«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Աիդա Պետրոսյան
Նունե Մովսիսյան
Նունուֆար Սմբատյան

Ծեսը, տոնը հանրակրթության բաղկացուցիչ

Ծես` որևէ  սովորույթ և դրա կատարումն ու կարգը:
Ընդհանրապես ավանդաբար եկող սովորություն` սովորույթ:
Տոնը մարդուն (լայն առումով) ուղեկցում է իր կյանքի ողջ ընթացքում, և հենց այդ ժամանակահատվածում էլ ձևավորվում, զարգանում և սովորույթի ուժ է ստանում: Այս առումով մեծ է միջավայրի, հասարակական կարծիքի, տեսանկյան, գործող արժեհամակարգի դերը, որոնց ճշգրտումով էլ միայն հնարավոր է առաջ շարժվել:Բուն տոնն արդեն իսկ ուրախություն է, ցնծություն, դժվարությունը անցնելիք ճանապարհի  ճիշտ ընտրությունն է:

Քանի որ իմաստային, խորհրդաբանական շերտն էլ բավականաչափ բազմազան է, այս գործին լծվելուց առաջ լավ է ծանոթանալ, ուսումնասիրել, ինքնակրթվել և նոր միայն ազատորեն և անկաշկանդ առաջ գնալ:

Ծեսի մեջ ներառված տարրերից անփոփոխ է միայն բուն խորհրդաբանական շերտը:

Հեշտ է ենթադրել, որ ազգերի, մարդկության «կյանքի» ընթացքում որոշ ծեսեր մոռացվում են, նորերն են ստեղծվում, եղածները փոփոխվում են` անպայման ազդվելով ժամանակաշրջանի կենսափիլիոփայությունից, սոցիալական իրավիճակից, հավատալիքներից,  սովորույթներից: Հետևապես` ծեսը ժամանակի կրողն է ու ինչ-որ տեղ մարդու գործունեությունը կարգավորող ֆունկցիա ունի:  Եթե ամեն սերունդ ծեսին իր կյանքից մի բան չավելացնի, այն աստիճանաբար կմարի:

Ծեսի իրականացնումը դպրոցում ինքը ծես է` կրթական ծես, որի իրագործումը կրթական գործընթացում կրթություն է կյանքով: Ծեսի իրականացումը անարդյունավետ ու ինքնանպատակ կլինի, եթե այն չկապվի սովորողի կենսագործունեության, նրա առօրյայի, կրթական իրական պահանջների հետ, կրթական խնդիրներ չլուծի:

Ուսումնական հաստատություններում, ինչպես և իրական կյանքում, ծիսական գործունեությունը որոշակի փուլեր է ենթադրում`

  • ծեսի նախապատրաստում
  • ծիսակատարություն:

Ծիսակատարությունը ծեսի նախապատրաստական փուլում սովորողների գործունեության, դրա արդյունքների ամփոփումն է:

Ծեսերն այսօր մենք իրականացնում ենք որպես գործունեության ձև, որով երեխան ապրում է` խաղում է, երգում, պարում, ընկալում ու ճանաչում: Նախակրթարանում, առաջին, երկրորդ դասարաններում երեխան ծեսն ընկալում է իր երգած երգի, իր պարած պարի, իր ձեռքով պատրաստած ծիսական ուտելիքի, իրի, իր խաղացած  խաղի կերպով: Ավելի մեծ տարիքում  տոնին ավելանում է հետազոտական աշխատանքը:

Նախքան ծեսի նախապատրաստությունը խումբը  աշխատանքային նախագիծ է կազմում: Մենք պատահաբար չգործածեցինք խումբ բառը: Ծեսը դասարանական տոն չէ, համայնքային տոն է: Հետևապես նախատոնական աշխատանքները տարբեր դասարանների սովորողներ կարող են միասին կատարել: Սովորաբար դա այդպես էլ ստացվում է, քանի որ կատարվող խմբային աշխատանքները ընդհանուր, համատեղ, հաճախ ոչ դասարանային գործունեություն են ենթադրում: Ծեսի իրականացման ընթացքի ճիշտ կազմակերպման դպքում լուծվում են կրթական շատ խնգիրներ և ծեսը դառնում է հանրակրթության բաղկացուցիչ:

Ծեսի խորհուրդն ու պատմությունը՝ հետազոտական աշխատանքի նյութ


Կարևոր աշխատանք է  ծեսի մասին տեղեկատվության հավաքումը:
Համեմատաբար փոքրերը կարող են մանկական բանահավաքություն կատարել. մեծերից օրհնանքներ, խաղիկներ, հաշվերգեր, ասույթներ սովորել, եթե կարող են, նաև` գրի առնել, պարզել, թե ինչ սովորույթներ են եղել, որոնք են պահպանվել, դասարանում ներկայացնել դրանք:
Ծեսի ուսումնասիրման հետ կապված` 5-6-րդ դասարանների սովորողներին հիմնականում հետաքրքրում են`

  • այս կամ այն ծեսի հեթանոսական շերտերը.
  • այս կամ այն ծեսի  քրիստոնեական շերտերը.
  • այս կամ այն ծեսը ինչպես են նշում այլ ժողովուրդները:

Սովորողները ուսուցիչների հետ տարբեր աղբյուներից ինֆորմացիա են հավաքում մոտեցող ծեսի, նրա խորհրդի, պարագաների, սովորույթների, ծեսի հետ կապված իրական և դիցաբանական կերպարների մասին, ավանդություններ և բանահյուսական այլ նյութեր գտնում, կարող են բանահավաքություն անել և այլն:
Ուսումնասիրում են այլ ազգերի համանման ծեսերը: Այս ընթացքում նրանք՝

  • օգտվում են ինտերնետից,
  • թարգմանություններ են կատարում,
  • կարդում են համապատասխան գրականություն,
  • աշխատում մեծահասակների հետ:

Կարող են մեծահասակներից գրի են առնել, թե նրանք ինչպես են իրականացրել ծեսը, մեր օրերում իրականացվող ծեսը համեմատել նրանց պատմածների, նախորդ դարերի նկարագրությունների հետ, համեմատություններ կատարել, եզրակացություններ անել, զարգացնել ծեսը` ժամանակակից տարրեր ներմուծելով:
Ծեսի, նրա տարրերի, նրանում արտացոլված հավատալիքների մասին էլեկտրոնային տեղեկատվական նյութ են պատրաստում:
Փոքրիկ հետազոտական նախագծեր են իրականացնում:
Այդ ընթացքում նաև ծեսն են յուրացնում: Հասկանալով ծեսի էությունը` դժվար չէ ժամանակակից մարդու կյանքում ևս գտնել ծեսեր, որոնք մենք որպես այդպիսին գուցե չենք էլ ընկալում: Այդպիսիք դժվար չէ գտնել նաև դպրոցական կյանքում, ու սովորողները ուսուցիչների հետ կարող են իրենց գործունեության որոշ ձևեր մշակված ծեսի վերածել, ասենք` գարնանային աշխատանքները, ուսումնական որոշ նյութերի ուսումնասիրությունը, դպրոցական որոշ ավանդույթներ` ուսումնական տարվա սկիզբ, ավարտ, վերջին զանգ, մեր օրերում ձևավորված տոներ…
Նրանք ոչ միայն հետազոտական, ստեղծական աշխատանք են կատարում, այլև դառնում են իրենց գործունեության նախագծողն ու իրականացնողը: Միաժամանակ ինքնուրույն, որոշումներ կայացնող և դրանք իրականացնող, պատասխանատու մարդ է ձևավորվում:

Լեզվագործունեությունը ծեսից հարստանալու և ծեսն հարստացնելու միջոց
Դժվար է գտնել ավելի հարուստ, կոլորիտով, երաժշտական, բազմաբովանդակ լեզվական նյութ, քան ծիսական բանահյուսությունն է: Նրանում եղած լեզվական կառույցները, չափերը, ռիթմերը, բառաձևերը, համեմատություները, պատկերները դպրոցականի լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացման համար անփոխարինելի են: Սովորողները դասավանդողի հետ տեղեկատու գրականությունից, ինչպես նաև` համացանցից, տատիկ-պապիկներից, այլ աբյուրներից փնտրում-գտնում են ծիսական զանազան ստեղծագործություններ, իսկ հետո` բանավոր կամ իրենց պատրաստած տեսանյութերի միջոցով դրանք փոխանցում են ընկերներին:
Դրանք յուրացնելով` սովորողները իրենք են ստեղծում նմուշեր, որոնք ոչ միայն նրանց ուսումնական գործունեության արդյունք են, այլև ուսումնական նյութ են դառնում իրեն ընկերների համար: Ստացվում են, որ նրանք փոխանակում են իրենց հմտությունները, ձեռք բերած փորձը: Նրանց հորինած հանելուկներն ու ասույթները, օրհնանքներն ու խաղիկները, գովքերն ու ավանդությունները դառնում են ընդհանուրինը, դառնում են ուսումնական նյութ, միաժամանակ հարստացնում են այդ խմբի ծեսի լեզվական պաշարը:

Տեխնոլոգիան ծիսական գրծունեության բաղկացուցիչ
Ծիսական իրերի պատրաստումը տեխնոլոգիական գործընթաց է, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական երևակայությունը, ճաշակը, մտածողությունը: Նա մի շարք հմտություններ է ձեռք բերում:
Կարևորում ենք ծիսական պարագաների, հագուստի նոր` ժամանակակից տարբերակներ մշակումը, դրանք ժամանակակից նյութերով, տարբեր թափոններով պատրաստելը: Կարևոր է նաև, որ ստեղծված պարագան ֆունկցիոնալ լինի և չդառնա փոշոտվող հերթական նմուշ: Խումբը տարբեր թափոններից զատկաձև աղբաման կամ այլ նպատակների համար տուփ է պատրաստում կամ պոլիէթիլենային շշերով, տարբեր ոչ պիտանի տարբեր լարերով ակլատիզ ու այլ տիկնիկներ է պատրաստում և կախում առաստաղից: Կարող են չորացած ճյուղերով կախարդական զատկածառեր պատրաստել, մոմլաթե տոպրակներով տարբեր կերպարներ և իրեր ստանալ, որոնք կօգտագործեն առօրյայում: Կամ էլ կարող են փայտե և այլ թափոններից զանազան շրխկաններ պատրաստել: Տոնը խորհրդանշող կամ այլ նախշերով կավե բաժակներ ու այլ իրեր կարող են պատրաստել: Պետք է միտքն աշխատի, մտածողությունը դուրս գա սովորականի սահմաններից, ստեղծագործական երևակայությունն ակտիվանա ու զարգանա: Հագուստի պարագաները ևս կարող են թափոններից պատրաստվել, հետաքրքիր ու յուրահատուկ լինել: Ճաշակի, մտքի, կոկիկության առկայության դեպքում ներկված տարբեր չափերի բանկաներն ու շշերը, մոմլաթը, հին կոճակները, ուլունքները, հովանոցները, հողաթափերը…այս ցուցակը հա կարելի է շարունակել), կարող են հաջողությամբ լրացներ հագուստը և տոնն ավելի գունագեղ ու հետաքրքիր դարձնել:
Ծիսական բացիկներն ու հրավիրատոմսերը ևս կարող են բազմազան ու անսովոր լինել ոչ միայն ձևով, այլև բովանդակությամբ:
Շատ կարևոր է, որ ծեսի բերած գիտելիքը չդառնա ինքնանպատակ, այլ կերպ ասած` չմնա պասիվ գիտելիք, այլ լինի շարունակական, անընդհատ ու անընդմեջ:
Ծեսի հետ կապված արարողությունները լաբորատոր և բնագիտական գործունեություն և էկոլոգիական դաստիարակություն
Հանրակրթության ընթացքում իրականացվող գործունեության մի շարք ձևեր դառնում են ծոսի բաղկացուցիչ: Մի դեպքում դա կարող է ծառատունկ կամ ծաղկատունկ լինել (Ծառզարդար, Զատիկ, կանանց տոն) , մի այլ դեպքում` ծեսի հետ կապված պաշտանմունքային նյութերի հատկությունների հայտնաբերում փորձերի և արարողական այլ միջոցներով( Վարդավառ, Համբարձում, գարնանացան, Ամանոր, Տրնդեզ): Մի այլ դեպքում սենյակային կամ այլ բույսերի աճեցում կարող է լինել (կանանց տոն, ուստարվա սկիզբ): Խոհանոցում ծիսական ուտելիք-կերակուրների պատրաստումը, որ հատուկ է համարյա բոլոր տոներին, իսկական բնական, լաբորատոր գործունեություն է:

Մարմնակրթություն և ծես
Մի շարք ծեսեր հատուկ արարողություններ ունեն, որոնք կապված են հեն մարդու օրգանիզմի, նրա կենսագործունեության առանձնահատկությունների, ֆիզիկական զարգացման հետ`մեծ և փոքր պասեր, մարզական հատուկ խաղեր`գոմշակռիվ, աքլորակռիվ, ուղտխաղացնոցի: Բացի այդ ծեսերի ծամանակ նախակրթարանների և դպրոցների սաները ազգային մանկական խաղեր են սովորում և խաղում. դա անպայմանորեն մտնում է բոլոր ծիսական ծրագրերի մեջ:

Երգ-պար-ծես
Կարծում ենք` այս մասին բացառրություններ տալն ավելորդ է, որովհետև ամեն ինչ շատ ակնհայտ է ու հասկանալի:

 

Օտար լեզվի ուսուցում այլոց ծեսերի միջոցով
Ծիսական նյութերի թարգմանությունները, այլ ազգերի ծեսերի ուսումնասիրությունները օտար լեզվի արդյունավետ ուսուցման և դրա կիրառման միջոց է:

Ծնողական կրթություն ծեսի միջոցով
Շատ կարևոր է ծնողի մասնակցությունը իր երեխայի ծիսական գործունեությանը: Ծեսը ծնողին համեմատաբար հասկանալի իրողությունն է, նրա ակտիվ մասնակցությունը դրան ավելի դյուրին է, քան դպրոցական որևէ այլ արարողության: Նա պատրաստ է մասնակցել ծիսական բոլոր արարողություններին, որովհետև կենցաղում ինքը դրա կարիքն ունի, որովհետև ինքը դա կիրառում է, բայց նյութին չի տիրապետում, որովհետև ծնողի համար ծեսը նաև կապ է իր նախնիների ու անցյալի հետ: Նա սովորում է իր երեխայի սովորած երգերն ու պարերը, նրա հետ եփում է ծիսական կերակուրները` միաժամանակ մասնակից դառնալով իր երեխայի ուսումնական գործընթացին: Երեխան, իր երեխայի ուսուցիչն ու դպրոցը, այդ դպրոցում իրականացվող կրթական ծրագիրը ավելի հասկանալի են լինում:
Արդյունքում ծնողը ոչ միայն կրթվում է, այլև դառնում է դպրոցի գիտակից պատվիրատուն ու գործընկերը:

Մտածողություն և ծես
Մենք շատ կարևորում ենք ծեսի նորացումը, թարմացումը: Կյանքը ինքն է ծեսը փոխում, հարմարեցնում ժամանակի կենսապայմաններին, ժամանակի նորամուծություններին, և մենք համամիտ չենք այն մտքի հետ, որ ծեսը պետք է անփոփոխ պահել: Նախ`դա անհնար է, և ինքը ծեսը անփոփոխությունից կմեռնի, ինչպես կյանքն է մեռնում անշարժությունից: Շատ կարևոր է, որ սովորողները այնքան հմուտ լինեն, այնքան ազատ ու ճկուն կարողանան մտածել, որ կարողանան տոնը, ծեսը ավելի հասկանալի, ավելի թեթև ու իրական դարձնեն` պահպանելով ծեսի խորհուրդը, բանահյուսական նյութը: Սա ոչ միայն կնպաստի ծեսի կենսունակությանը, այլև կխթանի սովորողների ազատ, գործնական, ստեղծագուծական մտածողության զարգացումը, որ պակաս կարևոր չէ, քան ուսումնական որևէ այլ խնդիր:

Ծես նախակրթարանում և 1-4-րդ դասարաններում
Ակունքներին անպայմանորեն պետք է անդրադառնալ,ելնելով տարիքային առաձնահատկություններից: Մնացած հարցերում լավ է օգտվել անսպառ երևակայության զինանոցից, հիշելով. սերմանելուց առաջ պարարտ հող է անհրաժեշտ:

Ես կարող եմ: Դու ցանկանում ես ու պատրաստ ես: Մենք համակարծիք ենք: Դրվեց մի նորի լավ սկիզբ: Միասին. ինչ-որ գիտենք, ինչ-որ լսել ենք, ինչ-որ տեսել ենք... Եկեք հավաքենք ու դասդասենք:
Կրտսեր դպրոցում իրագործվող ցանկացած տոն, ծես ենթադրում է. ազատ, ապահով, անկաշկանդ միջավայր, որտեղ սովորողը կարող է ազատորեն ինքնարտահայտվել, փորձել, առաջարկել, ճանաչել, համադրել, ստեղծագործել:

Գործում են բոլոր միջառարկայական կապերը. աջ ձեռքը հաստատ գիտի , թե ինչ է անում ձախը:
Տոների ընտրության հարցում ուղղորդվում ենք ըստ կրթօջախի տոնացույցի:

Բուն Բարեկենդանից մինչև Ս. Զատիկ բավականաչափ մեծ ժամանակահատված է:
Ինչպե՞ս ենք անցել: Սիրով, խաղաղությամբ, բարությամբ...
«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» Մաթ. 22:36-40

Ինչե՞ր ենք արել:

  • Օգնել ենք միմյանց, ուրիշներին:
  • Հնարավորին չափ մաքուր ենք պահել դասասենյակը, մեր միջավայրը:
  • Թղթի թափոն ենք հավաքել:
  • Տնկիներ ենք բերել:
  • Պոլիէթիլենային շշերից թաղարներ ենք պատրաստել և սենյակային բույսեր տնկել:

Պատրաստել ենք.

  • ակլատիզ,
  • պանո-նախշուն զատիկներով,
  • փոքրիկ թռչող զատիկներ,
  • ձվիկ-հրավիրատոմսեր,
  • ճակտոններ,
  • կենաց ծառ,
  • ձվիկ- հրեշտակներ,
  • ձվիկ-հանելուկներ:

Գնացել ենք մանկական պատկերասրահ, եկեղեցի:

Աճեցրել ենք ածիկ:Աճեցրել ենք ու տեսել, որ «եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի և մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի. շատ պտուղ կբերի»:

Ներել ենք միմյանց:

Ահա այսպես. միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելով, հավաքելով, ընտրելով, փորձելով, սպսումով ու սիրով անցել ենք մեր ճանապարհը և ուրախությամբ տոնել Սուրբ Զատիկը.
- Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
- Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:
- Մեզ Ձեզ մեծ աւետիս:

Այս ամենի արդյունքում ծնվել են գովքեր, երգեր, նամակներ, նկարներ, պատմություններ, տպավորություններ, խնդիրներ, հանելուկներ...
Կրտսեր դպրոցում տոնի, ծեսի և ընդհանրապես ամենի մատուցման մեթոդիկան ոչ թե պարզունակ խաղայինն է, այլ դերախաղայինը, իրատեսականը, շոշափելին, ապրումակցայինը, ինքնուրույնն ու միաժամանակ խմբայինը, փոխանցողը, ուղղորդողն ու ուղղորդվողը:
Ի վերջո, սկզբունքորեն ճիշտ սերմանված տոնը, ծեսը, վերջնական արդյունքում, տարիքային առանձնահատկությունից վերանալով. դառնում է միասնական:

Նոր ծեսերի ծունդը նոր մտածողության արդյունք

Որքան էլ կարևոր են հնուց փոխանցված ծեսերն ու ավանդույթները, դրանց նորացումն ու, առավել ևս, նորերի ստեղծումը պակաս կարևոր չեն: Մեր կյանքում շատ գեղեցիկ, հետաքրքիր արարողություններ ճշտման, մաքրման, կանոնակարգման կարիք ունեն: Հաճախ դրանք այլասերվում են ժամանակակից բարքերի, պատասխանատու անձանց անտարբերության կամ անկարողության պատճառով` վերջին զանգ, կանանց տոներ, գարնանային տոներ, ուսուցչի օր, տառաճանաչության տոն: Կան նաև սովորողների գործունեության ձևեր, որոնք ինքնաբերաբար ծեսի են վերածվել, բայց դեռ չեն ծիսականացվել` տարբեր սպորտլանդիաներ, ստուգատեսներ:

Եթե սովորողներն ու նրանց շրջապատի մեծերը ազատ, ստեղծագործ մարդիկ են, ապա նրանց համատեղ գործունեության արդյունքում կարող են նոր, ոչ պակաս գեղեցիկ ծեսեր ծնվել, որոնք նույնպես կդառնան հանրակրթության բաղկացուցիչներ:

Ծիսական պրակների ստեղծում

Որպես ծեսի իրականացման արդյունք սովորողները կարող են ստեղծել ծիսական պրակներ (էլեկտրոնային տարբերակով), որտեղ ներկայացված կլինի ծեսն ամբողջովին, այն բանահյուսական նյութը, պարագաները, որոնք օգտագործվում են ծեսի ժամանակ, ծեսի հեթանոսական և քրիստոնեկան հիմքերը, եթե դրանք կան, ծեսի իրենց իրականացման ընթացքը, իրենց դիտարկումները, իրենց նորամուծությունները, առաջարկները: Այս պրակները կարող են ուղղորդող ուսումնական նյութեր լինել:

Ուզում ենք ավելացնել, որ ծեսը կարելի է և պետք է դիտարկել ոչ միայն հոգևոր և կրթական դաստիարակության, այլ նաև բարոյական արժեքների և էկոլոգիական դաստիարակություն տեսանկյունից: Երեխան, որը Ծառզարդարի տոնին պատրաստվելիս` ծառ, ծաղիկ կամ թուփ է տնկում, ջրում է ու խնամում, ծառին գովաբանում է ու քնքուշ խոսքեր ասում, հազիվ թե ուրիշի տնկած ծառը կոտրի: Արդյունքում շահում է և ուսուցիչը, և սովորողը, իսկ վերջին հաշվով`հասարակությունն ու պետությունը, որն այսօր հենց այսպիսի քաղաքացու կրթական պատվեր է տվել դպրոցին: (Տե´ս Կրթակարգի «Շրջանավարտին ներկայացվող պահանջներ» բաժինը):
 
Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ

Ուսումնական գործընթացի ցանկացած խնդրի լուծում կարելի է իրագործել ծեսի իրականացման ընթացքում, որովհետև այն մարդու կյանքի մի մասն է, դրա տարբեր կողմերի արտացոլումը` իր եփ ու թափով, հագ ու կապով, հոգս ու հաշվարկով, երգ ու պարով, տոնով ու տաղավարով:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.