«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 14

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ

Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»

Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»

«Հաղորդակցություն»

Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»

Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»

Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»

Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»

Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»

Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»

Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»

Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»

Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»

Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»

Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»

Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»

Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»

ԱՐՁԱԳԱՆՔ

ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին


Շողիկ Սահակյան

Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում                                                   

Առավոտյան ծես

Ահա թե ինչպես է սկսվում մեր օրը: Խմբասենյակ մտնելուն պես երեխաներն ինքնուրույն փոխում են կոշիկներն ու հողաթափ հագնում: Ապա  ներկա-բացակայի թերթիկի վրա` իրենց անվան դիմաց, փակցնում են թղթե փոքրիկ շրջանակները` ժպիտիկները: Այս տարիքից երեխան արդեն ինքնուրույն, նպատակային գործողություններ է կատարում: Դրանք սկզբում անում է մեր օգնությամբ, ապա նաև առանց մեզ: Նրա աչքը սովորում է նաև իր անվան տառերին և նախադպրոցական խմբում արդեն նա սկսում է ճանաչել որոշ տառեր: Նաև իր անունը գտնելու համար նա հաշվում է, թե որերորդն է այն, գունավոր շրջանակները փակցնելիս գույներն է սովորում:Սակայն ամենակարևորն այն է, որ երեխան այս ամենը յուրացնում է իր ազատ գործունեության միջոցով:

Այնուհետև` ներկա-բացակայից հետո երեխաների մի մասը  ծաղիկներն է ջրում:  Յուրաքանչյուր երեխա ունի իր շիշը, որով ամեն առավոտ իր մայրիկի հետ տանից ջուր է բերում, բակում ամեն մեկը ջրում է իր ծառը հետո նոր բարձրանում խումբ: Ի դեպ, նշեմ, որ սա հենց իրենց` երեխաների նախաձեռնությունն է, որը ներառվել է մեր առավոտյան ծեսի մեջ: Մաքրասեր Նունիկներն էլ փոշու շորերը ձեռքներից ցած չեն գցում և փայլեցնում են հատակից մինչև առաստաղ: Մի դեպք հիշեմ, երբ լուսարներից կախված անձրևանոցներից մեկը թուլանալով ընկավ հատակին,Մարիամիկն անմիջապես վերցրեց փոշու շորն ու վազեց դեպի այն և այնպիսի ջանասիրությամբ մաքրեց, որ նկարագրելու չէ:

Երեխային չի պարտադրվում այս ամենը, նա ինքն է ընտրում իր զբաղմունքը:
Երեխաներից ոմանք էլ ուզում են ճագարներին կերակրել, իսկ մնացածներն էլ անում են այն, ինչ ուզում են:

Նախաճաշի, ճաշի ժամանակ երեխաների՝ դայակին օգնելու պատրաստակամությունն անսահման է: Նրանք օգնում են թեյի համար դասավորել բաժակները, բաժանել ափսեները, խոհանոցից սնունդը բերել, հացն ու միրգը բաժանել:

Ուտելուց հետո հավաքում են սպասքը, մաքրում սեղանները, դատարկ ամանները վերադարձնում են խոհանոց, սա ամենաշատը սիրում են անել Լիլիան ու Լաուրիկը:
Մանկական խոհանոցում աշխատելիս` անհրաժեշտ պարագաներն իրենք են բերում: Կարողանում են օգտվել խոհանոցային բոլոր պարագաներից` սկսած դանակից մինչև ջեռոց, կարողանում են կտրատել սննդամթերքը:

Ուզում եմ պատմել մեր ձմռան թթվի մասին: Երեխաների հետ գնացինք շուկա, արեցինք մեզ անհրաժեշտ առևտուրը և վերադառնալով խումբ՝  մայրիկով, տատիկով ու ողջ պարտեզով անցանք գործի: Երեխաներն այնպիսի վարպետությամբ էին օգտվում դանակից ու կտրատախտակից, որ մայրիկների բերանները բաց էին մնացել, թե ինչպես են իրենց փոքրիկները այդ պինդ բանջարեղենները առանց իրենց վնասելու կտրատում ու տեղավորում դույլն ու բանկաները:

Ուշագրավ է նաև մեր լոշիկի պատմությունը, երբ երեխաներն ալրաթաթախ հունցեցին խմորն ու թթվեցնելուց հետո այն մեծ վարպետությամբ բացելով գրտնակով, տեղավորեցին թիթեղների վրա ու մտցրեցին ջեռոցը: Ապա արդեն պատրաստի լոշիկը համտեսեցին ճաշին:

Սանհանգույցի հասանելի լինելը նպաստում է, որ երեխան ազատորեն ինքնուրույն օգտվի դրանից: Առանց դաստիարակի օգտվում է սանհանգույցից, լվանում է ձեռքերը:

Մի դեպք հիշեմ, երբ ծնողը երեխային բերել էր պարտեզ ընդունելու, մենք խմբում էինք, ու ես ծանոթացնում էի նրանց մեր ծրագրին: Աղջիկներից մեկը մտել էր սանհանգույց, ինքնուրույն հոգացել իր կարիքները, ապա ջուրը քաշել, լվացել ձեռքերն ու վերադարձել իր խաղին: Այս ամենը ես չնկատեցի, քանի որ մեջքով էի կանգնած, բայց նկատեցի ծնողի զարմացած հայացքն ու հարցրեցի, թե ինչ է պատահել: Ծնողն աչքի տեսածին չէր հավատւմ:

Երեխաների նախընտրելի զբաղմունքներից է նաև մուլտֆիլմ դիտելը, և դրա համար նրանք մեզ դիմելու անհրաժեշտություն չեն զգում, քանի որ շատ հանգիստ կարողանում են միացնել հեռուստացույցն ու DVD-ին, սկավառակը տեղադրել ու միացնել, ընտրել իրենց ուզած մուլտֆիլմն ու հարմար տեղավորվելով գորգին` նայել:Մեր տեխնիկայի վարպետը Սերոժիկն է, որն այդ հարցում երեխաների շտապ օգնությունն է: Մի անգամ վահանակը մուլտֆիլմն «առաջ չէր տանում», ու երեխաներն ինչքան փորձում չէին, կարողանում անել, Սերոժիկը, վերցնելով դա, ասաց.
- Որ չգիտեք, մի արեք,- ու մարտկոցներն ուղղելով՝ նորից կարգի գցեց:

Երբ ջրաներկով նկարելու կամ ապլիկացիա անելու ենք պատրաստվում, նրանք արդեն առանց ինձ հարցնելու արագ բերում տեղավորում են անհրաժեշտ նյութերը, բաժանում թղթեն ու վրձինները, մկրատներն ու գունավոր թղթերը, և գիտեն, թե իրենց ընկերներից ով որ գույնի վրձինը կամ մկրատն է սիրում: Իսկ երբ վերջացնում են, իրենք իրենց աշխատանքը տանում կախում են ցուցադրման պարանին, որը ցածր է կապված և հասանելի է իրենց: Այնուհետև սկսում են մաքրել ու հավա քել սեղանները, լվանալ վրձինները, տեղավորել նյութերը, ավլել հատակն ու դասավորել աթոռները:

Երեխաները վարպետ են խաղեր հորինելու և կազմակերպելու գործում
Ինքնաբուխ խաղի ընթացքում երեխան դրսևորում է խոսելու և շփվելու հակումները:

Ինքնակազմակերպվող խաղում երեխան՝

  • բավարարում է իր բնական հակումները,
  • բացահայտում է  իր առանձնահատկությունները,
  • ինքնադրսևորվում է,
  • սոցիալական հարաբերությունների մեջ է մտնում ընկերների հետ և ինքնուրույն  կարգավորում իր հարաբերությունները
  • փորձում է ինքնուրույն հաղթահարել խոչընդոտները
  • առօրյա խնդիրներին սովորական կամ անսպասելի լուծումներ է գտնում
  • սովորում է իր առջև խնդիրներ դնել և լուծել:

Ինքնաբուխ գործունեությունը բխում է երեխայի հետաքրքրություններից, հետևաբար այն ամենաարդյունավետն է: Անկախ, ազատ գործող երեխան լիովին օգտագործում է իր բոլոր հմտություններն ու ունեցած ինֆորմացիան: Երեխայից լավ ոչ ոք չի կարող որոշել նրա կենսական ու կենսաբանական պահանջմունքները, որոնք նպաստում են նրա զարգացմանը:
Էմման, Մերին ու մյուս աղջիկները տունտունիկ են խաղում: Տիկնիկը «հիվանդ» էր, «դեղերը» չէին օգնում: Էմման առաջարկում է նոր դեղ հորինել: Բերեցին ջուր, մուրաբա, խառնեցին, մի քիչ մածուն ավելացրին, մի քանի հատ չամիչ գցեցին մեջը և որոշեցին, որ «հրաշք» դեղը պատրաստ է: Տիկնիկի «ջերմությունն» իջավ: Այդ դեղից տվեցին նաև հարևանի տիկնիկին, որի ջերմությունը նույնպես չէր իջնում: 

