուրաքանչյուրի գլուխը մտցնելն է: Մեր նպատակն դա չէ:

ՏատյանաԿովալյովա.- «Անհատականություն» հասկացությունը ցանկացած մանկավարժի բերանում է, նույնիսկ ամենահավակնոտի:

Օլգա Շավարդ` «Ինքնորոշմանդպրոցի» մանկավարժ.- Բոլորին ամեն ինչ սովորեցնել չենք ուզում: Ուրիշ բան, եթե այնպիսի մի բան իմանայինք, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրին սովորեցնել. դա այլ խնդիր կլիներ…։

Զոյա Կասատկինա,- Մեր նպատակը յուրաքանչյուր երեխայի անհատական զարգացման համար պայմաններ ստեղծելն է: Բայց ինչպե՞ս։ Դրանք ո՞ր պայմաններն են:

Այս հարցերին պատասխանելու համար ներկաներից յուրաքանչյուրի անհատական փորձին անդրադառնալու հարկ եղավ, թե ով է նրանց կյանքի հետագա ճանապարհի ընտրության վրա որոշակիորեն ազդել: Մեկի ծնողները, վառ ուսուցիչները, այն դպրոցի մթնոլորտը, որտեղ աշակերտներին վստահել են և թույլ տվել, որ փորձեն, համարձակվեն։ Ցավոք, ոչ բոլոր ելույթ ունեցողներն էին ներկայանում, ընդհանուր աղմուկի մեջ ոչ բոլոր անունները լսվեցին, և մի քանի կարևոր ռեպլիկների հեղինակները չիմացվեցին:

Դմիտրի Մորոզով` «Կիտեժ» միությաննախագահ.- Բարձրդասարանցուն ինտելեկտով կարելի է գրավել: Իսկ կրտսեր սովորողը անպայման պետք է մեկին սիրի: Եթե դպրոցում սիրելի գոնե մեկ ուսուցիչ կա, հանուն նրա դեռահասը ջանքեր կգործադրի: Եթե սրտամոտ ուսուցիչները շատ են, երեխայի բախտը բերել է: Իսկ եթե ոչ մեկը չկա, մնում են ծնողները: Կամ էլ բոլորովին մարդ չի մնում։

Տատյանա Կովալյովա.- Հակասություն հնչեց: Առաջնորդելը մի ձև է, քանզի պատանուն բնորոշ է վառ անհատականություններով տարվելը: Այդպիսի մարդկանց գտնենք, շատ խմբակներ կազմավորենք: Կարևոր չէ, թե ինչ խմբակներ` կակտուս կաճեցնեն, թե ձուկ կբազմացնեն. միայն թե երեխան ոգևորված մեծի տեսնի: Բայց ուրիշ եղանակ էլ կա` երեխայի նախաձեռնության համար պայմաններ ստեղծելը: Այս դեպքում ոչ թե ուսուցչի վառ անհատականություն լինելն է կարևորվում, այլ ընդհակառակը` նրա ստվերում մնալու պատրաստակամությունը: Երբեմն այս մոտեցումները հակադրվում են: Պատանու կրթության համար ո՞ր քայլն է նախընտրելի: Օրինակ` դպրոցում քիմիայի հրաշալի ուսուցիչ կա. բոլորը հրապուրվում են քիմիայով, դիմում քիմիական ֆակուլտետ։ Հետո մոտ երրորդ կուսում են հասկանում, որ իրականում իրենց քիմիան չի հետաքրքրում։ Իրենց ուսուցիչն էր դուր գալիս: Բայց արդեն շատ ժամանակ են կորցրել… Երևի ճշմարտությունը սրանց միջև ինչ-որ տեղ պետք է փնտրել:

Ռյազանցի մանկավարժ.- Պատանեկան փորձերի համար ձգտում ենք պայմաններ ստեղծել: Յուրաքանչյուր դասարան տարվա իր աշխատանքն է ընտրում։ Օրինակ՝ նախանցյալ տարի իմ աշակերտները բակն էին կարգի բերում։ Անցյալ տարի հոգեբանությամբ էինք զբաղվում: Այս տարվա թեման բարեգործությունն է։ Ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին ենք օգնում: Դասարանն օղակների է բաժանված։ Հանձնարարությունները շարունակ փոխվում են։ Առաջնորդի դերը յուրաքանչյուրը կարող է փորձել։ Ավանդական գործեր էլ կան, որոնց համար հերթով բոլորը պատասխանատու են դառնում: Ըստ էության սա կոլեկտիվ ստեղծական գործունեության մեթոդ է:

