«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 14

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ

Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»

Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»

«Հաղորդակցություն»

Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»

Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»

Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»

Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»

Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»

Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»

Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»

Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»

Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»

Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»

Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»

Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»

Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»

ԱՐՁԱԳԱՆՔ

ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ավագ դպրոց

1. Իրավիճակը

Կրթահամալիրի ավագ դպրոցը (10-11-րդ դասարաններ) այսօր շուրջ 300 սովորող ունի: Սովորողների մեծաքանակությունը և կրթահամալիրի` որպես տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հաստատության, առկայությունը հնարավորություն են տալիս ուսումնական գործը կազմակերպելու այնպես, որ յուրաքանչյուր սովորող իր հակումներին, ընդունակություններին, կարողություններին և նախասիրություններին համապատասխան նախնական, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն ունենա, պատրաստ լինի ինքնուրույն կյանք վարելու: 2006 թվականից ԿԳ նախարարի հրամաններով կրթահամալիրում իրականացվում են «Հանրակրթության և մասնագիտական կրթության ներառում» և «Ավարտական դասարանի ուսումնառության արդյունավետ կազմակերպում» գիտափորձերը: Հենվելով այդ գիտափորձերի միջանկյալ արդյունքների վրա՝ մշակվել և ներդրվել են ավագ դպրոցի նոր ուսումնական պլանները (հավելված 1), որոնք հնարավորություն են տալիս սովորողին համադրելու պետական և անհատական ուսումնական պատվերը: Շաբաթական 20-22 ժամ հատկացված է միջնակարգ կրթության պետական չափորոշչով սահմանված ուսումնական բնագավառներին («համընդհանուր կրթություն») և 14-15 ժամի սահմաններում սովորողն ընտրում է նախնական մասնագիտությունների առաջարկված ցանկից կամ առաջարկված նախամասնագիտական (ապագա մասնագիտությանը նախապատրաստող) դասընթացներից: Այդ դասընթացների ծրագրերը մշակվել են կրթահամալիրում իրականացվող «Պետական այլընտրանքային մանկավարժության ծրագրերի իրականացում» ծրագրի շրջանակում: 2007թվականին կլրթահամալիրում լիցենզավորվել է 16 նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտություն (հավելված 2): Կրթահամալիրի ավագ դպրոցի 150 սովորողներ ընտրել են այդ մասնագիտություններից 12-ը: 11-րդ դասարանն ավարտելիս նրանք պետական ամփոփիչ որակավորման ստուգումներ կանցնեն որակավորող հանձնաժողովի կողմից, և կարող են ստանալ համապատասխան վկայական,ինչը նրանց հնարավորություն կտա դպրոցն ավարտելուց հետո մտնելու աշխատանքային շուկա կամ մասնագիտական կրթությունը շարունակելու կրթական հաջորդ աստիճանում (միջին մասնագիտական կամ բարձրագույն): Մշակվել են ավագ դպրոցի ուսումնական պլանների իրագործման համար անհրաժեշտ կարգերը: Ավագ դպրոցի յուրաքանչյուր սովորողի ծնողի հետ կնքվել է ուսումնառության մասին պայմանագիր (հավելված 3):

Կրթահամալիում ավագ դպրոցի սովորողների ուսումնառությունը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական կենտրոններում և լրացուցիչ կրթության դպրոցներում (հավելված 4), արհեստանոցներում և արվեստանոցներում (հավելված 5): Ուսումնառության գործընթացում շատ են կարևորվում սովորողի մեջ հետագայում սովորելու և աշխատելու կարողությունների ու հմտությունների ձևավորումն ու զարգացումը: Ուսուցման գործընթացում շեշտվում են սովորողի ստեղծագործական-հետազոտական գործունեությունը և ՏՀՏ կիրառումը ամենօրյա դասընթացում, իսկ  «ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման եւ կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը» համարվում են հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներից (Հանրակրթության մասին ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 5): Կրթահամալիրում ՏՀՏ-ի կիրառումը դասապրոցեսում սկսվում էհենց առաջին դասարանից: Յուրաքանչյուր ուրբաթ կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում ժամը 15.00 -16.00 ցուցադրվում են սովորողների և դասավանդողների անհատական կամ համատեղ կատարած աշխատանքները: Արդեն ցուցադվել է շուրջ 300 աշխատանք:

Ուսուցման գործընթացում լայնորեն կիրառվում են համակարգչային ծրագրերը և տեղեկատվության մշակման թվային այլ միջոցներ (հավելված 6): Ընթացիկ ուսումնական տարում կիրառվել են սովորողների ստուգման համակարգչային եղանակներ:

Սակայն, պետք է արձանագրել, որ սովորողներից ոչ բոլորն են օգտվում իրենց ընձեռած հնարավորություններից: Այստեղ կարևոր է, որ հիմնական դպրոցի սովորողը լավ չի պատկերացնում իր հետագա անելիքները, կամ չի ճշտել իր մասնագիտական նախասիրությունները: Այս վտանգը կկանգնի նաև հանրապետության ավագ դպրոցների համակարգի առաջ: Հետևաբար փոփոխության կարիք ունեն մանկավարժական մոտեցումները հիմնական դպրոցում, հատկապես սովորողների նախասիրությունների և հետաքրքրությունների բացահայտման հարցում: Կրթահամալիրում այս խնդրի լուծման մի ճանապարհ արդեն կիրառվում է. կրթահամալիրի 7-9-րդ դասարանների սովորողների ուսպլանում ամրագրված է շաբաթական 6-ական ժամ՝ որպես սովորողի նախընտրած գործունեություն: Տվյալ գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքները, հմտությնները սովորողները ձեռք են բերում, մշակում անհատապես, խմբով կամ դիմում են համապատասխան մասնագետին: Նոր ուսումնական տարում առաջարկվող գործունեությունների ցանկը կընդարձակվի: Դժվարություններից է նաև հայ ծնողի՝ իներցիայով եկող «բա երեխաս մի ատեստաատ էլ չստանա՞» մտայնությունը: Արդյունքում «չսովորողին» ոչինչ չտվող թղթի այդ կտորի ձեռքբերումը, որին զոհում է իր երեխայի ձգտումները, ազնվությունը, ծնողի համար դառնում է ինքնանպատակ: Ծնողը համաձայն է, որ իր երեխան գնա «թեկուզ արհեստագործական հոսք», միայն թե վերջում ատեստատ ստանա՝ մոռանալով, որ փականագործի մասնագիտությունն ավելի վատը չէ, քան ուսուցչինը կամ բժշկինը, և այդ մասնագիտությանը տիրապետելու համար մարդը պետք է տարիներ շարունակ սովորի: Այս փորձությունը նույնպես կանգնած է հանրապետությունում ավագ դպրոցների համակարգի կայացման ճանապարհին: Այստեղ կարևորվում են սովորողի և նրա ծնողի հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ տարվող բացատրական աշխատանքները: Այս ուղղությամբ կրթահամալիում կարևորվում են աշակերտական և ծնողական ակումբների աշխատանքները, սովորողների ստեղծած պարբերականների, նյութերի ցուցադրությունը, կրթահամալիրի www.mskh.am էլեկտրոնային կայքի գործունեությունը: Այս խնդրում մեծ դեր ունի կատարելու կրթահամալիրի հրատարակչատունը:

2. Իրագործումներ

2008-2009 ուստարվանից հանրապետությունում սկսվում են ավագ դպրոցների ցանցի ներդրման աշխատանքները: Հանրապետության տարբեր մարզերից ընտրվել են 30 դպրոցներ, որոնք այս ուսումնական տարում գործելու են ավագ դպրոցի կարգավիճակով: 2008-2009 ուստարում կրթահամալիրի ավագ դպրոցի գործունեությունը ծրագրելիս հանրապետության կրթական համակարգը կարգավորող փաստաթղթերից բացի հաշվի են առնվելու «ՀՀ կրթության զարգացման 2008-2015թվականների պետական ծրագրի», «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի», «Հանրակրթության մասին ՀՀ օրենքի» նախագծերը:

2008-2009 ուստարում կրթահամալիրի ավագ դպրոցում գործելու են 10-րդ և 11-րդ դասարաններ:
«Հիմնական կրթությունից հետո կրթության համակարգը պետք է ապահովի կրթությունը շարունակելու բազմազան հնարավորություններ` կախված սովորողների մասնագիտական կողմնորոշվածության, նրանց հավակնությունների, ընդունակությունների և կարողությունների մակարդակից:

Հիմնական կրթության այն շրջանավարտները, որոնք չեն ձգտում բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ստանալ, կամ չեն ունեցել բավարար առաջադիմություն հիմնական դպրոցում, պետք է հնարավորություն ունենան ստանալու գոնե նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն, միաժամանակ չկորցնելով միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունը կամ ուսումը շարունակել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում» (Ավագ դպրոցների ռազմավարական ծրագրի նախագիծ):

Կրթահամալիրի հիմնական դպրոցն ավարտող բոլոր շրջանավարտները կարող են կրթության իրենց իրավունքն իրականացնել կրթահամալիրի ավագ դպրոցում: Կրթահամալիրի ավագ դպրոցում այս ուսումնական տարում կկիրառվի ավելի ճկուն ուսումնական պլան, ինչը թույլ կտա սովորողին «լիարժեք բավարարել իր հետաքրքրությունները և կատարել առարկաների ընտրություն ըստ իր նախասիրությունների և պահանջմունքների» (Ավագ դպրոցների ռազմավարական ծրագրի նախագիծ): Կրթահամալիրի ավագ դպրոցում սովորողների թիվը, տարբեր ուսումնական կենտրոնների, լրացուցիչ կրթության դպրոցների, արհեստանոցների և արվեստանոցներ առկայությունը տարատեսակ կրթական ծրագրերի իրականացման հնարավորություն են տալիս:

Կրթահամալիրի ավագ դպրոցում պարապմունքները կազմված կլինեն առանձին դասընթացներից: Յուրաքանչյուր ուսումնական բնագավառի համար կարող են գործել տարբեր դասընթացներ: Սովորողն ինքն է ընտրում և կազմում իր անհատական ուսումնական պլանը: Դասընթացները բաժանվում են երեք խմբի՝ ընդհանուր պարտադիր կրթության, հոսքային (սովորղի ընտրած նախամասնագիտական կամ մասնագիտական կրթության) և լրացուցիչ կրթության ծրագրեր: Միաժամանակ, սովորողը պարտավոր է ուսանել առնվազն 3 դասընթաց հոսքային ծրագրով: Սովորողի շաբաթական պարտադիր նվազագույն ուսումնական ծանրաբեռնվածությունը սահմանվում է 30 ժամ, առավելագույն թույլատրելին՝ 34 ժամ: Դասընթացներն ընտրելիս սովորողը պետք է հաշվի առնի, որ ընդհանուր կրթության դասընթացներին հատկացվող ժամաքանակը պետք է լինի 18-20 ժամ, նախամասնագիտական կրթությանը` 10-12 ժամ, լրացուցիչ ծրագրերինը՝ 4-5 ժամ: Յուրաքանչյուր ուսումնական բնագավառից պետք է ընդգրկված լինի գոնե մեկ դասընթաց: Ֆիզկուլտուրային շաբաթական հատկացվում է 3 ժամ, և այն կազմակերպվում է սովորողի նախընտրած մարզաձևի խմբային պարապմունքի ձևով:

Անհրաժեշտության` սովորողի նախամասնագիտական և մասնագիտական կողմնորոշման փոփոխման դեպքում, կրթահամալիրում սահմանված կարգով, սովորողը կարող է փոխել իր ընտրած դասընթացները:

Ընդհանուր կրթության դասընթացները կազմակերպվում եմ 20-25 հոգիանոց խմբերով: Սովորողները կարող են առանձին դասարան կազմել: Նախամասնագիտական պարապմունքները կազմակերպվում են 10-12 հոգիանոց խմբերով: Լրացուցիչ կրթական ծրագրերը կարող են կազմակերպվել ավելի փոքրաքանակ խմբերով: Կրթահամալիրի ունեցած լիցենզիաներին համապատասխան արհեստագործական մասնագիտություններով սովորողները դպրոցն ավարտելիս կհանձնեն նաև պետական որակավորման ստուգումներ: Հաջողությամբ հանձնածները կստանան համապատասխան որակավորման վկայական և ցանկության դեպքում կարող են ուսումը շարունակել կրթահամալիրի քոլեջում կամ ևս 1 տարի սովորել արհեստագործական կրթական ծրագրով:

Նախատեսվում է նաև 1-ամյա արհեստագործական ուսուցման ծրագիր՝ առանց միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու իրավունքի, քանի որ այն չի ներառի հանրակրթական առարկայացանկը:  

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.