«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Սարգիս Գալոյան
Կրթության ազգային ինստիտուտի
մանկավարժության գիտահետազոտական բաժնի վարիչ,
ֆիզմաթ գիտությունների թեկնածու

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի նախաշեմին

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ես ծանոթանում եմ կրթահամալիրի կառուցվածքին, ներքին կյանքին, ուսումնական պլաններին ու զարգացման ծրագրերին և, պետք է ասեմ, որ ժամանակն իզուր չեմ կորցրել: Մեկ շաբաթն, իհարկե, քիչ ժամանակ է համալիրի ողջ ուսումնադաստիարակչական գործունեությունը հասկանալու և արժևորելու համար, բայց բավական եղավ նկատելու այն լավը, որն անանց արժեք է ներկայացնում և արժանի է ընդօրինակման: Որպեսզի կարողանամ այդ լավը պատշաճ ներկայացնել` հարկ կլինի մի փոքր հեռվից սկսել:

Աշխարհի բոլոր երկրներում կրթական համակարգերը միևնույն երկու հիմնախնդիրն ունեն. մեկը ժամանակակից պահանջներին համապատասխան կրթական որակ ապահովող ուսուցման մեթոդների մշակման ու ներդրման խնդիրն է, մյուսը` դաստիարակչական օպտիմալ տեխնոլոգիայի ստեղծումը, որը պիտի հնարավորություն տա լավագույնս իրականացնել նոր սերնդի սոցիալականացումն ու դաստիարակությունը: Թեև այս երկու խնդիրները տեսականորեն դիտվում են միասնության մեջ և միմյանցից կախյալ, այդուհանդերձ, երբ գործն հասնում է պրակտիկային` մեծավ մասամբ, խնդիրները փորձում են լուծել անջատ-անջատ, ինչը և հանգեցնում է անհաջողության: Մեր հանրակրթության մեջ մի հավելյալ դժվարություն էլ կա: Մեզ, թերևս, օտար է այն ըմբռնումը, որ դաստիարակության մեջ որոշիչը խոսքն ու խրատը, քարոզը, արհեստականորեն ստեղծված կարգուկանոնը չեն, այլ կրթության սուբյեկտների միջև հարաբերությունների ընդհանուր կուլտուրան, աշխատանքային մթնոլորտը, ուսումնական պրոցեսում սովորողների ազատության և ինքնուրույնության աստիճանը, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների ժողովրդավարական (ո՛չ ավտորիտար) ոճը: Մարդն ընդօրինակում և վարքի նորմա է դարձնում այն ամենը, ինչ տեսնում է, ինչի ներգործությունն իր վրա զգում է, ինչը կարևորում է իր սոցիալական առաջընթացի ու բարոյական հասունացման համար:

Ոսումնական պրոցեսը կազմակերպելով խիստ անկատար՝ մանկավարժները դժգոհում են, որ դաստիարակության պրոցեսը կատարելագործել իրենց չի հաջողվում. մինչդեռ դրանք փոխպայմանավորված են: Ուսուցման կազմակերպման ընդհանուր թերությունները քիչ թե շատ հասկանալի են մանկավարժների որոշ մասին: Դա դաս-դասարանային քարացած համակարգն է, որտեղ աշակերտն, ըստ էության ուսումնական գործունեություն չի ծավալում. ուսումնական ժամանակի մեծ մասն անցկացնում է պասիվ հայեցողական վիճակում: Սրան գումարվում են ուսումնական բարդ ծրագրերը, վերջիններիս` բարդ դասագրքերը: Այս բոլորը միասնաբար դասերը, աշակերտների մեծամասնության համար, դարձնում են անհետաքրքիր: Սովորողի բնատուր ակտիվությունն աստիճանաբար մարում է, դպրոցի, ուսուցչի և ուսման հանդեպ ատելությունը՝ մեծանում:

Մեր կրթությունը տառապում է թերությամբ ևս, որն իր բացասական ներդրումը բերելով ուսումնական գործընթացին՝ ստեղծում է, ի վերջո, այն աննախանձելի ուսումնական միջավայրը, որում ո՛չ մի աշակերտ, ո՛չ մի ուսուցիչ իրեն լավ չի զգում: Դա սովորողների տարիքային հոգեբանության չիմացությունն է կամ անտեսումը, ինչն արտահայտվում է ամենուր՝ ուսումնական ծրագրերում, չափորոշիչներում, դասագրքերում, խնդրագրքերում և ուսումնաօժանդակ այլևայլ ձեռնարկներում: Երեխայի հոգեկան ու ֆիզիկական զարգացման օրինաչափությունների, դրանց դրսևորման առանձնահատկությունների մասին ժամանակակից հոգեբանությունը կուտակել է բավական փաստեր, որոնք մանկավարժներն անհրաժեշտաբար պիտի հաշվի առնեն ուսուցման մեթոդներ մշակելիս, ուսուցման պրոցեսի կազմակերպման խնդիրներ լուծելիս: Ասելիքս որոշակիացնելու համար հոգեբանական նվաճումների հարուստ գանձարանից առանձնացնեմ մի քանի ղեկավար գաղափարներ:

Երեխան ամենից առաջ զարգացող էակ է, և զարգացումն այդ ենթակա է քիչ թե շատ կոշտ օրինաչափությունների: Յուրաքանչյուր տարիքում մարդը հասնում է զարգացման մի միջին մակարդակի, որն հնարավորություն է տալիս նրան յուրացնել-իմաստավորել աշխարհի մասին գիտելիքների ու հասկացությունների մի սահմանափակ ոլորտ: Այն բոլոր գիտելիքները, որոնք գտնվում են այդ ոլորտից դուրս` նա չի կարող յուրացնել, սեփականել:

Բարդ ուսումնական ծրագրերն ու դասագրքերը այս ղեկավար գաղափարի անտեսման՝ մարդու ֆիզիկական և հոգեկան զարգացման օրինաչափությունների չիմացության ու չկիրառման արդյունք են: Սրանով է պայմանավորված հանրակրթական դպրոցներում սովորողների՝ ուսման հանդեպ նկատելի անտարբերությունը:

Տարիքային յուրաքանչյուր փուլ բնութագրվում է ոչ միայն իմացական զարգացման որոշակի պոտենցիալ հնարավորություններով, այլ նաև մտածողության տիպով: Այդ տիպի հաշվառումն ուսուցման պրակտիկայում անհրաժեշտ պայման է՝ կրթության յուրաքանչյուր աստիճանում զարգացման բավարար մակարդակ ապահովելու համար:

Օրինակ, հանրահայտ է, որ մանկահասակ երեխայի մտածողությունն ակնառու-պատկերավոր (ո՛չ վերացական) բնույթ ունի: Սա նշանակում է, որ այս տարիքի երեխաների ուսուցումն արդյունավետ է, եթե այն իրագործվում է պրակտիկ գործունեության միջոցով, որի պայմաններում սովորողը շատ բաներ հասկանում է սեփական փորձով: Համապատասխան դասագրքերն, իրենց հերթին, պետք է հարուստ լինեն նկարազարդման նյութերով, տեքստերը հեղեղված չլինեն սահմանումներով ու բանաձևերով:

Մարդն առհասարակ, երեխաները՝ առավել ևս, հակված են ամեն ինչի մեջ իմաստ տեսնելու: Այն գիտելիքներն են անցնում երկարատև հիշողության ոլորտ, որոնք մարդը գիտակցաբար ցանկացել է յուրացնել: Այսինքն, երեխայի համար ուսուցումն արդյունավետ է միայն այն ժամանակ, երբ ինքն է իր կրթության սուբյեկտը. երբ ինքն է գիտակցաբար դնում կրթական նպատակներ և ազատորեն կազմակերպում իր ուսումնական գործունեությունը՝ դրված նպատակներին հասնելու համար: Այս դեպքում է միայն գիտելիքն անձի համար իմաստ ու արժեք ստանում, դառնում հոգևոր հարստություն:

Կարծում եմ, հարկ չկա մանրամասնելու, թե ինչ ավերածություններ են գործում աշակերտի հոգում ուսուցման պարտադրականությունն ու ավտորիտարիզմը. իր հակումներին համապատասխան կրթական ճանապարհ ընտրելու աշակերտի անազատությունը, ինքնուրույնություն դրսևորելու անհնարինությունը, հսկայական չհամակարգված ինֆորմացիա բռնությամբ աշակերտի ուղեղը խցկելու ժամանակակից պրակտիկան:

Մեր հանրակրթական դպրոցներում երեխայի զարգացման հոգեբանական մեխանիզմների մասին շատ մշուշոտ պատկերացում ունեն. երեխան ուզում է ակնառու պատկերացնել՝ ուսուցիչը, դասագիրքը նրան տեսություն են մատուցում, երեխան ուզում է պրակտիկ գործունեություն, բնության հետ կենդանի շփում՝ դպրոցը նրան հարկադրում է լռության ու պասիվ հայեցողական վիճակի: Երեխան ուզում է իրեն բռնի մատուցվող գիտելիքների իմաստն հասկանալ, բայց անգամ ուսուցիչը պատկերացում չունի՝ ինչ նպատակ է հետապնդում տեղեկատվական այս հեղեղը՝ բարդ սահմանումները, անհամար տերմիններն ու հասկացությունները, սովորողների կենսափորձի հետ ոչ մի աղերս չունեցող վերացական դատողություններն ու փաստերը: Երեխան օրեցօր օտարանում է «ուսումնական» կոչված միջավայրին, չբավարարված բնական պահանջմունքը ձևավորում է կայուն ագրեսիա՝ ուղղված առաջին հերթին ուսուցչին, հետո դպրոցին և ուսմանն ընդհանրապես: Սպառելով աշակերտի հետ ներդաշնակ աշխատելու բոլոր հնարավորությունները՝ դպրոցը որդեգրում է ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների ավտորիտար ոճ, և ակամա օգտագործում բոլոր օրինական և անօրինական միջոցները «չար» աշակերտներին սսկված պահելու համար: Կոտրում են սովորողի մեջ ամենաթանկը՝ չարին հակառակվելու ոգին, մի որակ, որով միայն, թերևս, մարդը կարող է իսկապես մարդ կոչվել:

Ուսուցումն առավելագույնս արդյունավետ է՝ երբ այն կազմակերպվում է որպես սովորողի գիտահետազոտական գործունեություն:

Սա նշանակում է, որ ուսուցման կազմակերպման ձևերը, ուսուցման մեթոդներն ու մեթոդիկաները, դասագրքերը միասնաբար պիտի ծառայեն մի ընդհանուր նպատակի. յուրաքանչյուր ուսումնական նյութի համար ստեղծեն համապատասխան ուսումնական մոտիվացիա, որպեսզի սովորողը գիտակցաբար ձեռնամուխ լինի տվյալ նյութի յուրացմանը: Այդ դեպքում նրա ուսումնական գործունեությունը կվերածվի հետազոտական գործունեության, ինչն ամեն կերպ պետք է խրախուսի ուսուցիչը:

Հանրակրթական դպրոցում ուսուցչի դասավանդման միակ մեթոդը դասախոսությունն է, իսկ աշակերտի հիմնական գործունեությունը՝ ուսումնական նյութը կարդալն ու վերարտադրելը: Այս պայմաններում, իհարկե, ուսումնական մոտիվացիայի և հետազոտական գործունեության մասին խոսք լինել չի կարող: Նկատենք, որ ուսուցչի գործունեության միօրինակության միակ պատճառը նրա ցածր մեթոդական պատրաստվածությունը չէ. հանրապետության բոլոր ուսուցիչները վերապատրաստվեցին համագործակցային ուսուցման մեթոդներով, բայց այդպես էլ դրանք չներառվեցին ուսուցման պրակտիկայում: Պատճառը պարզ է. մեթոդի լիարժեք կիրառումը պահանջում է ուսուցման պրոցեսի համապատասխան կազմակերպում, ուսումնական ծրագրի ու դասագրքի համապատասխան կառուցվածք:

Արդ, եթե ուսուցման պրոցեսն անկատար է, եթե պարտադրվող ուսումնական գործունեությունը չի հետաքրքրում աշակերտին, չի ծառայում նրա շահերին՝ կարելի՞ է սպասել, որ նա դպրոցական միջավայրում օրինակելի վարք կդրսևորի: Այսպես ուսուցման անկատարությունն անհնար է դարձնում դաստիարակչական խնդիրների լուծումը:

Ուրեմն, որպեսզի կրթական համակարգը սերնդի ուսումնադաստիարակչական խնդիրները կարողանա լուծել, պետք է մի քանի խնդիր միաժամանակ լուծի և լուծի գիտականորեն` հաշվի առնելով արդի մանկավարժական և հոգեբանական մտքի նվաճումները:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վերը նշված գաղափարները նկատելի չափով կիրառություն են ստացել: Կրթության ժողովրդավարացման պրոցեսը այստեղ վաղուց է սկսված և շոշափելի նվաճումներ արդեն ունի: Կրտսեր դպրոցում աշակերտն ունի իր կարողություններին ու հետաքրքրություններին համապատասխան, գործունեության ընտրության հնարավորություն: Ուսումնական գործունեությունը ուղեկցվում է բնության հետ կենդանի շփմամբ. հայրենագիտական ճամփորդություններ, ծառատունկ դպրոցի բակում, նրանց խնամք՝ զուգորդված տարբեր առարկաներից ձեռք բերած համապատասխան գիտելիքներով և այլն: Դպրոցին հաջողվել է նվազագույնի հասցնել բարդ ու խրթին դասագրքերի վնասակար ներգործությունը:

Դպրոցում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի սովորողներն իրենց ազատ զգան, ավելին՝ իրենց զգան տեր: Աշակերտները դասերին չեն նստում անշարժ, յուրաքանչյուրն իր տեղում: Նրանք անկաշկանդ հաղորդակցվում են, բայց քանի որ զբաղված են իրենց հոգեհարազատ գործունեությամբ՝ աղմուկն աշխատանքային է: Կրթության ժողովրդավարացման հիմնարար գաղափարներն այստեղ պրակտիկ կիրառություն են գտել: Ուսուցիչ-աշակերտ-տնօրեն հարաբերություններն այնքան բնական են, որ ավելին ցանկանալ հնարավոր չէ: Սա մեծ նվաճում է և, կրկնում եմ, գաղտնիքը ուսումնական պրոցեսից աշակերտի բավարարվածությունն է. նա տեսնում է, որ իր գործունեությունն իմաստալից է, քանզի ինքն է իր ազատ կամքով ընտրել: Կուտակված եռանդը չի դառնում չարություն այլ բնականորեն ուղղվում է սոցիալականորեն օգտակար նպատակների: Համարձակ կարելի է ասել՝ ունենք կրթօջախ, ուր կրթության բոլոր սուբյեկտների միջև հարաբերությունները հիմնված են սիրո և փոխադարձ վստահության վրա:

Այսպիսով, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դաստիարակության հիմնախնդիրն, ըստ էության, լուծված է: Մնում է ուսուցման հիմնախնդիրը. ինչքանո՞վ է ուսուցման կազմակերպման կիրառվող եղանակը ապահովում կրթական բավարար որակ, ինչպիսի՞ն է սովորողների առարկայական պատրաստվածության միջին մակարդակը: Ավագ դպրոցում աշակերտները կուտակո՞ւմ են գիտելիքների ու կարողությունների անհրաժեշտ պաշար՝ բուհեր ընդունվելու համար, ի՞նչ ծանրաբեռնվածությամբ, ի՞նչ ծրագրերով ու դասագրքերով են աշխատում սովորողները օժտված երեխաների դպրոցում: Ինչքանո՞վ է ՏՀՏ-ների օգտագործումը նպատակային, ինչպե՞ս են փորձում խուսափել համակարգիչների, համացանցի հնարավոր վնասակար ազդեցություններից: Ի՞նչ փիլիսոփայություն է դրված լեզուների վաղ ուսուցման հիմքում, ինչքանո՞վ է դպրոցը կարևորում մատաղ սերնդի մեջ հայեցի լեզվամտածողության ձևավորման խնդիրը: Դժվարությունն այն է, որ այսօրինակ հարցերը, համաշխարհային կրթական պրակտիկայում չեն գտել իրենց միանշանակ պատասխանը և ուրեմն, կրթահամալիրի փորձն արժեքավոր է դառնում կրթական զարգացումների ավելի լայն համատեքստում:

Կարծում եմ՝ կրթահամալիրը միանգամայն արժանի է, որ իր տարիների փորձը ամենայն լրջությամբ ուսումնասիրեն մեր կրթության զարգացմամբ մտահոգ մարդիկ:

20.10.09

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.