«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Աիդա Պետրոսյան

Ամենակարևորը ազատությունն է

Ամենակարևորը երեխային կենսաբանորեն տրված ազատությունն է և նրա ինքնաբավարարման հակումը: Երեխայի ազատությունը կարող է սահմանափակվել միայն իր և իր ընկերների անվտանգությամբ։
Կրթահամալիրում նախակրթարանների հիմնադրման առաջին օրից սաներն ազատ են եղել գործունեություն ընտրելիս: Սկզբում դժվար էր. երեխան եկել էր մի միջավայրից, որտեղ հիմանականում ամեն ինչ արել է մեծերի թելադրանքով և թույլտվությամբ: Հիմա թույլ են տվել, որ ինքը որոշի: Տվել են միջավայր, որտեղ իր համար հետաքրքիր շատ բան կա, և նա մոլորվել է, չգիտի անելիքը:
Սկզբում խնդիրներ էին առաջանում նոր ընկերների հետ, կռվում էին, լաց լինում: Հետո զարմանում էին, երբ այդ նույն ընկերոջ և դաստիարակի հետ պարզում էին` ինչ է եղել, ու ամեն ինչ լավ էր վերջանում. ոչ ոք չէր պատժում, նույնիսկ չէին հանդիմանում, հարցերը լուծվում էին պարզ զրույցով: Ծնողներն էլ էին անհանգստացած: Թեև նրանց ներկայացրել էինք մեր աշխատանքի մեթոդները, և տեսականորեն նրանք համաձայն էին մեզ հետ, միևնույն է, անհանգստանում էին, որ այդ ազատությունը «կփչացնի» երեխաներին, որ երեխաները անկառավարելի կդառնան, «անդաստիարակ կմեծանան» և այլն:

Երեխաներն աստիճանաբար հարմարվեցին, սովորեցին ազատ հարաբերվել ընկերների հետ, կառավարել իրենց վարքը, սովորեցին ինքնուրույն լինել: Առավոտյան ինքնուրույն փոխում էին զգեստներն ու կոշիկները, իրենց ներկան նշում ներկա-բացակայի թերթիկին, դաստիարակի հետ կարգի էին բերում խմբասենյակն ու բակը, ջրում էին ծառերը, սեղանն էին սպասքադրում, հավաքում… Ամեն մեկն ինչ-որ պարտականություն էր վերցրել իր վրա և առանց պարտադրանքի կատարում էր: Սկսեցին խաղերն ինքնուրույն կազմակերպել, իրենց հարաբերություններն անգամ երբեմն ինքնուրույն էին պարզում: Երեխաները քիչ-քիչ յուրացնում էին միջավայրը` և՛ նյութական, և՛ սոցիալական, և՛ մանկավարժական: Ինքնակազմակերպումն ու ինքնաբավ գործունեությունը հնարավոր դարձավ կիրառվող մանկավարժության և դաստիարակի հետևողականության շնորհիվ: Հիմա ոչ մեկի մտքով չի անցնում դաստիարակին խնդրել, որ նա հագցնի կամ հանի իր զգեստները, երեսը լվա կամ ձեռքերը մաքրի:
Կազմակերպվող հաճախակի սեմինարները, երեխաների աճող ինքնուրույնությունն ու կազմակերպվածությունը փարատեցին ծնողների կասկածները:

Երեխայի գործունեության կազմակերպումը նախակրթարանում
«Պայծառ գլուխը և հմուտ ձեռքերն ավելին են, քան անպետք գիտելիքներով ծանրաբեռնված միտքը: Անհրաժեշտ է վերացնել հնարավոր բոլոր վտանգները և նախապատրաստել նյութ, որը երեխան, հաջողությամբ օգտագործելով, ստանա ոչ թե սխոլաստիկ, այլ կենդանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ»: Ս. Ֆրենե

Ազատ, ինքնաբուխ, ինքնակազմակերպվող գործունեություն
Ինքնաբուխ գործունեությունը ծնվում է երեխայի հետաքրքրություններից, այն ամենաարդյունավետն է:
5-6 տարեկան երեխան քիչ թե շատ ուսումնասիրել է իրեն շրջապատող աշխարհը, հարմարվել է դրանում ապրելուն, բայց դեռ չի յուրացրել այն: Փոխվում է նրա կյանքի նախորդ փուլերի խաղերի բնույթը, դրան միախառնվում է աշխատանքը. նա ձգտում է հասկանալ, «նվաճել» իրեն շրջապատող միջավայրը:
Երեխայի գործունեության մեջ դեռ գերակշռում է ազատ, ինքնաբուխ խաղը` տունտունիկ, բժիշկ-բժիշկ, պահմտոցի, բռնոցի, բայց դրանք ավելի «իմացական» են, ավելի բազմազան. բժիշկն արդեն խնդիրներ լուծող, հիվանդի փրկության միջոցներ փնտրող մարդ է, վաճառողն արդեն խորհուրդներ է տալիս, նորաձևությունից է խոսում. խաղում ավելանում է խոսք ու զրույցը:

