ԴՊԻՐ 14
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ
Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»
Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք
Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»
Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»
«Հաղորդակցություն»
Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»
Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»
Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»
Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»
Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»
Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»
Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»
Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»
Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»
Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»
Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»
Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»
Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»
ԱՐՁԱԳԱՆՔ
ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին
|
Անահիտ Հարությունյան
5 տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում
«Զարգացման բնականոն ընթացքում ուսուցումը միջոց է, որն ամրապնդում է զարգացման գործընթացը..., իսկ միջավայրը խթանում է այդ գործընթացը» (Լև Վիգոտսկի):
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանների և մասնավորապես 5 տարեկանների նախապատրաստական խմբերում իրագործվող ծրագրի («Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում») նպատակը երեխայի զարգացումն է գործունեության միջոցով: Եվ որպեսզի տեղի ունենա երեխայի կենսաբանական, ֆիզիկական և մտավոր համաչափ զարգացումը, անհրաժեշտ է հետաքրքիր, դինամիկ և երեխայի հետաքրքրություններին համապատասխան միջավայր: Երկրորդ կարևոր նախապայմանը երեխայի անհատականությունը հարգող դաստիարակն է, որը խրախուսում է երեխայի ինքնակազմակերպվող գործունեությունը, որի ժամանակ երեխան բավարարում է իր կենսական ու կենսաբանական պահանջմունքները, որն էլ խթանում է նրա զարգացումը: Բացի խրախուսելուց, դաստիարակը նաև հետաքրքրում, շահագրգռում է երեխային` առաջարկելով որևէ աշխատանք կամ գործունեության ձև` ունենալով հստակ նպատակ:
5-6 տարեկան երեխան քիչ թե շատ ուսումնասիրել է իրեն անմիջականորեն շրջապատող աշխարհը, հարմարվել է դրանում ապրելուն, բայց դեռ չի յուրացրել: Փոխվում է նրա կյանքի նախորդ փուլերի խաղերի բնույթը, դրան միախառնվում է աշխատանքը, նա ձգտում է հասկանալ, «նվաճել» իրեն շրջապատող աշխարհը: Նա հետաքրքրասեր է:
Նախակրթարանում երեխայի գործունեության մեջ դեռ գերակշռում է ազատ, ինքնաբուխ խաղը, բայց դրանք ավելի ու ավելի «իմացական են» դառնում, ավելի բազմազան, խաղում ավելանում է խոսք ու զրույցը: Երեխան շփվում է մեծահասակների հետ, նրանց փոխհարաբերությունները համագործակցային են:
Երեխայի գործունեության ձևերն են`
Ճանաչողական գործունեություն (լեզվական, բնագիտություն, թատրոն, մնջախաղ, տիկնիկային
թատրոն, խոհանոց)
Գեղարվեստական (երաժշտական, կերպարվեստ-ձեռարվեստ, թատրոն, մնջախաղ, տիկնիկային թատրոն)
Մարմնակրթություն (ֆիզկուլտուրա, շարժական խաղեր, պար, մնջախաղ, հիգիենա)
