ԴՊԻՐ 14
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ
Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»
Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք
Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»
Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»
«Հաղորդակցություն»
Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»
Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»
Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»
Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»
Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»
Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»
Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»
Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»
Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»
Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»
Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»
Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»
Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»
ԱՐՁԱԳԱՆՔ
ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին
|
Ի. Ջանազյան
Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ
Բոլորս մեր հայրենի բնության մի փոքրիկ մասն ենք կազմում: Ժառանգելով մեծ պատմությամբ հայրենիք` պարտավոր ենք կրթել մի սերունդ, որ կզգա մեծ պատասխանատվություն իր մշակույթի, իր հայրենի բնության, հողի, թփի, քարի, ամեն մի գողտրիկ անկյան համար՝ սկսած իր շեմքից, մինչև հայրենիքի հեռավոր վայրերը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական գործընթացի անբաժանելի մասն են կազմում ուսումնական ճամփորդությունները, որոնք կրում են տարբեր ուղղվածություններ՝ հայրենագիտական, այլ ուսումնական (կապված որևէ առարկայի անցած նյութի հետ), ճանաչողական և այլն: Ըստ կրթահամալիրի ուսումնական պլանների՝ յուրաքանչյուր դասարան պետք է ամիսը գոնե մեկ անգամ մասնակցի ուսումնական ճամփորդության:
Ամեն մի հայրենագիտական ճամփորդությունից հետո սովորողներն ստեղծում են ուսումնական նյութեր՝ կապված տվյալ ճամփորդության հետ (օգտվում են ինտերնետից, տարբեր տեսակի գրականությունից, իրենց նկարած լուսանկարներից): Արդյունքում յուրաքանչյուր սովորողը ունենում է իր ստեղծած հայրենագիտական ուսումնական փաթեթը (հնարավոր է՝ նաև էլեկտրոնային տարբերակով): Ամեն հայրենագիտական ճամփորդությունից հետո սովորողները «Տիգրան Հայրապետյան» գրադարանում ներկայացնում են շնորհանդես:
Տվյալ ծրագրի հիմքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարբեր օղակներում գործող հայրենագիտական ակումբներն են: Ակումբային գործունեության ընթացքում եղել են հայրենագիտական և ուսումնական արշավներ (Երևան քաղաքում, քաղաքից դուրս, 1-օրյա, բազմօրյա), որի արդյունքում կազմակերպվել են ցուցադրումներ (ֆոտոնկարների, ձեռք բերված ապարների նմուշների, հայրենագիտական պեղումների (Դվին բերդաքաղաք), հայկական դեղաբույսերի, հերբարիումների և այլն):
2007-2008 ուստարում, ըստ ուսումնական պլանի, հայրենագիտություն առարկան ներկայացվել է որպես հանրակրթական դասընթաց՝ 3-4-րդ դասարաններում՝ 1-ական, 5-րդ դասարանում՝ 2 ժամ:
2007թ. նոյեմբեր ամսից Բ-4 թաղամասի դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորողների հետ (դասվար Ա. Ավագյան) ամեն չորեքշաբթի՝ 4-րդ ժամին, փորձում ենք ներդնել հայրենագիտությունը տարրական դասարաններում: Ակնկալում ենք տարվա վերջում ունենալ «Հայրենագիտությունը տարրական դասարաններում» ուսումնական փաթեթի էլեկտրոնային տարբերակը:
Այս հետազոտական նախագծի որոշ արդյունքներ ներկայացրել ենք ուսումնական նյութերի ուրբաթօրյա ցուցադրությունների ժամանակ: Ներկայումս այն մշակման և զարգացման փուլում է:
Այս ծրագրի նպատակն է`
- ճանաչել և ուսումնասիրել սեփական հայրենիքը (պատմությունը, մշակույթը, մարդկանց).
- քայլ առ քայլ ճանաչել, ուսումնասիրել, ճանաչելով իսկ մեծացնել սեփական միջավայրի շրջանակը՝ դարձնելով այն անսահման (բակ-փողոց-դպրոց-քաղաք-գյուղ-Երկիր-մոլորակ).
- գլխավոր նպատակներից մեկն էլ շփումն է (դասավանդող-սովորող, ծնող-դպրոց, արշավական-տեղացի և այլն).