***Էդգարը, Միլենան ու Ասյան բժիշկ-բժիշկ են խաղում: Ասյան իր մոր նման բժիշկ է: Էդգարը շտապօգնության մեքենան է (չգիտես ինչու` ոչ վարորդը): Միլենան հիվանդն է: Խեղճը լալիս է, գալարվում: Ասյան առաջարկեց վիրահատել: Միլենան վախից «ուշաթափվեց»:
- Վա՜յ, էս ինչ ես անում: Էդ ի՜նչ հիվանդություն է, որ վիրահատես,- մեջ է մտնում կողքից դիտող Լուսինեն, որին մինչ այդ չէին խաղացրել,- արի ես քեզ բույսերով կբուժեմ:
- Ի՜նչ ես ասում, ես նրան «ապեռացիա» պիտի անեմ, որ բուժեմ:
Ու գնաց խաղը:

Ինքնակազմակերպվող գործունեության ընթացքում երեխան սովորում է գիտակցաբար մոտենալ իր գործողություններին և հասկանում, որ յուրաքանչյուր առարկա իր նշանակությունն ունի: Խաղի ընթացքում նա զարգացնում է այդ խաղը, նոր կանոններ ու գործառույթներ ներմուծում` հաշվի առնելով խաղի առանձնահատկությունները: Որքան էլ մենք պնդում ենք, որ խաղում երեխան լիովին ազատ է, դա այդպես չէ: Եթե նա բժշկի դեր է տանում, ապա խաղի ժամանակ նա պիտի պահպանի դրան վերաբերող որոշակի կանոններ, ուսուցչուհու դերը այլ կանոններ է թելադրում:

«Երևակայական իրավիճակներ ստեղծելու փաստը զարգացման տեսանկյունից կարելի է մեկնաբանել որպես վերացական մտածողության զարգացման միջոց: Խաղը երեխայի համար աննպատակ գրծողություն չէ, այն խիստ նպատակային է»: L. Վիգոտսկի
Ինքնաբուխ գործունեության ընթացքում երեխան դրսևորում է խոսելու և շփվելու հակումները: Նրա խոսքն ու գործողություններն ավելի ազատ են, անկաշկանդ, միտքն ավելի ճկուն, որովհետև բացակայում են երեխային կաշկանդող թելադրանքն ու հսկողությունը:
Նա ինքն է իրավիճակի «հեղինակը» և իր իսկ ստեղծած իրավիճակում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, ամեն ինչ անում է իր հակումների թելադրանքով:
Ինքնակազմակերպվող գործունեության ժամանակ երեխան՝

  • բավարարում է իր բնական հակումները
  • բացահայտում է իր առանձնահատկությունները
  • ինքնադրսևորվում է
  • սոցիալական հարաբերությունների մեջ է մտնում ընկերների հետ և ինքնուրույն կարգավորում իր հարաբերությունները
  • փորձում է ինքնուրույն հաղթահարել խոչընդոտները
  • առօրյա խնդիրներին սովորական կամ անսպասելի լուծումներ է գտնում
  • սովորում է իր առջև խնդիրներ դնել և լուծել:

Ինքնուրույն խաղալիս կամ այլ գործունեություն կազմակերպելիս երեխաները իրենք են որոշում կանոնները. դրանք բխում են գործունեության բնույթից, «թեմայից»: Նրանք ընդունում են դրանք, ենթարկվում իրենց որոշած պայմաններին, անհրաժեշտության դեպքում փոխում դրանք. վարժվում են ապրել հասարակական կյանքով:
Անկախ, ազատ գործող երեխան լիարժեք է օգտագործում իր բոլոր հմտություններն ու ունեցած ինֆորմացիան` դրանք միաժամանակ փոխանցելով իր ընկերներին, յուրացնելով նրանցը: Այդ ընթացքում նա կենցաղային, սոցիալական և հոգեբանական խնդիրներ է լուծում:

***Էմման, Մերին ու մյուս աղջիկները տունտունիկ են խաղում: Տիկնիկը «հիվանդ» էր, «դեղերը» չէին օգնում: Էմման առաջարկեց նոր դեղ հորինել: Բերեցին ջուր, մուրաբա, խառնեցին, մի քիչ մածուն ավելացրին, մի քանի հատ չամիչ գցեցին մեջը և որոշեցին, որ «հրաշք» դեղը պատրաստ է: Տիկնիկի «ջերմությունն» իջավ: Այդ դեղից տվեցին նաև հարևանի տիկնիկին, որի ջերմությունը նույնպես չէր իջնում:

Ռոբերտն ու Արտյոմը որոշեցին ճոճանակով 30 անգամ ճոճվել և քանի որ այդքան հաշվել չգիտեին, կանչեցին Արսենին, որը լավ է հաշվում: Եկավ նաև Մերին: Երեխաները միասին 10-15 անգամ հաշվեցին մինչև 30-ը, որովհետև հերթով ճոճվում էին` յուրաքանչյուրը` 30 անգամ: Եթե մեկը մի քանի ճոճ (իրենց բառն է) ավելի էր ճոճվում, մյուսներն էլ այդքան ճոճ ավելի էին ճոճվում:

Իմաստ չունի երեխային չարչարելով 10-ից հետհաշիվ, տարվա բոլոր ամիսների անունները (ըստ տարվա եղանակների) կամ այլ բան սովորեցնել, եթե դրա անհրաժեշտությունը չի առաջացել, կամ դա նրան չի հետաքրքրել:
Ոչ ոք չի կարող երեխայից լավ որոշել նրա կենսական, կենսաբանական պահանջմունքները, որոնց բավարարումը խթանում է նրա զարգացումը, ուրեմն պետք է խրախուսել երեխայի ինքնակազմակերպվող գործունեությունը, բոլոր պայմանները ստեղծել դրա համար: Երբ նա զբաղված է ինչ-որ բանով, չպետք է խանգարել, ընդհատել: Եթե նույնիսկ դաստիարակը դիտարկելով եզրակացնում է, որ ինչ-որ խնդիր լուծելու հարմար պահ է, նա դա պիտի անի աննկատ` գործունեության մասնակիցը դառնալով:

***Գագիկն ու Դավիթը խորանարդիկներով աշտարակ էին կառուցում ու քանդում: Դաստիարակը մոտեցավ, նրանց հետ խաղալու թույլտվություն խնդրեց: Խաղացին: Այդ ընթացքում նա երեխաների հետ հաշվեց հիմքի խորանարդիկները` 5 խորանարդ:
2-րդ շարքի խորանարդիկները պիտի պակաս լինեն, հաշվեցին` 4 խորանարդ: Այսպես նրանք միասին հաշվեցին, պակասեցրին, հասան գագաթին` մեկին, հետո վերևից քանդելով «իջան»
(հաշիվ, հետհաշիվ):

Դաստիարակը` երեխայի գործունեության կազմակերպիչ
 «…ոչ թե որոշել, թե ինչ է պետք երեխաներին, այլ ուսումնասիրել նրանց հետաքրքրություններն ու հնարավորությունները, քանի որ «աշխարհն իրենցն է», և նրանք պետք է կարողանան հետևել իրենց իսկ հնարավորություններին ու կարողություններին, ի վիճակի լինեն ինքնուրույն ապրել այս աշխարհում: Այս պարագայում ուսուցիչը կարող է նրանց միայն օգնել, բայց ոչ հրահանգել կամ կառավարել: Նա պետք է օգնի երեխաներին հետազոտել, ուսումնասիրել և հայտնագործել, ձեռք բերել սեփական փորձ, ինչը կտրուկ տարբերվում է այդ ամենը պատրաստի ստանալուց: Սեփական աշխատանքի արդյունքում ստեղծված հայտնագործությունները պետք է դարձնել փորձի փոխանակման և հաղորդակցման աղբյուր»: Ս. Ֆրենե

Ինչով էլ զբաղվի երեխան, դաստիարակը նրա կողքին է: Նա այդ գործունեության մասնակիցն ու դիտարկողն է:
Ինչպես խմբի յուրաքանչյուր անդամ, դաստիարակն էլ կարող է գործունեության որևէ տեսակի (երաժշտական, լեզվական, սպորտային-շարժուն, թատերական) կազմակերպիչը դառնալ, իհարկե` որոշակի նպատակ ունենալով: Դա անում է աննկատ, առանց ուսուցողական ծանր, պարտադրող, պակաս արդունավետ գործընթացի, առանց երեխային պարտադրելու, նրա բնույթին հակառակ` երկար ժամանակ աթոռին գամելու:
Բացառվում է առարկայական դասերի գոյությունը: Անհրաժեշտ են պայմաններ, համապատասխան միջոցներ, գործիքներ` աշխատանք-խաղը և խաղ-աշխատանքը կազմակերպելու համար:

Գործունեության որևէ ձև կազմակերպելիս դաստիարակը չի պարտադրում, առաջարկում է, շահագրգռում, հետաքրքրում կամ աննակատ մտնում է խաղի մեջ` աստիճանաբար աննկատ բոլորին մասնակից դարձնելով իր որոշած գործունեությանը: Եթե կլինի մեկ կամ երկու երեխա, որ այդպես էլ չի ուզենա միանալ բոլորին, պետք չէ պարտադրել, նրանք կզբաղվեն ուրիշ գործով, որն այդ պահին նրանց համար ավելի հետաքրքիր ու արդյունավետ կլինի, քան ստիպողաբար արված որևէ բան: Անօգուտ է զբաղվել մի գործունեությամբ, որը չի հետաքրքրում  ու չի գրավում:
Խաղերով կամ երեխաների հետ գործունեության մյուս ձևերով զբաղվելիս դաստիարակը միաժամանակ տարբեր խնդիրներ է լուծում` ֆիզիկական, ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական, ուսուցողական…