- Ընդհանուր գործն ինչպե՞ս է ընտրվում։

- Սկզբում դասարանի խորհուրդն է քննարկում։ Հետո՝ ամբողջ դասարանը։ Ձայների մեծամասնությամբ ենք որոշում:

- Իսկ եթե մեկը չուզենա՞:

- Դե, սա է ընդհանուր գործը։ Իսկ անձնական հետաքրքրությունը համապատասխան խմբակում կարելի է բավարարել:

- Իսկ եթե ամբողջ դասարանով ինչ–որ արտասովոր բանով ուզենամ զբաղվե՞լ։

- Խնդրեմ, քարոզի՛ր, համոզի՛ր, կազմակերպչի տաղանդ դրսևորի՛ր:

Վիկտորյա, պատմության ուսուցչուհի.- Իսկ ինձ դուր է գալիս, երբ յուրաքանչյուր երեխա իր գործն է անում։ Խմբային աշխատանքում երբեմն անհատականությունը կորչում է: Օրինակ` գնում ենք թանգարան։ Բայց այնտեղ յուրաքանչյուր աշակերտ իր թեմայով է աշխատում, իր էքսկուրսիան է կազմում։ Իսկ ետդարձի ամբողջ ճանապարհին մտքեր են փոխանակում։ Եվ այդ անհատական էքսկուրսիաներից ի՜նչ հրաշալի դասեր են առաջանում:

Դմիտրի Մորոզով.- Եկեք անկեղծ խոսենք, երեխաների միայն 5%-ն է ինչ-որ բան ուզում։ Մյուսները ոչինչ չեն ուզում: Որպեսզի նրանք որևէ բան ցանկանան, նրանց պետք է հրապուրել»:

Տատյանա Կովալյովա. «Ընդհանուր եզրահանգման գալն անհնար է: Սա մանկավարժական հավատի հարց է։ Ոմանք հավատում են, որ երեխաներն ի սկզբանե ինչ-որ բան ուզում են։ Նրանց պետք է օգնել իրենց հետաքրքրությունը դրսևորել։ Մյուսները կարծում են, որ երեխաները ոչինչ չեն ուզում։ Նրանց պետք է նրբորեն և հմտորեն ուղղորդել: Եվ չես ստուգի` ով է ճիշտ:

Ջերրի Մինց.- Դպրոցը, որպես կանոն, երեխաներին ոչինչ չի հարցնում, որոշում ընդունելու հնարավորություն չի տալիս: Այդ պատճառով բարձր դասարաններում նրանք արդեն ոչինչ չեն ուզում: Իսկ եթե նրանց որոշումներ ընդունելու հնարավորություն տրվի, օրինակ՝ դեմոկրատական ժողովներին, նրանց բնածին հետաքրքրասիրությունը ոչ թե կմեռնի, այլ կսկսի զարգանալ:

Ալեքսեյ Մոյիսեենկո.- Զուգահեռ դասարանների ղեկավար եմ, 50 հոգի ունեմ: Նրանց ընդհանուր գործի մեջ ներգրավելու գայթակղությունը շատ մեծ է: Թեկուզ ժողովրդավարական եղանակով, ձայների մեծամասնությամբ։ Բայց ախր նրանք բոլորը տարբեր են։ Եվ մենք յուրաքանչյուրին առաջարկում ենք իր նախագիծն ընտրել: Ի՜նչ խճանկար է ստացվում. բացի նրանից, որ ամեն մեկը մի թեմա է ընտրել, միանգամից հազար գործ են ուզում անել` և՛ արշավ կազմակերպել, և՛ գիրք կազմել, և՛ ներկայացում պատրաստել, և՛ ֆուտբոլային մրցաշար կազմակերպել: Մենակ կամ ընկերների հետ։ Կա՛մ դասի ժամանակ մի հետաքրքիր բան լսեցին, կա՛մ բարձրդասարանցիներն են մի բան հուշել։ Թեմա գտնելը դժվար չէ, խնդիրը արդյունքը ներկայացնելն է: Հաճախ ելույթ ունենալու անհրաժեշտությունը, ընդհանուրի դատին արժանանալու հեռանկարը, վախեցնում է երեխաներին: Գուցե գուրծունեության ընթացքո՞վ բավարավենք:

Զոյա Կասատկինա.- Յուրաքանչյուր լավ դպրոցում երեխաների կյանքը հագեցած է: Գլխավոր տարբերությունն այն է, որ շատ դպրոցներում դասերն առաջին տեղում են: Մնացյալը միայն լրացում է: Իսկ մեզ համար երեխայի բոլոր հետաքրքրությունները հավասարազոր են: Կրթություն կարող է իրականացվել յուրաքանչյուր պահի` և՛ դասին, և՛ հարաբերություններ պարզելիս, և՛ արշավի ժամանակ: Այդպես աշակերտի կյանքն ամբողջական է դառնում:

Ջերրի Մինց.- Ձեր խոսքերում ինձ համար տարօրինակ բաներ կան: Կրթության մեջ ժամանակային շրջանակներ չկան` ո՛չ 40 րոպեանոց դասի, ո՛չ տարեկան փուլերի: Իմ դպրոցում դասացուցակ կա, սակայն աշակերտները պարտավոր չեն դասերին հաճախել: Նրանք զբաղված են նրանով, ինչ իրենց համար իրոք կարևոր է: Իսկ եթե դասի են գալիս, ապա փայլուն են սովորում: Իսկ եթե հանկարծ մի ուսուցչի մոտ ոչ մի աշակերտ չի գալիս, ապա դա նրա մեթոդիկայի մեջ ինչ-որ բան փոխելու պատճառ, ավելի լավը դառնալու հնարավորություն է դառնում: Ինձ վախեցնում է այն միտքը, որ հազարավոր ուսուցիչների մոտ ամեն օր երեխաներ են գնում, որովհետև պարտավոր են, և ուսուցիչը երբեք չի իմանում, թե արդյոք նրանց հետաքրքի՞ր է իր դասը:

Տատյանա Կովալյովա.- Այստեղ Վիգոդսկու դպրոցի մանկավարժների կողմից բազմիցս նշված վտանգ կա թաքնված: Երեխայի կյանքում յուրահատուկ փուլեր կան, երբ նա մարդկության ինտելեկտուալ մշակույթի մեջ մտնելու, հիմնարար գիտության, տեսական հարցերի մակարդակի հասնելու հնարավորություն է ստանում: Սակայն հետևելով սեփական հետաքրքրություններին` երեխան միշտ հետաքրքրականի սահմաններում է մնում: Եվ եթե նրան նոր մակարդակի չբարձրացնենք, ինքնուրույն չի բարձրանա: Նա սոցիալապես հարմարված, գիտակ կլինի, սակայն նեղ պրագմատիկ:

Ամերիկայի օրինակը մեզ շատ բան է սովորեցնում: Կոլումբյան համալնսարանի գիտնականը կարող է չիմանալ, թե ով է Մայն Ռիդը։ Իսկ մեզանում ամեն մի թափառաշրջիկ գիտի, թե ով է Պուշկինը:

Ստացվում է, որ ընտրության առաջ ենք։ Կա՛մ ծանրաբեռնում ենք երեխային (մշակույթը բեռ է), նույնիսկ եթե նա դեռ սեփական հարցադրումներ դեռ չունի, նրա առաջընթացն ապահովելու համար նրա հետաքրքրությունը մշակութային ենթատեքստ ենք հասցնում: Կա՛մ ունենում ենք համակրելի, հաղորդակցվող, սակայն օստ էության վատ կրթված երիտասարդներ:

Երեխային մշակույթի մեջ մտցնելը նրան ընտրությունից զրկելու հետ կապ չունի: Նա, իհարկե, ունենում է ընտրության հնարավորություն: Սակայն դա ոչ թե երկու քաղքենի ամսագրերի, այլ ամսագրի և Ցվետաևայի պոեզիայի միջև ընտրություն թող լինի: Ընդ որում Ցվետաևա նախ և առաջ ուսուցիչը պետք է առաջարկի: Երեխան ինքը այն երբեք չի նկատի: Ոչ մի տեղ։

Դահլիճից.- Ինձ զարմացնում է, որ ամերիկյան դպրոցներում պարտադիր գրականության ցանկեր չկան: Արդյունքն այն է, որ ծնողները պարզապես չգիտեն, թե երեխաների հետ ինչի մասին զրուցեն. ընդհանուր գրքեր, հերոսներ չկան:

Եվգենիա Սոկոլովա, «Ինքնորոշման դպրոցի» ուսուցիչ, լրագրող.-  Այստեղ երկու ավանդույթներ են հակադրվում: Առաջինը միայն երեխայի ընտրությունն է կարևորում, երկրորդը՝ ընդհանուր մշակույթի ըմբռնումը, որին երեխան պետք է ծանոթանա:

Մցենսկցի մանկավարժ.- Բայց այնուամենայնիվ առանց այդ մշակույթի չենք կարող։ Դրանով ենք մեծացել։ Դա մեր բեռն է, բայց և մեր իմաստը:

Ջերրի Մինց.- Ի՞նչ է պետք, որ երեխան հիմնավոր գիտելիք ստանա: Դրանք պե՞տք է պարտադիր ծրագրի մեջ մտցնել: Իհարկե, ոչ: Կարևորն այն է, որ աշակերտը չվախենա, չզզվի մաթեմատիկայից կամ ֆիզիկայից: Կախվածություն չլինի այն մարդուց, որը ճշգրիտ գիտի, թե ինչ սովորեցնի: Իմ շրջանավարտներն ինժեներ են դառնում միայն այն պատճառով, որ նրանց չեն ստիպում մաթեմատիկա սովորել:

Տատյանա Կովալյովա.- Ընդհանուր միտքն է, որ կրթությունն այնպես կառուցենք, որ երեխան չատի այն: Սակայն տարրական հետաքրքրությունից հիմնավոր մշակույթին պատանու անցման խնդիրը  մնում է:

Նատալյա Անտոխինա, «Ինքնորոշման դպրոցի» դասավանդող.- Ինձ թվում է, որ երբեմն ընտրելու ազատությունն ու մշակութային կոնտեքստը պահպանելը մեզ հաջողվում է համատեղել: Ահա 6-րդ դասարանը։ Ընդհանուր նախագիծ ենք իրականացնում` «Անտիկ մշակույթի հետքերը ժամանակակից մշակույթում»: Միտքն, իհարկե, մեծերն են տալիս, սակայն այն քննարկվում է երեխաների հետ: Կա մի ընդհանուր դաշտ և սեփական հետաքրքրությունը բավարարելու հնարավորություն կա` լինի թատրոն, սպորտ թե կոսմետիկա: Ստացվում է մի աշխատանք, որը կապվում է և՛ պարտադիր ուսումնական գործընթացի հետ, և՛ երեխայի անհատականության ու նրա հետաքրքրությունների: Կարևոր է նաև, որ քննարկման ժամանակ խոսվում է նաև աշխատանքի գնահատման չափանիշների մասին: Օրինակ` չի կարելի ուղղակիորեն փոխադրել ինտերնետից գտած նյութը։ Տեղեկատվությունը նախ պետք է մշակել։ Ահա այդ ժամանակ էլ մեծերը տեքստի հետ աշխատելու անհրաժեշտ հմտություններ մշակող վարպետանոցներ կբացեն։ Օրինակ՝ տեղեկատվության հետ աշխատելու վարպետանոց։

Տուբելսկին ժամանակին դպրոցական կարգի մեծերի ու փոքրերի համատեղ փորձաքննության հիմքում ահա այս մոտեցումն էր առաջ քաշել։ Սկզբում առանձնացնում ենք որոշակի չափորոշիչներ, այնուհետև այդ տեսանկյունից հետազոտում և ուսումնասիրում մեզ շրջապատող աշխարհը:

Դահլիճից.- Իսկ, եթե երեխան չի ուզում փնտրել անտիկ մշակույթի հետքերը…

Նատալյա Անտոխինա.- Նրան մեծահասակները կարող են ուղղորդել, կարող է ոգևորել այդ նախագծով տարված ընկերների օրինակը, սակայն այս խնդրի վերջնական պատասխանը չունեմ:

Վյաչեսլավ Դերժավին, «Ինքնորոշման դպրոցի» ուսուցիչ.- Սխալվում ենք, երբ մտածում ենք, թե երեխան հիմա ինչ-որ նոր բան կհայտնագործի: Նա չի կարող դա անել։ Սակայն գործունեության ծանոթ ձևերը կարող է փոփոխել: 5-րդ դասարանցին կրթական սուբյեկտ չէ, նա իր ծնողների և ուսուցիչների ձգտումների առարկան է: Սակայն եթե նրա հետ մշտապես պայմանավորվենք, քննարկենք տեղի ունեցող իրադարձությունները, միասին ինչ-որ գաղափարներ մշակենք, ժամանակի ընթացքում պատանու մոտ իրոք կծագեն սեփական հետաքրքրություններ: Սկզբում մենք նրան առաջարկում ենք իր հետաքրքրությունը հարմարեցնել ընդհանուր գործին կամ այդ ընդհանուր գործն այնպես փոխել, որ այն համապատասխանի նրա հետաքրքրություններին: Իրականում մեծամասնությունը հեշտորեն ներգրավվում է ընդհանուր աշխատանքի մեջ, մնում է 2-3 հոգի։ Հենց նրանց հետ էլ ես սկսում եմ աշխատել:

Ռուստամ Կուրբատով, «21-րդ դարի տապան» դպրոցի տնօրեն.- Գիտե՞ք՝ ես անդադար փոխում եմ իմ տեսակետը. մի շաբաթ մտածում եմ Ջերրիի նման, հաջորդ շաբաթը` ձեզ նման: Սակայն միշտ հանգում եմ այն մտքին, որ դժվար է եզրեր գտնել երեխաների հետաքրքրությունների և ծրագրային պահանջների միջև:

Տատյանա Կովալյովա.- Եթե սովորական դպրոցի տնօրենի տեսանկյունից եք խոսում, ապա այն ամենը, ինչի մասին այստեղ խոսում ենք, անհնար է: Այդ տնօրեններն ուրիշ խնդիրներ ունեն։ Գիտե՞ք` ինչպես և մարդիկ, լինում են ռեկորդակիր դպրոցներ։ Նրանք անում են այն, ինչ մյուսները չեն անում, և դա ընդհանուր առմամբ փոխում է կրթական համակարգը: Գալիս են նոր տնօրեններ, մտածում, ինչ-որ հետաքրքիր բան է կատարվում։ Պետք է փորձել։ Եվ ինչ-որ բան կսկսի փոխվել:

Դահլիճից.- Բայց այդպիսի հատուկ, ազատ պայմաններում արդյո՞ք երեխայի մեջ ձևաավորվում են այնպիսի որակներ, որոնք պետք կգան հետագա կյանքում` համառություն, պատասխանատվություն, ինչ-որ հետաքրքիր բան անելու պատրաստակամություն:

Մեկ այլ հարց.-  Ճիշտ է, լավ դպրոցում երեխայի համար շատ լավ է, սակայն ինչպե՞ս աշխարհ դուրս գա, նման դպրոցը նրանց իրական կյանքի համար պատրաստո՞ւմ է: Թերևս պետք է կոփե՞լ երեխաներին, պատրաստե՞լ նրանց իրական կյանք մտնելու համար: Հնարավոր է հենց դա է իրականում երեխայի կողմից լինելը:

Վյաչեսլավ Դերժավին.- Նման հակասություն չի առաջանում, եթե իրոք միասին ենք կառուցում մեր կյանքը: Եթե երեխանների հետ անկեղծորեն քննարկում ենք բոլոր դժվարությունները, գործուղում ենք նրանց այլ դպրոցներ ու արտադրամասեր ուսումնասիրելու: Եթե չենք հորինում մեզ շրջապատող աշխարհը, այլ այն բացահայտում ենք աշակերտների հետ:

Դմիտրի Մորոզով.- Մենք ներսում կարող ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ կան ռեալ բարդություններ: Անչափահասը շատ ցանկություններ է ունենում, որոնցից շատերը հենց նրա համար կարող են կործանարար լինել: Պետք է նրան իրական դժվարություններին բախվելու հնարավորություն տալ և անընդհատ չթաքցնել դրանք:

Տատյանա Կովալյովա.- Չի կարելի ուղեկցել նրան, ով անշարժ է։ Եթե աշակերտը շարժվում է, զարգանում, կարելի է նրան օգնել: Մեկ ելք էլ կա` սոցիալական նախագծումը: Հիմա նախագծումը նորաձև է։ Յուրաքանչյուր ավարտված նախագծից հետո թող աշակերտը մանկավարժի հետ փորձի հասկանալ, պարզել՝ իր աշխատանքի իրագործումից իր շրջապատում` դասարանում, դպրոցում, թաղամասում, քաղաքում ո՞ւմ համար ինչ-որ բան դեպի լավը փոխվեց: Դա արդեն աշխարհը վերափոխելուն ուղղված մի քայլ կլինի:

Թարգմանեց Մարգարիտ Սարգսյանը


???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.