Սոցիալական հմտություններ (միջանձնային հարաբերություններ, սեփական անձի, անհատականության դրսևորում)
Ճանաչողական գործունեություն, որի մեջ մտնում են լեզվական աշխատանքը, բնագիտությունը, խոհանոցը, թատրոնը, մնջախաղը և տիկնիկային թատրոնը: Հիմքում ունենալով ստեղծագործելը` գործունեության նման ձևը լուծում է հետևյալ խնդիրները` երևակայության, ազատ խոսքի ու մտքի զարգացում, հետազոտելու և ինֆորմացիա ձեռք բերելու, իմանալու, հասկանալու հնարավորություն: Երեխան ուսումնասիրում է իրեն շրջապատող միջավայրը, ճանաչում է այն ամենօրյա աշխատանքի ընթացքում: Խմբասենյակում երեխաները բույսեր են ցանում, մինչև ցանելը դրանք դնում ենք ջրի մեջ և հետևում, թե քանի օրից երևաց արմատը, իսկ հետը դրանք տնկում են ջերմոցից բերած հողի մեջ: Յուրաքանչյուր երեխա ունի իր սենյակային բույսը, որը ջրում է, խնամում: Աշնանը ծառատունկ ենք անում ծնողների հետ, իսկ գարնանը արթնացնում ենք նրանց` քնքուշ խոսքեր ասելով, ջրում ենք, որ ծառերը կանաչեն ու չչորանան: Բույսերի, ծառերի ամենօրյա խնամքը մեր գործունեության ամենօրյա մասն է:
Աշնանացանի ծեսի ընթացքում որոշեցինք քար ու եփած սերմեր ցանել: Այն տեսանելի է դարձնում կենդանի ու անկենդան բնության տարբերությունը ու երեխաներին հնարավորություն է տալիս համեմատություն անելու:
Խոհանոցը այն լաբորատորիան է, որը երեխաներին հնարավորություն է տալիս չափել, հաշվել, կշռել, համեմատել: Խոհանոցը այն միջավայրն է, որը երեխայի ամբողջական զարգացման հնարավորություն է ընձեռում: Աշխատելով խոհանոցում, երեխան կենդանի գիտելիքներ ու իրեն անհրաժեշտ և օգտակար կարողություններ ու հմտություններ է ձեռք բերում:
Թատրոնը և լեզվագործունեությունը իրար զուգահեռ են ընթանում, որովհետև լուծում են նույն խնդիրները` ստեղծագործական մտքի ու խոսքի զարգացում, ինքնարտահայտման հնարավորության ընձեռում: Գործունեության ցանկացած ձևով զբաղվելիս` այն ուղեկցվում է լեզվական աշխատանքով: Երեխան պատմում է իր արած աշխատանքի մասին, կարծիք է հայտնում, հիմնավորում:
Գեղարվեստական գործունեության ընթացքում երեխան զբաղվում է ստեղծական աշխատանքով: Երգը, հեքիաթը նկարում ենք, պատմում ենք դրա մասին, և այն ավելի լավ է տպավորվում: Բացի նկարելուց, երգն ու հեքիաթը սովորում ենք խաղերի միջոցով:
Ներկայացնենք, թե ինչպես ենք խաղացել՝ խաղի հիմքում Հ. Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթը դնելով:
Մինչև խաղալը երեխաները ստվարաթղթից պատրաստում են խաղի առարկաները` պոչ, կաթի սափոր, ուլունք, խոտ, հոսող ջուր, ձու, կուտ:
Խաղացողները բաժանվում են երկու խմբի: Խմբերում դերաբաժանում են կատարում` տատ, աղվես, կով, արտ, աղբյուր, աղջիկ, չարչի, հավ, կալվոր: Երկու խմբերում էլ յուրաքանչյուր հերոս վերցնում է համապատասխան առարկա` տատը` պոչը, աղբյուրը` ջուրը, …: Մասնակիցները խառը կանգնում են իրարից հեռու: Խաղը սկսվում է հեքիաթի վերջից: Աղվեսը կալվորից վերցնում է կուտը, տալիս է հավին, հավից ձուն վերցնում է, տալիս է չարչուն, չարչուց ուլունքը տալիս է աղջկան, այսպես, մինչև տատից պոչը վերցնում է, գալիս կանգնում է խաղավարի մոտ: Հաղթում է այն թիմը, որի աղվեսը առաջինն է հասնում խաղավարին:
Մարմնակրթությունը՝ որպես գործունեության ձև, հնարավորություն է տալիս ֆիզիկական ազատ, անկաշկանդ շարժման, որը նպաստում է երեխաների ֆիզիոլոգիական զարգացմանը: Բացի դրանից` երեխաները խաղի, մարզումների, շվեդական պատի վրա ձգումների ընթացքում հաշվում են, նոր խաղեր, հետաքրքիր ու անսպասելի լուծումներ են գտնում տարբեր խոչընդոտներ հաղթահարելիս:
Օտար լեզվի պարապմունքները (անգլերեն, ռուսերեն) անց են կացվում 20-ական րոպեով` խաղերի, երգերի միջոցով: Այն կապվում է գործունեության ձևերի հետ, որովհետև ընթացքում երեխաները և’ նկարում են, և’ պատմում են, և’ երգում են:
Նախակրթարանում տառի կամ թվի ուսուցումը կատարվում է գործունեության ընթացքում: Ներկա-բացակայի թերթիկը նպաստում է տառուսուցմանը: Ամեն օր իր անվան դիմաց փակցնում է իր, ընկերոջ անվան, գործունեության ընթացքում սովորած բառերի տառերը:
Գործունեության ինչ ձևով էլ երեխան զբաղվի, հիմքում դրվում է ստեղծագործելը: Գործունեության որևէ ձևով զբաղվելը չի սահմանափակում գործունեության մյուս ձևերի կիրառումը, քանի որ դրանք փոխկապակցված են, և մեկը շարունակում է մյուսին:
Երեխան տառերը սովորում է ու թվաբանական գիտելիքներ է ձեռք բերում գործունեության ընթացքում: Հրաժարվել ենք ուսուցողական ծանր գործընթացից, ոչինչ չտվող դասարանային միջավայրից, գրքերով ու տետրերով աշխատելու հոգնեցնող ու անհետաքրքիր աշխատանքներից: Իրեն սիրելի և հարազատ խաղով, նկարելով, երգելով, հորինելով նա աստիճանաբար յուրացնում է այն, ինչ հասանելի է այդ տարիքի երեխային: Ահա, օրինակ, ինչպես ծանոթացանք «Ծ» տառին ու ճանաչեցինք «Ծ» տառը:
Ամեն ինչ սկսվեց ծիծաղից: Իրար խուտուտ տվեցինք, մի լավ ծիծաղեցինք: Հետո ծիծաղեցին մեր ձեռքերն ու ոտքերը (մնջախաղ, թատրոն, երևակայություն): Տիգրանն ասաց, որ ձեռքերի բերանները փակվում-բացվում են, ու նրանք ծիծաղում են: Հետո խոսեցինք ծիծաղի մասին: Հարցրի, թե ինչ է ծիծաղը (բանավոր զրույց, երևակայական, ստեղծագործական աշխատանք, որի ժամանակ երեխան մտածում է, մեկնաբանում, հիմնավորում է իր կարծիքը): Իրար ետևից հնչում էին պատասխանները, որովհետև թեման նրանց հետաքրքրում էր:
- Ի՞նչ է ծիծաղը:
Անուշ - Ծիծաղը ուրախություն է, որովհետև մարդիկ ուրախանում են:
Մ. Անի - Ծիծաղը շատ երկար է, որովհետև երբ մարդիկ ծիծաղում են, երկար են ապրում, ծիծաղի նման երկար կյանք են ունենում:
Արտաշես - Ծիծաղը խուտուտ է տալիս, որովհետև երբ մարդուն խուտուտ են տալիս, նա ծիծաղում է:
Լիանա - Ծիծաղը ծնունդին է գալիս, մեկ էլ ծաղրածուն է ծիծաղեցնում:
- Որտե՞ղ է ապրում ծիծաղը:
Արթուր – Ծիծաղն ապրում է բերանի մեջ, որովհետև մարդիկ բերանով են ծիծաղում:
Հ. Անի – Ծիծաղն ապրում է «Ծ» տառի բերանի մեջ, որովհետև ծիծաղը սկսվում է «ծ»-ով:
Հ. Վահե - Ծիծաղն ուրախության մեջ է ապրում, որովհետև ուրախություն է բերում:
- Ի՞նչ գույն ունի ծիծաղը:
Մ. Անի – Ծիծաղը մարմնագույն է, որովհետև բերանից է դուրս գալիս:
Վահան - Ծիծաղը ծիրանագույն է, որովհետև դեմքը ծիրանագույն է:
Սերգեյ - Ծիծաղը կանաչ է, որովհետև ես այսօր կանաչ շոր եմ հագել:
Անուշ - Ծիծաղը վարդագույն է, որովհետև վարդագույնը ուրախ գույն է:
Զրույցից հետո ծիծաղի «Ծ» տառը նկարեցի գրատախտակին, և սկսեցինք նկարել ծիծաղկոտ Ծ (կերպարվեստ, երևակայական աշխատանք): Երեխաները մեծ ոգևորությամբ աշխատում էին, շատ հետաքրքիր աշխատանքներ էին ստացվել: Աշխատանքները ավարտելուց հետո երեխաները մաքրեցին իրենց սեղանները, լվացին ջրամանններն ու վրձինները (ինքնասպասարկում, հիգիենա):