Այսպես` երգ ուսուցանելիս-բեմադրելիս դաստիարակի առաջարկով երեխաները նկարում են երգի հերոսներին կամ երգն ամբողջությամբ (կերպարվեստ), պատրաստում են համապատասխան հագուստ կամ տիկնիկ (ձեռարվեստ), բեմադրում են երգը (թատրոն), երգի թեմայի շուրջ պատմություն են հորինում (լեզվագործունեություն, ստեղծագործում), բառեր վանկատելով են երգը սովորում, երգի անծանոթ բառերի և արտահայտությունների իմաստներն են յուրացնում:
Կամ` խաղալիս դաստիարակը խնդրում է տալ ոչ թե մեծ, այլ փոքր խորանարդը (հականիշ, չափում-համեմատում), առաջարկում է խմբում եղած պարաններից գտնել ամենաերկարը (երկարություն, համեմատում) և դրանով կազմակերպել խաղը, տարբեր իրերով տարածքն են չափում (չափում, չափման միավոր):
Խնձորը բաժանելիս սովորում են կիսել, 3, 4 մասի բաժանել: Խոհանոցում աշխատելիս դաստիարակի հետ կշռել, չափել են սովորում: Երկրաչափական պատկերներով տարբեր կերպարներ են ստանում (ապլիկացիա), միաժամանակ սովորում են այդ պատկերների անվանումները, համամասնությունները` մեծ շրջանագիծը մարմին է դառնում, փոքրերը` ոտքեր, ձեռքեր:
Դաստիարակի հետ հեքիաթով «խաղալիս» երեխան լեզվական կաղապարներ, լեզվական-քերականական հասկացություններ է յուրացնում, տիկնիկներ է պատրաստում, տիկնիկային ներկայացումներ է բեմադրում, նկարում է:
Այսինքն` շատ հասկացություններ ուսուցանվում են գործունեության ընթացքում, բնականորեն:

Համագործակցային աշխատանքի կազմակերպում

Սոցիալական պատշաճ հարաբերությունների ձևավորում ոցիալական գործունեություն
«Ամենալավ և ամենախորը բարոյական կրթությունն իրապես այն է, որը ստանում ես ուրիշների հետ պատշաճ հարաբերությունների մեջ մտնելով, համատեղ աշխատելով և մտածելով»: Ջ. Դյուի

Դաստիարակի և մյուս աշխատողների խնդիրը այդ հարաբերությունների ձևավորումն է, համատեղ աշխատելու և մտածելու հնարավորության ընձեռումը:
Որքան էլ ընտանիքը լավը լինի, այն չի կարող բավարարել երեխայի ինքնարտահայտման, ինքնադրսևորման, մեծերի և իր հասակակիցների հետ սոցիալական շփման պահանջմունքները: Հասարակական կյանքը, այդ հասարակության թելադրած սոցիալական հարաբերությունները ավելի ընդարձակ միջավայր են պահանջում, ավելի ակտիվ, բազմազան գործունեություն:
Երեխան շփվում է իր հասակակիցների հետ, նրանց փոխհարաբերությունները համագործակցային են:
Երեխան շփվում է մեծահասակների հետ, ապրում նրանց հետ, կազմակերպում իր գործունեությունը` նկատի ունենալով իր հետ ապրող դաստիարակի և իրեն շրջապատող մյուս մեծերի օրինակը:

Իր գործունեության ընթացքում երեխան սովորում է հասարակական կյանքով ապրել, ընդունել այդ հասարակության օրենքերը: Այդ հասարակության փոքր մոդելը իր ընկերների և դաստիարակների խումբն է, որոնց հետ նա կարգավորում է իր հարաբերությունները, հարգում է նրանց ազատությունը, հասկանում է և հասկանալի է նրանց, անհրաժեշտության դեպքում ընդունելի գործողություններ է կատարում իր ուզածին հասնելու, իր իրավունքները պաշտպանելու համար: Ընկերային կյանքի ճիշտ կազմակերպումը բարձրացնում է երեխաների պատասխանատվությունը ընկերների, իրեն շրջապատող մյուս մարդկանց նկատմամբ, երեխային ավելի կազմակերպված, ինքնուրույն, պատասխանատու դարձնում:
Համագործակցային գործունեության դեպքում խմբի յուրաքանչյուր անդամ հստակ գիտի իր անելիքը, և այդ անելիքը սիրելի է նրան:

Դաստիարակն ու երեխաները միասին նախատեսում են իրենց օրվա գործունեությունը, ամեն երեխա ընտրում է իր անելիքը, որոշակի պարտականություններ վերցնում իր վրա և հետևողականորեն կատարում: Դա պարտադրանք չի ենթադրում, ընտրությունը երեխայինն է, նա անում է այն, ինչ իր սրտով է. անհրաժեշտության դեպքում դաստիարակը նրբանկատորեն ուղղորդում է:
Այսպես` երեխաների մի խումբ իր վրա է վերցնում կենդանիներին կերակրելու գործը, մի մասն էլ ամեն առավոտ ծառերն ու ծաղիկներն է ջրում, մի այլ խումբ գրենական պիտույքներն է դասավորում, սենյակն է կարգի բերում (նախաճաշի սեղան են գցում, խոհարարին օգնում): Երեխան համոզվում է, որ իր արածը անհրաժեշտ է բոլորին, հասկանում է, որ ինքը որոշակի պարտականություն ունի:
Եթե խմբում բոլորն ազատ են գործունեության մեջ, պարապությունից կամ իրենց արածից չեն ձանձրանում, եթե ինքնարտահայտման և ինքնադրսևորման բոլոր հնարավորությունները կան, ապա խմբի անդամները միշտ պատրաստ են իրար հետ աշխատելու, իրար օգնելու, զիջելու, լեզու գտնելու:

Երեխան ճնշված չէ, դաստիարակի պատիժը չի սպառնում նրան, նա սիրված է, հարգում են նրան, նա չարացած չէ, ինքն էլ իր հասակակիցներին ու մեծերին է հարգում և նրանց հետ ավելի հեշտ հարաբերվում` առանց կոնֆլիկտների: Երբ այնուամենայնիվ դրանք առաջանում են, նա կարողանում է ինքնուրույն լուծել: Խմբում ստեղծված բարյացակամ, ընտանեկան միջավայրը նպաստում է երեխայի լիարժեք զարգացմանն ու ձևավորմանը:
 Միայն կայացած, ազատ մարդը կարող է հարգել ուրիշների ազատությունը:
 Միայն ազատ մարդը կարող է ճիշտ դրսևորվել հասարակության մեջ:

***Առաջին ամիսը Անահիտը ոչ մի կերպ չէր հարմարվում, ամեն ինչից նեղվում էր, անտեղի լաց լինում, քմահաճ էր, երեխաների հետ չէր շփվում: Մայրն էլ դժգոհում էր, թե տանը նա անկառավարելի է, լացկան, կռվարար: Մեզ մոտ Անահիտը քիչ-քիչ փոխվում էր: Էլենն և Բելլան նրան «վերցրին իրենց խումբ». նրանք սիրում էին խոհանոցում «աշխատել»: Անահիտն սկսեց նրանց ու խոհարարի հետ սեղան գցել, աղցաններ պատրաստել, հավաքել, մաքրել: Հիմա համարյա ամեն ինչ ուտում է, նույնիսկ ընկերներին է համոզում, եթե որևէ բան չեն ուտում, պատմում է` ինչպես են պատրաստում:
 Նրան ոչինչ չպարտադրվեց, պարզապես առաջարկեցինք օգնել Բելլային աղցանը ձևավորել (մինչ այդ այլ առաջարկներ էին եղել, դրանք Անահիտին դուր չէին եկել), և դա նրան հետաքրքրեց: Հաջորդ անգամ Էլենը խնդրեց ափսեները դնել սեղանին: Անահիտն անում էր այն, ինչ իրեն էր դուր գալիս. նա ինքն ընտրեց իր «պարտականությունները»:
Հետո քիչ-քիչ ավելի հետաքրքրասեր, ակտիվ, հանդուրժող, նույնիսկ պատասխանատու դարձավ:
Հիմա Անահիտը սիրով է անում ամեն ինչ, հատկապես երբ պետք է ընկերներին օգնել, նախաձեռնող է, ակտիվ:

Մեծերը հարգում են երեխայի անհատականությունը, լուրջ են վերաբերվում նրան, վստահում են: Պատշաճ վերաբերմունք, փոխըմբռնում, ապրումակցում, հարգանք, համակրանք, վստահություն, համագործակցում. սրանք են հասակակիցների, փոքրերի ու մեծերի հարաբերությունների հիմքում:
«Բարոյականությունը չի դաստիարակվում, այլ ձևավորվում է»: Ս. Ֆրենե

Ինքնասպասարկում-ինքնակազմակերպում
Կարգ ու կանոնի նկատմամբ երեխայի բնական հակումը նրան մղում է ինքն իրեն սպասարկելու, իր հոգսերը ինքնուրույն հոգալու, որոշակի պարտականություններ կատարելու:
«… մենք ենթադրում ենք, որ ավելի լավ է երեխայի մեջ ձևավորել կյանքի հմտություններ, կարողություններ, օգնել նրան մտավոր, հուզական, ֆիզիկական զարգացման ընթացքում, քան սերմանել տեսական գիտելիքներ»: Մ. Մոնտեսորի

Խմբասենյակ մտնելու պահից երեխան ինքնուրույն է, ինքն է սպասարկում իրեն: Մտավ խմբասենյակ, նշում է իր ներկայությունը ներկա-բացակայի թերթին` այդ թերթի վրա իր անվան դիմաց տվյալ օրվա տեղում նշում կատարելով (կա՛մ փոքրիկ նկար է փակցնում, կա՛մ ինքն է մի բան նկարում վանդակի մեջ, կա՛մ անհրաժեշտ վանդակն է ներկում): Փոխում է հագուստը, կոշիկները, դրանք դնում իրենց տեղերը: Այնուհետև կարող է կենդանիներին կերակրել, ծաղիկները ջրել, բակը հավաքել կամ պարզապես խաղալ. ինքն է ընտրություն կատարողը:

Խոհանոցում երեխան խոհարարին է օգնում, սեղան է գցում, ուտելուց հետո իր օգտագործած ամանները հավաքում, խմբասենյակն է մաքրում:
Նա վարպետի հետ սեղան-աթոռ, սարքեր կնորոգի, բակը կփորի, ծառ ու ծաղիկ կմշակի, դաստիարակի հետ տոնի հագուստներ կկարի, տիկնիկ կպատրաստի, կխաղա ընկերների հետ, անգամ խոհարարի հետ պահածո և չրեր կպատրաստի, սերմ կցանի, սածիլ կտնկի: Երեխան պիտի կարողանա ապրել ինքնաբավ կյանքով, պիտի մասնակցի իր առօրյայի կազմակերպմանը, սպասարկի ինքն իրեն և ընկերներին:

Նրան շրջապատող բոլոր մեծերը իրենց գործողություններով պիտի նպաստեն նրան, որ երեխան ինքնուրույն անի ամեն ինչ: Դաստիարակը երեխայի կողքին է, նրա և ընկերների հետ բակն է մաքրում, լողավազանն է լվանում, բոլորի հետ սեղանի մոտ ճաշում է, նկարում, տիկնիկային խաղում, վազվզում, .… չի խանգարում, չի թելադրում, անընդհատ մղում է ինքնուրույնության` ինքն իրեն երկրորդ պլան մղելով:
«Մարդը չի կարող ազատ լինել, եթե ինքնուրույն չէ»: Մ. Մոնտեսորի

Գործունեության կազմակերպման խթանիչներ

Ստեղծագործում
«Երեխայի ստեղծագործելը առաջին տեղում պիտի լինի` անկախ նրա գործունեության ձևից՝ նկարչություն, երաժշտություն, պլաստիկա, թատրոն, խաղ, մարզանք, գիտելիք, աշխատանք: Երեխան մշակույթ և արժեքներ սպառող չէ, այլ ստեղծող»: Ջ. Ռոդարի

Նախակրթարանում երեխան անընդհատ ստեղծագործում է, հնարում, անսպասելի լուծումներ փնտրում ու գտնում:
Խաղալով ռոդարիական հնարքներով, այդ հնարքները դնելով երեխայի ցանկացած գործունեության հիմքում` դաստիարակը նպաստում է նրա մտքի, խոսքի, ստեղծագործական երևակայության զարգացմանը:
Հեքիաթը երեխայի ամենօրյա հոգևոր սնունդն է:
Ամեն երեխա հեքիաթասաց դառնալու, հեքիաթով «խաղալու» հնարավորություն է ունենում, ստեղծագործում է խաղալիս, ընկերների հետ ծիսական, տոնական հագուստներ, ատրիբուտներ, անհրաժեշտ միջոցներ, իրեր պատրաստելիս, խմորով աշխատելիս, կավագործությամբ, խոհարարությամբ, այգեգործությամբ զբաղվելիս, սեղան գցելիս: Նա նկարում է ամեն ինչ` հեքիաթի հերոսներից մինչև զգացմունքներն ու տրամադրությունները, նկարում է և՛ մենակ, և՛ խմբով, կոլաժներ է անում, ընկերների հետ երգ-պար է բեմադրում, ներկայացումներ կազմակերպում:

Գործունեության ընտրության ազատություն
«Միջավայրը երեխային ընտրելու և ինքնուրույն գործելու հնարավորություն պետք է ընձեռի: Այդ ընթացքում երեխան ղեկավարվում է ուժեղ ներքին ազդակներով: Ընտրելով գործունեության որոշակի ձև` նա բավարարում է իր զարգացման ներքին պահանջմունքը: Ինքնուրույն ընտրելով գործունեությունը` երեխան երկար ժամանակ հետաքրքրություն է ցուցաբերում, և պահպանվում է դրդապատճառը»: Մ.Մոնտեսորի

Եթե պարտադրանք չկա, կա հոժար կամք, երեխան ինքն է ընտրում գործունեության տեսակը, անում այն, ինչն իրեն հետաքրքիր է, սիրով, հավեսով միանում է ընկերներին, նրանց հետ զբաղվում ընդհանուր գործունեությամբ: Նրան շրջապատող բոլոր մեծերի պարտականությունը համապատասխան միջավայր ստեղծելն է:

Որևէ գործունեությամբ զբաղվել, չի նշանակում սահմանափակվել դրանով

Գործունեության տարբեր ձևերի ինտեգրում
Դաստիարակության առավել արդյունավետ ձևը առարկաների միավորումն է, որը մտքի արագ,մշտական ու ստեղծագործական հմտությունների ձևավորման միջոց է»: Ջ. Դյուի
 
