Նունուֆար Սմբատյան
2-րդ դասարանի դասվար
Ուսումնական ճամփորդություններ. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ
Ուսումնական ճամփորդությունները որպես հանրակրթության բաղկացուցիչ
Ուսումնական ճամփորդությունը ինքնանպատակ չէ: Այն նախատեսված է ուսումնական պլանով և ենթադրում է սովորողի գիտելիքի ձեռքբերում ճանաչողության միջավայրի մեկ այլ ոլորտում, որը նպաստում է անկաշկանդ ինքնարտահայտվելու, տեսնելու, լսելու, հարցնելու, ուսումնասիրելու, ստեղծագործելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:
Ուսումնական ճամփորդությունն իրականացվում է 3 փուլով.
- նախապատրաստական
- ընթացիկ
- անդրադարձ
Ուսումնական ճամփորդության նախապատրաստում
Այս փուլում մտագրոհի մեթոդով փորձել ենք վերհիշել մեր անցածը, հավաքագրել, ի մի բերել, հետո կոնկրետ ուղղվածություն ունեցող զրույցի միջոցով պարզել մեր ակնկալիքները, կանխատեսումներ արել:
Որոշել էինք գնալ Բուսաբանական այգի, այդ պատճառով էլ նախ խոսել ենք, թե ինչ ծառատեսակներ գիտենք, որտեղ ենք տեսել: Այնուհետև շրջել ենք դպրոցամերձ տարածքում, ներքին բակում, պարզել թե ինչ բույսեր, ինչ դեկորատիվ և պտղատու ծառեր կան: Խոսել ենք դրանց խնամքի, պահպանության, օգտակարության, ինչպես նաև առողջ միջավայրի կարևորության մասին: Վերջինիս արձագանքն էլ եղել է այն, որ դասարանը մեծ ոգևորվածությամբ մասնակցել է ծառատունկին: Հիմա էլ հետևում են, խնամում, դիտարկումներ անում:
Ճամփորդությունից առաջ խոսել ենք նաև կարգապահական կանոնների, մեր անելիքների մասին, որոշել, թե ինչ իրեր ենք վերցնելու:
Նախապես ուրվագծել ենք մեր անցնելիք ճանապարհի որոշ մասը:
Այս փուլում այլ դասարանների ներկայացրած տեղեկատվությունը կարևորվում է: Նախնական ծանոթությունը որքան կարևոր է անվտանգության, ապահովության, կարգապահական կանոնների, այնքան էլ տեղանքում ճիշտ կողմնորոշվելու, ճանաչողական գիտելիքների ձևավորման տեսանկյունից: Բացի դրանից, հետադարձ կապի հնարավորություն է ստեղծվում տվյալ խմբի հետ:
Ուսումնական ճամփորդության ընթացք
Այս փուլը շատ ավելի ազատ է, բայց ուղղորդված, որովհետև այս ընթացքում է ամբարվում ապրածը, որը վերջնական ձև է ստանում անդրադարձի ժամանակ:
Մեր կախարդական ճամփորդությունը
Վայրը` Բուսաբանական այգի
(Ինչպիսի՞) ... այգի
Ոսկեզօծ
Խայտաբղետ
Դեղնած
Հրաշք
Կարմիր
Աշունոտ
Շարունակի՛ր:
Նպատակը` տեսնել գունեղ աշունը, մեր շրջապատի ծառերը, զգալ բնության բարերար ազդեցությունը, տերևներ հավաքել, մեր Կարինեի ծնունդը նշել, երգել, պարել, նախաճաշել ու չաղտոտել, խաղալ, վազվզել, ուրախանալ և տպավորություններով լի վերադառնալ ստեղծագործելու` կոլաժներ պատրաստելու, նկարելու, տպավորություններ , պատմություններ գրելու, պատմելու, հորինելու…
Օրը` նոյեմբերի 4,
Ժամը` 11.00 – 16.00,
Երեխաները` 15 հոգի,
Ծնողները` մասնակցում է 1 ծնող,
Դասվարը` տիկ. Նունուֆար,
Վարորդը` Հենրիկ պապի,
Ընկերակցողները` 2-1 դասարանցիներ:
Ամեն ոք և ամեն ինչ որոշակի են, ծանոթ և հարազատ:
Տրամադրությունը` զվարթ,
Մուտքը` տոմսերով:
Հաշվում ենք: 1 տոմսն արժե 100 դրամ: Մենք 25 հոգի ենք: Որքա՞ն վճարենք բոլորիս համար):
Խոսում ենք: Գնացինք ուղիղ , հետո ձախ, քարայր գտանք, տեղավորվեցինք ու շատ հաջող լուսանկարվեցինք:
Ինձ դուր է եկել կլոր շրջանը: Մեջը շատ քարեր եւ ծաղիկներ կային: (Էդգար)
Հասանք հեց այդ կլոր շրջանին: Մի քիչ զբոսնեցինք, մի բացատում նախաճաշեցինք, չորս կողմ նայելով առաջ շարժվեցինք:
Էլ ինչե~ր տեսանք, էլ ինչե~ր…
Ես տեսել եմ հրաշք ջահ` ծառի չորուկ կեղևից, դրել գլխիս` նկարվել: (Նունուֆար) Ես տեսել եմ օճառենի, գիհի: (Մանանա)
Ես տեսել եմ, մենք տեսել ենք` ծառեր բազմազան ու կախարդական, լողավազաններ` մամռոտ, տխրություն բերող և ոսկե ձկնիկներով լի: Գտել ենք պոզերը դուրս հանած խխունջ խանում: (խումբ)
Խխու՛նջ խանում, խխու՛նջ խանում,
Պոզդ ինչո՞ւ դուրս ես հանում:
Այսպես արտասանել ենք, երբ խխունջ չէինք տեսել, ու հիմա զարմացել և, հի~-հի~-հի~, վախեցել էինք:
Մտել ենք տերևաառվակը, խշխշացնելով առաջ գնացել, տերևաանձրև ու տերևների պարահանդես կազմակերպել և բան չհասկացել: (Թորգոմ)
- Սաթի՛, Սաթի՛, մեզ թռցրու, էլի՛, էլի՛, շա~տ-շա~տ, - կանչում էին տերևները:
Տոնել ենք մեր Կարինեի ծնունդը:
Պատրաստել ենք ծննդյան մի հրաշք տորթ:
Ամենազվարթը հենց այդ ծննդյան տորթն էր:
Ամենաուրախը` կոնֆետաբեր ամպը:
Ամենախենթը` տերևաանձրևը:
Վերջում, բարդու ծառի վրայից մեզ հրաժեշտ է տվել ճարպիկ և ուրախ, վախկոտ ու փախչող, չարաճճի ու վազվզող, ծնունդ նշող, ականջ դնող նարնջագազարագույն սկյուռը:
Ողջ ճամփորդության ընթացքում մեզ ուղեկցել և պաշտպանել է մի մեծ սպիտակ շուն:
Անդրադարձ
Այս փուլը շատ ուրախ, աղմկոտ, գործնական և աշխատանքային էր: Հիշում էին, պատմում, ծիծաղում, նկարում, գրում: Տպավորությունները շա~տ էին, ստեղծված նյութերը` նույնպես:
Խնդիրներ
- Հանելուկներ
- Տպավորություններ
- Հեքիաթներ
- Նամակներ
- Կոլաժներ
- Ներկայացումներ…
Հանելուկ
Այն ինչն է,
Այն ինչը.
Կլոր է,
Գնդակ չէ,
Ծառի վրա է աճում,
Խնձոր չէ,
Կաթ է տալիս,
Կով չէ,
Բուժիչ է ու կանաչ է:
Տպավորություններ
Ինձ դուր եկավ…
Մեր ճամփորդությունը շատ լավն էր: Մենք տեսանք լոբու ծառ, գնդակի ծառ, դրախտի ծառ: Այդ օրը մի ամպ եկավ և կոնֆետներ բերեց: Ամպը գիտեր, որ Կարինեի ծննդյան օրն ենք նշելու: Ինձ դուր եկավ ոսկե ձկնիկը, նա մեր ցանկությունները կատարեց: Մեր Թորգոմը մեծ խխունջ բռնեց, բայց խխունջը կորավ: Ինձ դուր եկավ սկյուռիկը: Ինձ դուր եկավ տորթը: Ինձ դուր եկավ նկարվելը: Ինձ նաև դուր եկավ բարդին ու տերևներ հավաքելը:
Ինձ դուր եկավ, ինձ դուր եկավ, ինձ դուր եկավ ամեն ինչ: Սաթի
Մեր տեսած ու մտապահած ծառատեսակները
ԱՐՋԱՏԽԼԵՆԻ - Լևոն
ԴՐԱԽՏԱԾԱՌ - Սաթի
ԳԻՀԻ - Սամվել
ԲԱՐԲԱՐԻՍ - Նունուֆար
ՊՆԴՈՒԿԵՆԻ - Սարգիս
ՕՃԱՌԵՆԻ - Մանանա
ԿԱՂՆԻ - Արթուր
ԵՂԵՎՆԻ - Սիլվա
ԱԼՈՃԵՆԻ - Արմինե
ՓՌՇԵՆԻ -
ՄԱԳԼՑՈՂ ԼԻԼԻԱՆԵՐ
Խնդիր՝ տորթի բաղադրությունը
- Կոճղ – 1 հատ
- Խայտաբղետ տերևներ – շա~տ-շա~տ
- Կաղին – շա~տ
- Լոբի – 4 հատ
- Ծղոտ – 8 հատ
- Կոնֆետ – ամեն մեկին 2-ական, ավելացրած ևս 4-ը
Միասին քանի՞ կոճղ, լոբի, ծղոտ, կոնֆետ պետք եղան:
Վեր կացանք մի օր,
Առավոտը վաղ,
15 հոգով
Գնացինք այգի:
Այնքան գոչեցինք
Ու գոռգոռացինք,
Որ կոնֆետաբեր
Ամպիկներ եկան:
Ու կապույտ – կապույտ – կապույտ երկնքից
Կոնֆետներ ընկան:
Հավաքեցինք 2-ական
Ու դարձավ
Իսկ ըստ ճշգրիտ հաշվարկի,
Չգիտեմ` քառասո՞ւն, հիսո՞ւն , թե երեսո՞ւն:
Դե նշիր դու:
Մաղթանքներ
Ես ինձ ցանկանում եմ կանաչ տերև, կապույտ արև, կարմիր մրգեր ու շա~տ
ընկերներ: Կարինե
Ես շնորհավորում եմ քո ծնունդը և ցանկանում եմ լինես երջանիկ ու չհիվանդանաս: Քեզ ուրախ օրեր: Կանաչ ճանապարհով գնաս, դեղին արև ունենաս, միշտ գեղեցիկ և թիթիզ լինես: Սաթի
Ծնունդդ շնորհավոր, Կարինե՛, ուրախ ապրես և շատ նվերներ ստանաս, մեծանաս ու լավ մարդ դառնաս, լի~քը ընկերներ ունենաս: Արթուր
|