Ավարտելուց պատմում էին, թե ով ինչ է նկարել:
Հայկ – Իմ նկարում ամպերը էնքան են ծիծաղել, որ թափվել են գետնին:
Արշակ - Ծիծաղը ծիծաղում է ամպերի միջից:
Անուշ - Փոքր ծիծաղը մեծ ծիծաղի հետ զբոսնում է, վերևում էլ ծիծաղամարդ եմ գրել:
Հ. Անի – Ծիծաղի ընտանիքն եմ նկարել` բալիկը, մայրիկը և տատիկը գնացել են զբոսնելու:
Գոռ - Անձրև է գալիս, ծիծաղը գլխարկ է դրել:
Դանիել - Իմ ծիծաղը ձյուն է սիրում: Դրա համար նկարել եմ ձմեռ:
Անկախ գործունեության ձևից՝ առաջին տեղում երեխայի ստեղծագործելն է: Զբաղվելով որևէ գործունեությամբ (նկարչություն, երաժշտություն, թատրոն, խաղ, գիտելիք, աշխատանք)՝ երեխան անընդհատ ստեղծագործում է, հորինում, նոր և անսպասելի լուծումներ փնտրում և գտնում: Երևակայության, ստեղծագործական մտքի զարգացումը գործունեության բոլոր ձևերի հիմքում է: Աշխատելով ռոդարիական հնարքներով՝ գործունեության ցանկացած ձևով զբաղվելու արդյունքում նպաստում ենք երեխայի ստեղծագործական մտքի և խոսքի զարգացմանը:
Երեխայի խոսքի և ստեղծագործական մտքի զարգացման համար ամենակարևոր նյութը հեքիաթն է, այն երեխայի հոգևոր սնունդն է: Յուրաքանչյուր երեխա հեքիաթասաց դառնալու հնարավորություն ունի:
Նախակրթարանում երեխան զբաղվում է իրեն հետաքրքրող գործունեությամբ, դառնում է կազմակերպիչ: Ինքնակազմակերպվող գործունեության ընթացքում երեխան սովորում է գիտակցաբար մոտենալ իր գործողություններին: Ինքնաբուխ գործունեության ընթացքում երեխան դրսևորում է շփվելու և խոսելու հակումները:
Նախակրթարանում ոչ միայն երեխան է դառնում գործունեության կազմակերպիչ, այլ նաև դաստիարակը` կոնկրետ նպատակ ունենալով:
Մի օր բակում զբոսնելիս Տիգրանն ասաց, որ ծաղկած ծառի ծաղիկները նման են ադիբուդու: Տիգրանի համեմատումը սկսեցին շարունակել մյուսները: Վահանի սիրտն էլ ադիբուդի ուզեց, ասաց` ընե~նց ադիբուդի կուտեի: Որոշեցինք ադիբուդի սարքել: Վարդանն ասաց, որ իրենք ադիբուդի պատրաստելու սարք ունեն: Խնդրեցինք Վարդանի մայրիկին, և նա բերեց այդ սարքը: Զրուցեցինք, հասկացանք, որ ադիբուդին պատրաստում են եգիպտացորենից: Երեխաները գիտեին դրա ռուսերեն անվանումը: Իսկ թե ինչպես է եգիպտացորենի հատիկը դառնում ադիբուդի, որոշեցինք պատրաստել ու տեսնել (ճանաչողական գործունեություն-խոհանոց, բնագիտություն, լեզվական աշխատանք): Պատրաստելուց հետո կերանք: Դրանից հետո սկսեցինք Ադիբուդի-Ծառ պատրաստել (ձեռարվեստ): Ադիբուդիները հաշվելու, համեմատելու շատ լավ նյութ էին: Երեխաները հաշվում էին, թե ով քանի հատ կպցրեց, ումն է շատ, ումը քիչ, քանի հատ վերցնի, որ դառնա... և այլն:
«Պայծառ գլուխը և հմուտ ձեռքերը ավելին են, քան անպետք գիտելիքներով ծանրաբեռնված միտքը: Անհրաժեշտ է վերացնել հնարավոր բոլոր վտանգները և նախապատրաստել նյութ, որը երեխան, հաջողությամբ օգտագործելով` ստանա կենդանի գիտելիքներ» (Ֆրենե):
Դիտարկելով 5 տարեկանի զարգացումը նախակրթարանում իրականացվող գործունեության տարբեր ձևերի մեջ (ճանաչողական-լեզվական, թատրոն, բնագիտական, խոհանոց, գեղարվեստական-երաժշտական, կերպարվեստ-ձեռարվեստ, մնջախաղ, հիգիենա, մարմնակրթություն-շարժական խաղեր, սոցիալական-միջանձնային հարաբերություններ, սեփական անձի, անհատականության դրսևորում), մենք արդյունքում ունենում ենք ինքնուրույն, ազատ երեխա:
|