Երեխայի համար աշխարհը մեկն է, և նա այն ամբողջական է ընկալում:
Նրա մտածողությունը միատարր չէ, որևէ գործունեությամբ զբաղվելիս զուգահեռ այլ գործողություններ կատարելով` տարբեր հմտություններ և գիտելիք է ձեռք բերում: Գործունեության բոլոր ձևերը փոխկապակցված են, մեկը ներառում է մյուսները, դրանք լրացնում կամ շարունակում են մեկը մյուսին. (տիկնիկագործությունն, օրինակ, ներառում է նկարչություն, ապլիկացիա, բանավոր ստեղծագործություն, ձեռարվեստ, գրական կամ բանահյուսական նյութի յուրացում և այլն):
Որևէ գործունեություն ամբողջական և ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է դրան լրացնող կամ զուգահեռ այլ գործառույթներ իրականացնել` ունենալով ամբողջական ծրագիր. բնագիտական գործունեությունն ամբողջանում է նկարչությամբ, հեքիաթ հորինելով և ստեղծագործական այլ աշխատանքով, համապատասխան խաղեր խաղալով, հանելուկներ, առած-ասացվածքներ սովորելով, ավանդություններ լսելով… օրինակ` «Մանկական տոնացույց»-ի ծեսերը:

Նախակրթարանում երեխան զբաղվում է՝

  • Ճանաչողական գործունեությամբ
  • լեզվագործունեությամբ, թատրոնով
  • բնագիտական գործունեությամբ
  • խոհանոցային գործունեություն
  • Գեղարվեստական գործունեությամբ
  • երաժշտական գործունեությամբ
  • կերպարվեստ-ձեռարվեստով (նկարչություն, ծեփ, ապլիկացիա, կոլաժ)
  • թատրոնով, մնջախաղով, տիկնիկային թատրոնով
  • մարմնակրթությամբ
  • շարժական խաղերով
  • պարով
  • հիգիենայով
  • սոցիալական գործունեությամբ
  • միջանձնային հարաբերություններ ձևավորելով` մեծերի, հասակակիցների հետ
  • սեփական անձի, անհատականության դրսևորմամբ։

Բաժանումը պայմանակն է, որովհետև երեխայի ցանկացած գործունեություն ի վերջո ճանաչողական է և նպաստում է նրա զարգացմանը:

Երեխայի գործունեությունը կազմակերպելիս մեծերը ապահովում են երեխայի՝

  • գործունեության ընտրության ազատությունը
  • խոսքի ազատությունը, խոսքի զարգացումը
  • ինքնադրսևորման, ինքնարտահայտման ազատությունը
  • հետազոտելու և ինֆորմացիա ձեռք բերելու, իմանալու, հասկանալու հնարավորությունը և ազատությունը
  • ֆիզիկական ազատ, անկաշկանդ շարժման հնարավորությունը (ֆիզիոլոգիական զարգացման պահանջմունքի բավարարում)
  • ցանկությունները բավարարելու ազատությունը:

Երեխայի գործունեության իրագործման արդյունավետւթյան չափանիշներ
Ոչ թե պասիվ լսող, դաստիարակի թելադրանքները կատարող երեխա, այլ ազատ ապրող, խաղացող, կառուցող, ստեղծող, ստեղծագործող, հետազոտող, ինքնուրույն հայտնաբերող անհատականություն, որի կողքին դաստիարակը վստահելի ընկեր է, խորհրդատու, լավ բարեկամ:
Ոչ թե միադեմ երեխաների խումբ, որոնց շատ հեշտ է կառավարել, այլ իր բնազդների բավարարման ընթացքում իր ակտիվության դրսևորման արդյունքում զարգացող, կազմակերպվող, սոցիալական հարուստ ու հետաքրքիր կյանքով ապրող, հետաքրքրասեր, պրպտող, ճարպիկ անհատ:
Ոչ թե պատրաստի գիտելիքներ յուրացնող, այլ ազատ գործունեությամբ զարգացող, գործունեության և փորձի միջոցով ինֆորմացիա ձեռք բերելու ունակ։
Ոչ թե սպառող, այլ ստեղծող, ստեղծագործող:

Երեխան նախակրթարանում պատրաստվում է ոչ թե դպրոցին, այլ կյանքին և պիտի վարժվի իր առջև կյանքի դրած խնդիրներն ինքնուրույն լուծելուն:

Երեխան`

  • իր պահանջմունքներն ու հետաքրքրությունները բավարարող
  • հետազոտելու, եզրակացություններ անելու ունակ
  • ստեղծագործող
  • ազատ ընտրություն կատարելու ունակ
  • ակտիվ հաղորդակցվող, սոցիալական հարաբերությունների կուլտուրային տիրապետող
  • ինքնուրույն գործունեություն իրականացնելու ունակ, ինքնակազմակերպվող, ինքն իրեն սպասարկող, ազատ
  • որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու ունակ
  • առողջ, շարժուն, ճարպիկ
  • հիգիենայի պայմաններին ծանոթ և դրանց հետևող