Ռոբերտն ու Արտյոմը որոշեցին ճոճանակով  30 անգամ  ճոճվել և քանի որ այդքան հաշվել չգիտեին, կանչեցին Արսենին, որը  լավ է հաշվում: Եկավ նաև Մերին: Երեխաները միասին 10-15 անգամ հաշվեցին մինչև 30-ը, որովհետև հերթով ճոճվում էին` յուրաքանչյուրը` 30 անգամ: Եթե մեկը մի քանի ճոճ (իրենց բառն է) ավելի էր ճոճվում, մյուսներն էլ այդքան ճոճ ավելի էին ճոճվում:
Իմաստ չունի երեխային չարչարելով 10-ից ետհաշիվ անել տալ, տարվա բոլոր ամիսների անունները (ըստ տարվա եղանակների) կամ այլ բան սովորեցնել, եթե դրա անհրաժեշտությունը չի առաջացել, դա նրան չի հետաքրքրել:

Երեխաները մեծ հաճույքով ու առանց վարանելու օգնում են միմյանց թե´ հագնվելիս, թե´ ուտելիս, թե´ ինչ-որ խոչնդոտներ հայտնվելու դեպքում:

Գործունեության որևէ ձև կազմակերպելիս դաստիարակը չի պարտադրում, առաջարկում է, հետաքրքրում`աստիճանաբար բոլորին ներգրավելով դրա մեջ: Եթե մի քանիսն էլ չեն ուզի, հոգ չէ, թող զբաղվեն իրենց նախընտրած գործունեությամբ:

Երեխային շրջապատող բոլոր մեծահասակները իրենց գործողություններով պետք է նպաստեն նրա ինքնուրույնության ձևավորմանը: Նա վարպետի հետ աթոռ-սեղան կնորոգի, բակը կփորի, ծառ ու ծաղիկ կմշակի, տիկնիկ կպատրաստի ու տոնի հագուստներ կկարի:
Ինքնուրույն ընտրելով գործունեությունը`երեխան երկար ժամանակ հետաքրքրություն է ցուցաբերում, և պահպանվում է խթանը:

Նախակրթարանում երեխան զբաղվում է գործունեության ամենատարբեր ձևերով, և երեխայի գործունեությունը կազմակերպելիս մեծերը ապահովում են երեխայի՝

  • գործունեության ընտրության ազատությունը,
  • խոսքի ազատությունը,  խոսքի զարգացումը,
  • ինքնադրսևորման, ինքնարտահայտման ազատությունը,
  • հետազոտելու և ինֆորմացիա ձեռք բերելու, իմանալու, հասկանալու հնարավորությունը և ազատությունը,
  • ֆիզիկական ազատ, անկաշկանդ  շարժման հնարավորությունը (ֆիզիոլոգիական զարգացման պահանջմունքի  բավարարում),
  • ցանկությունները բավարարելու ազատությունը:

Ուզում ենք՝

  • ոչ թե պասիվ լսող,  դաստիարակի թելադրանքները կատարող երեխա, այլ ազատ ապրող, խաղացող, կառուցող, ստեղծող, ստեղծագործող, հետազոտող, ինքնուրույն հայտնաբերող անհատականություն, որի կողքին դաստիարակը  վստահելի ընկեր է,  խորհրդատու, լավ բարեկամ.
  • ոչ թե միադեմ երեխաների խումբ, որոնց շատ հեշտ է կառավարել, այլ իր բնազդների բավարարման ընթացքում իր ակտիվության դրսևորման արդյունքում զարգացող, կազմակերպվող, սոցիալական  հարուստ ու հետաքրքիր կյանքով ապրող, հետաքրքրասեր, պրպտող, ճարպիկ անհատ.
  • ոչ թե պատրաստի գիտելիքներ յուրացնող,  այլ ազատ գործունեությամբ զարգացող,  գործունեության և փորձի միջոցով ինֆորմացիա  ձեռք բերելու ունակ.
  • ոչ թե սպառող, այլ ստեղծող, ստեղծագործող:

Երեխան նախակրթարանում պատրաստվում է ոչ թե դպրոցին, այլ կյանքին: Ապրում է և պիտի վարժվի իր առջև կյանքի դրած խնդիրներն ինքնուրույն լուծելուն:

Պետք չէ բռնադատել մարդու հոգին,այլ անհրաժեշտ է ուշադիր հետևել յուրաքանչյուր երեխայի բնական զարգացնամ օրենքներին, նրա առանձնահատկություններին, ձգտումներին ու պահանջներին և օգնել նրան բացահայտելու իր ողջ ներուժը,դրանով նպաստելով նրա առաջընթացին ու զարգացմանը,քանի որ երեխան միշտ պիտի հավատա իր ուժերին ու ինքնավստահ լինի:

Ամենակարևորը երեխային կենսաբանորեն տրված ազատության պահպանումն է և նրա ինքնաբավարարման հակումը: Երեխայի ազատությունը կարող է սահմանափակվել միայն անվտանգությամբ:

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.