«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Թամեռլան Թադտաև

Խաղաղության ծխամորճը

Փոքրիկ Թամուկը դպրոց էր վազում: Նա կատարելապես երջանիկ էր: Մի շաբաթ առաջ հայրը վերադարձել էր Ռուսաստանից, որտեղ փող էր աշխատում, և այսօր վերջապես հեռուստացույց գնեց երաժշտական խանութից: Այժմ Թամուկը Շտիրլիցի մասին ֆիլմը չի դիտի  Իգերենց տանը, ում մայրը գեղեցիկ է, բայց չար, կարծես կապը կտրած: Դե, արդեն հերիք է, ինքն այլևս այդ ամբարտավան հարուստների տուն ոչ մի դեպքում չի գնա:

Դպրոցում էլ ստելու կարիք չի լինի: Չէ՞ որ Թամուկը բոլորին ասում էր, թե իբր իրենց տանը մեծ հեռուստացույց կա և «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմը դիտելու են գալիս հարևանները: Արդեն զզվացրել են: Խղճները լրիվ են կորցրել: Մայրիկը՝ Իրան, քշում է նրանց, իսկ սրանց հեչ վեջն էլ չէ: Ուռած-փքված գնում են, իսկ հաջորդ օրը կրկին սողում են քծնող ժպտիկներով.

- Իրա մորաքույր, կարելի՞ է կինո նայել: Իգերի մայրը մեզ կրկին վռնդեց:

- Դե, իհարկե, նայեք, - ասում է Իրա մայրիկը,- ես հո այնպես չար չեմ, ինչպես ոմանք, որ վռնդեմ խեղճ երեխաներին: Եվ սկահակի միջի կոֆետներն էլ կերեք, մի՛ վախեցեք: Դրանք սիրունության համար չեմ սեղանին դրել:

 - Շնորհակալություն, Իրա մորաքույր: Էլ չենք գնա բեմբիզ Իգերենց, ում մայրն այդպես կատաղած է:

- Խնդրեմ, համեցեք, կարող եք թեկուզ մինչև լույս նստել; Ե՛վ սերկևիլի մուրաբայով կհյուրասիրեմ, և՛ տանձի խոշապ կբացեմ: Խմե՛ք, անուշ լինի…

Թամուկը վազեց անցավ փոքր կամուրջը և կանգ առավ տաքսիստ Նուգզարի երկհարկանի մեծ տան մոտ: Ներսում, հավանաբար, 10 սենյակից պակաս չէ, մոտավոր հաշիվ արեց Թամուկը՝ նախանձով նայելով ներքևի հարկի վարագուրված լուսամուտներին: Իսկ մերն ընդամենը երկուսն է, եթե սենյակ հաշվենք ոչ մեծ կցակառույցը: Իհարկե, եթե հայրիկն էլ տաքսիստ աշխատեր, ինքն էլ դրանից ոչ փոքր տուն ձեռք կգցեր, և այդ ժամանակ Թամուկը ուժեղ ապտակներ չէր ստանա ավագ քրոջից, որը դաս էր սովորում կաթնակեր եղբայրիկի լացի ներքո, որը մշտապես նվնվում էր: Դպրոցը հենց այդտեղ էր, անկյունադարձին, և զանգը «գտավ» Թամուկին Նուգզարի այգու դեղձենու վրա: Մի մեծ և հյութեղ դեղձ նա արդեն հասցրել էր խժռել, կանգնած ճյուղի վրա, ու քիչ էր մնացել խեղդվեր կորիզից: Մյուսի քաղցր պտղամիսը միայն երեսանց կծեց և դալկադեմների հետ մարտի պատրաստ հնդկացու նման թռավ խոտի վրա: Նա չէր ցանկանում աղտոտել իր նոր մոսկովյան համազգեստը ոտնատակ եղած փտած դեղձերով, թե չէ Ինչուչունի որդի Վիննետուից ոչ վատ գլուխկոնծի կտար: Դալկադեմները, հավանաբար, տակներն արեցին՝ տեսնելով, թե ում հետ գործ ունեն, և հայացքներ փոխանակելով՝ մնացին պառկած գորշացած խոտի մեջ:

- Սա ապաչիների հողն է,- ասաց Թամուկը`մեծ ռազմիկը, և մարտակոչ արձակելով, ինչպես հնդկացիները «Վիննետուն՝ Ինչուչունի որդին» ֆիլմում, ճանկեց գրքերով պայուսակը, մագլցելով անցավ ցանկապատի մետաղալարե ցանցի վրայով, ընդ որում քիչ մնաց պատռեր շալվարը: Ա՛յ թե կպատժեր Իրա մայրիկը, մտածեց նա, ճիգ թափելով հայացք ձգել իր վրա ետևից, երբ հանկարծ նկատեց փրչոտ շանը, որն ընկել էր իր պոչի հետևից: Թամուկը կանգ առավ և աչքը չկտրելով փողոցային շնից, կռացավ, որպեսզի քար վերցնի: Շունը ևս դադարեց պտույտներ անելուց և ականջները սրելով ու հոտոտելով, զննում էր դպրոցականին: Վտանգ զգալով՝ նա պուկ եկավ: Գլաքարը թռավ շան վրայով, և նա կաղկանձելով արագացրեց վազքը: Մոտիկից անցնող բեռնատարը փոշի բարձրացրեց: Թամուկը մի կողմ քաշվեց և էն է՝ ուզում էր ուղղել համազգեստը, երբ նկատեց Կուչային:

- Վա˜, ո՛ւմ եմ տեսնում,- քմծիծաղ տվեց Թամուկը:- Մոտ արի ու նայիր հետևից: Ոնց որ շալվարս պատռել եմ: Դե մի՛ վախեցիր, չեմ կծում:

Կուչան զգուշորեն մոտեցավ նրան և րոպե անց պառկած էր ասֆալտի վրա, փորձելով պաշտպանել դեմքը Թամուկի բռունցքներից:

- Այդ ո՞ւմ վրա էիք քար շպրտում ամռանը, հը՞: Ավտոդողի վրայից ընկա և ջուրը նրան քշեց դեպի Գուր: Վիտան մազերիցս բռնած դուրս քաշեց, փորս լիքը ջուր…


- Վայմե˜ դեդա,- զռռում էր Կուչան:- Բա՛ց թող: Ես էնտեղ չեմ եղել:

- Հեքիաթներդ ուրիշին պատմիր: Քեզ և չաղ Գոչային ես միանգամից ճանաչեցի: Նրան էլ ձեռքս կհասնի: Իսկ հիմա ստացի՛ր, մորդ…

-Մորս մի՛ հայհոյիր… Կփոշմանես… Վա~խ: Ատամս կոտրեցիր…

- Կփոշմանե՞մ: Ումո՞վ ես ինձ վախեցնում: Դե լսիր`շենի դեդա… Էլի ես ուզո՞ւմ, հա՞:

- Մորս մի՛ հայհոյիր… Նա… նա մահացել է:

Թամուկը բարձրացրեց բռունցքը և քարացավ: Հետո ելավ Կուչայի վրայից և նրան ձեռք մեկնեց:

- Ինչո՞ւ էիր լռում,- փնթփնթաց նա: - Ներիր…

Կուչան հրեց մեկնված ձեռքը և վեր կացավ՝ արյուն թքելով: Գլուխը կախած՝ նա քարշ եկավ ամայի խճուղով ներքև, իսկ Թամուկը կռանալով հավաքեց ասֆալտի վրա ցիրուցան եղած, մտահնար վրացերենով տետրերն ու գրքերը: Խցկելով դրանք կանաչ թղթապանակի մեջ՝ նա հասավ կուզիկացած Կուչային:

- Առ, վերցրու քո գրքերը և ներիր,- ասաց Թամուկը:- Ախր չգիտեի մորդ մասին… Այսինքն… Ես էդ չէի ուզում ասել: Դե, խփիր ինձ, միայն ոչ ուժեղ, թե չէ նորից կչարանամ: Լսիր, ես երեք ռուբլի ունեմ: Ուզո՞ւմ ես ծխախոտ առնենք և գնանք զբոսայգի: Ծխենք խաղաղության ծխամորճը, հա՞: Դու դալկադեմ կլինես, իսկ ես կարմրամորթ, կամ հակառակը: Ընտրիր: Դե վերցրու քո գրքերը…
Կուչան մաքրեց աչքերը և թղթապանակը խոթեց թևատակը:

- Բայց դու դպրոց պիտի գնաս,- ասաց նա:

-Թքած դպրոցի վրա: Լսիր, մի անգամ տեսա, թե դու ինչպես ես ծուխը ներս քաշում և օղակներով բաց թողնում: Կսովորեցնե՞ս:

-Իհարկե: Իսկ հե՞շտ է երկրորդ հերթ դպրոց գնալը:

- Քեզ ո՞նց ասեմ: Հինգերորդ դասարանում հենց էդ էի երազում: Իսկ հիմա նույնիսկ ափսոսում եմ: Ահա դու, օրինակ, արդեն դասերդ վերջացրել ես ու ազատ ես, իսկ ես մինչև իրիկուն պետք է նստեմ նստարանին և վզակոթիս ուտեմ չսովորած դասի համար:

- Ձե՞զ էլ են ծեծում դասատու ները:

- Էն էլ ոնց: Իսկական գեստապոյական են: Հատկապես օսերենի ուսուցչուհին: Էնքան էլ ուժեղ է: Սկզբում ձգում է ականջդ, իսկ երբ դու արդեն ոտքերիդ մատների վրա ես և պատրաստ սլանալու դեպի առաստաղ, խփում է գլխիդ նշանի հաստ մատանիով:

Պատմելով՝ Թամուկը թափ էր տալիս փոշին Կուչայի հագուստի վրայից և նույնիսկ նրան տվեց իր կեղտոտ թաշկինակը, որպեսզի սրբի դեմքի արյունը: Մաքրելուց հետո գնացին Սադովոյի անկյուն՝ Բաբոյի խանութը,  և այնտեղ առանց փնթփնթան Բաբուլյայի ամեն տեսակ հարց ու փորձի, հինգ տուփ «Պրիմա» և մի տուփ լուցկի գնեցին: Կուչան ցանկացավ մտնել նաև կաղ Ժուժուի կրպակը և գարեջուր վերցնել, եթե, իհարկե, չվռնդի, պայթի-տրաքի կարելի էր լիմոնադ գնել, բայց ջնջված ցուցանակի տակի դուռը կողպված էր: Նրանք վազելով անցան փողոցը և թեքված վանդակապատ դարպասներով ներս ծլկեցին զբոսայգի: Բռնցքամարտի դպրոցի մոտով, որտեղից լսվում էին մարզիկների գոռում-գոչյունները և դոփյունները, խշխշացնելով ժանգոտ տերևները  դպրոցականներն անցան, ապա կանգ առան և շուրջները նայեցին:

- Կարծես ոչ ոք չկա,- ասաց Կուչան և, թղթապանակը հսկայական բարդու տակ գցելով, նստեց գրքերի վրա: Թամուկը նստեց նրա դիմաց՝ հենվելով պայուսակին:

- Լավն է պայուսակդ,- ասաց Կուչան՝ բացելով «Պրիմայի» կարմիր տուփը: – Տես, է՛, անձրև եկավ: Ըքը-ըքը: Առանց ֆիլտրի միշտ թունդ է, բայց հայրս միայն սրանք է ծխում: Բա դու չես փորձո՞ւմ:

- Կփորձեմ, իհարկե: Ըքը-ըքը: Ընդհանրապես թունդ չեն: Ըքը-ըքը, Կարող եմ բոլոր վեց տուփն էլ ծխել:

- Ծուխը նե՞րս քաշելով:

-Ոչ, իհարկե: Դե՛, ինքդ ծուխը ներս քաշիր… Իսկ օղակնե՞րը, օղակնե˜րը: Վարպետ ես: Վաղո՞ւց ես ծխում:

-Առաջին դասարանից:

-Օհո˜, դու հիմա վեցում ես չէ՞, ինչպես ես: Հը, հինգ տարում ես ծուխը հետույքիցս բաց թողնել էլ կսովորեի:

Կուչան հռհռաց.

- Դժվար թե: Իսկ ահա աչքերից կարողանում եմ: Ուզո՞ւմ ես ցույց տամ: Միայն նայիր ուղիղ աչքերիս և ոչ մի ուրիշ տեղ:

- Վա˜յ, ձեռքս վառեցիր:

- Հա-հա, ըքը-ըքը, բոլոր հիմարիկները սրա վրա քաշվում են:

- Նորից ծեծ ես ուզում, շենի… Դե լավ… Իսկ տանը գիտե՞ն, որ դու ծխում ես:

- Գլխի են ընկնում: Բայց թքած: Մեծերից եմ օրինակ վերցնում, իսկ նրանք բոլորը ծխում են: Լսիր, իսկ ինչո՞ւ էիր Նուգզարի այգին մտել: Քեզ որ բռներ, մորս արև, երկու մասի կբաժաներ:  

-Ի՞նչ երդվեցիր: Ախ հա… Դե, սկզբում նա դեռ ստիպված կլիներ բռնել ինձ, իսկ դա այնքան էլ հեշտ չէ: Տեսար չէ՞, ինչ ճարպիկ եմ: Այդ այդպես: Բայց բանն այն է, որ նրա կինը հիվանդ է պալարախտով, և նա կնոջը տարել է Աբասթուման: Այդպես ասում էր մայրս երեկ, իսկ նա գիտի, հավատա ինձ:

- Որտեղի՞ց:

- Ո՞նց որտեղից:  Չէ՞ որ բուժքույր է աշխատում տուբդիսպանսերում, ըքը-ըքը:

Կուչան ըմբռնումով գլխով արեց և կրկին օղակներով ծուխ բաց թողեց:

-Լսիր,- ասաց գունատված Թամուկը:-  Քեզ մատով էլ չէի դիպչի, եթե իմանայի մորդ մասին… Ինչ-որ սիրտս խառնում է… Վախ, շատ վատ եմ…

Նա տեղից մի փոքր բարձրացավ և օրորվելով հենվեց ծառին: Կուչան աչքը նրանից չէր կտրում:

-Գիտես.- ասաց Կուչան դանդաղ բարձրանալով:- Մայրս մահացել, երբ Էկուին  էր ծնում:

- Վատ եմ զգում,- մռթմռթում էր Թամուկը:- Էկան` քո քույրը այսպես մեծ քթով, հա՞:  Նրան բեմբիզ Իգերն է սիրահարված… Վախ… Պետք չէր էսքան ծխել: Դե գնացեք բոլորդ, ձեր…

Կուչան նետվեց նրա վրա և տապալեց թաց տերևներին: Բայց չանցավ նույնիսկ մեկ րոպե ու հարձակվողը հայտնվեց մեջքին պառկած վիճակում: Թամուկը նստել էր նրա վրա և դեմքը դեմ տալով անձրևին, փնթփնթում էր.

- Ի՛նչ վատ եմ: Դու ես մեղավոր: Պետք չէր քար շպրտել… Մենք պարզապես լողում էինք Մամիսանտուբանի մոտով: Ցանկանում էինք դողերին նստած մինչև Գորի հասնել, իսկ դուրս սողացինք Էրգենետիում, կապտուկներով…Լավ, հերիք է: Վեր կաց ու կորի ստեղից…Դե ինչ, վեր կացա՞ր: Ծխախոտն էլ կարող ես քեզ վերցնել… Ոչ, սպասի, հիմա կմեռնեմ, ինչպես Բոկան: Նա էլ թոքախտավոր էր… Աղաչում եմ քեզ, շտապ օգնություն կանչի, հա՞: Վերցրու ողջ մանրը, միայն երկու կոպեկը գցի ավտոմատ և հավաքի զրո երեք:

- Շտապ օգնությունն անվճար է,- ֆշշացրեց Կուչան, բայց փողերը վերցրեց ու խոթեց գրպանը:

- Շնորհակալություն, դու իսկական ընկեր ես: Մայրս ասում էր, որ հազն ու սրտխառնուքը թոքախտի առաջին նշաններն են: Ըքը-ըքը… Նաև ասում էր, որ հիվանդները արյուն են թքում: Թու… Ճիշտ է: Չի կարող պատահել, դու պռոշներս պատռեցիր: Հիմա ես ինչ-որ բան կկոխեմ բերանդ:

Թամուկը բարձրացավ ծնկած դիրքից և ճոճվելով շարժվեց Կուչայի վրա, որ կռացել էր ըմբշամարտիկի կեցվածքով:

- Մտածում ես, թե ես քո հետ կոխ կբռնե՞մ,- քմծիծաղեց Թամուկը:- Սկզբից քո փտած ատամները կջարդեմ…

- Ձեռ քաշի ինձնից, լսու՞մ ես,- ետ-ետ քաշվելով ճչում էր Կուչան:- Շենի՛ դեդա…Հասկացա՞ր:- Եվ հանկարծ սայթաքեց փտած ճյուղի վրա ու ընկավ: Նույն վայրկյանին Թամուկը նետվեց նրա վրա, բայց ծղրտաց ու ճլորեց: Կուչան  մի կողմ նետեց իրեն նեղացնողի անկենդան մարմինը և վերկացավ ձեռքում բռնած բռնցքաչափ գլաքարը: Մոտ մի րոպե նա լուռ նայեց դեմքով ներքև անշարժ պառկած Թամուկին, վայր գցեց քարը, շրջվեց ու դիմեց փախուստի… Թրջված ու գզգզված, նա կանգնեց Նուգզարի տան մոտ շունչ առնելու: Շուրջը նայելով՝ փախստականը համոզվեց, որ հետապնդում չկա, կեղտոտ ափերը պարզեց ջրհորդանից չռռող, տաքսիստի ցինկապատ տանիքին թմբկահարող անձրևի տակ և ցնցվեց. զբոսայգուց իրեն հասավ հնդկացու մարտակոչը:

2009թ., փետրվար

Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.