անձ է։

Երեխաների գործունեությունը արդյունավետ կազմակերպելու համար դաստիարակը օգտվում է ծրագրի ժողովածուներից` «Մատենիկ», «Խաղադարան», «Երգարան», «Մանկան տոնացույց»:
Որևէ որոշակի գործունեություն նախատեսելիս դաստիարակը նախագիծ է կազմում, ընտրում է համապատասխան նյութեր, կազմում է գործողությունների ծրագիր` ըստ օրերի: Այնուհետև ամեն օր կազմում է հաջորդ օրվա աշխատանքային նախագիծը։

Նմուշ
Աշխատանքային նախագիծ
 
 ամսաթիվ ------------------------
 դաստիարակ --------------------------
գործունեություն, քայլերը ------------------------------------------------------
խնդիրները ------------------------------------------------------------------
անհրաժեշտ նյութեր, տեխնիկա -------------------------------------------------

Աշխատանքի ընթացքի և արդյունքների
դիտարկում -----------------------------------------------------------------
եզրահանգում ---------------------------------------------------------------

Նախագծում հստակ ժամեր չեն նշվում. հաշվի առնելով երեխայի ազատ գործունեությունը` դաստիարակը հարմար պահի պիտի կազմակերպի այս կամ այն գործունեությունը, այլապես ստիպված կլինի խանգարել երեխային, սահմանափակել նրա գործունեության ազատությունը, ինքնակազմակերպվելու, ինքնադրսևորվելու նրա իրավունքը:

Նմուշ
«Ճամփորդները» հեքիաթի բեմադրություն

  1. հեքիաթը պատմել - 1 -ին օր
  2. հեքիաթը անգիր սովորեցնել - ամեն օր
  3. աշխատանք ռոդարիական մեթոդներով - ամեն օր
  4. հեքիաթի նկարչական ձևավորում` կերպարը գույնով - 2-րդ օր
  5. ապլիկացիա` տրված մասերով աքլոր հավաքել - 4-րդ օր
  6. երգի բեմադրում` «Աղվեսն եկավ լանճիկ-մանճիկ» («Երգարան»-ից) - 1-ին օրվանից
  7. խաղ-ներկայացում բանաստեղծություններով` « Ծուղրուղո՜ւ», - 4-րդ, 5-րդ օր
  8. «Առավոտը գյուղում» («Մատենիկ»-ից) - 5-րդ, 6-րդ օր
  9. շարժուն խաղ` «Աղվեսն ու ճտերը» («Խաղադարան»-ից) - 3-րդ օր
  10. առած-խաղ` «Խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում» (»Մատենիկ»-ից) - 6-րդ օր
  11. ճամփորդություն` այց կենդանաբանական այգի - 8-րդ օր
  12. խաղ` « Ճիշտ է, սխալ է» («Խաղադարան»-ից). վայրի և ընտանի կենդանիներ - 7-րդ օր
  13. միջավայրը նկարել, թղթով և այլ նյութերով պատրաստել հեքիաթի միջավայրը - 7-րդ օր
  14. սցենարի ստեղծում - 4-րդ օրվանից
  15. շոկոլադի կամ այլ տուփի մեջ հեքիաթի միջավայրի պատրաստում (կոլաժ` ճյուղերով, հատապտուղներով, թղթի կտորներով, այլ թափոններով...) - 5-րդ օրվանից

Երեխայի գործունեության ընթացքում կազմվում է նրա անձնական փաթեթը, որում հավաքվում են նրա ստեղծած աշխատանքները` նկարներ, ապլիկացիաներ, նկարների գունավորումներ, կոլաժներ, տիկնիկներ, հորինած պատմություններ, անձնական թերթիկ, աճի բնութագիր: Տարեվերջին փաթեթը հանդիսավոր հանձնվում է երեխային:
Տոները, ծեսերը, այլ միջոցառումները նաև հաշվետվություն են դաստիարակի և ծնողների համար:

Նմուշ
Դաստիարակի օրագիր
նախակրթարան------------------
դաստիարակ----------------------
ամսաթիվ------------------------
Օրվա գործունեության նկարագրություն------------------------------------------
Փորձարկված նյութերի փորձարկման նկարագրությունը-----------------------------
-----------------------------------------------------------------
Դիտարկում------------------------------------------------------------
Առաջարկներ-----------------------------------------------------------
Օրվա հետաքրքիր դեպքերը---------------------------------------------------
Օրվա հետաքրքիր միտքը------------------------------------------------------
Օրվա հայտնագործությունը----------------------------------------------------

Դաստիարակը հավաքում է գործունեության ընթացքում երեխայի ստեղծած բոլոր նյութերը՝

  • ՏՀՏ միջոցներով` CD, ինֆորմացիայի էլեկտրոնային այլ կրիչներ,
  • անհատական թղթապանակ,
  • խմբի սաների տարբեր աշխատանքների ժողովածուներ
  • ցուցադրություններ, ներկայացումներ, շնորհանդեսներ:
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.