- բնագիտության լաբորատորիայի մի անկյունում ստեղծել հայրենագիտական անկյուն, որտեղ սովորողները ցուցադրելու և պահպանելու են իրենց ստեղծած-հավաքած նյութերը (պեղումների արդյունքներ, ֆոտոալբոմներ, ապարների նմուշներ, հերբարիումներ և այլն):
Այս ծրագրի շրջանակում նախատեսվում են քննարկումներ, սեմինար-պարապմունքներ դասվարների և դասղեկների հետ:
Ծրագրի ուղղությունները՝
- ակումբային գործունեություն
- հանրակրթական դասընթացներ
- ուսումնական և հայրենագիտական արշավներ
Լուծվող խնդիրները՝
- սովորողը և ուսուցիչը կդառնան հայրենաճանաչ,
- սովորողների և ուսուցիչների շփում (ընկերասիրություն, միմյանց օգնելու և հասկանալու հատկություն),
- սովորողների մարդկային որակների ձևավորում (ուսումնական միջավայրի բարելավվում),
- սովորողների և ուսուցիչների փոխանակում,
- սովորողների գրագետ արշավելու ունակություն:
Նախատեսված միջոցառումները՝
- արշավներ (1-օրյա, բազմօրյա, շուրջ տարի)
- ձեռք բերված նյութերի ցուցադրում և ներկայացում (ֆոտոնկարներ, պեղումներ, ապարների նմուշներ, հերբարիումներ և այլն)
- ամառային (հունիս-հուլիս) և ձմեռային (հունվար) ճամբարների կազմակերպում
- տարեվերջյան հաշվետու ստուգատես (ուսումնական տարեվերջ, ամառային ճամբար)
- յուրաքանչյուր արշավից, ճամբարից, հայրենագիտական միջոցառումից հետո՝ համապատասխան հաշվետվություն:
Յուրաքանչյուր ճամփորդություն շատ խնդիրների է հանդիպում և շատ խնդիրներ է լուծում:
Մինչ մեկնելը`
- հանրագիտարանից, ինտերնետից, տարբեր գրականությունից տեղեկանալ մեկնելու վայրի, պատմության մասին,
- որոշել յուրաքանչյուրի անելիքը (լրագրող, առաջին օգնություն ցույց տվող, մաթեմատիկների խումբ և այլն),
- պատրաստել ուսումնական նյութ,
- լրացնել ճամփորդության գնահատման ռուբրիկը:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցներն են՝
- «Պատանի հետազոտողի և ստեղծագործողի հեռակա հանրապետական դպրոցի» հատկացումներ,
- ծնողական միջոցներ,
- ընդունող կազմակերպությունների (անհատների և խմբերի) ներդրումներ,
- եկամուտի այլ աղբյուրներ:
Հայրենագնտական արշավի համար անհրաժեշտ են՝
տրանսպորտի միջոց
վրան
քննապարկ
ուսապարկ
հետադիտակ
կողմնացույց
քարտեզներ և հատակագծեր:
Հայրենագիտական ճամփորդությունների ժամանակ սովորողին հնարավորություն է ընձեռվում իր ստացած գիտելիքները գործնականում կիրառելու, որը մենք՝ դասավանդողներս, շատ կարևորում ենք:
2007-2008 ուստարում ծրագրի գլխավոր թեման է «Իմ փոքրիկ հայրենի անկյունը», որը բաժանվում է հետևյալ ենթաթեմաների (աշխատում է ամբողջ կրտսեր դպրոցը)՝
- Մեր թաղամասը, փողոցը
- Մեր դպրոցը
- Մեր գյուղը
- Մեր քաղաքը
- Մեր երկիրը
- Մեր աշխարհը:
Սովորողները ուսումնասիրում, ճանաչում և հետազոտում են իրենց թաղամասը (դպրոցը, քաղաքը, գյուղը, երկիրը), բացահայտում տվյալ տարածաշրջանի անվան ծագումնաբանությունը, բնորոշ գծերը (բարբառ, ավանդապատումներ, աշխարհագրական դիրք, պատմական ակնարկ, բնակչություն և այլն):
2007-2008 ուստարում, բացի վերը նշված թեմաներից, սովորողները զուգահեռ աշխատել են (իրենց առաջարկությամբ, իրենց հետաքրքրասիրության շրջանակում) հետևյալ թեմաներով՝ «Կողմնորոշում տեղանքում», «Հայկական լեգենդներ», «Ավանդական տոներ» և այլն: Այս աշխատանքների ներկայացվել են ուսումնական նյութերի շնորհանդեսին:
|